Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒ՞մն է Երուսաղեմը

ՈՒ՞մն է Երուսաղեմը
06.12.2017 | 08:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ հայտարարեց, որ կարող է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Դա կարող է տարածաշրջանում կոնֆլիկտների նոր ալիք հարուցել` արաբական աշխարհում աճում է դժգոհությունը ԱՄՆ-ի ծրագրերի դեմ: Ըստ կանխատեսումների` Թրամփը հերթական անգամ կհետաձգի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան փոխադրումը: Պաղեստինը, Արաբական պետությունների լիգան, Թուրքիայի, Հորդանանի, Եգիպտոսի ղեկավարները նախազգուշացրել են այդ որոշման հնարավոր հետևանքների մասին: Երուսաղեմի կարգավիճակը ամենասուր հարցերից է Իսրայելի ու արաբական պետությունների միջև: Իսրայելի կառավարությունը դեռ ոչ մի հայտարարություն չի արել Թրամփի հնարավոր որոշման վերաբերյալ: Երկուշաբթի ավարտվել է ժամկետը, երբ ԱՄՆ նախագահը պետք է ստորագրեր Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման հրամանագիրը: ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ Թրամփը, 6 ամիսը մեկ ստորագրում են դեսպանատան փոխադրումը հետաձգելու փաստաթուղթը 1995-ից սկսած, երբ Կոնգրեսը դեսպանատան տեղափոխման որոշում ընդունեց: Նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է, որ դեսպանատունը կտեղափոխվի, բայց դեսպանատունը դեռ Թել Ավիվում է: Սպասվում է, որ նա կհայտարարի` Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, բայց դեռ հետաձգում է դեսպանատան տեղափոխությունը:


Ինչու՞ է հարցն այդքան աղմկարահույց: Երուսաղեմի կարգավիճակն ուղղակի կապ ունի Իսրայելի ու Պաղեստինի ինքնավարության կոնֆլիկտի հետ: Պաղեստինի թիկունքում են արաբական պետություններն ու ամբողջ իսլամական աշխարհը: Երուսաղեմը, հատկապես արևելյան հատվածը, համարվում է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու իսլամի սրբավայր: Իսրայելը այդ հատվածը գրավել է 1967-ի պատերազմի ժամանակ և քաղաքը համարում է իր տարածքի անբաժանելի մաս: Պաղեստինը Արևելյան Երուսաղեմը համարում է իր ապագա պետության մայրաքաղաք: 1993-ի խաղաղության պայմանագրով` քաղաքի կարգավիճակը պետք է քննարկվի խաղաղ բանակցությունների հաջորդ փուլերում: Երուսաղեմի վրա Իսրայելի իրավունքը միջազգայնորեն ճանաչված չէ: Բոլոր երկրները, նաև ԱՄՆ-ը, իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայել են Թել Ավիվում: 1967-ից Իսրայելը Արևելյան Երուսաղեմում տասնյակ բնակելի զանգվածներ է կառուցել, որտեղ հիմա 200 000 իսրայելցի է ապրում: Բնակեցումը միջազգային իրավունքի տեսակետից համարվում է անօրինական, բայց Իսրայելը հարցը վիճարկում է: Եթե ԱՄՆ-ը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի Իսրայելի մայրաքաղաք, կոնֆլիկտի առաջ է կանգնելու միջազգային հանրության հետ: Բացի այդ` որոշումը կամրապնդի Իսրայելի դիրքերը Արևելյան Երուսաղեմի բնակավայրերի լեգալության հարցում: Որոշումը նաև հարց կհարուցի, թե ԱՄՆ-ը ինչպե՞ս է վերաբերվում ՄԱԿ-ի բանաձևին: ԱՄՆ-ը վետոյի իրավունք ունի, որ կարող է օգտագործել քաղաքի արևելքում Իսրայելի կառավարության գործողությունների հետագա քննարկման դեպքում:


Ինչպե՞ս են արձագանքել մյուս երկրները:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները ագրեսիվ վերաբերվեցին Երուսաղեմի կարգավիճակի հնարավոր փոփոխությանը: Հորդանանը, որ վերահսկում է քաղաքի իսլամական սրբավայրերը, նախազգուշացրեց, որ Թրամփի գործողությունները ծանր հետևանքներ կունենան: Հորդանանի նախաձեռնությամբ հրավիրվեց Արաբական պետությունների լիգայի ու Իսլամական համագործակցության երկրների արտահերթ խորհրդակցություն: Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարեց, որ ԱՄՆ-ի այդ քայլը նպաստում է ֆանատիզմի ու դաժանության աճին: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կատարվողն անվանեց վիթխարի աղետ, որ կոչնչացնի փխրուն խաղաղությունը ու նոր կոնֆլիկտների կբերի: Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համաշխարհային առաջնորդներին իրավիճակին միջամտելու կոչ արեց: «ԱՄՆ-ի այդ որոշումը խաչ կքաշի խաղաղության գործընթացի վրա ու կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»` ասաց նա:


«Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է խիստ բացասական հետևանքների հանգեցնել Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար»` ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում ասաց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեխ Շուքրին: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը ասաց, որ Սամեխ Շուքրին նախազգուշացրել է որոշման հնարավոր բարդացումների և Մերձավոր Արևելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետևանքների մասին: «Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին հարկավոր է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»` ասել է Շուքրին: Կահիրեում համոզված են, որ կարևոր է «խուսափել այնպիսի որոշումներից, որ կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»:
Տասնամյակներ ԱՄՆ-ը ներգրավված է խաղաղ բանակցություններում: Թրամփի վարչակազմը հիմա աշխատում է խաղաղության համաձայնագրի նոր նախագծի վրա: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեպքում Վաշինգտոնը կկորցնի պաղեստինցիների վստահությունը:
Դեռ հայտնի չէ` ի՞նչ կորոշի Թրամփը: Սպիտակ տունը ոչ հերքում, ոչ հաստատում է նրա մտադրությունը: Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները կիրակի օրը հրաժարվել է այդ թեմայով հարցերին պատասխանել.«Նախագահը դեռ ուսումնասիրում է փաստերը, որ ձևավորի սեփական որոշումը,- ասել է նա:- Երբ որոշումը ընդունվի, նա ինքն էլ կշարադրի, ոչ թե ես կփոխանցեմ»:
ВВС


Հ.Գ. Փաստացի` աշխարհի համար ծուղակներ է լարում ոչ թե Թրամփի բնավորությունը, այլ` ԱՄՆ-ը օրենսդրությունը, որ 6 ամիսը մեկ նախագահի հաստատմանն է թողնում միջազգային պայմանագրերը: Մի կողմից` դա ապահովում է արտաքին քաղաքականության ճկունություն ու փոփոխությունների դեպքում ԱՄՆ շահերի պաշտպանություն, մյուս կողմից` անհաստատ ու հեղհեղուկ է դարձնում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, որը 6 ամիսը մեկ կարող է տեսակետ փոխել: Ի՞նչ կանի ոչ միայն ԱՄՆ-ը «մեծ դարձնելու» համար նախագահ դարձած, այլև աշխարհը փոխել ցանկացող Դոնալդ Թրամփը, միայն ինքը գիտի: «ԱՄՆ նախագահն ամենասկզբից հստակ հասկացրել է, որ դա «արդյոք»-ի հարց չէ, այլ «երբ»-ի: Այնուամենայնիվ, ոչ մի գործողություն հրաժարվելու վերաբերյալ այսօր չի լինի, մենք կհայտնենք ձեզ հրաժարվելու վերաբերյալ որոշման մասին»,- երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ