Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Վրաստանը նույնիսկ Հայաստանի փոքրաթիվ ընթերցողների համար է միլիոններ ծախսում»

«Վրաստանը նույնիսկ Հայաստանի փոքրաթիվ ընթերցողների համար է միլիոններ ծախսում»
08.12.2017 | 05:18

Գրական դաշտում առկա բացասական միտումների, գրական նորությունների ու մասնավորապես գրողի մենակության մասին է մեր զրույցը արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է մեր գրական դաշտի ամենամեծ բացը:
-Ամենամեծ բացն այն է, որ ոմանք գրականությունը վերածել են ուսումնական հաստատության, դասարան-դասարան են արել, ծեր ու ջահել են ջոկել` աղճատելով գրական դաշտը և վարկաբեկելով ու ոչնչացնելով մեր գրական ավանդույթները։ Մինչդեռ գրականությունը կա՛մ կա, կա՛մ չկա։ Գրականությունը տարիք չունի, տաղանդը՝ նույնպես։
-Ո՞ր կետում է գրողը զգում, որ փակուղում է, խոչընդոտի է հանդիպել կամ, ինչպես ասում են, ոտքը քարին է դեմ առել:
-Գրասեղանի առջևից վեր կացար՝ փակուղում ես. գիրք հրատարակելու փող չկա, պրոպագանդող չկա, թարգմանելու փող չկա, քո զահլան ունեցող գրականագետ չկա, քո բողոքը լսող չկա... Մի խոսքով, մենակ ես, կողքիդ ոչ ոք չկա։
-Մեր գրողների գործերը, Ձերն էլ պարբերաբար, թարգմանվում են տարբեր լեզուներով, ի՞նչ է տալիս դա գրողին:
-Մինչև հիմա թարգմանվել ենք ոչ թե առանձին գրքերով, այլ Հայաստանին ինչ-ինչ առիթներով նվիրված ամսագրերում։ Մենք այդ ամսագրերն անվանում ենք «եղբայրական գերեզմանոցներ», որովհետև ինչ-որ հատուկ հոգատարություն կա անտաղանդների հանդեպ՝ նրանց պետք չէ նեղացնել, ու հինգ-վեց տաղանդավորի փոխարեն մի քառասուն հոգի լցնում են, անպայման մի-մի գործով։ Բացի այն, որ մի գործով հեղինակ ճանաչել չի լինի, նաև շնորհանդեսի հրավեր չկա, հոնորար չկա և այլն։ Իհարկե, նաև այլ երկրների գրական մամուլում եմ հրատարակվել, բայց դարձյալ` մեկ-երկու գործով։ «Եվրոպայի լավագույն արձակ» ալմանախը այս տարի, թարգմանչուհի Շուշան Ավագյանի շնորհիվ, հայտնաբերել է իմ «Այստեղով անցել է Աստվածը» և 2018 թ. համարում հրատարակելու է։ Բայց նույնիսկ դա չի ուրախացնում: Աշխարհում այլ պրոցեսներ են գնում, ինչքան էլ մեծ լինես, օտար երկրները քո գործերի վրա գումար չեն ծախսի, հիմա ամեն երկիր ինքը պիտի թարգմանի ու պրոպագանդի իր հեղինակին։ Վրաստանը նույնիսկ Հայաստանի փոքրաթիվ ընթերցողների համար է միլիոններ ծախսում, իր հեղինակներին հայերեն թարգմանել տալիս, մենք նույնիսկ եվրոպական մեծ լեզուներով թարգմանված չկանք։ Հիմա նախարարությունը ինչ-որ թարգմանական ծրագրեր ունի, չգիտեմ երբ կյանքի կկոչվեն, բայց գերադասելի է, որ դա չլինի հետմահու։
-Ի՞նչ նոր գործի կարող ենք սպասել:
-Գրում եմ, էլի... Արդեն պատրաստ պատմվածքներ, վեպ ունեմ, մտքումս պիեսներ կան, բայց մինչև հիմա գրածս պիեսները չեն բեմադրվում, երևի լավը չեն կամ էլ քաղաքական ենթատեքստ ունեն, ռեժիսորները զգուշանում են, միայն մեկը տարիներ առաջ Պարսկաստանում է բեմադրվել։ Երևի էդպես՝ որպես միտք էլ հանգչեն, չգրվեն։ Ավելի լավ է մյուս գործերի վրա աշխատեմ:
-Կարծում եք՝ Ձեր ամենալավ գործը դեռ գրվելու՞ է, թե՞ արդեն կա գործ, որ առանձնացնում եք: Գուցե դարակու՞մ է մնացել: Մի առիթով ասացիք, որ դարակում մնացած շատ գործեր ունեք: Ինչու՞ են գրողի գործերը մնում դարակում:
-Ես դեռ ընթացքի մեջ եմ, դեռ գրում եմ, ու ինձ էլ մի կարգին հասկանալի չէ, թե ինչ կգրեմ վաղը։ Կարծում եմ` էդպիսի բաները ճշտվում են, երբ դու կա՛մ վայր ես դրել գրիչը, էլ ասելիք չունես, կա՛մ հանգուցյալ ես։ Թու՛-թու՛-թու՛, կարծես երկու առումով էլ դեռ ողջ եմ, ու դժվար է էդ հարցին պատասխանելը։ Ինչ վերաբերում է կիսատ գործերին, երևի ասել եմ՝ կիսատ գործեր, թե չէ ես ալերգիկ եմ, թղթից ալերգիա ունեմ, ձեռքս կպավ՝ զզվանքից մեռնում եմ, մի քիչ հին եղավ, թղթի հոտից սկսում եմ հազալ և աշխատում եմ, որ իմ գրասեղանին թուղթ չլինի։ Այդ առումով դարակներ չունեմ, իմ դարակներն իմ գլխում են։ Շատ մտքեր ունեմ, շատ լավ սյուժեներ, բայց դե, մի գիրք ավելի, մի գիրք պակաս, եթե քո վաստակը կյանքիդ որակի վրա չի ազդում, իհարկե թևաթափ ես լինում։ Հասկանալի է, որ չգրել չես կարող, ուղղակի, եթե գրականությունը պահանջված չէ, գրում ես ուղիղ այնքան, որքան հաջողեցնում ես, ոչ թե որքան կարող ես տալ։
-Ի՞նչ եք կարծում` գրողին ավելի շատ կարող են վնասել գրականագետների, գրական միջավայրի լռությու՞նը, քննադատությու՞նը, թե՞ գովաբանությունը:
-Ինչպես ասում են՝ մահախոսականից բացի ցանկացած խոսք օգտակար է, բայց կոնկրետ ինձ համար լռությունը, քննադատությունը, գովասանքը բոլորն էլ անկարևոր են, որովհետև այսօր չկա մի քննադատ, որն իմ բոլոր գործերը կարդացել է, այսինքն, գիտի իմ անցած ուղին, հետևում է իմ աճին կամ տեղում դոփելուն, չկա մի գրող ընկեր, որ իմ բոլոր գործերը կարդացել է, և չունեմ մի ընկեր, որի բոլոր գործերը կարդացել եմ ես։ Դրա համար էլ ոչ մի կարծիք չի կարող օբյեկտիվ լինել։ Եթե Ձեր ասած գրական դաշտը գործեր անխափան, գրականագետները անխոնջ աշխատեին ժամանակակից գրականությունը լուսաբանելով և ուղղորդելով, գուցե արժեր մտածել Ձեր տված հարցի մասին։
-Ի՞նչ կարծիքի եք Գրքի երևանյան փառատոնի՝ Բուքֆեստի մասին:
-Անկեղծ ասած՝ փառատոնին չեմ մասնակցել, այդ մասին ինֆորմացիա քաղել եմ հեռուստատեսային մեկնաբանություններից, որոնք չէին գերազանցում մի քանի տողը, և փառատոնն ամբողջությամբ գնահատել չեմ կարող, բայց, օրինակ, ականջ էր ծակում հաճախ հնչող «բուքֆեստ» բառը: Անպատվության պես է հնչում՝ հայ գրքի փառատոնը օտար անվան տակ:
Կամ ո՞վ է մինչ այդ բոլորին անհայտ «Միհր» կազմակերպությունը, մինչև հիմա ի՞նչ մեծ մշակութային նախագծեր է իրականացրել, փառատոներ կազմակերպող ընկերությունների միջև մրցույթ հայտարարվե՞լ է, ինչպե՞ս է այն ընտրվել, ի՞նչ նյութական միջոցներ ունի։ Զարմանում ես՝ հաճախ եթերով լսում ենք բանակի հետ կապված գաղտնիքներ, որոնք պետք չէ ասել, բայց փառատոնի մրցութային հանձնաժողովի կազմը այնպես գաղտնի էր պահվում, ասես պետական գաղտնիք էր: Ընդհակառակը, հենց այդպիսի բաները պիտի լինեն թափանցիկ և հաստատվեն քննարկումներով։ Չնայած հանձնաժողովում բոլորն իմ ընկերներն են, բայց, այնուամենայնիվ, և դարձյալ՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվել, ովքե՞ր են ընտրել։ Ինչքա՞ն է ճիշտ հանձնաժողովում ընդգրկել հրատարակիչների ու հրատարակչության գլխավոր խմբագիրների և կասկածի տակ դնել նրանց անաչառությունը։ Ասեմ, որ ես գիրք չեմ ներկայացրել և ընտրված հեղինակներին էլ երկու ձեռքով կողմ եմ, բոլորն էլ տաղանդավոր մարդիկ են։ Բայց փառատոնն էլ, մրցույթն էլ ունեն իրենց կանոնները, որոնց պետք է եթե ոչ հետևել, ապա գոնե հարգել:
Չնայած այս դիտողություններին, փառատոնը աշխուժություն մտցրեց գրական կյանքում: Ինչպես ասում են` չի սխալվում նա, ով չի աշխատում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ