Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաջարկ կառավարությանը Ամանորի առնչությամբ

Առաջարկ կառավարությանը Ամանորի առնչությամբ
05.12.2017 | 09:29

Կառավարության սիրտն ու քսակը նույնացել են` երկուսն էլ գոց են: Երբ հայտարարեց, թե 2018-ին էլ թոշակները չեն բարձրանա, դրանով հայտնեց, որ չի սիրում թոշակառուներին, և այդ «սերը» փոխադարձ է: Բայց ու՞մ թոշակները, ախր, թոշակառուներն էլ են տարբեր: Իրավապահ համակարգից թոշակի անցածներն ստանում են աստղաբաշխական գումարներ` 400-800 հազար դրամ, գուցե և` ավելին, ու դրանք բարձրացնելու կարիք ամենևին չունեն: Ավելին, անհամբերությամբ չեն սպասում, ամսեամիս չեն էլ ստանում, թողնում են կուտակվի, հետո փոստատարը միլիոններ է բերում:


Երբ թոշակառու ընկերս միլիցիայի նախկին քննիչին հարցրել էր թոշակի չափն ու զարմացել, միլիցիոներն ասել էր.
-Դու դժգոհիր, թե ինչու է քոնը ցածր, այլ ոչ` թե ինչու է իմը բարձր:
Այսօրվա թոշակառուների բացարձակ մեծամասնության աշխատանքային գործունեությունն անցել է խորհրդային իշխանության օրոք: Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, ընդունում եմ, որ թե այն ժամանակ, թե Հայաստանի ինքնիշխանության ընթացքում անխտիր բոլոր ոստիկանները, դատախազները, դատավորները եղել են ազնիվ, անապակ, անբիծ, առաքինի, բյուրեղյա մաքրությամբ արարածներ ու երբևէ կաշառք չեն ստացել: Իսկ ի՞նչ է, հազարավոր բանվորները, գյուղացիները, մտավորականները, որոնց թոշակը չի բավարարում անգամ հաց գնելու, կողմնակի եկամուտնե՞ր են ունեցել: Թե՞ նրանց աշխատանքը երկրի համար որևէ արժեք չի ներկայացրել:
Բանը սոցիալական անհավասարության, անարդար համակարգի մասին է, որն սկսվում է մանկապարտեզից: Բայց պետության գործառույթներից մեկը այդ անհավասարությունը վերացնելը չէ՞:


Ո՛չ, ես այստեղ կոչ չեմ անի վերանայելու կենսաթոշակային համակարգը, որովհետև գոց են ոչ միայն սիրտն ու քսակը, այլև ականջը: Կանեմ կոնկրետ առաջարկ` 13-րդ կենսաթոշակով «պարգևատրեք» գոնե նրանց, ովքեր 100 դոլարին համարժեք գումարից ցածր են ստանում, թեպետ դրանով «քրոքըդայլ» չեն ճաշակի: Եթե դա կառավարության ուժերից վեր բան է, թող դիմի իսկական կամ անգամ կեղծ բարերարներին:
Շուտով կգա Ամանորը, և խեղճ, լլկված, անապահով թոշակառուներն իրենց աղքատիկ սեղանների շուրջը ոչ թե հիշոցներ կարձակեն, այլ բաժակ կբարձրացնեն ու մի բարի խոսք կասեն կառավարության հասցեին:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ