Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները

Նախագահը համագործակցության շրջանակում Արցախում դիտել է ՊԲ զորավարժությունները
03.12.2017 | 15:07

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Նույն օրը Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի և զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ և գերազանց ծառայության համար պարգևատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում և յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաև նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին և ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն և հպարտ կեցվածք:

Դիտվել է՝ 6451

Մեկնաբանություններ