Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ԵՄ-ի համաձայնագիրը փակում է ԵԱՏՄ-ի բացերը»

«ԵՄ-ի համաձայնագիրը փակում է ԵԱՏՄ-ի բացերը»
05.12.2017 | 09:37

Քաղաքական օրակարգի թեժ թեմա է շարունակում մնալ Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Քաղաքագետները ծանրութեթև են անում, հաշվում դրական արդյունքներն ու հանգում եզրակացության, որ օգուտներ կլինեն, եթե Հայաստանը լավ աշխատի կամ, ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էր ասում, «տնային աշխատանքը» լավ կատարի: «Իրատեսը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻՆ և քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻՆ այս թեմայով հարցեր ուղղեց:

«ՄԻԱԿ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐՆ ԵՆ»


-Պարոն Իգիթյան, համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքական դաշտում հնչող հիմնական հարցն այն է` դրանից բխող պահանջները մեր իշխանությունները կիրագործե՞ն, թե՞ ոչ, ԵՄ-ի աջակցությամբ այդ ի՞նչ մեխանիզմով պետք է ՀՀ իշխանությունները պայքարեն, օրինակ, կոռուպցիայի կամ մենաշնորհի դեմ, որ նախկինում հնարավոր չէր:
-Սա այն համաձայնագիրն է, որում պատժիչ մեխանիզմներ ուղղակի ձևով չկան: Մեխանիզմն այն է, որ պահանջների չկատարման դեպքում մենք մեզ ենք պատժելու: Սա հերթական հնարավորությունն է, որը տալիս է այս 360-էջանոց համաձայնագիրը, որտեղ ոչ միայն նշված է, թե ինչ ու ինչպես անել, այլև դրանք իրագործելու համար ինչ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում կամ ինչ խորհուրդներ են տրվում: Սրանից ավելի հարմար համաձայնագիր մենք չէինք կարող ունենալ: Եկեք այն չհամեմատենք ԵԱՏՄ-ի հետ, քանի որ այստեղ խաղի այնպիսի կանոններ են, որոնք ասում են` գնա, գոյատևիր: Իսկ ԵՄ համաձայնագրի պարագայում գործ ունենք մեր կառավարության հետ, թե այն որքանով կարող է իրագործել ամրագրած դրույթները: Եթե կառավարությունը իրապես քաղաքական գործիչներից է կազմված, որոնց համար պետությունը միայն բյուջե կամ հարկեր հավաքելը չէ, այլև սոցալական խնդիրները, դեմոգրաֆիկ իրավիճակը, հասարակության զարգացումը, տնտեսական աճը, ապա սա լավ հնարավորություն է: Այստեղ մատչելի լեզվով գրված է, թե ինչ ծրագրեր կիրականացվեն, ու ինչ աջակցություն դրանք կստանան:
-Որևէ միություն կամ փաստաթուղթ կարո՞ղ են քո երկրում ինչ-որ բան փոխել, եթե դու փոխվելու ցանկություն չունես:
-Ոչ, հնարավոր չէ: Այսօրվա կառավարությունում փոխվելու ցանկություն չեմ տեսնում, առաջին հերթին այն պատճառով, որ ժամանակավոր է: Այս կառավարությունը երկու գործոն իրականացնելու համար է կազմվել. նախ` ԵԱՏՄ-ի գործունեությունը աշխուժացնել: Սերժ Սարգսյանը մտածեց, որ ռուսական ընկերություններում աշխատող այս թիմը կարող է արդյունավետ աշխատանք իրականացնել ԵԱՏՄ-ում: Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ նրանք մինչև ապրիլ են պաշտոնավարում: Կապ չունի` այս կառավարությունը կշարունակի՞ մնալ, թե՞ ոչ, փաստ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանից սկսած բոլոր նախարարներն այսօր անորոշության մեջ են, իսկ այս վիճակը թույլ չի տա նրանց աշխատել, եթե անգամ նրանք այդ ունակություններն ունեն:
-Համաձայնագրում տող կա նաև ղարաբաղյան հակամարտության մասին: Դուք այդ հատվածն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հակամարտության խնդրին առնչվող հատվածում ամենակարևորն այն է, որ այդ խնդրով զբաղվելու է Մինսկի խումբը: Այսքանն էլ բավարար էր գրել ու որևէ բան չավելացնել, որովհետև մենք գիտենք` այդ խումբն ինչի համար է ստեղծվել, ինչ սկզբունքներով: ԼՂՀ-ն այսօր սուբյեկտ է, ժամանակին հենց դրա համար էր ստեղծվել Մինսկի խումբը: Տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար համաձայնագրում ավելացված են նաև սկզբունքները, իմա` խաղաղ կարգավորում` տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա լրիվ բավարար, ոչ մի լիմիտ չունեցող, ոչ մի բանին չխանգարող ձևակերպում է: Այսինքն, Մինսկի խումբը կարող է շարունակել աշխատել այնպես, ինչպես մինչ այս աշխատել է, չվախենալով, որ որևէ կազմակերպություն կճնշի իրեն:
-Մենք արժեքային տարբեր համակարգ ունեցող միությունների հետ համագործակցության մեջ ենք: Չե՞ք կարծում, որ ինչ-որ պահի այս երկու միությունների պահանջները մեզնից խիստ տարբեր կարող են լինել, ու մենք հակադրության մեջ կհայտնվենք:
-Միակ խանգարող հանգամանքը մաքսային տուրքերն են, որոնք ԵԱՏՄ-ն պարտադրում է Հայաստանին: Պայմանականորեն ասած, եթե այստեղ ցանկանանք եվրոպական արտադրություն կազմակերպել ու սարքավորումներն էլ ԵՄ երկրներից բերել, տեղափոխումը շատ դժվար կլինի, քանի որ արտադրանքի ինքնարժեքը կլինի 10-12 տոկոսով բարձր: Այլ խնդիր առայժմ չկա:
-Իսկ քաղաքական անհամաձայնություննե՞րը:
-Պետք չէ դրանք դիտարկել ռուսական հաղորդումների տեսանկյունից: Դրանք միշտ էլ կարող էին լինել, որովհետև Հայաստանը վաղուց որևէ երկիր կամ կազմակերպություն վստահելի, կայուն գործընկեր չի համարում: Սրա հետ պետք է համակերպվել և մեր ներքին խնդիրները կարգավորել:

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԹՈՔ-ՇՈՈՒՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ»


-Պարոն Մարկարով, ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո նույնիսկ արևմտամետ ընդդիմադիրները հայտարարեցին, թե պետք չէ այս քայլին այդքան մեծ հնչողություն տալ և հայտարարել, թե դա հաղթանակ է: Քաղաքագետի դիտանկյունից այս համաձայնագիրն ի՞նչ է` դիվանագիտական աննախադեպ հաղթանա՞կ, թե՞ կարևոր փաստաթուղթ, որի չիրագործման պարագայում այն սովորական փաստաթուղթ էլ կմնա:
-Ընդդիմության աշխատանքն այն է, որ քննադատի իշխանությունների քայլերը, բայց քննադատությունը պետք է լինի կառուցողական: Եթե ասում են, որ հաղթանակ չէ, ուրեմն պետք է նաև ասեն, թե որ գործընթացը կամ որ փաստաթուղթը կարող է ավելի լավը լինել։ Եթե ասում են, որ սա ընդամենը փաստաթուղթ է, բովանդակային մասը չի իրագործվելու, թող առաջարկեն ավելի լավ փաստաթուղթ:
-Այս փաստաթղթից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-ԵԱՏՄ-ի երկիրը ստորագրել է ԵՄ փաստաթուղթը, սրա քաղաքական ենթատեքստը հասկանալի է: Իմ գործընկերներն իրավացիորեն նկատում են, որ այստեղ գործել է Ռուսաստանի լոյալության սկզբունքը: ԵԱՏՄ-ն ունի իր նշանակությունն ու բեռը հայաստանյան տնտեսության համար, բայց կա մի հատված, որ չի «ծածկում» այս միությունը, և կան ոլորտներ, որոնցում հետաքրքիր զարգացումներ է նախատեսում ԵՄ համաձայնագիրը: Օրինակ, դատական բարեփոխումներ, ավելի լավ կառավարում, այլընտրանքային տնտեսական զարգացման ուղղություններ: Ինչու՞ հրաժարվել այս ամենից, եթե կա հնարավորություն: Մենք չենք հրաժարվում ու օգտվում ենք տրված հնարավորություններից:
-Հնարավո՞ր է ինչ-որ պահի Հայաստանում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի պահանջների հակադրություններ լինեն:
- Չի կարող այդ պահը լինել, քանի որ ԵՄ-ի հետ բանակցությունները չէին ստացվի, եթե դրանք հակասեին ինչ-որ միության շահերի: Երբ դու ունես երկու իրարամերժ փաստաթղթեր, բնականաբար, երկրորդը չի կարող ուժի մեջ մտնել, կամ պետք է առաջինից հրաժարվես: Բայց մենք մտադիր չենք առաջինից հրաժարվելու, դրա համար էլ երկրորդը մշակված է այնպես, որ չհակասի առաջինին: Այնպես որ, ԵՄ համաձայնագիրը լրացնում է ԵԱՏՄ-ի «բաց թողած» տարածքը:
-Բայց քաղաքական տրամադրությունների առումով, առնվազն Ռուսաստանում, բավական մեծ դիմադրություն կա:
-Քաղաքական դիրքորոշումները և թոք-շոուները տարբեր բաներ են:
-Այդ թոք-շոուներում պատահական մարդիկ չեն, քաղաքագետներ են, հաճախ` տարբեր կենտրոններից ուղղորդված:
-Քաղաքագետները չեն արտացոլում պետական դիրքորոշումը, նրանք կարող են լինել խամաճիկներ։ Դրան զուգահեռ, ՌԴ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Սերգեյ Ժելեզնյակը Հայաստանում տեսակետ արտահայտեց, թե որևէ հակահայկական տրամադրություն ՌԴ-ում չկա և չի կարող լինել: Այս մասին խոսեց նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Պաշտոնական դիրքորոշում կարելի է համարել նրա՛նց տեսակետը: Այսինքն, առայժմ պաշտոնական մակարդակում մենք այս համաձայնագրի առնչությամբ բացասական որևէ կարծիք չենք լսել:

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ