Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն հրապարակել է սև ու մոխրագույն ցուցակներ

ԵՄ-ն հրապարակել է սև ու մոխրագույն ցուցակներ
06.12.2017 | 23:02

ԵՄ երկրների ֆինանսների նախարարները հրապարակել են սև ցուցակը երկրների, որ չեն ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ հարկային հաշվետվություններում: Ցուցակում 17 երկրներ են, նրանց իրավասության տակ են օֆշորային գոտիներ: Սև ցուցակում են Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Գուամը, Մակաոն, Մարշալյան կղզիները, Մոնղոլիան, Նամիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պալաուն, Պանաման, Սենտ Լյուիսը, Սամոան, Տրինիդադն ու Տոբագոն, Թունիսը, Հարավային Կորեան: «Մենք ԵՄ մակարդակով ընդունեցինք երկրների ցանկը, որոնց կառավարությունները բավարար չափով չեն պայքարում հարկերից խուսափելու դեմ»` ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը: Նրա խոսքով` ցուցակում հայտնված երկրները կարող են կորցնել ԵՄ հիմնադրամներից օգտվելու հնարավորությունը: Առաջիկա մի քանի շաբաթում կորոշվի, թե ուրիշ ինչ քայլեր կձեռնարկվեն: Հրապարակվել է նաև 47 երկրների «մոխրագույն ցուցակը», որոնց հարկային կանոնները չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին, բայց առաջիկայում վերանայվելու են:

Վերջին մի քանի տարիներին լրագրողական հետաքննություններով զբաղվող միջազգային խմբերը հրապարակել են տվյալներ օֆշորային գոտիների մասին, որոնց ֆինանսական ծառայություններից օգտվում են աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներ, նշանավոր մարդիկ, բիզնեսմեններ: Նոյեմբերի սկզբին հրապարակվեց «Դրախտային դոսիեն»` տասնյակ հազարավոր փաստաթղթերով, որոնք նկարագրում են ամենահարուստ մարդկանց ու կորպորացիաների ֆինանսական գործունեությունը: Հրապարակումը նորից արդիական դարձրեց «հարկային նավահանգիստների» օրինականության ու թափանցիկության հարցը: Օֆշորների վերաբերյալ տվյալները գերմանական Suddeutsche Zeitung-ը տրամադրել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ): Մեծ Բրիտանիայում «Դրախտային դոսիեի» հետաքննությամբ զբաղվել են ВВС-ին ու The Guardian-ը: Հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի առանցքային գործիչներից մեկը գործնական կապեր ունի Վլադիմիր Պուտինի շրջապատի մարդկանց հետ, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ են: Փաստաթղթերում շրջանառվում է ռուս միլիարդատեր Ալիշեր ՈՒսմանովի անունը: ԱՄՆ-ի առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը ֆինանսական շահեր ունի Navigator Holdings ընկերությունում, որ ամեն տարի միլիոնավոր դոլարներ է աշխատում նավթի ու գազի տեղափոխումից ռուսական էներգետիկ «Սիբուր» ընկերության համար: «Սիբուրի» բաժնետերերից է Կիրիլ Շալամովը` ենթադրաբար Վլադիմիր Պուտինի փեսան: Նրանն են ընկերության 3,9 % բաժնետոմսերը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի սկզբին մեկնաբանելով հետաքննությունը` հայտարարել է, որ Կրեմլում տեղյակ են հետաքննությանը, և հիշեցրել է, որ «Սիբուրը» ոչ թե պետական կորպորացիա է, այլ մասնավոր ընկերություն:
ВВС


Հ.Գ. ԵՄ-ն, իհարկե, իրավունք ունի սև ու մոխրագույն ցուցակներ հրապարակելու, բայց քանի կան օֆշորները, սկանդալները շարունակվելու են: Հարցը ոչ միայն իրավապահ, այլև իրավական դաշտում է` պետք է հստակեցվեն օֆշորների օրինական ու անօրինական գործունեության սահմանները, կամ` օֆշորները, որպես ֆինանսական գործունեության տեսակ, արգելվեն ընդհանրապես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ