Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դպրոց-թատրոն համագործակցության նոր ձևաչափ

Դպրոց-թատրոն համագործակցության նոր ձևաչափ
08.12.2017 | 05:20

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ: Թատերասերները հնարավորություն ունեն տեսնելու Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»` ժամանակակից լուծումներով:


«Իրատեսը» հետաքրքրվեց՝ ինչ է արվում, որ այս և նման ներկայացումներից անմասն չմնան դպրոցականները, հնարավորինս վերականգնվի դպրոց-թատրոն կապը, ինչը մեծ հաշվով խզվել է աբոնեմենտային համակարգի չեղարկումից հետո: Արվեստագիտության թեկնածու, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ի պատասխան մեր հարցի ասաց, որ նոր ծրագիր են մտածել և ներկայացրել հայաստանյան հայտնի ընկերություններից մեկին: Եթե նրանք ցանկություն ունենան աջակցելու, տնօրենի խոսքով` կունենանք բացառիկ, նոր մոտեցումով դպրոց-թատրոն համագործակցություն, որը չի լինելու դպրոցներում տոմս վաճառելու, տոմս սպառելու ձևաչափով. «Խնդիր է դրվելու մեր աշակերտների կրթական մակարդակն ավելի բարելավելու և ավելի խորացնելու: Դա լինելու է ոչ թե զուտ ներկայացման դիտում, այլ շատ ավելին: Այս ծրագիրն իմ մեջ տարիներ շարունակ եփվել է, և այսօր ես պատրաստ եմ այն ներկայացնելու: Չեմ ուզում փակագծերը շատ բացել, որովհետև, այո՛, վախենում եմ, որ ինձնից կարող են այդ մտքերը գողանալ, ինչպես հաճախ եղել է»:


Վարդան Մկրտչյանը համոզված է, որ թատրոն-դպրոց կապը վերականգնելով մենք կունենանք ավելի հետաքրքիր, ավելի կիրթ սերունդ: Նկատում է նաև, որ տարիներ առաջ շատ անարդարացի ձևով խզվեց այդ կապը և ցայսօր վերականգնված չէ. «Վերականգնված է որոշ մակարդակներում, այսինքն, որոշ ծանոթությունների մակարդակներում: Մենք պետք է քայլ անենք և մի նոր հարթության մեջ բերենք դա»:
ՀՀ ժողովրդական արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ ասաց, որ թատրոնի հովանավորներին շատ հեշտ են գտել, նրանք շատ բարյացակամ վերաբերմունք ունեն իրենց ծրագրերի հանդեպ, նաև անձերի, որովհետև Վարդան Մկրտչյանը վստահելի գործընկեր է. «Հովանավորությունը մեծապատիվ մուրացկանություն չէ կամ հակառակը, և փառքի համար չի արվում: Երանի նրանց, ովքեր դա հասկանում են: Թատրոնի համար ներդրում անելը երկարատև ծրագիր է, դա ներդրում է ապագայի մեջ: Այն երեխաները, ովքեր գնում են թատրոն (դա լուրջ ինստիտուտներ են հաշվարկել), դառնում են շատ ավելի լավ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, առհասարակ, մասնագետներ, որոնք անհրաժեշտ են երկրին: Պարտադիր չէ, որ նրանք, թատրոն գալով, դառնան դերասան, ռեժիսոր, նկարիչ»: Արմեն Էլբակյանն ընդգծեց նաև, որ այստեղ էլ պետք է շատ զգույշ լինել. կան ներկայացումներ, որոնք ուղղված են պատանիներին, ներկայացումներ, որոնք ուղղված են բարձր դասարանցիներին, և ներկայացումներ, որոնք ուղղված չեն նրանց: Հավելեց նաև, որ մեզանում հանդիսատեսի հետևից ընկնել կա, մի բան, որ ոչ մի դեպքում չեն անելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ