Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպայում սկսվեց Ադվենտը

Եվրոպայում սկսվեց Ադվենտը
04.12.2017 | 19:56

Դեկտեմբերի 3-ի կիրակի օրը արևմտյան քրիստոնյաների համար սկսվեց Ադվենտը` Սուրբ ծննդյան չորսշաբաթյա սպասման շրջանը: Քաղաքներում կիրակի օրը սկսեցին գործել Սուրբծննդյան տոնավաճառները, փողոցներում հայտնվեցին Սանտա Կլաուսները: Եկեղեցին Ադվենտը համարում է «ուրախ սպասումի» ժամանակ, գթասրտության, կարիքավորներին օգնության ու բարեգործության: Ի տարբերություն արևելյան քրիստոնյաների` արևմտյանները Ադվենտը այլևս պասի շրջան չեն համարում: Ամենահայտնի ավանդույթը, որ տարածված է ամբողջ աշխարհում, Ադվենտի պսակն է: Եղևնու ճյուղերից հյուսված պսակում չորս մոմեր են: Ադվենտի առաջին կիրակի օրը վառվում է մեկ մոմը, երկրորդ կիրակի` երկուսը, երրորդ կիրակի` երեքը, չորրորդ կիրակի` չորսը, որ ամեն շաբաթ ավելանա լույսը: Ամեն մոմ իր իմաստն ունի: Առաջին մոմը կոչվում է Մարգարեության, երկրորդը` Բեթղեհեմի, երրորդը` Հովիվների, չորրորդը` Հրեշտակների: Չորրորդ շաբաթին Ադվենտի եղևնապսակի բոլոր մոմերը պետք է վառվեն` ազդարարելով Սուրբ ծննդյան գալուստը: Այդ ավանդույթը կա Գերմանիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում. պսակները սովորաբար ամրացվում են տան դռներին:


Եվս մեկ ավանդույթ է Ադվենտի օրացույցը, որ ցույց է տալիս ժամանակը մինչև Սուրբ ծնունդը: Ավանդաբար Ադվենտի օրացույցը ստվարաթղթե տնակ է` 24 լուսամուտներով, որոնցից յուրաքանչյուրում կոնֆետ է, մաղթանքներով երկտող կամ փոքրիկ նվերներ: Ավանդույթի սկիզբը դրել են Գերմանիայում` 19-րդ դարի սկզբին լյութերական եկեղեցու հետևորդները: Մանկական առաջին Սուրբ ծննդյան օրացույցը հրատարակել է Գերհարդ Լանգը Մյունխենում 1908-ին: Օրացույցները ավանդաբար երեխաների համար են, թեպետ մեր օրերում նման օրացույցներ ունեն համարյա բոլոր կոսմետիկ ու գաստրոնոմիկ ընկերությունները` մեծերի համար: Ֆրանսիայի բոլոր հայտնի հրուշակագործները ամեն տարի Ադվենտի օրացույցները իրենց պատվի գործն են համարում:
RFI


Հ.Գ. Մենք կաթոլիկ չենք, ոչ էլ լյութերական, Եվրոպան տոնում է Սուրբ ծնունդ, մենք` Նոր տարի և Զատիկ, բայց բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ, ոմանք` նույնիսկ տալ: Առիթով ու անառիթ: Ադվենտի օրացույց տնակներ բոլորս էլ հաճույքով կստանայինք` փոքրիկ նվերներ ամբողջ մի ամիս, հատկապես` մեծերս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ