Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը Պավլոպուլոսից պահանջեց վերանայել սահմանները

Էրդողանը Պավլոպուլոսից պահանջեց վերանայել սահմանները
09.12.2017 | 00:25

65 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահի այցը Հունաստան սկսվեց կտրուկ հայտարարություններից: Էրդողանը հայտարարեց, որ 1923-ի պայմանագիրը, որը Առաջին աշխարհամարտից հետո հաստատել է Թուրքիայի ու Հունաստանի սահմանները, անարդար է կիրառվում: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը մերժեց Լոզանի պայմանագրի որևէ փոփոխություն: Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են 1950-ականներից, սակայն փոխհարաբերությունները մնում են լարված: Լարվածության պատճառները բազմազան են: Բազմամյա վեճերը Էգեյան ծովի անմարդաբնակ կղզիների պատկանելության համար 1996-ին երկու պետություններին հասցրին պատերազմի եզրին: Նրանք չկարողացան խաղաղության համաձայնագրի հասնել Կիպրոսի հարցում` Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային մաս 1974-ին` ի պատասխան ռազմական հեղաշրջման, որին աջակցում էր Աթենքը: Թուրքիան հայտարարում է, որ Հունաստանի հյուսիս-արևելքում չեն պահպանվում թուրքական ծագումով մուսուլմանական փոքրամասնության իրավունքները: Էրդողանը Աթենքում հայտարարեց, որ նրանց թույլ չի տրվում ինքնուրույն ընտրել մուֆթիներին, իսլամ աստվածաբաններին նշանակում են Հունաստանի կենտրոնական իշխանությունները: Թուրքիան դժգոհ է Հունաստանի Գերագույն դատարանի վճռից, որը կասեցրել է թուրք 8 զինվորականների արտահանձնումը, որ փախել են Հունաստան` իբր ձախողված հեղաշրջման փորձին մասնակցելուց հետո անցյալ տարի: Էրդողանը համառորեն պահանջում է այդ մարդկանց:


Հունաստանը բողոքում է, որ Թուրքիան պարբերաբար խախտում է իր օդային ու ռազմածովային սահմանները: Հարևանների լարված հարաբերությունները պահպանվում են 19-րդ դարի 30-ականներից, երբ Հունաստանն անկախացավ Օսմանյան կայսրությունից:
Վճռական ելույթներ ընդդեմ և ի պաշտպանություն Լոզանի պայմանագրի հնչեցին համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահի երկօրյա այցի առաջին օրը: Էրդողանը հայտարարեց, որ մուսուլմանների հետ վարվելակերպը վկայում է, որ Աթենքը չի կատարում պայմանագիրը: «Նրանց անհրաժեշտ աջակցություն չի արվում ներդրումների տեսակետից և... շահագործում կա»,- ասաց նա ու հավելեց, որ պայմանագրի որոշ կետեր բացատրությունների կարիք ունեն: Ի պատասխան Պրոկոպիս Պավլոպուլոսը, որ Հունաստանում հայտնի է իբրև լավագույն իրավագետներից մեկը, հայտարարեց. «Այդ պայմանագիրը մեզ համար բանակցությունների առարկա չէ, այդ պայմանագիրը բացեր չունի և վերանայման ու նորացման կարիք չի զգում: Պայմանագիրը ուժի մեջ է ներկա տեսքով»:
Չնայած երկու երկրների տարաձայնություններին` Էրդողանն ու Ցիպրասը ջերմ հարաբերություններ ունեն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ասաց, որ երկու երկրները պայմանավորվել են «վստահության ամրապնդման միջոցներ» ձեռնարկել, հավելելով, որ կարևորը տեսակետների տարբերությունները հանգիստ քննարկելն է: «Մեր տարաձայնությունների ու վեճերի մասին մենք պետք է խոսենք կառուցողական, առանց չափազանցությունների ու սադրանքերի և հարգենք դիմացինի տեսակետը»,- նկատեց Ալեքսիս Ցիպրասը Էրդողանի ներկայությամբ: Երկու երկրների կառավարություններն էլ հույս ունեն հարաբերությունների նոր էջ բացել և ինֆրակառույցների զարգացման ոլորտում համատեղ նախագծերի պայմանագրեր ստորագրել:
BBC


Հ.Գ. Հետաքրքիր է` Էրդողանը միայն Լոզանի՞ պայմանագրի վերանայման կարիք ունի, թե՞ հանուն արդարության նաև Առաջին աշխարհամարտից հետո կնքված մյուս պայմանագրերի էլ: ՈՒ ընդհանրապես` եթե գնացել է Աթենք վարչապետի հետ համատեղ տնտեսական ծրագրեր քննարկելու, ինչու՞ է նախագահից իրավունքներ ու տարածքներ պահանջել: Հերի՞ք չէ, որ հիմնավորվել են Բյուզանդիայի ու Հայաստանի տարածքում ու իրենց տեր են հռչակել` յուրացնելով տարածքը, հարստությունն ու պատմությունը: Գուցե Էրդողանը իր նախագահական նոր ժամկետից առաջ փորձում է կյանքի կոչել հիմնովին մոռացված «Հարևանների հետ 0 խնդիրներ» կարգախո՞սը` բոլոր հարևանների հետ բազում խնդիրներ հարուցելուց հետո: Ինչու՞ ոչ: Նա վստահ է ընտրություններում իր հաղթանակին` իզու՞ր Սահմանադրություն փոխեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ