Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկարան փորձում է նեոօսմանիզմն ինտեգրել ԵՄ-ում

Անկարան փորձում է նեոօսմանիզմն ինտեգրել ԵՄ-ում
10.12.2017 | 21:37

Երբ Հունաստան այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակային հայտարարություններում սկսեց կապել 1923-ի Լոզանի պայմանագիրը թուրքական մուսուլմանական փոքրամասնության խնդիրների հետ հունական Թրակիայում, զարմացրեց ոչ միայն հույներին, այլև թուրքերին` կարծում է թուրք լրագրող Մուրադ Ետկինը: Daily Sabah-ը գրում է, որ Արևմտյան Թրակիայի թուրք բնակչությանը 1923-ի պայմանագրով փոքրամասնության կարգավիճակ չի տրվել և այդ պատճառով Հունաստանի կառավարությունը չի ճանաչում նրա էթնիկ նույնականությունը` պնդելով, որ Լոզանի պայմանագրում «թուրքական փոքրամասնություն» արտահայտություն չկա: Բանավեճը Էրդողանը սկսեց ուղիղ եթերում:

Սկզբում նա հարցազրույց տվեց հունական ԶԼՄ-ներին ու բարձրացրեց այդ հարցը, հետո երբ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարեց, որ Լոզանի պայմանագրի վերնայման մասին խոսք լինել չի կարող, Էրդողանը հակադարձեց` պայմանագիրը միայն Աթենքի հետ չի կնքվել, այլ 11 երկրների (այսինքն` միայն Հունաստանը չի որոշում` կարելի է վերանայել, թե ոչ), և պետք է ամբողջ ծավալով կատարվի: «Մենք շատ կարևոր որոշումներ ենք ընդունել, որ բավարարենք մեր քաղաքացիների` էթնիկ հույների պահանջները և իրավունք ունենք նույնն ակնկալել Աթենքից»` ընդգծեց Էրդողանը` ելույթ ունենալով Կոմոտինի համայնքում Կիրմախալայի մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո: 150000-անոց (այլ գնահատականներով` 130000) փոքրամասնությանը նա անվանեց «կամուրջ Թուրքիայի ու Հունաստանի միջև»: Տարածքի գլխավոր խնդիրներից մեկը հոգևորականներին է վերաբերում` կան ընտրված, բայց հունական իշխանությունների կողմից չճանաչված մուֆտիներ և հունական իշխանությունների նշանակած մուֆտիներ: Էրդողանն ընդգծեց, որ Կոստանդնուպոլսի «պատրիարքը Թուրքիայում չի նշանակվում, այլ Սինոդն է ընտրում», և հավելեց. «Մենք պահանջում ենք, որ Հունաստանի կառավարությունը չձգտի ուծացնել մեր եղբայրներին»` առաջադրելով` «ինտեգրում` ուծացման փոխարեն» դրույթը: Էրդողանի այդ դեմարշը բազում հարցեր հարուցեց: Եվ` մեկնաբանություններ: Ետկինի կարծիքով` նախագահը Թուրքիայի ուշադրությունը բևեռում է Աթենքի հետ հին խնդրի վրա, մինչդեռ աշխարհը զբաղված է այլ ճգնաժամով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման վրա: Ինչու՞ Էրդողանը ձայնը չբարձրացրեց Վաշինգտոնի վրա, այլ գերադասեց կենտրոնանալ Լոզանի վրա: Ետկինը կարծում է, որ նա փորձում է վերահսկողություն պահել հակաամերիկյան հնարավոր բողոքների վրա, որ «խուսափի անցանկալի հետևանքներից»: Հույն որոշ քաղաքագետներ համոզված են, որ հյուրը շրջանցիկ մանևր արեց` ցանկանալով Հունաստանը ցնցել: Անկարայի Բիլկենտ համալսարանի պրոֆեսոր Իոհանիս Գրիգորիադիսը նշում է, որ Թուրքիայի դիրքավորումը իբրև մուսուլմանական փոքրամասնության պաշտպան Բալկաններում Անկարայի ավանդական արտաքին քաղաքականությունն է: Փորձագետի կարծիքով` Էրդողանը բոլոր դեպքերում պիտի հիշեր Հունաստանում մուսուլմանական փոքրամասնությանը` հենվելով իր թուրքական «աջ թևին, որ իր հիմքն է»:

Սակայն կարևոր նյուանսներ կան: Հունաստանում Թուրքիայի նախագահի ելույթին աջակցեց նրա ընդդիմախոսը` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն, որ եզակի դեպք է: Լինելով Լոնդոնում` նա ելույթ ունեցավ Chatham House վերլուծական կենտրոնում: «Թուրքիայում ապրող փոքրամասնությունները կարող են ընտրել իրենց հոգևոր առաջնորդներին Լոզանի պայմանագրով, բայց Հունաստանը չի պահպանում այդ կանոնը»` ասաց նա: Չնայած ստեղծված իրավիճակին` նշանակված մուֆտիները իրավասու են լուծել տեղացի մուսուլմանների ընտանեկան ու ժառանգական խնդիրները շարիաթի օրենքներով: Թեպետ վերջերս այդ տարածք այցելած վարչապետ Ալեքսիս Ցիպրասը շարիաթի կիրառումը անվանեց գործոն, «որ պատիվ չի բերում մեզ` իբրև ԵՄ անդամ պետության»: Հունաստանի կրթության նախարարությունը օրենսդրության փոփոխության խորհրդակցություններ է անցկացնում, որ պետք է թույլ տա մուսուլման փոքրամասնությանը ամուսնությունների, ամուսնալուծություների, ժառանգության հարցերի կարգավորման համար ընտրել կամ իսլամական իրավունքը, կամ` սովորական: Թուրքական կառավարական Anadolu գործակալությունն ընդգծեց, որ Քիլիչդարօղլուն Հունաստան այցի ժամանակ հանդիպել է ընտրված, ոչ թե պետության նշանակած մուֆտիի հետ` հավելելով, որ Աթենքը պետք է կատարի ՄԻԵԴ-ի որոշումները այդ հարցում: Դրան հղում անելով` Թրակիայում Էրդողանը դիմելով տեղական փոքրամասնությանը` ասաց. «Մենք ուզում ենք, որ դուք կարողանաք օգտվել Լոզանի պայմանագրի բոլոր առավելություններից` մարդու իրավունքների միջազգային սկզբունքների և ԵՄ-ի համապատասխան: Այդ առումով մենք սպասում ենք ՄԻԵԴ-ի որոշմանը»:

Հաշվի առնելով Թուրքիայի նախագահի հիշեցումը, որ Լոզանի պայմանագիրը կնքել են 11 երկրներ, որոնց մեծ մասը եվրոպական տերություններ են, ԵՄ-ի գործոնի ներառումը Հունաստանում փոքրամասնությունների խնդիրների ենթատեքստում, կարելի է ենթադրել, որ Անկարան պաս է տալիս ԵՄ-ին, բայց ցանկանում է դա անել իր պայմաններով, միակողմանի: Մյուս կողմից` այդ երկխոսության մեջ Էրդողանը հանդես է գալիս ոչ այնքան Աթաթուրքի դերում, որ անտարբեր, եթե ոչ թշնամաբար էր տրամադրված կրոնների նկատմամբ, որքան իբրև օսմանյան սուլթան, որի կայսրությունում կրոնական համայնքները ինտեգրված էին միասնական համակարգում, իսկ քրիստոնյա փոքրամասնությունն ուներ որոշակի կանոններ ու իրավասություններ: Պատահական չէ հիշեցումը, որ ներկա Թուրքիայում Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հոգևորականները ինքնավարություն ունեն: Պատահական չէ և Էրդողանի մտադրությունը` ներկա լինել հունվարի 7-ին Սուրբ Ստեփանոս եկեղեցու բացմանը Ստամբուլում Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի և Բուլղարիայի պատրիարք Նեոֆիտի հետ, որ նույնպես Օսմանյան կայսրության ժամանակների պատմական հիշողություններ է արթնացնում: Անկարան ուզում է ինտեգրել նեոօսմանիզմը ինչ-որ ժամանակ առաջ սկսած դեպի Եվրոպա ճանապարհի հետ: Բայց կհամաձայնե՞ն եվրոպացիները: Այդ թվում` հաշվի առնելով, որ ԵՄ-ն խաղեր է սկսում Սաուդյան Արաբիայի հետ, որ օրերս Բրյուսելում իր առաքելությունը բացեց, և գահաժառանգ Մուհամեդ իբր Սալմանի, որ մտադիր է անցնել «չափավոր իսլամին»: Իրադարձությունները ցույց կտան:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Ինչ է սահմանում Լոզանի պայմանագիրը, հարցի մի կողմն է: Կա երկրորդ` առավել կարևոր կողմը` ինչպես է պայմանագիրը կատարվում: Միանշանակ բազում տարբերություններ կան Թուրքիայի և այլ երկրների միջև: Պատահական չէ, որ միայն յուրայինների շրջապատում` Կոմոտինի Կիրխմալա մզկիթում է Էրդողանն ասել. «Մենք շատ կարևոր որոշումներ ենք ընդունել, որ բավարարենք մեր քաղաքացիների` էթնիկ հույների պահանջները և իրավունք ունենք նույնն ակնկալել Աթենքից», եթե նախագահին կամ վարչապետին ասեր, ստիպված էր լինելու ապացույցներ բերել: Իսկ ապացույցները հակառակն են ապացուցում: Ազգային փոքրամասնությունների ուծացման քաղաքականությունը Թուրքիայում պետական քաղաքականություն է, ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրության (ավելի ճիշտ` չընտրության և համայնքը երկփեղկելու մեջ թուրք պաշտոնյաների դերը) գործընթացը լավագույն վկայությունն է, թե ինչպես են Անկարայում հասկանում կրոնական ազատությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ