Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Սահմաններ չեն լինի` Լոնդոնն ու Բրյուսելը պայմանավորվեցին

Սահմաններ չեն լինի` Լոնդոնն ու Բրյուսելը պայմանավորվեցին
09.12.2017 | 00:29

Բրեկզիտի բանակցություններում նշանակալից առաջընթաց կա` հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Դա կողմերին թույլ է տալիս անցնել Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության ապագա փոխհարաբերությունների քննարկումներին: Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մասնակցեց Իռլանդիայի հետ սահմանի հարցի քննարկումներին: Նա ասաց, որ սահման իր դասական ընկալումով (սահմանապահներով ու սահմանային անցակետերով) չի լինի, սահմանն առավելագույնս ազատ կլինի: Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիները «կկարողանան ապրել ինչպես առաջ», Բրիտանիայում ԵՄ 3 միլիոն քաղաքացիների իրավունքները երաշխավորված են բրիտանական օրենսդրությամբ:

ԵՄ երկրներում ապրող բրիտանացիների իրավունքները ևս չեն փոփոխվի, նրանց գրանցումը կլինի «էժան ու պարզ»` վստահեցրերց Յունկերը: Մեյը հաստատեց, որ Բրիտանիան հաստատապես հեռանում է ԵՄ-ից, բայց մտադիր է խոր գործակցություն ու հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Որպեսզի բրեկզիտի բանակցություններն անցնեն գործնական փուլ, անհրաժեշտ էր 3 հարց լուծել` ԵՄ-ի և ՄԲ-ի քաղաքացիների իրավունքները, դուրս գալու գինը, որ Լոնդոնը պետք է վճարի Բրյուսելին, և Իռլանդիայի սահմանը: Բրյուսելում մամլո ասուլիսում Ժան Կլոդ Յունկերն ասաց, որ պայմանավորվածությունները փոխզիջումային են: «Բանակցությունները բարդ էին և Բրյուսելի, և Լոնդոնի համար»` հավելեց նա: Թերեզա Մեյի խոսքով` երկու կողմերն էլ պետք է զիջումների գնային: Ներքին քաղաքականության փորձագետ Քրիս Մեյսոնի գնահատականով` բանակցությունների առաջին փուլի ավարտն արդեն լավ նորություն է Դաունինգ սթրիթի համար, բայց չպետք է մոռանալ, որ դա միայն բանակցությունների սկիզբն է, շուտով սկսվելու է երկրորդ փուլը ապագա փոխհարաբերությունների շուրջ, որ հերթական լրջագույն քաղաքական բանավեճեր է բերելու: Հյուսիսային Իռլանդիայի հետ հաշտության հանգեցրած` 1998-ի համաձայնագիրը փաստացի վերացրեց սահմանը Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջև: Պաշտոնապես սահման կա, բայց գործնականում չի երևում, միայն ճանապարհային նշաններն են զգուշացնում, որ շարժման արագությունը արդեն հաշվվում է մղոններով: Քանի դեռ երկու երկրները ԵՄ-ում են, խնդիր չկա` ներքին բոլոր սահմանները բաց են: Միացյալ Թագավորության ու Իռլանդիայի միջև սահմանի ազատ անցման պայմանագիրը (Common Travel Area` ընդհանուր ճանապարհորդությունների տարածք) կար 1950-ականներից: Իռլանդիան պնդում է, որ այդ վիճակը պահպանվի և հետագայում: Դատելով Թերեզա Մեյի հայտարարությունից` Բրիտանիան համաձայն է: Պայմանագրում ասվում է, որ Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի առնչությամբ Բրիտանիան երաշխավորում է, որ անկախ Լոնդոնի ու Բրյուսելի հետագա փոխհարաբերությունների շուրջ բանակցությունների արդյունքներից, կղզու երկու մասերի միջև սահմանը բաց կմնա և ԵՄ կարգավորումները կշարունակեն գործել Հյուսիսային Իռլանդիայում: Լոնդոնը նաև երաշխավորում է, որ հյուսիսիռլանդական բիզնեսը լիակատար ազատ մուտք ունի ամբողջ Բրիտանիայում: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը բանակցությունների առաջընթացն անվանեց Թերեզա Մեյի «անձնական նվաճում», բայց հավելեց, որ բանակցությունների առավել դժվար մասը դեռ մնում է:

Տուսկը ասաց, որ Բրյուսելը պատրաստ է սկսել Լոնդոնի հետ ապագա սերտ հարաբերությունների նախապատրաստությունը անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ու միջազգային հարաբերությունների ոլորտներում և հավելեց, որ Լոնդոնը պետք է իր տեսակետները ներկայացնի այդ համագործակցության վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ բանակցությունների առաջին փուլը կես տարի պահանջեց, թեպետ քննարկվում էին համեմատաբար պարզ հարցեր, և ավելի բարդ կլինի համաձայնությունը Լոնդոնի ու Բրյուսելի ապագա հարաբերությունների հարցերում:
BBC


Հ.Գ. Տարբերակ 1. Լոնդոնն ու Բրյուսելը ապագա փոխհարաբերությունների հարցերում ու հատկապես ֆինանսական առումով համաձայնության չեն գալիս:
Տարբերակ 2. Լոնդոնն ու Բրյուսելը բոլոր հարցերում փոխընդունելի լուծումներ են գտնում և հիանալի համագործակցում են:
Տարբերակ 3. Ընդհանուր համաձայնությունները տեղ-տեղ արտահայտվում են անհամաձայնության արձանագրումով:
Բոլոր տարբերակներում տեղ է մնում, որ ինչ-որ պահի Մեծ Բրիտանիայում հանրաքվեի է դրվում ԵՄ մտնելու հարցը և Լոնդոնը դիմում է Բրյուսելին անդամակցության հայցով: Դա, իհարկե, չի լինի Դոնալդ Տուսկի ու Թերեզա Մեյի օրոք, բայց 21-րդ դարը դեռ նոր է սկսվել ու երկար է տևելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ