Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ նոր նախագծերի ծիրում

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ նոր նախագծերի ծիրում
02.12.2017 | 14:37

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին կայացած ընտրություններից և աշխատանքային 39-օրյա գործունեությունից հետո հրավիրել էր իր առաջին մամլո ասուլիսը, որին մասնակցեցին նաև գիլդիաների գծով ՀԿՄ նախագահի տեղակալ Միքայել Դովլաթյանը և գլխավոր խորհրդատու Արա Մանուկյանը:

Միության նախագահը մամուլի ներկայացուցիչներին պատմեց իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում իրականացրած աշխատանքների մասին: Իսկ դրանք քիչ չեն:
Այս կարճ ժամանակահատվածում մշակվել է ՀԿՄ նոր կանոնադրությունը, որը քննարկվել և հաստատվել է միության վարչությունում: Տեղի են ունեցել կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոռեժիսորների, կինոնկարիչների, կինոդերասանների, կինոպրոդյուսերների, կասկադյորների մասնագիտական գիլդիաների ստեղծման նախաձեռնող խմբերի հավաքներ և քննարկումներ, ընտրվել են գիլդիաների ղեկավարներ, քննարկման փուլում են այդ գիլդիաների կանոնակարգերը և կինոմասնագիտական այլ գիլդիաների ստեղծման հարցը: Սպասվում է գիլդիաների ղեկավարների նախագահության ստեղծում: Ստեղծվել են նաև միության միջազգային կապերի և փառատոնային հարցերի, կինոկրթության հարցերի, բանակի հետ կինոմշակութային աշխատանքների մշտական հանձնաժողովներ: Կձևավորվի նաև նոր կինոկրթական հարթակ:


Նշանակալի իրադարձություն է միության փոքր դահլիճի բացումը՝ քսան տարվա անգործությունից հետո: Այստեղ հիմա պարբերաբար իրականացվում են կինոցուցադրություններ և քննարկումներ: Բացվել են կինոաշխարհի ներկայացուցիչների սիրելի «Բուխարու սրահը», Կինոյի տան մեծ դահլիճը: Վերջինս այժմ գտնվում է մասնակի նորոգման փուլում, նորոգվում են նաև դահլիճին կից սարհները, բացվել է Վարդանանց փողոցից դահլիճ տանող փոքր մուտքը:
Հարություն Խաչատրյանի տեսլականը ներառում է մի կարևորագույն իրողություն. Հայաստանում կստեղծվի կինոթանգարան: Այս նպատակին հետամուտ՝ նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարանների, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան: Ինչպես իր խոսքում նշեց միության նախագահը, դա ոչ թե պետք է լինի մեռած թանգարան, այլ ակտիվ գործունեության տարածք, որը ոչ միայն կամբարի և կցուցադրի հայ կինոյին առնչվող մասունքները, այլև կզբաղվի կինոցուցադրություններով, կկազմակերպի մասնագիտական տարատեսակ միջացառումներ: Ձևավորված է թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով:
Հանդիպումներ են եղել Հայաստանում Գերմանիայի, Ճապոնիայի դեսպանների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչների, Մեծ Բրիտանիայի, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ Մոսկվայում, որոնք ուղղված են Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության ծրագրերի իրականացման նպատակին:
Նորաստեղծ հանձնախումբ է աշխատել «Կինոմեատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վրա՝ ներկայացնելով իր առաջարկները ՀՀ մշակույթի նախարարություն:
Ստեղծվել է «Երիտասարդական հարթակ», որում միավորվել են երիտասարդ և անկախ կինոգործիչներ՝ լուրջ կինոնախագծեր իրականացնելու հավակնությամբ և պատրաստակամությամբ:
Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների միության բյուջե, որի մշակված տարբերակը կներկայացվի վարչության քննարկմանը:
Ասուլիսի ընթացքում «Իրատեսը» հարցրեց Հարություն Խաչատրյանին.
-Սովորաբար նոր գործ սկսելուց առաջ մարդը կանխահաշվարկում է հավանական ռիսկերը, դրական և բացասական գործոնների հարաբերակցությունը. ի՞նչ է ցույց տվել պաշտոնավարման այս կարճ ընթացքը, Ձեր կանխահաշվարկները որքանո՞վ են իրատեսական եղել:


Պատասխանն այսպիսին էր.
-Ռիսկեր գրեթե չկան: Գիտեք, որ կինոմիությունը որոշակի գումար ունի, որը, ինչպես ես հայտարարել եմ, չի ծախսվելու, օգագործվելու է միայն սոցիալական հարցերի լուծման նպատակով /թոշակներ, բժշկական ապահովագրություն, աշխատավարձեր, զանազան օգնություններ/: Մենք ամեն բան անում ենք հովանավորների միջոցով, այնպես որ ռիսկերը մեծ չեն: Եթե հովանավոր գտնում ենք, անում ենք մի բան, եթե՝ ոչ, գործն ուշանում է: Մենք կազմել ենք արդեն միության բյուջեն, պարզ տեսանելի են մւոտքերն ու ելքերը, կա բավականին խիստ վարչություն, որը հիմնականում բաղկացած է նախագահության մյուս երկու թեկնածուների վստահելի անձանցից: Ես ուրախացել եմ, որ նրանք մտել են այդ կազմի մեջ, որովհետև բավականին խիստ հետևում են մեր աշխատանքին: Ամեն բան նորմալ է ու գնում է առաջ: Կցանկանայի, որ մենք ավելի շատ շփվենք, ասելիք շատ կա, տարածելու նյութ՝ նույնպես: Կցանկանայի, որ ներկա գտնվեիք մեր կազմակերպած ցուցադրություններին: Դեկտեմբերին, օրինակ, լինելու է Ռուբեն Մամուլյանի երեկոն, հունվարին՝ Փարաջանովինը, պարբերաբար ցուցադրում և քննարկում ենք երիտասարդ ռեժիսորների ֆիլմերը: Այնպես որ ստեղծված է մի հարթակ, որում պիտի աշխատենք ամեն կերպ օգնել կինոյին:


Ասուլիսից հետո Կինեմատոգրաֆիստների միության նախագահը լրատվադաշտի ներյայացուցիչներին հրավիրեց շրջայցի, որի ընթացքում ակնառու դարձավ աշխատանքների այն պատկառելի ծավալը, որ իրականացվել է ու շարունակում է իրականցվել Կինոյի տան շենքում: Կասկածից վեր է, որ այսօր արդեն գործող հարմարավետ ու նրբաճաշակ սրահներից բացի, շուտով այստեղ կգործեն նորերը, որոնք կնպաստեն ոչ միայն կինոմիջավայրի աշխուժացմանն ու արդյունավետ գործունեությանը, այլև կդառնան հաճելի ժամանցի տարածություն բոլոր երևանցիների համար:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ