Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում» նախագիծը

«Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում» նախագիծը
08.12.2017 | 04:08

«Իրատեսի» հյուրն է Իրանի Իսլամական և Գերմանիայի Դաշնային հանրապետությունների քաղաքացի, սակայն վաղուց Հայաստանում հաստատված ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԸ:

-Պարոն Աբրամյան, Դուք կրթվել եք ԳԴՀ-ում, ստանալով էլեկտրիկ-ճարտարագետի որակավորում, այնտեղ ստեղծել եք Ձեր սեփական ընկերությունը և Հայաստան ժամանելով ներդրումներ եք կատարել էներգետիկայի ոլորտում: Այս ամենը այնքան էլ անսովոր չէ, անսովոր են Ձեր մտահղացումները: Ժամանակին առաջարկում էիք, որ Մեծ և Փոքր Սևանների նեղուցում, լճի հատակին տեղադրվեն հատուկ գեներատորներ, որոնք հատակից հոսող սառը ջրերի հոսքերով էլեկտրաէներգիա կարտադրեն և կլիացնեն հանրապետությունը հոսանքով:
-Ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ` Սևանի հատակից կարելի է այլընտրանքային ավելի ձեռնտու էլեկտրաէներգիա ստանալ, քան ՋԷԿ-երից կամ հէկերից և կտրուկ նվազեցնել հոսանքի սակագինը: Սևանա լիճը հազարամյակներով հայերիս համար եղել է փրկիչ: Լիճը նկարել են, նրան բանաստեղծություններ են ձոնել, նրա ափին հանգստացել են, լճի ջրերով ոռոգել են երկրի դաշտերն ու այգիները: Այսօր Սևանա լճում հիմնականում խեցգետին են բուծում, իսկ նրա ջրերի մեծ մասը հասնում է Արաքս գետը և իր կամքից անկախ ծառայում սահմանակից Թուրքիային և Ադրբեջանին: Եկեք հարգանքով վերաբերվենք մեր ազգային գանձին: Մեծ Սևանի մեջ են թափվում 28 գետեր: Նրանց սառը ջրերը գոյանում են ձյունից և լեռնային սառնորակ աղբյուրներից: Այդ ջրերը, որոնք ավելի ծանր են, Մեծ Սևանի հատակից շարժվում են դեպի Փոքր Սևանը, Մեծ և Փոքր Սևանների միացման հատակում, որի երկարությունը 6 կմ է, պետք է տեղադրել «Թայդալ» տիպի գեներատորներ, որոնք ջրերի հոսքը կվերածեն էլեկտրական էներգիայի: Այս մեթոդը կիրառվում է օվկիանոսամերձ հատվածներում՝ մակընթացության և տեղատվության ժամանակ: Այս տիպի էներգիան գերմանական աշխարհահռչակ «Անդրիթց Հայդրու» ընկերությունն է մշակել հողմային գեներատորների աշխատանքի հիմքի վրա: Եվ ստեղծել է «Թայդալ» գեներատորները, որոնք մակընթացության և տեղատվության ժամանակ ուղղությունները փոխելով հոսանք են արտադրում: Նման գեներատորները մենք կարող ենք իջեցնել լճի հատակը (որը, ցավոք, դեռևս լավ ուսումնասիրված չէ) և այնտեղ տեղադրելով` էլեկտրաէներգիա արտադրել: Ես չեմ կասկածում, որ եթե այս ծրագիրը ներկայացնեմ մեր կառավարությանը, ինձ կառաջարկեն… սուզվել լճի հատակը, ուսումնասիրել այն և հիմնավորել ծրագիրը տեխնիկապես: Փորձեմ հիմնավորել` առանց սուզվելու, չնայած, հանուն երկրի էներգետիկ անկախության, կարող եմ նաև ջրադիմակ հագնել և երկու Սևանների միացման 6-կիլոմետրանոց «նեղուցը» հետազոտել:
Պայմանական ձևով ես ջրի հատակում եմ: Այնտեղ մակերևույթը հարթ չէ, «լեռներ» են, իսկ «լեռնանցքերով» Մեծ Սևանի ջրերը «ներխուժում» են Փոքր Սևան: Անցնելով գեներատորների միջով` ջրերը հոսանք են արտադրելու: Բայց եթե հատակը հարթ լինի, ապա գեներատորներն ինքնին դառնում են պատնեշ, նրանց միջև գոյանում են արհեստական նեղուցներ, և այսպիսով ջրերի հոսքը կվերածվի հոսանքի: Գեներատորներից մալուխներով էլեկտրաէներգիան կհասնի կայան և կբաշխվի ըստ նպատակի: Որո՞նք են առավելությունները: Տեսեք, Սևանի ջուրը չի նվազում: Ջրամբարի կառուցման և դրա հետագա սպասարկման կարիք չկա: Չկա խողովակաշարի կարիք: Պետք չէ շինարարական մեծ ծախսեր կատարել, «Թայդալ» գեներատորները ուղղակի ամրացվում են լճի հատակին: Դրանք, ի դեպ, անաղմուկ են աշխատում և չեն անհանգստացնի Սևանում վխտացող ձկներին, խեցգետիններին և լողացող մարդկանց: Բաշխող կայանը, որը կկառուցվի լճափին, ընդամենը մի համեստ շինություն է, որը չունի պահպանման, լուսավորության և ջեռուցման կարիք: Ամենակարևորը` կայանում սպասարկող անձնակազմի կարիք չկա, չեն լինի բյուրոկրատական վարչակազմ, տնօրեն, նրա օգնական, օգնականի խորհրդական, քարտուղարուհի, մաքրուհի և այլն:
Իսկ թե որքան էլեկտրաէներգիա կարտադրվի, պարզ կդառնա ուսումնասիրություններից հետո: Բայց համոզված եմ, որ հզորությամբ այն չի զիջի միջին հզորության որևէ հէկի: Սա աշխարհում կլինի առաջին դեպքը, երբ լճի հատակում են տեղադրվում «Թայդալ» գեներատորները: Իսկ, կներեք, մենք ինչու առաջինը չլինենք աշխարհում: Չէ՞ որ այսօր և՛ ԵԱՏՄ-ի տնտեսական դաշտում ենք, և՛ ԵՄ-ի քաղաքակրթական համակարգում ենք ընդգրկվել:
Մի խոսքով, հույս ունեմ, որ Աքաղաղի տարում հնչած այս «ծուղրուղուն» Շան տարում հավատարիմ գործընկերներ կգտնի, չէ՞ որ շունը հավատարմության խորհրդանշան է:
-Հետագայում անցաք զբոսաշրջության բնագավառ, հարկավ ընդառաջելով երկրի իշխանությունների մեգա-ցանկությանը՝ երկիրը դարձնելու զբոսաշրջային կենտրոն: Երեք զարմանահրաշ նախագծեր եք ներկայացրել հայ հանրությանը, համայն հայությանը և ՀՀ կառավարական մարմիններին:
-Զբոսաշրջությունը այսօր առաջնահերթություն է: «Իրատեսի» ուշիմ ընթերցողները ծանոթ են իմ մտահղացումներին, որոնք Հայաստանը ներգրավելու են համաշխարհային զբոսաշրջության համակարգում:
Այսպես, «Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում» նախագիծը, ինչպես հարգարժան վարչապետ Կարեն Կարապետյանն է սիրում ասել՝ մեգա-նախագիծ է: Այն պետք է դառնա խաղաղության, ռասաների և կրոնների համերաշխության քաղաք: Ընդ որում, Արարատ լեռան հայացքի տակ, անջրդի հողերում պետք է կառուցվի և դարպասներն ու դռները բացի ողջ աշխարհի առաջ: Նախագիծը պատկերագրքի տեսքով հրատարակվել և տարածվել է թե հանրապետության կրթօջախներում և գրադարաններում, թե ուղարկվել է իշխանության և կառավարության տարբեր ատյաններ: Ի դեպ, նշանավոր մի հայ մեծահարուստ երեք տարի առաջ պատկերագիրքը ստանալով և նախագծին ծանոթանալով… կամեցավ այն գնել: Այսինքն` նախագիծը ցնորք չէ և մեծ ներդրումների դեպքում կարող է իրականանալ: Թե ինչպիսի հսկայական օգուտներ այն կբերի մեր երկրին տնտեսական և այլ առումներով, դժվար է անգամ երևակայել: Հիմա ինձ հարցնում ես, թե ինչու կառավարությունը չի ընդառաջում նախագծի իրականացմանը: Ընդառաջում է... մերժելով տարբեր պատրվակներով: Շատ կարևոր մի բան նշեմ. կառավարությունը միայն հողատարածք է հատկացնելու, մնացած ներդրումները կատարելու են մասնավոր անձինք և կազմակերպությունները:
Հետո երկրի իշխանությունների, կառավարության, գործարարների և հասարակության ուշադրությանը ներկայացրի ավելի համեստ նախագծեր՝ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» և «Աշխարհի պատմության տունը Հայաստանում»: Դրանք մեր ընթերցողներին ծանոթ են, չներկայացնեմ, ուղղակի ասեմ, որ տարբեր նախարարություններում եմ այս վերջին երկու նախագծերը ներկայացրել, ամենուր ինձ սիրով ունկնդրել են, շատ հարցերի հետ համաձայնել են, բարեհամբույր ժպտացել են և վերջ, սայլը տեղից այդպես էլ չի շարժվում: Փորձում եմ այն ինքս տեղից շարժել: Գալիք տարվա սկզբին ստեղծելու եմ հատուկ հիմնադրամ, որը կներառի «Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում», «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» և, վերջապես «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» նախագծերը:
Հուզմունքով և հիացմունքով պետք է խոստովանեմ, որ լրացել է ՀՀ-ում մշտական բնակությանս 20 տարին, և նոր-նոր եմ հասկացել, որ որևէ գաղափար, որքան էլ այն հանրօգուտ լինի, գրեթե անհնար է կյանքի կոչել: Այս իմաստով ևս մեր երկիրը յուրօրինակ է, որպեսզի տանուլ չտաս որևէ նախաձեռնություն, պետք է ինքդ այն սնուցես: Գալիք հիմնադրամի առաջին ներդրողը ինքս եմ լինելու: Այսինքն` և՛ գաղափարն եմ տալու, և՛ բենզինը: Այստեղ մի պատմություն հիշեցի: Նախորդ դարի 50-ականներին ֆուտբոլի արքա, արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոյին մարզիչը մի օր մեղադրում է, որ նա «սև» աշխատանք չի կատարում, չի օգնում իր թիմի պաշտպաններին, գնդակը եզրից դաշտ չի նետում և այլն: Դի Ստեֆանոն պատասխանում է, որ ինքը դաշնամուրն է նվագում, թող մյուսները դաշնամուրը տեղափոխեն: Այնպես որ, ես և ինձ նմանները պետք է և՛ դաշնամուր նվագենք, և՛ այն տեղից տեղ շարժենք:
Բայց կարևորն այն է, որ մտահղացումներս իրականանան, ինչից կշահեն և՛ Հայաստանը, և՛ ժողովուրդը: Ես էլ միայն ուրախ կլինեմ:
Նախագահ Սերժ Սարգսյանը երազում է միչև 2040 թիվը Հայաստանի բնակչության թիվը 4 մլն-ի հասցնել։ Նրա փափագը կիրականանա, եթե նա դնի «Նոյյան տապան» քաղաքի հիմքը։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ