ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Ես հավատում եմ երաժշտության ուժին և սպասում հրաշքներով լի համերգային երեկոներին». Սերգեյ ՍՄԲԱՏՅԱՆ

«Ես հավատում եմ երաժշտության ուժին և սպասում հրաշքներով լի համերգային երեկոներին». Սերգեյ ՍՄԲԱՏՅԱՆ
08.12.2017 | 04:19

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի այս խոսքերը տեղ են գտել Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի պատկերագրքում։ Այդպիսի հրաշք-երեկոներից էին հենց Երիտասարդական նվագախմբի համերգները։ Նման ելույթ էր նաև Դանիել Երաժշտի ղեկավարած «Արքայական համերգը», որը նա իրականացրել է Երիտասարդական նվագախմբի լարային և փայտյա փողային խմբերից կազմված կամերային նվագախմբի և «Շարական» անսամբլի մեներգչուհիներ Յանա Մովսիսյանի, Լիլիթ Ստեփանյանի և դաշնակահարուհի Թամարա Մովսիսյանի հետ։ Համերգի ծրագիրը բաղկացած էր ստեղծագործող արքաների գործերից. Տիբո 4-րդ Նավառացի (13-րդ դ.), Մարգարիտ Նավառացի (15-16-րդ դդ.), Հենրի 8-րդ (15-16-րդ դդ.), կայսր Լեոպոլդ 1-ին (17-18-րդ դդ.), Ֆրիդրիխ Մեծ (18-րդ դ.)։ Ինչ վերաբերում է Յոհան Սեբաստիան Բախին, ապա, ինչպես մեր զրույցում նշեց Դանիել Երաժիշտը. «Բախն էլ երաժշտության արքայության թագավորն է։ Իսկ նրա «Երաժշտական ընծա» ստեղծագործությունը, որ կերտված է Ֆրիդրիխ Մեծի տված մեղեդու հիման վրա, ըստ էության, երկու արքաների արգասիք է։ Այս մասին Ֆրիդրիխ Մեծին հղած նամակում Բախը գրել է. «Ձերդ մեծությանը ձոնում եմ այս «Երաժշտական ընծան», որի ազնվագույն մասը Ձեր վեհ գրչի գործն է»։ «Արքայական համերգը» տեղի է ունեցել Ազգային պատկերասրահում, որմնանկարների լեփ-լեցուն սրահում։


Երեկոն բացվեց Դանիել Երաժշտի ներածական խոսքով։ Բանախոսը նշեց, որ համերգի բնաբանը, գաղափարաբանությունը Ամենայն Հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն վեհափառի հետևյալ խոսքն է. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը։ Եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ այլ կլիներ»։ Սա մի կոչ էր` ուղղված մերօրյա առաջնորդներին, որպեսզի տուրք տալով արվեստին, գեղեցիկին, թուլացնեն հակամարտությունները, ագրեսիան, խաղաղություն հաստատեն աշխարհում։
Համերգը բացվեց Ֆրիդրիխ Մեծի սոլ-մաժոր լուսավոր սիմֆոնիայով, գրված լարայինների համար։ Այնուհետև հնչեց Տիբո 4-րդ Նավառացու սիրային, հովվերգային շանսոնը, որը կատարեցին երգիչները և նվագախումբը։ Նույն կազմով նրանք կատարեցին Մարգարիտ Նավառացու շանսոնը (բազմաձայն մշակումը` Դանիել Երաժշտի), որի տեքստը թարգմանաբար հնչեցրեց բանախոսը։ Այս շանսոնը հոգևոր բնույթի էր, որտեղ խոսքը առաքինի սիրո և հավատքի մասին է, որոնք ազատում են մեղքից, մահվան վախից։ Ինչպես հաճախ, Դանիել Երաժիշտն ունկնդրին տեղեկություններ է հաղորդում ոչ միայն կոմպոզիտորների, ժամանակաշրջանների և մշակութային առնչությունների մասին, այլև մեկնաբանում կատարվող գործերը, բացահայտում դրանց խորհուրդը։ Օրինակ, բանախոսը նշեց, որ Ֆրիդրիխ Մեծի սիմֆոնիայի 2-րդ մասի և «Ընծայի» Տրիո-սոնատի 1-ին մասի հնչյունների համաչափ հերթագայությունը խորհրդանշում է Խաչի ճանապարհը, մինչդեռ եռաձայն ռիչերկարը Սուրբ Երրորդության նշանակն է, իսկ Տրիո-սոնատի 3-րդ մասի վարանումները, հոգոցները կարող են հիշեցնել նաև Հիսուսի հոգեվիճակը Գեթսեմանիում և այլն։ Այս ամենը դյուրին է դարձնում երկերի ընկալումը, նպաստում է կատարողի և ունկնդրի մերձեցմանը։ Շարունակենք համերգի լուսաբանումը։ Հենրի 8-րդի «Լավ ժամանց» երգի հնաբույր կատարմանը հատուկ հմայք հաղորդեցին ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, հոբոյահար Ռոբերտ Աբրահամյանը, կլառնետահար Թելման Մխոյանը, ջութակահարներ Լուսինե Հարությունյանը, Սաշա Աթանյանը։ Կայսր Լեոպոլդ 1-ինի «Փրկիչ» օրատորիայից Մարիամի արիան խոր հուզմունքով երգեց Լիլիթ Ստեփանյանը, նույնպես հուզիչ էր նվագախմբի նվագակցությունը։ Արիային հաջորդեցին Բախի «Երաժշտական ընծա» շարքի հատվածները` երկձայն կանոնը, եռաձայն կանոնը (Ռոբերտ Աբրահամյան, Արևիկ Մինասյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ), երկձայն հայելանման կանոնը (Արևիկ Կոսյան, Տարոն Բալյան (թավջութակ), որոնք դրսևորեցին Երիտասարդական նվագախմբում ձեռք բերած իրենց վարպետությունն ու առինքնող նվագը։ Իսկ Տրիո-սոնատը, ոճի նուրբ զգացողությամբ, փայլուն կերպով կատարեցին Գևորգ Ավետիսյանը, Ռիմա Միրզոյանը (ջութակ), Վարդուհի Միրզոյանը (թավջութակ), Թամարա Մովսիսյանը (դաշնամուր)։


Ինչպես նշեց բանախոսը, քանի որ Հայաստանը դարեր շարունակ ենթարկվել է ասպատակությունների, զրկվել պետականությունից, եկեղեցին էր ստանձնում պետության դերը։ Ըստ էության, կաթողիկոսներ Կոմիտասը (7-րդ դ.), Ներսես Շնորհալին (12-րդ դ.) ևս ազգի առաջնորդներ էին։ Բացի այդ, Աշոտ Պատրիկ Բագրատունին (7-րդ դար) եղել է Մեծ Հայքի կառավարիչը։ ՈՒստի «Արքայական համերգում» իր պատվական տեղն էր գտել Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» (Հռիփսիմյանց) շարականը, որը մեծ ներշնչանքով երգեց Լ. Ստեփանյանը, հնչեց նաև Ներսես Շնորհալու «Օրհնութիւնը», որը երգեց հոգևոր երգարվեստում հմտացած Յ. Մովսիսյանը։ Համերգը եզրափակվեց Աշոտ Պատրիկի «Զորս ըստ պատկերի քում ստեղծէր», հիրավի, արքայական շարականով, որը կատարեցին ամբողջ կազմով։ Արքայական էին նաև կատարումը, ինչպես նաև Դանիել Երաժշտի բազմաձայն մշակումը և վարդաբույր ժեստերը, քանզի մաեստրոն երաժշտախումբը ղեկավարում էր իրեն ընծայված շքեղ վարդով։ Թվաց, թե դիրիժորի ձեռքում փայտիկը ծաղկեց։ Եվ թնդացին որմնանկարների սրահի կամարները. երաժշտասերները հոտնկայս, որոտընդոստ ծափերով հրաժեշտ տվեցին սիրված անսամբլին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ