Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Երուսաղեմյան գարու՞ն»

«Երուսաղեմյան գարու՞ն»
08.12.2017 | 01:28

Գուցե ֆանտաստիկայի ոլորտից թվա միտքը, որ հայաստանյան արտաքին և ներքին քաղաքական զարգացումներն ուղիղ կապ ունեն Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու և անգամ ռուս մարզիկների` Հարավային Կորեայում տեղի ունենալիք օլիմպիական խաղերին մասնակցությունն արգելելու հետ, այնուհանդերձ, չշտապենք, փորձենք միասին «նայել»` ինչ է կատարվում «մեր շուրջը», մասնավորապես, Սիրիայում ավարտված զարգացումներից հետո:


Ոչ, խելագար չէ Երուսաղեմը «մայրաքաղաք» դարձրած Թրամփը: Նա հենց այդ առաքելությունն իրականացնելու համար է 71 տարեկանում «կարգվել» նախագահ, որպեսզի ամերիկյան օդիոզ ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչի: Ծրագիրը կոչվում է «Մեծ Մերձավոր Արևելք», որտեղ գլխավոր դերակատարումը վերապահված է հենց Իսրայելին, որին «արաբական գարունների» ողջ ընթացքում ԱՄՆ-ը պահեց-պահպանեց հետնաբեմում, չթողնելով անմիջապես մասնակցել այդ «գարուններին», որպես առաջին ձեռք, այլ առաջ մղեց Սարկոզիին` Ֆրանսիային, Բլեերին` Բրիտանիային` սկսելով Իրաքից, անցնելով «հարակից» երկրներով, «կանգ առավ» Սիրիայում, որպեսզի այսօր հայտարարի Իսրայելի գերակայությունը տարածաշրջանում:


Սկսվում է արաբական աշխարհի «փորոտիքը խառնելու» նոր ժամանակափուլը` «Երուսաղեմյան գարունը»: Բոլոր դեպքերում խաղադրույքը կատարված է. Թրամփն արեց առաջին քայլը` ճեղքեց Մերձավոր Արևելքի մտավոր պատնեշը: Նկատենք` անգամ այս հարցում արտիստիզմի ավելցուկից տառապող ԱՄՆ-ը կիրառեց «փափուկ ուժի» քաղաքականություն. էքսցենտրիկ Թրամփը վարում է բոլոր ժամանակների ամենամեծ մարտը, անում ամենակարևոր հայտարարությունն աշխարհում, և, կախված աշխարհի, արաբական երկրների արձագանքից, կանի նաև երկրորդ քայլը: Եթե աշխարհի գիտակցությունը «պատրաստ» լինի ամբողջապես կլլելու թրամփյան «նոու-հաուն», ԱՄՆ դեսպանատունը սահուն, «ինչպես քնքուշ մութի թև», Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Եթե Սաուդյան Արաբիայի և նրա «թշնամի» Իրանի, «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի արձագանքները չլինեն «չափավոր տանելի», ապա Կոնգրեսը գուցե և «ժամանակավորապես» սառեցնի «խելագար» Թրամփի «խելահեղ» առաջարկությունը, ինչն ինքնին ժամանակավոր տակտիկական կանգ կարող է լինել ընդամենը: Որովհետև ջինը շշից դուրս է եկել և իր «մեծ գործն» արել է, աշխարհի միտքը «հարմարեցրել» է Երուսաղեմի` մայրաքաղաք լինելու հեռանկարի հետ։ Չմոռանանք` մտքով արեցիք, մարմնով արեցիք, «մարմնովը» լոկ ժամանակի հարց է:


Իհարկե, կարելի է հիմա հասկանալ, թե ինչու էր ժամանակ առաջ Սաուդյան Արաբիան եկել-հասել Մոսկվա (պատճառը միայն C-400-ները չէին, փաստորեն), ինչու էր Իրան-Թուրքիա-Սիրիա առանցքը շրջապատել նույն Պուտինին ու Ռուսաստանին, որին ՄՕԿ-ն այս օրերին ուղղակի «ոչնչացրեց»` խիստ աննախադեպ որոշմամբ (նկատենք` ժամանակը հենց այնպես չէր ընտրված)` արգելելով մասնակցել Օլիմպիական խաղերին:
Դառնանք մեզ ու հարցնենք` որտե՞ղ ենք մենք այս օրերին: Հա, հիմա արդեն հասկանալի է, թե ինչ էր անում Մամեդյարովի հետ երեկ հանդիպած Նալբանդյանն Իսրայելում` «աղմուկի մեջ վայրենի»: Ըստ ամենայնի, Իսրայելն իր հերթին փորձում էր ճշտել աշխարհի, այդ թվում` առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի վերաբերմունքը` Թրամփի սպասվելիք «խելագար» որոշման նկատմամբ:

Ասենք առանց երկնչելու. Հայաստանը կարծես իր շախմատային «արագահասությամբ» վերջին շրջանում նույնպես վերադասավորվում է «տարածաշրջանի հանգույն»: Նկատի չունենք միայն «Ազգ-պետություն» հայտնի դոկտրինը (գիտենք` ո՛ր երկրի «պատկերով» և «նմանությամբ» է այն «կերտվել»): Նկատի ունենք նաև ԵՄ-ի հետ համաձայնագիրը և դեպի այն տանող վճռական քայլերի, օրենքների ընդունման կասկադը, որի առաջին ծիծեռնակը ազատ վիզային ռեժիմի նախադուռը բացող «Ընտանեկան բռնության...» (անչափ երկար-բարակ վերնագրով) օրենքի ընդունումն էր: Գումարած` Իրանի հետ վերջին շրջանում էլ ավելի ակտիվացած տնտեսա-քաղաքական նկատելի միտումները: ՀԱՊԿ հայտարարությունն էլ չմոռանանք, ընդ որում` ոչ ՀԱՊԿ անդամ Ղարաբաղի մասով:


Ի դեպ, կարելի է այս ամենին հավելագրել անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը, արձանագրելու, որ բանակը փոխում է ոչ միայն փիլիսոփայությունը, այլև կադրային քաղաքականությունը, ազատվում օդիոզ ֆիգուրներից, փորձում աշխարհին ու տարածաշրջանին ներկայանալ բավականին «հետաքրքիր»` Ֆլետչերում ու Սանկտ Պետերբուրգում, նաև Հարվարդում «կռված» «տղերքի»` Վիգեն Սարգսյանի, Իսրայելում «կռված», «հայ-իսրայելական» հարաբերությունները նոր «մակարդակի» հասցրած Արտակ Զաքարյանի «տեսքով»:
ՈՒ սա, կարծես, դեռ սկիզբն է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ