Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բուժումը տնտեսությունն է և գնաճի զսպումը

Բուժումը տնտեսությունն է և գնաճի զսպումը
06.12.2017 | 18:05

Ինչպես և կանխատեսում էինք, Հայաստանում աղքատների թիվը ավելացավ: Այս մասին փաստում է վիճակագրությունը, և սա չեն հերքում պաշտոնյաները:
Ասել, որ սա անակնկալ էր, ծիծաղելի կլինի, ճիշտ այնպես, ինչպես ձմռանը տեղացած ձյունը անսպասելի են համարում: Այո, ցավոք աղքատության ցուցանիշի աճ կա, և սա ունի իր տրամաբանական հիմնավորումը: Շուրջ 7 տարի անընդմեջ Հայաստանում ընթացող տնտեսական անկումը չէր կարող իր ծանր հետքը չթողնել մարդկանց սոցիալական վիճակի վրա: Մենք հաճախ ենք անդրադարձել այս թեմային՝ նշելով, որ արդյունաբերության անգործությունը, փոքր և միջին բիզնեսի ձեռքից «հաց» վերցնելը, որի դիմաց գոնե գաթա չեն տալիս, պետք է լուրջ խնդիրներ առաջացներ: Այո, փոքր և միջին բիզնեսի «հացը» կտրեցին բարեփոխումների անվան տակ, այդպիսով, ոչ թե ճնշեցին, այլ ճզմեցին այդ խավին: Եվ դրա արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք:


Բայց, ինչպես ասում են, հինը վերհիշելով առաջ չես գնա: Փորձենք հասկանալ՝ ինչպիսին է իրավիճակն այսօր: 2016-ից Հայաստանն ունեցավ նոր կառավարություն, որը սկսեց նոր բարեփոխումներ տնտեսական դաշտում: Այդ գործընթացը արդեն մեկ տարի իրականացվում է, և այս ֆոնի վրա, երբ ավելանում է աղքատության ցուցանիշը, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչու՞ իրականացված քայլերը արդյունավետ չեղան: Արդյունավետ չէին էլ կարող լինել, քանի որ, նախ՝ մեկ տարում ոտքի կանգնեցնել փոսի մեջ հայտնված տնտեսությունը ուղղակի անհնար է: Երկրորդ՝ աղքատության ցուցանիշի աճը ձնագնդի նման սկսել է գլորվել 2010-ից և այս տարիների ընթացքում պետք է մեծանար, սա ուղղակի անխուսափելի էր: Հանուն ճշմարտության պետք է նկատենք, որ կառավարության որդեգրած օպտիմալացման ծրագիրը ևս իր բացասական ազդեցությունը թողեց աղքատության ցուցանիշի վրա: Ի դեպ, նկատենք, որ օպտիմալացում ասվածի սկիզբը դրվել է Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, շարունակվել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, և այժմ էլ այն իրականացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նկատի ունենալով աղքատության ցուցանիշի աճը, կարծում ենք, օպտիմալացման քաղաքականությունը, համենայն դեպս, այս փուլում պետք է դադարեցվի:


Մյուս կողմից՝ այդ տխուր ցուցանիշն է՛լ ավելի է պարտավորեցնում կառավարությանը տնտեսությունը ակտիվացնելու՝ երկրորդ «շունչ» տալու համար: Այսօր շատ կարևոր է, որ տնտեսությունը կայունանա: Ճիշտ է, մեկ-երկու տարում տնտեսական զգալի աճ ապահովելը դժվար խնդիր է, սակայն տնտեսության կայունացման համար երկու տարում կարելի է լուրջ գործ անել: Եթե հետևենք կառավարության մեկ տարվա գործունեությանը, ապա կարելի է ենթադրել, որ տնտեսության կայունացումը գերակա նշանակություն ունի իրականացվող քաղաքականության մեջ: Իհարկե, առանց կայունացման տնտեսության աճ ապահովելը անհնար է, հետևաբար, կայունացումը օրախնդիր անհրաժեշտություն է:


Աղքատության ցուցանիշի աճի գործում ոչ պակաս դեր ունի նաև գնաճը, որն ավելի է սրում սոցիալական լարվածությունը: Ազատ տնտեսական քաղաքականության սկզբունքներին դեմ է պետության միջամտությունը շուկայում գների ձևավորմանը: Սակայն, երբ «հացի խնդիրը» մղվում է առաջին պլան, պետությունը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է միջամտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած պետություն, անգամ ամենադեմոկրատականը, երբ իրեն հարմար է, աշխատեցնում է պետական «մեքենան»: Սրանից ելնելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն այն դեղահաբը, որը կզսպի առևտրի ոլորտում մեր գործարարների ախորժակը: Հատկապես, եթե նկատենք, որ միջազգային շուկայում առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները կտրուկ չեն աճել, իսկ մեզ մոտ դրանք կտրուկ աճ են արձանագրել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ