Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի համար պատմական ու աշխարհաքաղաքական վախի շրջան է

Թուրքիայի համար պատմական ու աշխարհաքաղաքական վախի շրջան է
05.12.2017 | 09:49

(Նախորդ մասը)

Այսպիսով, մենք արձանագրում ենք Սիրիայի հետ կապված բոլոր ուղղություններում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի պարտությունները (բնականաբար, ոչ ուղղակի): 1) Նախագահ Ասադը «տեղում» է, նրա կլանի և կողմնակիցների դիրքերը միայն ուժեղացել են: 2) Սիրիա «ընկնելով»՝ Իրանը չթուլացավ, այլ այնքան ուժեղացավ, որ Ռուսաստանից պահանջում է «համոզել» Արևմուտքին և Իսրայելին, որ Սիրիայից լիովին հանեն իրենց բոլոր ուժերը: Իսկ Թուրքիային Իրանը ինքնուրույն «սեղմելու» հույս ունի: 3) ԱՄՆ-ին և Իսրայելին չհաջողվեց հասնել այն բանին, որ Ռուսաստանի և Իրանի միջև վեճեր սկսվեն մի շարք տակտիկական հարցերի վերաբերյալ նրանց տարակարծությունների պատճառով: Համենայն դեպս, Իրանը պատրաստ է համբերելու այնքան, որքան պետք կլինի: Իզուր չէ, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը նոյեմբերի 23-ին նշեց, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հատկապես անհանգստացած են այն բանի հնարավորությունից, որ Իրանը կամրապնդի տարածաշրջանում իր ազդեցությունը, բայց իրենք ի վիճակի չեն լինի պարտադրելու իրենց պայմանները: Իսկ նոյեմբերի 27-ին իրանական ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հայտարարեց, որ միայն «ռազմավարական դոկտրինն» է Իրանը հետ պահում իր հրթիռների հեռահարությունը մեծացնելուց: Նա, ի պատասխան Փարիզից նախագահ Մակրոնի հիմարությունների, Եվրոպային զգուշացրեց, որ Իրանը կարող է ավելացնել իր հրթիռների հեռահարությունը. «Եթե մենք պահպանում ենք մեր հրթիռների հեռահարությունը մինչև 2000 կմ, ապա դա կապված չէ տեխնոլոգիայի բացակայության հետ: Մենք հետևում ենք ռազմավարական դոկտրինին... Մինչ այժմ զգում էինք, որ Եվրոպան սպառնալիք չէ մեզ համար, ուստի չէինք ավելացնում մեր հրթիռների հեռահարությունը: Բայց եթե Եվրոպան ուզում է սպառնալիք դառնալ, մենք կավելացնենք այն»:


Եթե Երևանում որևէ մեկը համարի, որ Արևմուտքի, Իսրայելի և Թուրքիայի պարտության մասին եզրակացությունը միայն իմ կամ Կոսաչովի կարծիքն է, ապա խորապես կսխալվի: Ամերիկացի քաղաքական վերլուծաբան և խաղաղության ակտիվիստ Ռիկ Ստագենբորգը (Օրեգոն նահանգ) ԻՊ-ի նկատմամբ դիմադրության ուժերի հաղթանակը համարել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից անգլո-ամերիկա-իսրայելական կայսրության» կրած ամենալուրջ պարտությունը: Իրանական «Թասնիմ նյուզ» տեղեկատվական գործակալության հետ հարցազրույցում Ստագենբորգը ողջունել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի իշխանության ավարտը, որը ձեռք է բերվել «ազատության համար պայքարող պաշտպանների» ուժեղ դիմադրության շնորհիվ: Նա ավելացրել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ում նրա նեոպահպանողական դաշնակիցները ստիպված կլինեն լիովին վերանայելու Իրանի և Ռուսաստանի վերահսկողության իրենց ռազմավարությունը, եթե այն հնարավոր համարեն:
Իսկ ինչու՞ է Թուրքիայի համար հենց հիմա վախի շրջան: Գենային մակարդակով Թուրքիան աշխարհի միայն երկու երկրից չի կարող չվախենալ. նրանցից, որոնցից լիովին ստացել է «վզակոթին»: Մի կողմ կթողնեմ ռուս-թուրքական պատերազմների լրիվ ցուցակը: Նրանց Հայաստանի և արտասահմանի հայկական սփյուռքի հանրությունը քիչ թե շատ տեղյակ է: Համենայն դեպս, հույս կա, որ ռուս-թուրքական պատերազմների մասին հայերը գոնե ինչ-որ բան գիտեն կամ հիշում են: Շատ ավելի քիչ գիտեն կամ հիշում են, որ թուրքերին զանազան պատերազմներում, ոչ պակաս հաճախ, հաղթել են հենց իրանցիները: Պատմագրությունը թուրքերի և իրանցիների միջև հաշվում է իննից ոչ պակաս պատերազմ: Եվ նրանցից ութում հաղթանակը եղել է Իրանի կողմը: Բծախնդիրներն անմիջապես կավելացնեն՝ ո՛չ, ո՛չ թե Իրանի, այլ Պարսկաստանի: Բայց ամեն ինչ հասկացողներն ու իմաստավորողներն այս անգամ էլ կհասկանան, թե ես ինչ եմ ուզում ասել: Առավել ևս Իրանի պաշտոնական անձանց, Կոսաչովի և ամերիկացի Ստագենբորգի մեջբերված հայտարարությունների ֆոնին:
Չքաշվելով ոչ մեկից՝ նախագահ Ռոհանին Սոչիի հանդիպումից և՛ առաջ, և՛ հետո պահանջում է Սիրիայից հանել ապօրինաբար այնտեղ մտցված բոլոր զորքերը: Դարձյալ ընդգծեմ. դա վերաբերում է նաև Թուրքիային: ԻՀՊԿ-ի զինվորականները, որոնք ենթարկվում են բացառապես Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Խոսեյնի Խամենեիին, նույնիսկ «խթանում են» նախագահ Ռոհանիին. սիրելի Եվրոպա (էլ ինչ ասես Թուրքիայի մասին), մենք 2000 կիլոմետրից ավելի հեռահարությամբ հրթիռներ ստեղծելու տեխնոլոգիաներ ունենք, երբեք չենք հեռանա Սիրիայից և դեռ մեր դաշնակից շիաներին էլ այնտեղ կպահպանենք: Իրանական օրենսդրությունը ներկայումս մշակող փորձառու դիվանագետները հասկացնում են, որ Ռուսաստանի հետ միությունն անխախտ է ու երկար կտևի, քանի որ «տարածաշրջանում ահաբեկչության հարցը չի ավարտվել»: Այնպես որ, հիմա ոչ միայն Թուրքիան, այլև Արևմուտքը պետք է մտահոգվեն: Բայց Անկարան կամա-ակամա պետք է վախենա: Ողջ պատմության ընթացքում նրա երկու հիմնական ռազմական հակառակորդները վերջապես միասին են: Գործում են համատեղ և համակարգված, իրար լրացնելով: Հիշում եմ, որ շատերն էին ծիծաղում և տարակուսած հարցնում, թե թուրքերի ինչին են պետք ռուսական C-400 «Триумф» զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ). հո ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խփելու՞ չեն պատրաստվում: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ներկայիս օդային տարածքի անվտանգությանը, ապա թուրքերը նաև ԱՄՆ-ի հետ են շարունակում բանակցությունները ամերիկյան «Փեթրիոթ» ԶՀՀ գնելու համար:

Իսկ ինչ վերաբերում է ռուսական C-400 ԶՀՀ-ներին... Շատերը մոռանում են, որ դրանք ոչ միայն հակաօդային (ՀՕՊ), այլև հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հիանալի միջոց են: Իսկ այժմ այդ փաստը համադրեք Իրանի ԻՀՊԿ-ի գեներալ Հոսեյն Սալամիի հայտարարությանը, որ Իրանն ունի կամ հարկ եղած ժամանակ պատրաստ կլինեն ուզած «ճաշակի և համի» հրթիռներ: Այնպես որ, թուրքերն առաջին հերթին մտահոգված են հենց հրթիռային հարձակումների վտանգով: Չէ՞ որ Իրանը «հարաբերությունների ողջ դաշտի վերանայման» հնարավորության մասին թուրքերին նախազգուշացնում է դեռ 2016-ի ապրիլից. միանգամայն ճիշտ է, գործնականում Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից անմիջապես հետո: Հիշեցնեմ. այդ նախազգուշացումները 2016-ի ապրիլին հնչեցրել են արդեն հիշատակված Լարիջանին, արտքաղաքական հարցերով այալթոլլահ Խամենեիի խորհրդական Վելայաթին և այաթոլլահի ռազմական խորհրդատու, գեներալ-մայոր Սեֆևին: Վերջինս այն նույն Սեֆևիներից է, որոնք հաճախ են Թուրքիան ծնկի բերել:


Տեսնենք, թե Թուրքիան մի քանի օր ինչպես էր մեկ ՆԱՏՕ-ին սպառնում դաշինքի հետ հարաբերությունների վերանայմամբ, մեկ էլ մեղմորեն հայտարարում, որ «նման բան չկա»: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, Հռոմում ելույթ ունենալով իր իտալացի գործընկեր Ալֆանոյի հետ համատեղ մամուլի կոնֆերանսում, Եվրոպային ու ՆԱՏՕ-ին հավաստիացրեց, որ Անկարան առաջվա պես նրանց հետ մերձեցման գիծն է պահում: «Թուրքիան չի մերձենում Ռուսաստանի հետ: Գործերի վիճակն այդպիսին չէ»,- արևմտյան դիվանագետներին հանգստացրեց նա: Հիշեցնեմ, որ այդ թեման պատահականորեն չի ծագել: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի նախագահի օգնական Ռալչին Թոփչուն ՆԱՏՕ-ի անդամության հարցը վերանայելու կոչ արեց, որովհետև «ՆԱՏՕ-ն, դժբախտաբար, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ» (նկատի ունի ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ Էրդողանի և Աթաթուրքի լուսանկարները որպես թշնամու պատկեր օգտագործելու ոչ վաղուցվա աղմկահարույց դրվագը): Հետո նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը հակառակ հայտարարությամբ ասաց, որ Անկարան ՆԱՏՕ-ից «ապահարզանի» պլան չունի: Այնուամենայնիվ, նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ջանիկլին հայտարարեց ռուսական C-400 ԶՀՀ-ների գնման պայմանագրի ստորագրման և այն մասին, որ առաջին մատակարարումը նախատեսվում է 2019-ին: Այդ գործարքի վերաբերյալ կողմերը դեռ շատ հարցեր ունեն, բայց սկզբունքային որոշումն առաջվա պես դրական է: Ճիշտ է, թուրքերը զուգահեռաբար պատրաստվում են գնելու նաև ամերիկյան «Փեթրիոթներ», ինչը, վերջապես, հարկադրված խոստովանեցին և՛ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ը:


Տարբեր ԶԼՄ-ներում, առաջին հերթին իսրայելյան և ռուսական, արդեն հայտնվել է իսրայելյան «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմիի մեկնաբանությունը: Առաջարկում եմ կարդալով խորամուխ լինել, թե նա ինչ է ասում Ռուսաստանից Թուրքիայի վախենալու մասին: Իսկ Իրանից Թուրքիայի ունեցած վախը, իմ կարծիքով, կարողացել եմ բացատրել:
Կեդմիի կարծիքով, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա, ինչքան էլ Էրդողանի համար վիրավորական լինի զորավարժություններում նրա և Աթաթուրքի լուսանկարների հետ կապված դրվագը. «Նա չի կարող թույլ տալ, որ իր երկրին վիրավորանք հասցնեն թուրքական բանակի մասնակցությամբ զորավարժություններում, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դուրս է գալու ՆԱՏՕ-ից: Թուրքիան լիովին հստակ պատկերացնում է իր ռազմավարական վիճակը. հայտնի են և առավելությունները և թուլությունները: Եվ ելնելով դրանից, համարում է, որ ինքը պետք է գտնվի ՆԱՏՕ-ում առաջին հերթին Ռուսաստանի հարևանության պատճառով: Որովհետև, անկախ բոլոր ժպիտներից ու պայմանավորվածություններից, վերջին 500 տարում Թուրքիան հիվանդագին վախ ունի Ռուսաստանից»: Եվ չնայած 500 տարում շատ բան է փոխվել, «վերջերս էլ թուրքական լոլիկները վերադարձան Ռուսաստան,- հաստատում է Կեդմին:- Ռուսաստանից Թուրքիայի վախը չի վերացել: Ի վերջո, Ռուսաստանն է ջախջախել Եվրոպայում թուրքական ազդեցությունը: Նույնը եղել է Իրանի հետ, որից Ռուսաստանը վերցրել է Կովկասը: Ե՛վ պարսկական, և՛ թուրքական կայսրությունները գենետիկ մակարդակում զգուշանում են Ռուսաստանից, թեև, իհարկե, հասկանում են, որ այսօր իրենց անհրաժեշտ է բարեկամական, ջերմ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ առաջին հերթին տնտեսական ասպարեզում: Ռուսաստանը չի սպառնում ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային, բայց և նրանց չի ազատում վաղեմի վախերից: ՈՒստի Թուրքիային պետք է ՆԱՏՕ-ի անդամ լինելը, մի կազմակերպություն, որն ուղղված է Ռուսաստանի դեմ»:


Կեդմիի հետ զրուցող լրագրողները փորձեցին ընդհանրացնել, Թուրքիայի վախերի համար ՆԱՏՕ-ական ինչ-որ ընդհանուր հիմք գտնել, իբր «լեհերը նույնպես չեն սիրում և վախենում են Ռուսաստանից»: Դրան Կեդմին պատասխանեց. «Լեհերի վախերն ուրիշ են: Ի տարբերություն թուրքերի, լեհերի ախորժակը միշտ գրգռվում է Ռուսաստանի վիթխարի տարածքի տեսքից, դեռ Կեղծ Դմիտրի I-ի ժամանակներից: ՈՒզում եմ հիշեցնել, որ Յալթայից վերադառնալիս Չերչիլը Մոսկվայում հանդիպեց լեհական վտարանդի կառավարության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ խոսելուց հետո նա դուրս եկավ և ասաց. «Նրանք խելագար ապուշներ են, որոնց հետ անհնար է խոսել, նրանք ապրում են անիրական աշխարհում՝ պահանջելով այն, ինչ պահանջում են»: Դա Չերչիլն էր, որը խոսում էր իր նախկին դաշնակիցների մասին, որոնց օթևան էր տվել, դաստիարակել և նեցուկ եղել: Նույնիսկ նա ստիպված էր խոստովանելու, որ նրանք ապուշներ են: Նրանց քմայքներն ընդհանրապես իրական աշխարհի սահմաններից դուրս էին: Դա վկայում է, թե լեհերն ինչ ախորժակ ունեին և Չերչիլից ինչ էին պահանջում այն պատերազմից հետո, որի ընթացքում կորցրել էին իրենց պետականությունը: Նրանց ո՞վ փրկեց: Կարմիր բանակը: ՈՒ չնայած դրան, նրանք առաջ էին քաշել լիովին ապուշ պահանջներ՝ նույնիսկ Խորհրդային Միության բացարձակ թշնամի Չերչիլի կարծիքով: Այնպես որ, Թուրքիայի ու Լեհաստանի վախերը տարբեր են, բայց ՆԱՏՕ-ից նրանք դուրս չեն գա Ռուսաստանի պատճառով»:


Եվ դա ճշմարիտ է: Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների վախերը տարբեր են: Թուրքերի այսօրվա սարսափը նրանից է, որ իրենց առաջ տեսնում են Ռուսաստանի և Իրանի գիտակցված միությունը, թեկուզ Մոսկվան ու Թեհրանը միավորողը ռազմավարական ընդհանուր թշնամու իրավիճակային առկայությունն է, թեկուզ նրանք լուծում են իրավիճակային խնդիր՝ ահաբեկչության ճանապարհին արգելք դնել, և հնարավորինս հեռու իրենց սահմաններից, որ այն չհասնի իրենց տարածքներին: Տարօրինակ է, բայց ժամանակն աշխատում է Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև «ստվերում գտնվող» նրանց ավելի հեռու դաշնակից Չինաստանի օգտին: Հիշենք՝ Իրանն արդեն մուտք ունի աֆրիկյան Ջիբութիում Կարմիր ծովի ափին գտնվող չինական ՌԾՈՒ-ի բազա, և անհրաժեշտության դեպքում Իրանի նավերը Ջիբութիում կարող են տեխնիկական և նյութական օժանդակություն ստանալ: Դա Թուրքիայի համար ևս մի հիմք է, որ սուր վախ զգա Ռուսաստանի և Իրանի՝ իրենց հարաբերությունները «բոլոր հատվածներում» (ինչպես արտահայտվել է Լարիջանին) ամրապնդելու մտադրությունից: Թուրքիայի ահը խորացնում է այն փաստը, որ Իրաքում, Քիրկուկի հարցում Անկարան համոզվեց, որ քրդական գործոնն անդառնալիորեն անցնում է հենց Իրանի ձեռքը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ