ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Երբ և ում է Պուտինը հայտարարել իր առաջադրման մասին

Երբ և ում է Պուտինը հայտարարել իր առաջադրման մասին
08.12.2017 | 05:55

Պուտինը չորրորդ անգամ առաջադրեց իր թեկնածությունը, բայց առաջ նա միայն կարճ հայտարարում էր որոշման մասին: 2017-ին առաջադրման դրամատուրգիան փոխվեց` այս դեպքում նրան հրապարակավ խնդրեցին մեկ օրում երկու անգամ:


Նախագահական նոր ժամկետով առաջադրման որոշումը վաղուց էր ընդունված, բայց պաշտոնական հայտարարությունը հնչեց միայն դեկտեմբերի 6-ին: Վերջին ամիսներին Կրեմլում քննարկվում էր միայն հայտարարության անտուրաժը` ինչպես և ինչ ձևով կհայտարարի նոր, չորրորդ ժամկետի մասին: Ոչ հրապարակային վեճերը մի խնդրի շուրջ էին` ընտրությունները առավելագույնս կա՞րճ անել, թե՞ երկարացնել գործընթացը` պահպանելու ինտրիգը` պատմում էին կրեմլամերձ շրջանակներից` լիազորված չլինելով պաշտոնապես հարցը մեկնաբանել: Պաշտոնապես Պուտինը թեկնածու կլինի 102 օր: Դա մեկ ամսով ավելի է առաջին ու երկրորդ ընտրարշավներից, կես ամիս կարճ` նախորդ ընտրություններից: 17 տարում Պուտինը չորրորդ անգամ է ընտրական գործընթացում: Մեկ անգամ նա առաջադրել է իր ընկերոջը` Դմիտրի Մեդվեդևին:


Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինին անվանեց հրաժարական տված Բորիս Ելցինը 1999-ի դեկտեմբերի 31-ին: «Ես հեռանում եմ: Ես արեցի` ինչ կարող էի: Ես հրամանագիր եմ ստորագրել նախագահի պարտականությունները ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա դնելու մասին»` հայտարարեց նա իր տարեմուտի տեսաուղերձում: Օրենքով ընտրությունները պետք է կայանային 2000-ի սեպտեմբերին, բայց Ելցինի հրաժարականի պատճառով տեղափոխվեցին մարտ: Մի քանի ամիս առաջ, 1999-ի սեպտեմբերին Ելցինը Պուտինին արդեն անվանում էր մարդ, որ կարող է «համախմբել երկիրը», հիշեցնելով, որ շուտով նախագահական ընտրություններ են և նշանակելով Պուտինին վարչապետ: Այդ ժամանակ Կրեմլն ակտիվորեն աշխատում էր «Միասնություն» շարժման վրա, որ ինչպես հետո Բորիս Բերեզովսկին էր հիշում, ստեղծվել էր ընտրություններում Պուտինին աջակցելու համար: Սակայն պաշտոնապես Պուտինը հայտարարեց, որ թեկնածությունն առաջադրում է միայն 2000-ի հունվարի 13-ին` ստանալով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, որի շրջանավարտն էր, խորհրդի պատվավոր անդամի քղամիդը: «Ես չէի ծրագրում հիմա ասել, բայց այս հանդիսավոր պայմաններում ուզում եմ հայտարարել, որ հաճույքով ընդունում եմ առաջարկը և կմասնակցեմ նախընտրական պայքարին»` այդպես Պուտինը ներկաներին պատմեց «նախընտրական որոշ գործընթացների» մասին: Նա ինքնառաջադրվեց: Ընտրարշավը 73 օր էր: Ստացավ ձայների 53 %-ը:
Երկրորդ անգամ քվեարկվելու իր որոշման մասին Վլադիմիր Պուտինը հայտարարեց 2003-ի դեկտեմբերի 18-ին` պատասխանելով Կրասնոդարի բնակչուհու հարցին ուղիղ կապի ժամանակ: Իր նախագահության սկզբում Պուտինը ներկայանում էր վարձու մենեջեր, որ ծառայում է պետությանը, բայց առաջին ժամկետի ավարտին արդեն սկսեց ավելի հաճախ դրսևորել ազգային առաջնորդի, «ժողովրդական» նախագահի որակներ: 2001-ից նա սկսեց ամեն տարի «ուղիղ գծեր» անցկացնել ուղիղ եթերում, որոնց ընթացքում մի քանի ժամ պատասխանում էր քաղաքացիների հարցերին: «Գծերի» տևողությունը տարեցտարի երկարում էր: Հենց այդ հեռուստաեթերի ժամանակ պատասխանելով կրասնոդարցի Վալենտինա Ալեքսեևնայի հարցին` նա ասաց. «Ես ծրագրել էի հայտարարությունն անել առաջիկայում, քանի որ պաշտոնական ընտրարշավը սկսվել է: Գիտեմ, որ այդ թեմայով հարցերը շատ են: Իմ պատասխանը դրական է` այո, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը քվեարկության»: Ընտրությունները 2004-ի մարտի 14-ին են: Նա ինքնառաջադրվեց: Ընտրարշավը 87 օր էր: Ստացավ ձայների 71,31 %-ը:
Երրորդ անգամ նա թեկնածությունը չառաջադրեց, դա արգելված է սահմանադրությամբ, բայց հենց նա ասաց վերջին խոսքը` ով կգլխավորի երկիրը հաջորդ 4 տարում: Ամբողջ 2007-ին «իրավահաջորդների մրցում» էր երկու առաջին փոխվարչապետների` Դմիտրի Մեդվեդևի ու Սերգեյ Իվանովի միջև: Մեդվեդևը համակարգում էր ազգային նախագծերն ու խոսում էր իննովացիաների մասին: Իվանովը զարգացնում էր ГЛОНАСС-ը, համակարգում էր ՊՆ-ն ու ռազմարդյունաբերական համալիրը: Ինտրիգը պահպանվեց մինչև պաշտոնական հայտարարությունը: Սկզբում սպասվում էր, որ իրավահաջորդ կդառնա նա, ում Պուտինը վարչապետ կնշանակի, բայց 2007-ի աշնանը Պուտինը վարչապետ նշանակեց Վիկտոր Զուբկովին: Վերջապես 2007-ի դեկտեմբերի 10-ին` Պետդումայի ընտրություններից մի քանի օր հետո, որտեղ ձայների մեծ մասը նորից ստացավ «Միասնական Ռուսաստանը», Պուտինը Կրեմլում ընդունեց Մեդվեդևին և չորս կուսակցությունների նախագահներին` Բորիս Գրիզլովին «Միասնական Ռուսաստանից», Սերգեյ Միրոնովին «Արդար Ռուսաստանից», Վլադիմիր Պլոտնիկովին «Ագրարային կուսակցությունից» ու Միխայիլ Բարշչևսկուն «Քաղաքացիական ուժից»: Չորս կուսակցությունների անունից Պուտինին առաջարկվեց Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: «Ես ծանոթ եմ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևին 17 տարի, նրան շատ լավ գիտեմ, ամբողջությամբ աջակցում եմ ձեր առաջադրած թեկնածուին»` պատասխանեց Պուտինը: Ընտրությունը 2008-ի մարտի 2-ին էր: Դմիտրի Մեդվեդևին առաջադրեց «Միասնական Ռուսաստանը»: Ընտրարշավը 83 օր էր: Նա ստացավ ձայների 70,28 %-ը:
Մեդվեդևի նախագահության 4 տարում ընդունվեց օրենք, որով հաջորդ նախագահը աշխատելու էր 6 տարի: 4 տարի ոչ վարչապետ Պուտինը, ոչ նախագահ Մեդվեդևը չէին խոսում հաջորդ նախագահի մասին: Ինտրիգը բացվեց «Միասնական Ռուսաստանի» համագումարում, սեպտեմբերի 24-ին: Պուտինն ու Մեդվեդևը հարյուրավոր կուսակցականների ծափերի տակ բեմ բարձրացան ու հայտարարեցին իրենց ծրագրերը: «Ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ համագումարը պաշտպանի կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում»` հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը:- Այս ծափերը ինձ իրավունք են տալիս չբացատրել` ինչ փորձ ու հեղինակություն ունի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը»: Մեդվեդևին Պուտինն առաջարկեց դառնալ վարչապետ: Պուտինը համագումարում ասաց, որ հետագա աշխատանքի բոլոր պայմանավորվածությունները վաղուց էին կայացված: Առավել հավանական վարկածով` Մեդվեդևի հետ նրանք պայմանավորվել են 2011-ի օգոստոսին: Պուտինի համար դա երրորդ նախագահական ժամկետն էր և նրան քննադատողները խոսում էին Սահմանադրությունը խախտելու մասին: Հիմնական օրենքի 81-րդ հոդվածում նշված է, որ «Միևնույն մարդը չի կարող ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի անընդհատ»: Պուտինը և ԿԸՀ-ն, նրանց գրանցելիս, առաջադրումը համարում էին օրինական` նա աշխատել էր երկու ժամկետ անընդհատ, հետո 4 տարի նախագահ չէր աշխատել, հետևաբար հաջորդ ժամկետը համարվում է առաջին: Քննադատներն ասում էին, որ Սահմանադրության մեջ խոսվում է երկու ժամկետով սահմանափակման մասին ընդհանրապես: Նրանք հղում էին անում Սահմանադրական դատարանի 1998-ի որոշմանը, որ նախագահական իրավասությունների երկու ժամկետը «սահմանադրական սահման են կազմում»: Պուտինին առաջադրեց «Միասնական Ռուսաստանը»: Ընտրարշավը 162 օր էր: Նա ստացավ ձայների 62,6 %-ը:
Ամբողջ 2017-ը Պուտինը խուսափում էր նորից առաջադրման վերաբերյալ հարցերից: Նա քաղաքական հայտարարություններ էր անում, նյութական աջակցություն էր խոստանում առաջին երեխայի ծննդի համար, ընտրողների տարբեր խմբերի հետ հանդիպումներ էր ունենում: Բայց պաշտոնապես Կրեմլը հայտարարում էր, որ կոռեկտ չէ խոսել ընտրարշավի մասին: Դեկտեմբերի սկզբին ոչ պաշտոնապես սկսեցին քննարկել և առաջադրման օրը` դեկտեմբերի 6: Այդ օրը նախագահի օրակարգում երկու միջոցառում կար` կամավորների համաժողով Մոսկվայի «Մեգասպորտ» մարզական համալիրում և այց Նիժնի Նովգորոդի ԳԱԶ ավտոմոբիլի գործարան` 85-ամյակի առիթով: Երիտասարդների ու բանվորների միջև Պուտինն ընտրեց բանվորներին: Սկզբում առաջադրման մասին Պուտինին հարցրին կամավորների համաժողովում: Արձանիկով պարգևատրված «տարվա կամավոր», ի պաշտպանություն Բայկալի հասարակական շարժման ղեկավար Մաքսիմ Տոկարը հարցրեց` գնալու՞ է ընտրությունների: Պուտինը հարցին հարցով պատասխանեց: Ասաց, որ որոշումը պետք է ընդունվի` ելնելով համերկրացիների աջակցությունից: «Եթե ես որոշեմ, դուք ու ձեր մերձավորները կաջակցե՞ք իմ որոշմանը»` հարցրեց Պուտինը: «Այո»` բարձր պատասխանեց դահլիճը: «ՈՒրեմն կմտածեմ և որոշումս կընդունեմ առաջիկայում»` ասաց Պուտինը: Նրան երկուսուկես ժամ էր պետք մտածելու համար: Երեկոյան 5-ին նրան նորից հարցրին` այս անգամ ավտոգործարանի կոլեկտիվի անունից. «Նվեր արեք մեզ, հրապարակեք ձեր որոշումը: ԳԱԶ-ը Ձեզ հետ է»` ասաց նրան ավագ վարպետ Արտյոմ Բարանովը: «ԳԱԶ-ը Ձեզ հետ է»` կրկնում էր դահլիճը: «Հայտարարելու ավելի լավ տեղ, հավանաբար, չկա: Այո, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը»` պատասխանեց Պուտինը ծափերի տարափի տակ: Ընտրությունը 2018-ի մարտի 18-ին է:
ВВС


Հ.Գ. Պուտինն ընտրությունների է գնում իբրև հաղթող: «ԻՊ-ի բոլոր զինված կազմավորումները Սիրիայում ոչնչացված են»` հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: ԻՊ-ի դեմ լիակատար հաղթանակի մասին ՌԴ նախագահին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Երկու ժամ առաջ պաշտպանության նախարարը զեկուցեց, որ Եփրատի արևելյան ու արևմտյան ափերին ռազմական գործողություններն ավարտվել են ահաբեկիչների լիակատար ջախջախումով»` դեկտեմբերի 6-ին ասաց Պուտինը լրագրողներին: Դեկտեմբերի 5-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ԻՊ-ի վերջին անկլավի ոչնչացումը Սիրիայի արևելքում:


Մնում է Սիրիայում քաղաքական իշխանության հարցը և ընտրություններից առաջ ՌԴ նախագահը բոլոր իրավունքներն ունի ու չի նահանջի նաև այդ հարցում:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղա Նիկոլայ Պատրուշևը նոյեմբերի 30-ին ասում էր, որ սկսվել է Սիրիայից ՌԴ զինուժի դուրսբերման նախապատրաստումը:
«Коммерсант»-ը գրեց, որ Սիրիայում ՌԴ զինուժի մասնակի կրճատումը ենթադրում է Հմեյնիմի ավիաբազայից տեխնիկայի դուրսբերում ու ռազմական ստորաբաժանման մասնակի վերադարձ Ռուսաստան: Արդեն երկու տարի ռուսական զինվորները կռվում են Սիրիայում: Փորձագետները համարում են, որ կոնֆլիկտին Ռուսաստանի միջամտության բուն նպատակը միջազգային ասպարեզում ՌԴ դերի մեծացումը և սիրիական թեման համաշխարհային մյուս տերությունների հետ առևտրում օգտագործելն էր: Եվ բնական է, որ նախագահական ընտրություններից առաջ Պուտինը կընտրի ոչ թե զորավարի, այլ` խաղաղարարի իմիջը: Օգոստոսին «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով` հարցվածների 49 % -ը աջակցում է Սիրիայում ռազմական գործողությունների ավարտին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ