Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անցած երկու հարյուր տարում դուք քանի՜-քանի անգամ եք թուրքերի հետ բոզություն արել, այն էլ ստորաբար՝ հայերիս հաշվին

Անցած երկու հարյուր տարում դուք քանի՜-քանի անգամ եք թուրքերի հետ բոզություն արել, այն էլ ստորաբար՝ հայերիս հաշվին
05.12.2017 | 01:03

Ես երբեք հակառուս չեմ եղել և, հավանաբար, այդպես էլ կհեռանամ կյանքից: Բայց միշտ ասել եմ՝ ռուսը մեր լավը չուզող, բայց մեր բարեկամն է: Ռուսների հետ Ռուսաստանում կայացած մարդաշատ հանդիպումներում ասել եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները նման են ամուսինների հարաբերությունների, որոնք կարող են վիճել, կռվել, նեղանալ (թեպետ մեր հարաբերություններում հրապարակավ նման բան երբեք չի եղել), բայց բաժանվել չեն կարող, որովհետև գիտակցում են, որ ունեն համատեղ կյանքից ծնված երեխաներ և հանուն այդ երեխաների պիտի շարունակեն կառուցել իրենց վաղվա տունը:
Վերջին օրերին, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումից հետո, ռուսական որոշ լրատվամիջոցներ սկսել են Հայաստանը համեմատել ման եկող կնոջ հետ (հանուն ճշմարտության նշեմ, որ Նժդեհի վրա ռուսական պաշտպանության նախարարության «իՉպջՊՈ» հեռուստաալիքի բարբաջանքը նախերգանքն էր վերջին օրերի հակահայ ելույթների), որը նոր սիրեկան է փնտրում:


Հարգելի ռուս բարեկամներ, եթե երկու հարյուր տարուց ավելի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը սկսել է սիրեկան ման գալ Եվրոպայում, ասել կուզեք, թե Հայաստանը որպես կին դավաճանում է իր ամուսնուն, կոպիտ խոսքով ասած՝ բոզ է, ապա թույլ տվեք հարցնել. իսկ անցած երկու հարյուր տարում դուք քանի՜-քանի անգամ եք թուրքերի հետ բոզություն արել, այն էլ ստորաբար՝ հայերիս հաշվին, քանի՜ անգամ նրա գիրկն եք նետվել, ոռնացել եք վիրավորանքներից (հեռուն չգնանք, մտաբերենք ռուսական ինքնաթիռի խոցումը Սիրիայում, ռուս օդաչուի դաժան սպանությունը և այդ կապակցությամբ մեր շատ հարգելի Պուտինի հոգեկան ծանր վիճակում թուրքերի հասցեին ասած խոսքերը: Իրականում երևի ավելի թունդ է հայհոյել, քան Զապորոժիեի կազակները... Բա՞յց... կարճ ժամանակ անց ձեր գիրկը նորեն լայն բացեցիք անբարո սիրեկանի առաջ):
1828 թվականին հայերս հավատալով (ինչպիսի՜ հիմարություն) ռուսներիդ քրիստոնյա հավատքին, ապավինեցինք ձեզ, ընդունելով որպես ազատարարների: Աբովյանը ուրախությունից ճչաց՝ «օրհնվի էն սհաթը...»: Այն էլ ասեմ, որ «էն սհաթի օրհնանքից» կարճ ժամանակ անց հիասթափվեց, երբ տեսավ, թե ինչպես է ռուս չինովնիկը կաշառք վերցնում խեղճ հայ գյուղացուց, բայց հետդարձի ճամփա չունեինք և շարունակում էինք հավատալ ռուսներիդ: Տեղին է հարցնել՝ ու՞ր են այն հսկայական հայկական տարածքները, որ Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանից անցան Ռուսաստանին: Կներեք, բայց չեմ կարող չասել, ռուսներիդ դավաճանության պատճառով նրանք շագրենի կաշվի պես սկսեցին կրճատվել: Ռուսական ցարերի հակահայ քաղաքականության պատճառով բուն հայկական տարածքները մասնատեցիք, որպես սեփական ռանչո, անվանելով՝ Ելիզավետպոլ, Նախիջևան և էլ ինչ անուն ասես որ չտվեցին, միայն թե այնպես անել, որ բուն հայկական տարածքներում նվազի հայկական էթնոսը: Ինչու՞ առայսօր տեր չկանգնեցիք 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրին: Ինչու՞ էին ձեր անբարո ցարերը փորձում խլել հայոց եկեղեցու հողերը և փակում հայկական դպրոցները: Ինչու՞ մինչ օրս առ ոչինչ չեք հայտարարում խորհրդային Ռուսաստանի կնքած Կարսի ստոր պայմանագիրը, որտեղ թուրքերն օր օրի մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը: Դուք քանի՜-քանի անգամ մտել եք Արևմտյան Հայաստան: Հիմա հարցնեմ, հարգելի ռուս բարեկամներ, ո՞վ է մեզնից անբարոյականը, բարոյական օրենքներից զուրկը, մե՞նք, թե՞ դուք:


Ասեմ, իմ ռուս բարեկամներ, որ 1915 թվականի հայերիս ցեղասպանության գործում պակաս չի եղել ռուս կառավարողների մեղքը: Մտել եք Արևմտյան Հայաստան, ժողովուրդը ձեզ ոչ միայն աղուհացով է դիմավորել, այլև զենքը ձեռքին կանգնել է ռուս զինվորի կողքին: Հետո անամոթաբար լքել եք ձեզ ապավինած հայ մարդուն, թողնելով մեն-մենակ կատաղած թուրքի սրի առաջ: Շարունակե՞մ թվարկել ձեր իշխանավորների անբարո քաղաքականության օրինակները, թե՞ վերջակետ դնեմ: Բայց մինչ այդ հարցնեմ՝ հիմա ո՞վ է մեզնից անբարոն: Մե՞նք, որ միշտ ազնվաբար կանգնել ենք ձեր կողքին ձեր հզորացման համար մղվող ցանկացած կռվում, թե՞ դուք, որ խաղալով մեր քրիստոնյա հավատքի հետ, անբարո խաբել եք մեզ: Չշարունակեմ և վերջակետ դնեմ, բայց մինչ այդ կուզեի հարցնել՝ ինչո՞ւ ձեր սլավոն եղբայրներն այդքան ատում են ձեզ: Ինչու՞ Դուք այսօր ՈՒկրաինայի թիվ մեկ թշնամին եք: Ինչու՞ անամոթաբար խաբեցիք և մենակ թողեցիք սերբերին, որոնք մեզ պես ապուշավարի սիրել ու նվիրվել են ձեզ, ինչու՞ լռեցիք, երբ ամերիկյան թևավոր հրթիռները ռմբակոծում էին Բելգրադը, երբ պոկեցին նրանց պատմական հողը՝ Կոսովոն: Մինչ օրս ուղեղիցս չի հեռանում սերբ մարդու կերպարը, որ 1992 թ. դաժան ցրտին ինքնամոռաց քանդում էր հոր գերեզմանը Հերցեգովինայում, որովհետև գիտեր, որ մուսուլմանները կպղծեն այն, և սայլը բարձելիս լացակումած ասում էր. «А где ты, Матушка Русь?» Դա դուք եք, ամեն տեղ կտրում, ոտնատակ եք տալիս այն հավատը, որ ժողովուրդները տածել են Матушка Русь-ի նկատմամբ:


Մենք այսօր անկախ պետություն ենք: Հույսներս դրել ենք մեզ վրա և կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Ինչու՞ է այդ փաստն այդքան կատաղեցնում ձեզ: Փա՞ստ... Զինում, հա զինում եք մեր թշնամուն, որը վերջին հաշվով ձեր ծպտյալ թշնամին է: Ավելին ասեմ, ձեր սիրելի նախագահին, որին ես պաշտում և հարգում եմ, որ կարողացավ իր ծնկած երկիրը ոտքի կանգնեցնել, չեմ հարգում, որ կրկնակի խաղում է իր իսկական բարեկամի և թուրքի միջև: Դա ստորություն է: Եվ այդ ստորությունը թույլ տվեց 2016 թվականի չորսօրյա պատերազմը: Ասեմ, իմ սիրելի ռուս բարեկամներ, այդ պատերազմում իմ մեջ վերջնականապես մեռավ այն երիզը, որ կար: Հայի համար կապույտի երեք հասկացություն կա աշխարհում՝ ծովը, երկինքը և ռուսի աչքերը: Այդ կապույտ աչքերը հավատացած էին, որ թուրք ազերին չորս օրում կգրավի Ղարաբաղը, կհասնի Հայաստանին, և մենք նորից կխնդրենք ռուսներիդ՝ փրկե՜ք մեզ: Բայց ժողովրդական խոսքն ասում է՝ խիարը թարս բուսնեց: Ավելին, տեսնելով, որ հայ ժողովուրդը օրհասական պահին ոչ միայն չպահանջեց իր երկրի նախագահի հրաժարականը, այլև մեկ բռունցք դարձած ասաց՝ մենք բոլորս զինվոր ենք, և երբ զգացիք այդ ոգու վերելքը, միջնորդեցիք, որ հայկական կողմը հրադադար հայտարարի: Չեմ կարողանում ներել իմ երկրի նախագահին, որ այդ կրիտիկական պահին չգնաց մինչև վերջ:
Հիմա ևս մեկ անգամ հարցնեմ՝ ո՞վ է մեզնից անբարո:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Որքան էլ կռվենք, որքան էլ վիճենք, մենք իրար պետք ենք, միայն այսօր ավելի լավ ենք հասկանում ռուսներիդ և ցանկանում ենք մեր միջից դեն նետել հիմար նվիրվածությունը: Մենք բարոյական օրենքներից զուրկ ժողովուրդ չենք: Ձեր սխալները փնտրեք ձեր մեջ:

Դիտվել է՝ 5011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ