«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կյանք, որ պտղաբեր է

Կյանք, որ պտղաբեր է
01.12.2017 | 11:18

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հարություն Հովնաթանը (Կարապետյան) դարձավ 80 տարեկան: Գեղեցիկ հոբելյանին նվիրված տոնական միջոցառում տեղի ունեցավ «Ջավախք» հայրենակցական միությունում, որտեղ հավաքվել էին գրողի հարազատները, ընկերները` Հայաստանից և Ջավախք աշխարհից: Ծննդյան տոնի առիթով Հարություն Հովնաթանը պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալներով:

-Հարություն Հովնաթան բանաստեղծին ու հրապարակախոսին շնորհավորում ենք, միանում հնչած բոլոր բարեմաղթանքներին: Ինչպե՞ս է իրեն զգում 80-ամյա բարձունքում գտնվող մեր բարեկամը:
-Հրաշալի, փա՜ռք Աստծո: Ոմանք կարծում են` ծերանում եմ, ոչ, այդպես չէ, ուղղակի հոգնում եմ, ծերությունը տարիքը չէ, Աստծո նվեր հոգին կրողն ինչպե՞ս կարող է ծերանալ։ Ես ինձ տեսնում եմ հոգի և ոչ մարմին, ուրեմն, ջահել եմ, նույնիսկ երեխա։ Ոչ թե մահվան, այլ հավիտենության հոտ եմ առնում, դրախտի դաշտի ծաղիկների հոտ, Աստծո հոտ։ Իսկ ինչ վերաբերում է ութսունին, այն իմ կյանք¬ճանապարհի հերթական հանգրվանն է, որին հասնում եմ խոնարհումով և ոչ թե ինձ բարձր կամ էլ բարձունքում զգալով։ Միտք չունեմ մահվանն ընդառաջ գնալու, իմը կյանքի ծարավն է՝ հերքելով մահը:
-Երբ հետադարձ հայացք եք նետում Ձեր անցած ճանապարհին, ի՞նչ տեսարաններ են հայտնվում աչքի առջև, որտե՞ղ է կանգ առնում Ձեր հայացքը:
-Մտովի վերադառնում եմ իմ ծննդավայր Ախալցխա, Կուր գետի վտակ Փոցխովի ափին գտնվող հայրենի գյուղ Սխվիլիսի։ Հաջորդ պատկերը, որ հիմա էլ աչքերիս առջև է` եկեղեցու հարևանությամբ գտնվող մեր հողածածկ տունն է: Տեսնում եմ անասնագոմի և թոնրատան կողքին գտնվող այն օդան, որտեղ` հենց թոնրի մոտ էլ, տատմոր օգնությամբ, լույս աշխարհ եկա: Ընտանիքի 10-րդ երեխան էի` երկու քույրերիցս և երեք եղբայրներիցս ամենափոքրը և ամենաչարաճճին (ծնողներիս 4 զավակները մահացել էին մանուկ հասակում): Խրճիթում է, որ մայրը բազմազավակ է լինում և ոչ պալատում:
-Պատմեք, խնդրեմ, Ձեր նախնիների, ծնողների, նրանցից ստացած դասերի մասին:
-Հայրական պապս` Ստեփանը, ծնվել է Սխվիլիսիում: Գյուղի դարբինն է եղել, հաղթանդամ, բարձրահասակ, հայտնի իր աշխատասիրությամբ, բարությամբ, մարդկանց օգնելու, սատարելու պատրաստակամությամբ: Երբեմն նա կարիքավորների տների երդիկներից փող է գցել։ Երբ ասել են` գցողը դու ես, ասել է` ես չեմ։ Իսկ երբ ասել են` քո ձեռքն էր, տեսանք, պատասխանել է. «Իմը չէր, Աստծո ձեռքն էր»: Դարբին Ստեփանին հարգել են նաև թուրքերը։ Տասներկու տարեկան հորս և մի գյուղացու` Դոմին անունով, թուրքերը բռնել են իրենց սահմանն անցած, չար նպատակ են ունեցել, բայց երբ իմացել են, որ երեխայի հայրը դարբին Ստեփանն է (Ստեփանոսը), ոչ միայն բաց են թողել, այլև ճամփու են դրել, օգնել, որ սահմանն ապահով անցնեն։ Այնպես որ, ասեմ, թուրքի հետ ունեցած մեր խնդիրները մենք լուծելու ենք առանց միջնորդների։ Լուծելու ենք ազգովին, գնալով միաբանության։ Մեր հզորանալը կապված է մեր միաբանության հետ։ Միաբանության միակ ճանապարհը մաքրվելն է, ճշմարիտ քրիստոնյա դառնալը։
Հայրս` Հովհաննես Կարապետյանը, այգեգործ էր, հողամաս, անասուններ և ջրաղաց ուներ, իսկ դա խորհրդային տարիներին աչքի զարնող կարողություն էր:
Մայրս` Շուշանը, վաղ էր ամուսնացել: Հարս էր եկել 14 տարեկանում: Ամուսնությունից հետո ապրել էր իր նոր աշխարհով` եկեղեցի, տուն, ընտանիք, այգի: Մայրս տառաճանաչ չէր, սակայն աստվածճանաչ էր: Ասում էր` ինչ ուզում ես խոսիր, բայց չասես` Աստված չկա: Բնույթով հանգիստ էր, խոնարհ: Մորս բարձր խոսելիս կամ էլ չարացած երբեք չեմ տեսել։ Նվիրված ու հնազանդ էր հորս։ Մորս աղոթքները բանավոր էին, բացի այդ, մայրս ինքը իր լեզվով, իր բառերով, Աստծո հետ խոսում էր։ Մայրս ուրախ չէր, որ ես գրում էի, վախենում էր աշխարհն իմ մեջ մտնի, վախենում էր իր անմեղ տղան աշխարհի կերպն ընդունի և շատերի նման ապրի։ Մայրս բանաստեղծությամբ ոչ հիանում էր և ոչ էլ կաշառվում. դա գալիս էր մորս աստվածային բնությունից։ Զգուշացնում էլ էր. «Աստծուն հակառակ բան չանես»։ Ահա այս էր մորս պատգամը։ Հիշեմ մորս նվիրած բանաստեղծության տողերը.
…Աշխարհին էր հայրս նայում,
Մայրս` հորս աչքերին:
-Մանկությունը այն ժամանակահատվածն է, որ մեծ ազդեցություն է գործում մարդու կյանքի ընթացքի վրա: Ի՞նչ հետք է թողել մանկությունը Ձեր կյանքում: Միգուցե Հայաստանու՞մ կուզեիք ծնված լինել։
-Իմ մանկությունը բնությունն է, լեռները, գետը, մտերմությունը ծառի հետ: Ոչ միայն ես եմ եղել բնության մեջ, այլև բնությունը եղել է իմ մեջ։
Ոտաբոբիկ վազել եմ քարքարոտ ու նաև փշոտ գետափով, ամառվա շոգին լողացել եմ գետում և սովոր եմ եղել ձմռան ցրտին ու քամուն։ Ոչ միայն այդ ամենի մեջ եղել եմ, այլ այդ ամենը, ասացի, իմ մեջ, մտել եմ աշխարհ։ Այն փուշը, որ դաշտում ծակել է իմ մանուկ ոտքը, զորացրել է ինձ շարունակ, որ սրտի ծակոցներ չունենամ։ Իմ մանկության քամիները շատ ավելի զորավոր գտնվեցին, քան աշխարհական հողմերը, որ ներխուժել ուզեցին ներաշխարհս։
-Ի՞նչն եք կարևորում մարդկային հարաբերություններում:
-Անկեղծությունը, ազնվությունը: Գրականությունը նույնպես մարդկային հարաբերություն է. մարդու վերաբերմունքն է աշխարհի հանդեպ: Այստեղ էլ պետք է անկեղծ լինել: Հարց հնչեց` ո՞վ է գրողը։ Ոհմակի մեջ հայտնվածը, իշխանավորի ջրաղացին ջուր լցնողը, փառք ու փող մուրացողը չարի գործակալ է։ Իսկ անհատականությունը, որ իր գրիչը հարգում և իր կոչմանը հավատարիմ է՝ Աստծո գործընկերն է։ Ճշմարիտ գրողը Աստծո դաշտի մշակ է լինելու և ոչ թե հարմարավետության գոտում տաք անկյուն գտած մեկը։ Հարմարավետության գոտին ռուսերեն լավ է հնչում. «իՏվՈ ՍՏՎՒՏՐՑՈ»։
Գրել նշանակում է բանալ մարդու հոգու աչքը, ասել է թե՝ վերստին ծնունդ տալ, իսկ վերստին ծնվածը նոր սիրտ, նոր հոգի ունենալու է:
-Իսկ Ձեզ հաջողվո՞ւմ է բացել մարդու հոգու աչքը:
-Միշտ չէ, որ հաջողվում է: Մարդու սիրտը ամպի նման է, լցվում է, անձրևում և այնուհետև հանգստանում: Բանաստեղծը գրում է, հոգին պարզվում է, խաղաղվում: Ծնվում են տողեր, որոնք հաճախ քեզ զարմանք են պատճառում։ Գրողը պետք է իմանա` ժամանակի համա՞ր է գրում, թե՞ հավիտենության: Պիտի չխառնել արժեքները: Ահա, իմ ձեռքում արձակագիր Տիգրան Նիկողոսյանի «…Եվ գիրը մեր» ժողովածուն է: Ակնհայտ է, որ գրողը մնայուն արժեքներ ստեղծելու ճանապարհին է, գիտի, թե որն է ժամանակավոր, և որը` հավիտենական: Միշտ չէ, որ գրողը ճիշտ է։ Չարենցն այն համոզմունքն ուներ, որ գրողը պիտի ժամանակի շունչը դառնա: Չեմ կարող համաձայնել: Իրականում գրողը ժամանակն իր շունչը պիտի դարձնի: Մա՛րդն է ժամանակի տերը, Արարիչը ժամանակը տվել է մարդուն և ոչ թե մարդուն հանձնել ժամանակին։
-Ձեր բանաստեղծական աշխարհը` Ձեր բնութագրմամբ։
-Իմ բանաստեղծական աշխարհը հիմնականում իմ մանկության աշխարհն է, մանկության օրերին տեսած այն բնությունն է, որի մեջ հասակ եմ առել։ Բնությունն ինձ համար միջոց է ծառայել թե՛ իմ ներաշխարհը բացահայտելու և ճանաչելու, թե այդ բնության հեղինակ և իմ տեր Աստծուն մերձենալու և հաղորդակցության մեջ մտնելու։ Իմ խոր համոզմամբ, գիրը ստեղծվել է, որպեսզի մարդը ճանաչի Ստեղծողին, ճանաչի և փառաբանի։ Գրելը Աստծուն փառք տալու համար է և ոչ թե փառքի տիրանալու։ Գրելը նպատակ չէ, գրելու նպատակը, ինչպես կասեր Համո Սահյանը, մարդուն առավել ազնվացնելն է։ Գրելու նպատակը մարդուն մեղքից, մեղքի վարձք մահից հետ պահելն է։ Գրողի առաքելությունը մարդուն կորստյան ճամփից դուրս բերելն է։ Ճանաչել և ճանաչեցնել տիեզերքն ու տիեզերքի Տիրոջը։ Գրիչը խաչ է, գրելը` կախաղանի սյան տակ կանգնել։ Այս միտքը հուշում է ինձ լուսահոգի Համո Սահյանը` ասելով. «Բանաստեղծ, ասել է թե` կախաղանի սյան տակ կանգնած մարդ»։ Դարձյալ լսեմ իրեն` Համո Սահյանին. «Թագավորը զոհի (զոհվելու) պատրաստ չեղավ, երկիր չի ունենա, գահ չի ունենա, ունեցածը լինելու է աթոռ, իսկ եթե բանաստեղծն իրեն զոհաբերելու պատրաստ չեղավ, ժողովուրդ չի ունենա»։
-Եթե ժամանակի անիվը հետ պտտվեր, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:
-Կուզեի երիտասարդ հասակում նույնպես լավ ճանաչել Աստծուն, հասկանալ Նրա միջամտությունն իմ կյանքում։ Կուզեի, շատ կուզեի, գիրս լիներ աստվածաշնչյան մտածողությամբ, ուշ սկսեցի Աստվածաշունչն ամեն օր կարդալ:
-ՈՒզում եք ասել, որ եթե մարդը երիտասարդ հասակում ունենար հասուն տարիքի իմաստությունը, երջանիկ կլիներ:
-Իր կոչմանը հավատարիմ մարդը, անհատականությունը, որ աշխարհ է եկել, չի կարող երջանիկ լինել, որովհետև աշխարհի հետ ու աշխարհի հոռի բարքերի դեմ կռիվ մղելու է։ Որպեսզի մարդը երջանիկ լինի, մարդկությանը երջանիկ տեսնելու է: Մեծագույն երջանկությունը և միակ փրկությունը Աստծո ներկայության մեջ լինելն է։ Հինգ երեխա և ես միակ աշխատողը, այն էլ գրչով փող աշխատողը։ Ինչ էլ լիներ, մենք միասին էինք, երեխաները հետս ընկերություն էին անում, հինգ հոգով ինձ «պապ ջան» էին ասում ու նայում անմեղ աչքերով, գիտեին, որ հացի խնդիր ունենք, ոչ շոր էին ուզում, ոչ էլ կոշիկ։ Երեխաներիս լացը միայն ծննդյան պահերին է եղել, այնուհետև լաց չեն եղել։ Ինչպե՜ս չասեմ` ով մարդ, ուրախացիր, երջանիկ զգա քեզ, քանի երեխաներդ հետդ են:
-Մամուլում երկար տարիների աշխատանքը Ձեզ հնարավորություն է տվել հանդիպելու, զրուցելու ժամանակի հայտնի հայ և վրացի մտավորականների հետ: Ի՞նչ եք սովորել նրանցից:
-Մեծերից սովորել եմ մտածողություն, նպատակասլացություն, համարձակություն, համառություն: Իսկ Վրաստանն ու վրացուն սիրելը գալիս է մանկությունից:
-Անշուշտ, մանկությունից եկող այդ սերը հոգևոր պտուղներ տվել է։
-Իհարկե տվել է։ Մանկությունից եկող այդ սիրո պտուղները համարվելու են այն գրքերը, բանաստեղծական այն շարքերը, որ թարգմանել եմ վրացերենից և հրատարակել հայերեն։ Մանկությունից եկող այդ սիրո պտուղներ են նաև այն զրույցները, որ ես վարել եմ Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Գիորգի Ցիցիշվիլու, Ռեզո Ամաշուկելու, Մորիս Փոցխիշվիլու, Ջանսուղ Չարկվիանու, Շոթա Նիշնիանիձեի, Խուտա Բերուլավայի և ժամանակակից վրաց մյուս մտավորականների և անվանի գրողների հետ։ Հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը սոսկ պատմություն չէ, այլ մեր կյանքն է, մեր կյանքի բաղադրիչ մասը, մեր հավիտենության երաշխիքն ու խորհուրդը։ ՈՒրախ եմ, որ գրական ընտանիքից իմ կրտսեր գրչեղբայր Գագիկ Դավթյանը անմնացորդ նվիրում ունի հայ¬վրացական բարեկամությանը և գրական կապերի ամրապնդմանը։ Գագիկը կատարել է որոշակի աշխատանք, և վրացիները սիրով ընդունել են նրան։ Ահա այսպես, այս կերպ դրսևորվելու է Աստծո շնորհը ճիշտ օգտագործելը։
-Մեզնից յուրաքանչյուրն աշխարհ է գալիս առաքելությամբ, ո՞րն է Ձերը:
-Յուրաքանչյուր մարդու առաքելությունը իր տոհմի շարունակող դառնալն է: Ես և մասնագիտությամբ բանասեր կինս` Վարյան, հինգ զավակ ենք լույս աշխարհ բերել: Մեր երեք որդիների` Ռուբենի, Հովհաննեսի, Սարգսի և երկու դուստրերի` Շուշանի և Մարգարիտի մեջ տեսնում եմ այն ազնիվը, վեհն ու բարին, որ կուզեի տեսնել: Երեխաներս և թոռնիկներս Աստծո մեծագույն պարգևն են:
Նյութական կոչված բարիքները չեմ կարողացել տալ երեխաներիս, իմը իմ կյանքը երեխաներիս աչքի առաջ բերելն է եղել, իմը երեխաներիս հետ ընկերություն անելն է եղել։ Իմը օրհնելն է եղել, աղոթելը։ Իսկ օրհնել նշանակում է քո մեջ եղած աստվածային զորությունից բաժին հանել, օրհնել նշանակում է զորացնել։ Օրհնելը հոգու հետ կապված երևույթ է և ոչ մտքի կամ էլ բանականության։ Օրհնանք տալ նշանակում է կյանք տալ։ Երեխայի համար աղոթելը երեխային Աստծո առաջ բերել, Աստծուն հանձնել է նշանակում։
-Հովնաթան, մինչև 80-ին` այդ հիանալի հանգրվանին հասնելը, Ձեր կյանքում եղել է գիրք, եղել է գիր, եղել են բարեկամներ, հանդիպումներ, զրույցներ: Վերջերս «Հայաստան» պարբերականում կարդացի մեր նշանավոր հայրենակցի, հայ նշանավոր դիվանագետ Պողոս Հակոբովի հետ Ձեր զրույց-երկխոսությունը: Գիտենք, որ ձեր բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Ի՞նչ անակնկալ էր նա պատրաստել Ձեր ծննդյան տոնի առթիվ:
-Մեր բարեկամությունը մի առանձին զրույցի թեմա է: Բայց քանի որ հիշատակեցիք ինձ համար այդքան թանկ մարդու` Պողոս Հակոբովի անունը, ապա ասեմ, որ մտերմությունն այսօր էլ շարունակվում է: Նա ինձ համար եղել է և մնում է ապրելու և գործելու լավագույն օրինակ։ Իննսունն անց է, բայց շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում։ Պողոս Հակոբովը Ռուսաստանի Դաշնության դիվանագետների ասոցիացիայի պրեզիդենտն է։ Տղան` Սերգեյ Հակոբովը, Ռուսաստանի Դաշնության դեսպանն է Բրազիլիայում։ Ծննդյանս տարեդարձի առիթով հնչած բազմաթիվ շնորհավորանքների մեջ առանձնահատուկ և հուզիչ էր ավագ ընկերոջս և հայրենակցիս շնորհավորական խոսքը, որ նա ուղարկել էր Մոսկվայից: Տեքստն իր ձեռքով էր գրել, ձեռագիր էր, ոչ թե համակարգչային շարվածքով: Այո, սրտից եկող խոսքը սրտին հասցնելու համար ինքդ պիտի քո ձեռքով գրես: Նշեմ, որ այդ ուղերձը Մոսկվայում գործող «Սխվիլիսի» հայրենակցական միության անունից էր, ինչը կրկնակի բերկրանքով է լցնում իմ սիրտը: Ի դեպ, հայրենակցական միության հիմնադիրը և պրեզիդենտը Հակոբովն ինքն է, իսկ ընթացիկ աշխատանքների կազմակերպիչ¬նախագահը գործարար, վարքով պարկեշտ, նույնպես համագյուղացի և իմ բարեկամ Հաբեթ Իգիթբաշյանն է։ Կուզենայի բնագրով մեջբերել այս երկու պատվավոր անձանց ստորագրությամբ ստացված նամակ-գրությունը.

Карапетяну Арутюну Оганесовичу
Глубокоуважаемый Арутюн Оганесович, наш дорогой Овнатан!
Совет землячества от имени всех суфлисцев проживающих в Москве сердечно, от всей души, искренне поздравляет Вас со знаменательным событием в Вашей жизни и жизни всего нашего села,- с восьмидесятилетием со дня рождения!
В этот день мы с глубочайшим удовлетворением отмечаем, что Вы, являясь плотью и кровью своего народа, всю свою жизнь прожили с ним и весь Богом данный Вам талант поэта-литератора посвятили народу. И этот народ, который дал немало замечательных поэтов, врачей, журналистов, священнослужителей, музыкантов, строителей, дипломатов, предпринимателей и др., глубоко уважает и высоко ценит Ваш вклад в сохранение и развитие его традиций и духовных ценностей. Мы воистину гордимся Вами.
Сегодня, отмечая Ваш замечательный юбилей, желаем Вам, дорогой Овнатан, крепкого здоровья, счастья, благополучия и дальнейших творческих успехов.
Президент землячества суфлисцев в Москве П. С. АКОПОВ
Председатель Совета землячества А. ИГИТБАШЯН
Москва, 18.09.2017


-Վերջին մի հարց` ի՞նչ նոր գիրք է սպասվում։
-Թբիլիսիում, հիմք ընդունելով հայ-վրացական հարաբերություններում իր անուրանալի ավանդը մտցրած, երկու ժողովուրդների գրականությունների գիտակ, հրաշալի թարգմանչուհի Գեուրկովա Մաղվալայի տողացիները, բանաստեղծական ձևի մեջ բերել և տպագրության են պատրաստել իմ բանաստեղծությունների ժողովածուն, որը վերնագրված է «Լեռան աղբյուր»։ Այդ կերպ իմ վրաց բարեկամները, գրչեղբայրները, նշանավորում են ծննդյանս 80-ամյակը։ Իսկ ես տպագրության եմ պատրաստել առանձին գրքով հրատարակելու Մկրտիչ Սարգսյանի հետ վարած իմ զրույցները և «Ծիածանվող հոգիներ»-ի երկրորդ գիրքը, որտեղ ամփոփված են աստվածաշնչյան իմ մեկնությունները` մասնավորապես կապված Հովհաննես Թումանյանի, Ջիվանու, Վահան Տերյանի ստեղծագործությունների հետ։ Հուսով եմ, որ իմ այս ժողովածուն լույս կտեսնի պետական աջակցությամբ։


Զրույցը վարեց
Շամիրամ ՎԱՐԴԽԱԹՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5143

Մեկնաբանություններ