Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվս մեկ անգամ հայ ժողովրդի կեղծ բարեկամների մասին

Եվս մեկ անգամ հայ ժողովրդի կեղծ բարեկամների մասին
08.12.2017 | 03:46

Մեր երևանցի արևմտամետները, տեղին-անտեղի հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, սիրում են որպես օրինակ բերել ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք իբր տվյալ հարցում խստագույն չեզոքություն են պահպանում և ազնվության ու անշահախնդրության տիպար են: Բայց արդյո՞ք իրականում այդպես է: Խոսք չկա, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը ալիևյան ռեժիմին, որը մշտապես պատերազմով է սպառնում Այսրկովկասում ռուսական միակ դաշնակցին, իսկապես բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Այդ հիվանդագին թեման մշտապես գտնվում է հայ հանրության ուշադրության կիզակետում: Այն կանոնավորապես արծարծում են ռուս, արտասահմանցի և, իհարկե, հայ հեղինակները: Ես ինքս բազմիցս, սկսած 2011-12-ից, երբ արդեն հայտնի էր Ադրբեջանի հետ Իսրայելի բազմամիլիարդ դոլարանոց պայմանագրի մասին, իսկ ՌԴ-ն սպառազինությունների մասին Բաքվի հետ բանակցությունները նոր-նոր էր սկսում, և՛ հոդվածներում, և՛ մամուլի ասուլիսներում տարակուսանք էի հայտնում, թե ինչու են լռում մեր իշխանությունները: Ինչու՞ պետք է սպասեինք 2016-ի ապրիլին և Ադրբեջանի ռազմական սադրանքի ժամանակ մեր զոհերին, որ մեծ ուշացումով «կշտամբեինք» Ռուսաստանին: Եվ շատ լավ իմանալով, թե ռազմական այն գործողությունների ժամանակ Ադրբեջանն ինչքան հաճախ է օգտագործել պայթուցիկ նյութերով բեռնված իսրայելական անօդաչու թռչող սարքեր (ԱՕԹՍ), ինչու՞ պետք է լռեինք և՛ Իսրայելի կողմից դրանց մատակարարման, և՛ այն մասին, որ այդ մատակարարումներն «օրհնել է» հենց ԱՄՆ-ի ղեկավարությունը:


Սակայն ադրբեջանական «խաղերի» (ՆԱՏՕ-ի անդամ Չեխիայից զրահատեխնիկայի անակնկալ մատակարարումներ, ԵԽԽՎ-ի նախագահ, իսպանացի կաշառառու Պեդրո Ագրամունտի հարկադրյալ պաշտոնաթողությունը և այլն) Արևմուտքում կատարված աղմկահարույց մերկացումները պարզորոշ ցույց են տալիս, որ ապշերոնյան մազութային իշխողների կաշառատու թաթերը հասել են իբր ժողովրդավար երկրների բազմաթիվ քաղգործիչների, կազմակերպությունների և կառույցների: Իսկ ամեն կերպ կոծկվող այդ մերկացումները (ըստ էության` լայնածավալ հնարավոր դավադրություն)՝ կապված ահաբեկիչներին զենքի և թունավոր նյութերի ապօրինի բազմամիլիարդանոց մատակարարումների հետ, որոնք դիվանագիտական քողի ներքո իրականացրել են ադրբեջանական «Silk way» պետական ընկերությունը և ադրբեջանական ՌՕՈՒ-ի ինքնաթիռները, և որոնց մեջ խառնված են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր ունեցող ամերիկյան ու եվրոպական զինագործական ընկերություններ, վկայում են, որ հայտարարվող չեզոքությունն այս հարցում մեծ փչոց է: Եվ հասկանալի է, թե Արևմուտքն ինչու է պաշտպանում այդ փչոցը: Բայց անհասկանալի է, թե դրա մասին լռելն ինչով է շահավետ Հայաստանին: Կամ, նույնիսկ, Արցախին: Վերջին հաշվով, եթե Հայաստանը շարունակում է իրեն «խոնարհ աղջիկ» ձևացնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջ, ապա Արցախը պարտավոր չէ իրեն այդպես պահելու. պաշտոնական Ստեփանակերտը լիովին կարող է և պարտավոր է մեր հայկական բոլոր պահանջները հնչեցնելու բոլոր ճակատներով: Այսինքն՝ և՛ դեպի Արևմուտք, և՛ դեպի Արևելք, և՛ դեպի Հյուսիս:


Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների համագործակցությունը, այդ թվում՝ ռազմաքաղաքական, ինչպես նաև ռազմական օգնությունը ալիևյան վարչակարգին, վերջին բոլոր տարիներին ոչ մի օր չեն դադարել, չնայած Ազատության պաշտպանության ակտի 1992 թ. 907-րդ լրացումն արգելում է ամերիկյան ուղղակի օգնության տրամադրումն Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի շրջափակման և նրանց դեմ ագրեսիայի կապակցությամբ: Սակայն 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, շրջանցելով այդ լրացումը, սկսվեց Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը «ահաբեկչության դեմ պայքարի համար», պայմանով, որ այդ օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ: Բացի ֆինանսական բաղադրիչից, օգնությունը ներառում է նաև ամերիկյան ռազմաուսումնական հաստատություններում ադրբեջանական զինծառայողների ուսուցման և վերապատրաստման ծրագրեր: Այդ համագործակցությունը չեն դադարեցրել ոչ այսրկովկասյան թուրքերի պետության այցեքարտը դարձած ռասիստական հակահայկական հոգեգարությունը, ոչ հայկական երկու պետության սահմանների վրա ադրբեջանական զինվորականության պարբերական հարձակումները, ոչ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրով դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի ստոր սպանությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, ոչ Հունգարիայի կողմից այդ վիժվածքին Ադրբեջանին «վաճառելը», որտեղ նրան իսկույն ազատեցին պատժի հետագա կրումից և տեղնուտեղը հռչակեցին «ազգային հերոս»: Ոչ էլ Արցախի Հանրապետության դեմ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից հետո:


Հայկական հայտնի «Պանդուխտ» բլոգերն առաջարկում է քննարկել այն, ինչը երբևէ չի բարձրաձայնել Հայաստանի իշխանությունը: Նա պնդում է, որ այդ ագրեսիայի ժամանակ ադրբեջանցիների մարտական գործողությունները ղեկավարում էին վերոհիշյալ ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում ամերիկյան ռազմաուսումնական կենտրոններում սովորած սպաները: Ապրիլյան մարտերի ժամանակ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում մեր զինվորականների ոչնչացրած ադրբեջանցի սպաների մեջ էին, մասնավորապես, կադրային զինվորականներ Վուղար Ռուսիֆովը և Մուրադ Միրզաևը: Շամխորի շրջանի Շիշթեփե գյուղում ծնված, Թուրքիայի ԶՈՒ բարձրագույն ռազմական ակադեմիայի շրջանավարտ, գնդապետ Վուղար Նուրեդդին Յուսիֆովը 2007-ին ուսանել է Ֆորտ ՈՒաչուկի (Արիզոնա նահանգ) հետախուզական կենտրոնում: Հենց նա է եղել հատուկ նշանակության այն ստորաբաժանման հրամանատարը, որը 2016 թ. ապրիլի 3-ի գիշերը հարձակվել էր Թալիշի վրա: Սաբիրաբադի շրջանի Մուղան Գյանջալի գյուղում ծնված, գնդապետ-լեյտենանտ Մուրադ Թելմանօղլու Միրզաևը, նույնպես թուրքական ԶՈՒ բարձրագույն ռազմական ակադեմիայի շրջանավարտ, 2005-06-ին ուսանել է ԱՄՆ ՊՆ Սան Անտոնիոյի (Տեխաս նահանգ) օտար լեզուների ռազմական ինստիտուտում: Բացի դրանից, նա ավարտել է Կվանտիկոյի (Վիրջինիա նահանգ) և Ֆորտ Լեժենի (Հյուս. Կարոլինա նահանգ) ծովային հետևակի սպաների պատրաստման դասընթացները, նշում է «Պանդուխտը»:


Ըստ նրա, ուշադրություն է գրավում այն փաստը, որ ԱՄՆ-ի բանակում պատրաստություն անցած հենց այդ ադրբեջանցի սպաների հրամանատարության ներքո գտնվող ստորաբաժանումներն են կատարել ապրիլյան պատերազմի ամենաաղաղակող ռազմական հանցագործությունները՝ հայ զինվորների գլխատումը, նրանց դիակների անդամահատումը և անարգումը, թալիշցի երեք ծերունու գնդակահարությունը, նրանց դիակների անարգումը և «Իսլամական պետության» (ԻՊ) ու սիրիական «Ալ Քաիդա»-«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների մարդասպանների ոգով հանցագործությունները: Փաստորեն, հայ զինվորականների ոչնչացրած Յուսիֆովն ու Միրզաևը, որոնք սովորել ու պատրաստվել են ԱՄՆ-ում, ամերիկյան օգնություն ստանալու պայմանների խախտման անհերքելի վկայություն են: Իսկ եթե հաշվի առնենք, որ 2016-ի ապրիլին հայկական դիրքերը գրոհող ԱՕԹՍ-ները ղեկավարում էին Իսրայելի՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի մասնագետները, իսկ Ադրբեջանի կիրառած իսրայելական զենքերի արտադրության մեջ օգտագործվում են նաև ամերիկյան տեխնոլոգիաներ ու համալրող մասեր, ապա տարօրինակ և նույնիսկ հանցալից է, որ 907-րդ լրացման գործողության վերականգնման հարցը մինչև այժմ մեր պատկան կառույցները չեն բարձրացրել ամերիկացի գործընկերների առաջ: Ի՞նչ է, մենք ԱՄՆ-ի և Իսրայելի հետ լռության դավադրության մե՞ջ ենք Արցախի դեմ: Հիմա կարծես թե արդեն «կարելի է» գոռալ գոնե Իսրայելի վրա, քանի որ այնտեղ հետաքննություն է ընթանում հայերի դեմ մարտական գործողություններում իսրայելական զինվորական մասնագետների մասնակցության հարցով: ՈՒրեմն ինչու՞ եք լռում, պարոնայք հայկական իշխանություններ:
Արցախում ադրբեջանցի զինվորականների հրեշավոր հանցագործություններից ցնցված՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, հեղինակավոր դեմոկրատ Էլիոթ Էնգելը կոչ են արել այդ գործողությունները հետաքննել Լիխիի օրենքի շրջանակում, որը պետդեպարտամենտին և Պենտագոնին արգելում է ռազմական օգնություն ցույց տալ այն զինվորական կազմավորումներին, որոնք անպատիժ կերպով խախտում են մարդու իրավունքները, հիշեցնում է «Պանդուխտը»: Եթե հավաստիորեն հաստատված է, որ տվյալ կազմավորումը կապ ունի մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ, ապա մերժվում է նրան օգնելը մինչև տվյալ երկրի կառավարության կողմից այդ խախտումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործուն քայլեր ձեռնարկելը: Թեև ԱՄՆ-ի կառավարությունը տեղեկություն չի հրապարակում օտարերկրյա զինված ուժերի այն ստորաբաժանումների մասին, որոնց մերժված է օգնության տրամադրումը, սակայն միջազգային մամուլում հաղորդումներ են հայտնվել Լիխիի օրենքի հիման վրա Թուրքիայի, Բանգլադեշի, Բոլիվիայի, Գվատեմալայի, Ինդոնեզիայի, Կոլումբիայի, Լիբանանի, Մեքսիկայի, Նիգերիայի և Սենթ Լյուսիայի անվտանգության ուժերին և բանակների ստորաբաժանումներին օգնության տրամադրումը մերժելու մասին:


Վերադառնալով զենքի մատակարարումներին, պետք է նշել, որ Ադրբեջանին ռուսական պայմանագրային մատակարարումները լիովին թափանցիկ են և գրանցվում են համապատասխան ցուցակներում: Շատ ավելի վատ է հայտնի, թե ինչ զենք և ինչ «ստվերային սխեմաներով» է Ադրբեջան գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից և Իսրայելից: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ ամբողջ հայ ազգին, որ 2016 թ. սեպտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի նախագահ Ջեյմս ՈՒոռլիքը խոստովանել է, որ ԱՄՆ-ը, չնայած Կոնգրեսի կողմից առճակատման գոտի ռազմական մատակարարումներն արգելելու մասին հայտարարություններին, այնուամենայնիվ, զենք է մատակարարում Ադրբեջանին. «Մենք պաշտպանական զենք ենք տրամադրում նրանց (երկու կողմերին) շատ սահմանափակ քանակով»: Նա խոստովանել է, որ «անցյալ տարի խախտվել են ԱՄՆ-ի օրենքները»: Նա դրանով նաև հստակ հասկացրեց ողջ հայությանը, որ ԱՄՆ-ի համար չկա առճակատման երեք կողմ, ինչպես ընդունված էր ԵԱՀԿ-ի 1994 թ. բուդապեշտյան հանդիպման որոշումներից հետո, այլ կա միայն երկու կողմ, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ես շատ կխնդրեի աշխարհի բոլոր հայերին, որ լավ հիշեն ՈՒոռլիքի այդ խոստովանությունները, որովհետև դրանցից, թեկուզ անուղղակիորեն, բայց միանգամայն ակնհայտ եզրակացություն է արվում, թե Արցախի հարցում ում կողմն է ԱՄՆ-ը:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ