Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կախեք Պոտամոնոմին

Կախեք Պոտամոնոմին
12.12.2017 | 01:01

Իսկ ի՞նչ է էկլեկտիզմը, եթե ոչ հատվածականություն: Նայած հատվածներին: Նայած ի՞նչն ես կցմցում ու ի՞նչ ես ուզում ամբողջացնել հատվածիկներով: Հայաստանում, օրինակ, այդպես վարվում են ամեն ինչի հետ` քաղաքականության, տնտեսության, կրթության, ճարտարապետության, գյուղատնտեսության, գիտության և այն ամենի, ինչ անվանում են մշակույթ: Այդպիսին է մտածողությունը: Էկլեկտիկ:

Տարբեր սկզբունքների, տեսակետների, հայացքների մեխանիկական, անսկզբունք միացում: ՈՒ դա բնավ հայերիս գյուտը չէ: 2-րդ դարից ալեքսանդրիացի հույն փիլիսոփա Պոտամոնոմին եք պարտական այդ խառնափնթորության համար: Նա է միավորել տարանուն, ներքին կապ չունեցող, անհամադրելի գաղափարները, հայեցակարգերը, ոճերը` բազմանշանակ ու անհստակ հասկացությունները, սխալներն ու ճշմարտությունը, ենթատեքստից կտրված փաստերն ու ձևակերպումները խառնել մի տեղ` անտեսելով տրամաբանությունը, պատճառահետևանքային կապը, բայց` ապահովելով տրամաբանության ու հետևողականության պատրանք:


Էկլեկտիկան կավ է, որից ինչ ասես կարող է ստանալ մարդը, որ առաջին անգամ է կապել բրուտի գոգնոցը: Էկլեկտիկան մեթոդ դարձավ հին հունական փիլիսոփայության անկման և ինտելեկտուալ անզորության շրջանում և լիուլի անցավ միջնադարյան սխոլաստներին: Էկլեկտիկան իրենց զինանոցում փայլուն զենք են դարձրել գովազդի ու քարոզչության գիտակները` զգալով, որ հատվածականն ավելի մեծ ազդեցություն ունի ամբողջականից: Էկլեկտիկան հաճախ է օգտագործվում իրականության նկարագրության մեջ: Հատկապես տեսության ձևավորման շրջանում, երբ դեռ չկա բեկորված փաստերի, պատկերացումների ու հիպոթեզների վերջնական պատկերը: Միով բանիվ` էկլեկտիկան ընթացք է, որ տանում է ինչ-որ տեղ կամ ոչ մի տեղ: Նայած ով է գնացողը և ինչ է ուզում: Էկլեկտիկայի դատարկությունն ու ապարդյունությունը դեռ Սոկրատեսն ու Արիստոտելն են քննադատել, բայց նրանք գնացել են, էկլեկտիկան` մնացել:


Էկլեկտիկան անմահ է, որովհետև հնարավորություն է տալիս զանգվածային գիտակցության մեջ տրամաբանական հիմքերն ու եզրակացությունները փոխարինել ըստ առաջադրված նպատակի` խաղարկելով հոգեբանությունը, ավանդույթները, սովորույթները, մոդան ու մարդու թուլությունները: Կոնվերգենցիային ու դիվերգենցիային չհասնենք, կանգ առնենք այս կետում ու շուրջներս նայենք: Կարող եք կախել Պոտամոնոմին, բայց այդպես էլ բացատրություն չստանալ` եթե նախարարն իր տեղակալի հետ աշխատել չի ուզում, պարտադի՞ր է տեղակալը դառնա բուհի ռեկտոր, եթե նույնիսկ հայերեն չգիտի ու չի պատկերացնում` ի՞նչ է ուսումնական գործընթացը: Կախեք Պոտամոնոմին, բայց նախ բացատրություն ստացեք` ըստ էկլեկտիկայի` ո՞րն է կարևոր, որ ուսանողը գիտելի՞ք ստանա, թե՞ բուհից դուրս չմնա: Ըստ էկլեկտիկայի` օտար լեզվի բուհի շրջանավարտը, որ մի քանի տարի սովորել է, ասենք, ռուսերեն կամ անգլերեն, ավարտական դիպլոմային աշխատանքը հայերե՞ն պիտի գրի, որովհետև պետական լեզուն հայերենն է: Թե՞ այն լեզվով, որ սովորել է: ՈՒ ինչպե՞ս է հայերենի միջոցով գնահատվում ռուսերենի կամ անգլերենի իմացությունը: Համարժե՞ք: Ինչի՞ն` գլխի՞, թե՞ գրպանի պարունակությանը: Եթե Պոտամոնոմին դեռ չեք կախել, թողեք ապրի, միևնույն է` ինքը կկախվի, երբ սկսեք հարցեր տալ, օրինակ, հայկական քաղաքական Օլիմպոսի անցուդարձից: Կամ` շրջակայքի: Իսկ ավելի լավ է` շրջապատի: Բացատրեք Պոտամոնոմին ի՞նչ է սոցիոլոգիական հարցումը, թողեք մի քիչ էլ ինքը խաղա այդ խաղալիքով ու երբ հավեսը հանի, հարցրեք՝ հավատու՞մ է Gallup International Association-ի հարցումներին: Եթե ասի` «Այո, իհարկե», կամ` «Իհարկե` ոչ», հարցրեք` կարո՞ղ է վարչապետի վարկանիշը լինել 57 տոկոս, երբ 26,2 տոկոսն է նրա աշխատանքը դրական գնահատում: Կամ` վարչապետի վարկանիշը 85 տոկոսից դառնում է 57, որ ՀՀ նախագահի աշխատանքը դրական գնահատի՞ 26,7 տոկոսը, իսկ վարչապետինը` 26,2:

Եթե Պոտամոնոմն արդեն պարան ու օճառ խնդրի, ասեք, որ ավելի ծանր պատիժ կա և ուղարկեք Արմեն Ռուստամյանին հյուր: Նա, օրինակ, վստահ է, որ վարչապետի վարկանիշը չի իջել, հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս, և Կարեն Կարապետյանը «իհարկե կարող է» մնալ վարչապետ:
Իսկ հիմա տառապյալ Պոտամոնոմին բացատրեք` ինչ է նշանակում կոալիցիա, ինչ է նշանակում կոալիցիա Հայաստանում, և հարցրեք` կոալիցիան միասնակա՞ն տեսակետ պիտի ունենա, թե՞ ոչ: Եթե այո, էկլեկտիկ դրսևորու՞մ է, թե՞ ոչ, երբ կոալիցիայի ՀՀԿ ներկայացուցիչն ասում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից, դա ում դուրը կգա, ում դուրը չի գա։ ՈՒմ դուրը չի գա, թող գնան իրենց համար կուսակցություն բացեն ու իրենց առաջնորդին երկրպագեն»: Եթե Պոտամոնոմը ձեզ պատասխանի, որ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ական է, ի՞նչ կապ ունի նրա հետ, թե ինչ է ասում ՀՀԿ անդամն իր կուսակցության նախագահի մասին, պատասխանեք, որ նա էկլեկտիկայից ոչինչ չի հասկանում: Որովհետև երբ Էդվարդ Շարմազանովն ասում է` ինչ ասում է, վերաբերում է բոլորին ու ընդհանրապես: Կուսակցությունից ներս ու դուրս: Կոալիցիայից ներս ու դուրս: Երկրից ներս ու դուրս: Իսկական էկլեկտիկան դա է, ու դա վարպետություն է պահանջում: Ոչ միայն արտահայտման, այլև ընկալման:


Հայաստանում բոլորը գիտեն, որ 2018-ի ապրիլի 9-ից վարչապետ է փոխվելու: Նոր վարչապետի անունն էլ գիտեն: Ազգանունն էլ: Վաղուց, 2015-ից արդեն հարց չէ` անկախ ով ինչ է խոստացել, ում է խոստացել ու ինչու է խոստումը դրժում: Էկլեկտիկան տոնախմբում է: Եվ` անցում մյուս պաշտոններին: Պոտամոնոմին այլևս հարց չտաք, մեղք է հույնը: Նա արդեն զղջացել է իր արածի համար, բայց ոչինչ փոխել չի կարող: Եվ ընդհանրապես չի բացառվում, որ նա արդեն ՀՀԿ մտնելու դիմում է գրել ու համալրելու է երիտՀՀԿականների շարքերը` 45 տարեկան Կարեն Ավագյանը կարող է, նա չի՞ կարող երիտասարդ համարվել: Վստահաբար նա նույնիսկ ուզում է ԱԺ նախագահ դառնալ` Արփինե Հովհաննիսյանը կցանկանա, նա չի՞ ցանկանա: Ժանրի կանոններով` նրա շանսերն ավելի մեծ են` իր անունը կապվում է միայն մեկ փիլիսոփայական ուղղության հետ, իսկ Արփինե Հովհաննիսյանը մեծ շրջապատ ունի: Թեպետ դա միֆ է` ամեն ինչի համար նա պարտական է իր տաղանդին` ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Կարեն Կարապետյանը, ոչ ոք նրա համար կարիերայի ցատկահարթակ չեն եղել: Միայն ինքն ու իր տաղանդը: Մեկ էլ նա, ով գիտի գնահատել տաղանդի դրսևորումները: Եթե ձանձրալի հույնը շարունակում է հանուն արդար մրցակցության հարցնել, թե ի՛նչ դրսևորումներ ու ո՞վ է գնահատողը, ուղարկեք նրան Ալեքսանդրիա: Եթե հրաժարվի, որովհետև այնտեղ հիմա եգիպտացիներն են, ասեք, որ Աթենքում էլ Էրդողանն էր: Հետո ի՞նչ: Ամեն մեկն իր գործն է անում: Օրինակ` Հակոբ Հակոբյանն ասում է` «Աղքատները թանկացած մթերք չեն գնում, ուրեմն թանկացումները նրանց վրա չեն ազդի»: Կարագի, պանրի, մսի, կաթնամթերքի հետքերով կարտոֆիլի գինն էլ կբարձրանա: Հակառակ Խոսրով Հարությունյանի: ՈՒ` տրամաբանության: Պարզվում է` պետությունը բոլոր աղքատներին պահել չի կարող, թեպետ ամեն ինչ անում է աղքատացնելու համար: Եթե դեռ ոչ մի տեղ չմեկնած Պոտամոնոմը զայրանա ու ասի, որ ամենակարկառուն էկլեկտիկը դուք եք, որ անկապ անուններ, դեպքեր ու մեջբերումներ եք անում, թեթևակի խոնարհվեք փիլիսոփայի առաջ ու հպարտ ասեք, որ ամեն ինչ փոխվում ու փոփոխվում է: Այդ թվում` էկլեկտիկան: ՈՒ ընդհանրապես նաև հիշեցրեք, որ Արա Բաբլոյանի գոտին ու կոշիկները հանում են Մոսկվայում, բայց Բրյուսելից հետո դա չի նշանակում, որ Երևանում նրան գործից են հանում: Բարձր պաշտոններում պետք են կամ անկարծիք մարդիկ, կամ բժիշկներ: Ակնարկեք Պոտամոնոմին, որ գնա ու կուսակցություն ստեղծի` սրա-նրա պաշտոնին հավակնելու փոխարեն, հասկացրեք, որ ՀՀԿ-ն նրա դիմումը կմերժի` ՀՀԿ-ում ընդունելությունը միայն ընտրություններից առաջ է, ընտրություններից հետո ավանդույթ է կուսակիցներին կամ կորցնելը, կամ` «գցելը»: Դա հին հունական ավանդույթ է` Եզոպոսին, օրինակ, ժայռից գցեցին, որ ոչնչի չհավակնի: Հայաստանում մամուլի բերանն են գցում` ավելի մարդասիրական է, նաև ժողովրդավարական: Երբ ինչ-որ մեկի առաջ իրենց մեղքն են զգում, սկսում են ամեն ինչում մեղադրել: Որ հանկարծ մտքով չանցնի` ինքը մեղադրի: Դա էլ ֆրանսիական ավանդույթ է` կայսերական: Նապոլեոն Բոնապարտից մնացած` «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ձևակերպումով: Ճիշտ է` Նապոլեոնն ասել է իր զորավարներին, մարտի դաշտում, բայց մանրուքներն անկարևոր են` կարևորը` Կայսրն է ասել:


Ժանրի կանոններից դուրս չգալով` Պոտամոնոմին ասեք, որ օլիմպիական խաղեր են երկու ամսից: Փետրվարի 9-25-ը՝ Հարավային Կորեայի Փխյոնչխան քաղաքում: Եթե հարցնի` Կորեան ի՞նչ է, ասեք, որ դուք էլ չգիտեք, բայց գիտի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Եթե շփոթված հույնը ձեզ կհարցնի` ի՞նչ գործ ունի մի երկրի նախագահը մեկ այլ երկրի մայրաքաղաքի հետ, ասեք, որ նա սիրում է Ամերիկան ու հրեաներին: Որ նա դատապարտված էր նախագահական ընտրություններում հաղթելու, որովհետև քաղաքականության հետ կապ չուներ, իր համար միլիարդատեր էր, իսկ ԱՄՆ ժողովուրդը հոգնել էր քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, Սպիտակ տանը ուզում էր սովորական մարդ տեսնել: Շարքային միլիարդատեր, որ ամերիկյան երազանք ուներ: Տեսավ: Միլիարդատերն էլ եկավ ու ասաց. «Մենք պետք է հայացքներս ուղղենք ապագային ու ձգտենք չգլորվել հին թշնամանքի անդունդը, որ բացարձակապես կանխատեսելի է դարձել: Խաղաղությունը հնարավոր է, եթե մարդիկ ուզում են: Այդ պատճառով այսօր մենք հանգստության ու չափավորության կոչ ենք անում` հույսով, որ հանդուրժողականության ձայները կխլացնեն նրանք, որ ատելություն են քարոզում: Մեր զավակները պետք է ժառանգեն մեր սերը, ոչ թե մեր կոնֆլիկտները»: Ասաց` «Եկեք վերաիմաստավորենք հին պատկերացումները և բացենք մեր սրտերն ու միտքը նոր հնարավորություններին ընդառաջ»: Իսկ նրան չհասկացան ու ինտիֆադա հայտարարեցին: Իսրայելին: Որովհետև ինքը հեռու է, իսկ Իսրայելը` կողքներին: ՈՒ քանի դեռ Պոտամոնոմն իր պայծառ հիշողությունը չի լարել ու հրեաների մասին պատմություններ չի սկսել, որ ունեն սկիզբ, բայց ոչ` ավարտ, արագ ասեք` հետո ինչ, մեր ապարանցին էլ ծննդյան օրը մտնում է եկեղեցի ու սովորույթի ուժով փչում բոլոր մոմերը: Համենայն դեպս, նաև հիշեցրեք, որ 1 հային խաբելու համար 3, բայց ոչ պակաս, քան 2 հրեա է պետք: ՈՒ եթե խոսքը հաշվի մասին է` ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ նորից առաջադրելու է իր թեկնածությունը ընտրություններում ու 2018+6=2024, իսկ 18+6=24: Քառորդ դար Կրեմլում: Որ նա կհաղթի, վկայում է ռուս ժողովրդի ալտրուիզմը: Օրինակ` նրանց համար ԱՊՀ նախագահներից ամենավստահելին Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն են: 62 ու 56-տոկոսանոց: Ստացվում է 118 տոկոս: Նրանք էլ են անփոփոխների փաղանգից: Պոտամոնոմը դեռ չի՞ կախվել: Փաստորեն էկլեկտիկան լավ էլ կենսունակ է: Հատկապես տեսության ձևավորման շրջանում, երբ դեռ անհասանելի է բեկորված փաստերի, պատկերացումների ու հիպոթեզների վերջնական պատկերը: Միով բանիվ` էկլեկտիկան ընթացք է, որ տանում է ինչ-որ տեղ կամ ոչ մի տեղ: Նայած ով է գնացողը և ինչ է ուզում: Բաս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ հիմա ամենակարևորը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման ճանաչեց ադրբեջանական ոչ նյութական ժառանգություն: Ստորաբար` նոր տարուց առաջ: Հիմա Ամանորի հայկական սեղաններից տոլման վերանալու՞ է: Հո չենք կարող ադրբեջանական մշակութային ժառանգությունն ուտել: Իհարկե` ոչ: Առաջարկում եմ.
1. Տոլմա ուտելու փոխարեն այս տարի քոչարի պարել:
2. Խնդրագիր ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ, որ 2018-ին Ադրբեջանի ոչ նյութական ժառանգություն ճանաչի խոզի բուդը: Հետո ինչ, որ խոզն ու իսլամը չեն համադրվում: Եթե տոլման համադրվեց, բուդն էլ կուտվի:
3. Դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու տոլմա ուտել, կամ պահանջել փակել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը կա` հերիք է: Շատ էլ է: Խիղճ էլ պիտի ունենաս: Փող էլ կխնայես:

Դիտվել է՝ 3568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ