Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՕՊԵԿ` «բենզակայան-երկրների» ապագան

ՕՊԵԿ` «բենզակայան-երկրների» ապագան
06.12.2017 | 08:44

Վիեննայում կայացել է ՕՊԵԿ-ի անդամների 173-րդ հանդիպումը: Վերլուծաբաններին մտահոգող գլխավոր հարցը` կավելացվե՞ն հանույթի քվոտաները առաջիկա մեկ-մեկուկես տարում: Մայիսին ստորագրված համաձայնագիրը կարտելի երկրների նավթի հանույթը կրճատել է օրական 32,5 միլիոն բարելով: Վիեննայի հանդիպման արդյունքներով` այդ մակարդակը կպահպանվի մինչև 2018-ի վերջը: Չլինելով ՕՊԵԿ-ի անդամ` Ռուսաստանը նոր նորմերին միացել է մայիսին և համաձայնել սահմանափակումները պահպանել մինչև համաձայնագրի ավարտը: Կարտելի հայտարարությունը մի քանի ժամ ՕՊԵԿ-ը համաձայնեցնում էր Ռուսաստանի ու մյուս երկրների հետ, որ ՕՊԵԿ-ի անդամ չեն: Իր հզորության շրջանում ՕՊԵԿ-ը կարող էր մի քանի օրում նավթի գները 4 անգամ բարձրացնել, ինչպես 1973-ի նավթային ճգնաժամի ժամանակ, երբ մի քանի շաբաթում մեկ բարել նավթի գինը 3-ից դարձավ 12 դոլար: Այսօր ՕՊԵԿ-ը, վերլուծաբանների կարծիքով, կորցնում է շուկայում իր գերակա դիրքերը: Շուկան էլ փոխվում է և ազատականանում: Պատրա՞ստ են դրան «բենզակայան-երկրները»:


2014-ի նոյեմբերին ՕՊԵԿ-ի անդամներին չհաջողվեց պայմանավորվել նավթի հանույթի կրճատման վերաբերյալ: Միաժամանակ սկսվեց թերթաքարային նավթի հանույթը Հյուսիսային Ամերիկայում, որ անմիջապես անդրադարձավ գների վրա` 2016-ի սկզբին նավթի բարելը 27 դոլար էր: ՕՊԵԿ-ի երկրները որոշեցին այլևս իրենց քվոտաների համակարգով չսահմանափակել (թեպետ պաշտոնապես ոչ ոք չի բեկանել) և նետվեցին հանույթը մեծացնելու: Սաուդյան Արաբիան 2016-ի հուլիսին ամեն օր արդյունահանում էր ռեկորդային 10,67 միլիոն բարել: Բարելի գինը տատանվում էր 40 դոլարի միջակայքում: 2016-ի վերջին կարտելի անդամները վերջապես կարողացան պայմանավորվել նոր քվոտաների շուրջ: Նրանք նախատեսում էին հանույթի հատուկ պայմաններ պատժամիջոցներով (Իրան) և ահաբեկչությունից (Նիգերիա ու Լիբիա) տանջված երկրների համար: ՕՊԵԿ-ի երկրներին միացան Ռուսաստանը` պարտավորվելով հանույթը կրճատել օրական 300 000 բարել, և մյուս նավթարդյունահանող երկրները` Ղազախստան, Ադրբեջան, Օման, Բահրեյն: 2017-ի հունվարից նավթի ամենօրյա հանույթն աշխարհում պետք է կրճատվեր 1,8 միլիոն բարելով: Սակայն ՕՊԵԿ-ի որոշ անդամներ, օրինակ, Վենեսուելան ու ԱՄԷ-ն, դեռ մի քանի ամիս հանույթը չէին կրճատում: 2017-ի մայիսին ՕՊԵԿ-ի հերթական հանդիպմանը պայմանավորվեցին պահպանել ընթացիկ մակարդակը մինչև 2018-ի մարտ: Բարելի գինը կայունացավ 50-60 դոլարի մակարդակում: ՕՊԵԿ-ը արդեն վաղուց չի որոշում նավթի գինը ըստ հայտի: Ժամանակները, երբ կարտելը կամային բարձրացնում էր գները, իսկ մատակարարումներից կախված արևմտյան երկրները ստիպված էին ատամները սեղմած` վճարել, մնացին 1970-ականներին: Նավթային շուկայում իրավիճակը նոր չափումներ է ձեռք բերել:


Նախ` Ռուսաստանը, որ ՕՊԵԿ-ի անդամ չէ և գերադասում է դիտորդի կարգավիճակ կարտելում (2015-ին Ռուսաստանը հրաժարվեց լիիրավ անդամ դառնալ): Այս պահին Ռուսաստանն աշխարհում բոլորից շատ է նավթ արդյունահանում` օգոստոսին նավթը հանվում էր օրական 10,34 միլիոն բարել արագությամբ: Կախված հանույթի գնից ու ծավալներից, ռուսական բյուջեի եկամուտների 1/3-ից կեսը լցնում է նավթագազային ինդուստրիան: Կա համաշխարհային գներից այդ մասնաբաժնի հստակ կախում` 2010-ականների սկզբին, երբ բարելի գինը 100 դոլարից բարձր էր, ածխաջրածիններինն էր ռուսական եկամուտների 50 %-ը, իսկ 2016-ին` միայն 36 %-ը: Մարտավարական առումով` բարձր գները ձեռնտու են Ռուսաստանին: Ռուսաստանի բյուջեն հաշվարկված է բարելը 40 դոլար նավթի գնով` հոկտեմբերի կեսին հայտարարեց ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մինչդեռ այսօր ռուսական Urals մակնիշի նավթը վաճառվում է 60 դոլարով` բյուջեի համար անմիջական վտանգ չկա ու չի կանխատեսվում: Ռուսական նավթային ընկերությունները իրավիճակին այլ գնահատական են տալիս: Օրինակ` «Գազպրոմ-նավթը» վերջերս սկսեց նոր հանքավայրի մշակում, հանույթը մեծանում է և տնտեսապես շահութաբեր չէ փակելը: Ընկերությունը մտադիր է «չափավոր» մեծացնել հանույթը 2018-ին` անկախ ՕՊԵԿ-ի անդամների հանդիպման արդյունքների: Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը շատ ջանքեր գործադրեց համոզելու «Ռոսնեֆթին», «Լուկօյլին» ու մյուսներին, որ հանույթը ներկա մակարդակին պահելն իրենց շահերից է բխում: Դատելով մամուլ սպրդած տեղեկություններից` չհամոզեց: Վերջին 9 ամիսներին ռուսական նավթի արտահանումը աճել է 1,6 %-ով: Հարկային փոփոխությունների արդյունքում ռուս նավթարտադրողներն այսօր արտահանում են ավելի շատ հում նավթ, այլ ոչ թե վերամշակած արտադրանք` հիշեցնում է RusEnergy կոնսալտինգային ընկերության գործընկեր Միխայիլ Կրուտիխինը. «Նավթային ընկերությունները փաստացի անտեսում են ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվածությունը կատարելու էներգետիկայի նախարարության կոչերը»:
Երկրորդ գործոնը Չինաստանն է: Պեկինն այսօր աշխարհում հում նավթի ամենամեծ ներկրողն է` անցյալ տարեվերջին Չինաստանը ներկրել է օրական 7,5 միլիոն բարել` երկուսուկես անգամ ավելի, քան 10 տարի առաջ: Այս տարվա 8 ամիսներին երկիր է մատակարարվել 281 միլիոն տոննա նավթ` օրական միջինը 8,5 միլիոն բարել: Ակնհայտ է, որ այդ դինամիկան չի կարող ընդհատվել առանց տնտեսության համար նշանակալից վնասի, ուրեմն Պեկինը պետք է հանդուրժի նավթի գնաճը, եթե գնաճ լինի: Reuters-ի մասնագետների վերլուծությունը վկայում է, որ Չինաստանը հեշտությամբ գտնում է մատակարարների փոխարինող, որ այս կամ այն պատճառով նվազեցնում են արդյունահանումը, օրինակ` մեկուկես անգամ մեծացել են բրազիլական մատակարարումները, թեպետ սաուդյան կամ ռուսական մատակարարումների համեմատ` կաթիլ են ծովում: Դեռ 2000-ականներին ու 2010-ականներին Չինաստանը սկսեց նավթն ամբարել և պահել պահեստարաններում: Այդ ժամանակ մեկ բարել նավթը 120-130 դոլար էր դառնում, բայց տնտեսական երկնիշ աճը մատակարարումների խափանման դեպքում (կարևոր չէ` ինչ պատճառով) չինական տնտեսությունը «կոշտ վայրէջք» կկատարեր, որից այնքան վախենում էին մասնագետները: Հիմա Չինաստանում ինտենսիվ շինարարությունն ավարտվում է և ռազմավարական պահուստները երկրորդ պլանում են: Վերլուծաբանների գնահատականով` առաջիկա մի քանի ամիսներին նավթի ամբարումը կավարտվի և նավթի ներկրման աճը կդանդաղի, բայց կանգ չի առնի:


Վերջապես` երրորդ գործոնը` հանույթի նոր տեխնոլոգիաները: 5 տարի առաջ մասնագիտական գրականության մեջ հայտնվեց «թերթաքարային հեղափոխություն» հասկացությունը, թեպետ թերթաքարային գազի հանույթը ԱՄՆ-ի Devon Energy ընկերությունը սկսել էր 10 տարի առաջ: Թերթաքարային նախագծերի չեմպիոնը Հյուսիսային Ամերիկան է: 2014-ին ԱՄՆ-ում ու Կանադայում թերթաքարային նավթի ընդհանուր հանույթը գերազանցել է օրական 3,5 միլիոն բարելը` համաշխարհային հանույթի 4 %-ը: Ճիշտ է` այն ժամանակ սովորական նավթը 100 դոլարից ավելի արժեր: Դա կարևոր ճշտում է: Ոչ ավանդական մեթոդներով նավթի հանույթը թանկ է, այդ պատճառով էլ նշանակալից ծավալներով կարող են արդյունահանել միայն հարուստ ԱՄՆ-ում: Բարելի գնի անկումը մինչև 60 դոլար թերթաքարային հանույթը դարձնում է ոչ շահութաբեր: Բոլոր դեպքերում այդպես է համարվում: «Այս տարի ԱՄՆ-ում նավթի հանույթը ավելացել է օրական 1,5 միլիոն տոննա բարել: Եթե այսպես շարունակվի, եկող տարի կլինի ևս 1,5 տոննա,- հիշեցնում է Միխայիլ Կրուտիխինը:-Սեպտեմբերին ԱՄՆ-ում արդյունահանում էին օրական 9,5 միլիոն բարել, իսկ տարեվերջին կհասնեն 10 միլիոնի, այսինքն` կհավասարվեն Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի հետ»: ՕՊԵԿ-ի երկրներում ու Ռուսաստանում տարածված է կարծիքը, որ գների արհեստական աճը կամ հանույթի սահմանափակումը ձեռնտու է միայն ամերիկյան ընկերություններին, որովհետև նույնիսկ թերթաքարային նավթի վերամշակման համար բարդ հանքավայրերը այդ պայմաններում շահութաբեր են: Դա արդարացի է, բայց վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ շահութաբեր թերթաքարային նավթի շեմը նվազում է: Թերթաքարային մեծ հանքավայրեր են գտնվել Չինաստանում: Եվրոպայում, հարուցելով բնապահպանների դժգոհությունը, թերթաքարային հանքավայրերի մշակումով ակտիվ զբաղվում են Լեհաստանում, թեպետ ամերիկյան թափի չեն հասնի: «Թեթև» թերթաքարային նավթը նշանակալից տարբերվում է ավանդական միջոցներով արդյունահանված նավթից և վերամշակման համար հազարավոր կիլոմետրեր պետք է տեղափոխվի: Թերթաքարային հանքավայրերը, որպես կանոն, չեն կարող երկար ժամանակով հանույթի բարձր մակարդակ ապահովել` արագ սպառվում են ու նոր հանքահորեր են պետք: Այնուամենայնիվ` թերթաքարային նավթի հայտնությունը շուկայում բավականաչափ ծավալներով ոլորտում ապագա փոփոխությունների ցուցիչ է:


«ՕՊԵԿ-ին նայելով` այսօր մենք հոգեվարք ու հուսահատ փորձեր ենք տեսնում` վերադարձնելու գոնե նախկին կարտելի դերի մի մասը,- ասում է Միխայիլ Կրուտիխինը:- Բայց կազմակերպությանը չանդամակցող երկրների համար դժվար է պահպանել ինչ-որ քվոտաներ: Եվ երկրներում, որ չունեն ազգային նավթային ընկերություններ, օրինակ` Իրանում, Սաուդյան Արաբիայում կամ Վենեսուելայում, նավթագործների վրա ներգործելու մեթոդներ գործնականում չկան»: ՕՊԵԿ-ի դագաղի վերջին մեխը կարող է լինել աշխարհի խոշորագույն նավթային ընկերության` սաուդյան ARAMCO-ի մասնակի սեփականաշնորհումը: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը դրա մասին վաղուց է հայտարարել: Ճիշտ է, առայժմ մի շարք բարդություններ խոչընդոտում են առաջին մասնաբաժնին, որը, ինչպես սպասվում է, Սաուդյան Արաբիային պիտի բերի 100 միլիարդ դոլար: «Շատերը կասկածում են, որ երբ վաճառքը կատարվի, Սաուդյան Արաբիան կհրաժարվի շուկայի վրա ներգործելու փորձերից և իրավիճակն ՕՊԵԿ-ում կթողնի ինքնահոսի,- կարծում է Կրուտիխինը:- Այդ ժամանակ կսկսվի նավթի համաշխարհային առևտրի ազատականացում` առանց ՕՊԵԿ-ի մասնակցության»:


Վերլուծաբանների կարծիքով` առաջարկի «ավելցուկը» պահանջարկի նկատմամբ առաջիկա տարիներին կպահպանվի: Նավթային շուկան դարձել է գնորդների շուկա և նրանք ազատ ընտրում են բազմաթիվ մատակարարների առաջարկներից: Իսկ վաճառողները ստիպված են դիմել բազում խորամանկությունների` չկորցնելու համար արդեն ունեցած սպառման շուկաները: Այսպես թե այնպես` հայտային կարգով գներ թելադրել ՕՊԵԿ-ը այլևս չի կարող:
Միխայիլ ՍՄՈՏՐՅԱԵՎ, BBC


Հ.Գ. Այսպես թե այնպես` տեխնոլոգիաները զարգանում են, նավթագազային կախվածությունը ինչ-որ պահից վերանալու է, ու ՕՊԵԿ-ները, «բենզակայան-երկրները» դառնալու են ատավիզմ: Բայց մինչև այդ ժամանակները նավթագազային պատերազմներն ու պայմանագրերը դեռ շատ արյուն ու ջանք կխլեն` ալիքի վրա մնալու ու գոյատևելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ