Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինը ժամանեց Սիրիա և հրամայեց դուրս բերել զորքերը

Պուտինը ժամանեց Սիրիա և հրամայեց դուրս բերել զորքերը
12.12.2017 | 01:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի առավոտյան Հմեյմիմ ավիաբազայում հրամայեց սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը: Կոնֆլիկտի ընթացքում Պուտինն առաջին անգամ էր Սիրիայում և հայտարարությունն անելուց հետո թռավ Եգիպտոս` բանակցելու նախագահ Աբդել Ֆատախ աս Սիսիի հետ։ «Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին հրամայում եմ` սկսել ռուսական զորախմբի դուրսբերումը իրենց մշտական տեղակայման վայրեր»` հայտարարեց Պուտինը` ելույթ ունենալով զինվորականների առաջ Հմեյմիմում: Ավիաբազայում նրան հանդիպեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովկինը։ «Դուք հաղթանակով եք վերադառնում հարազատ օջախներ, ձեր մերձավորների, ծնողների, կանանց, երեխաների, բարեկամների մոտ։ Հայրենիքը ձեզ է սպասում, բարեկամներս»` հավելեց Պուտինը։ Նա ճշտեց, որ որոշվել է Ռուսաստան վերադարձնել զորախմբի մեծ մասը, բայց ոչ ամբողջ զորախումբը, որի կորիզը Հմեյմիմում տեղակայված ինքնաթիռների օդաչուներն են։ Եվ Հմեյմիմ ավիաբազան, և նյութատեխնիկական ապահովության բազան Տարտուսի նավահանգստում շարունակում են գործել։ Անցած շաբաթ ռուս զինվորականները ասում էին, որ մնացող զորախումբը հիմնական ջանքերը կկենտրոնացնի սիրիացիներին խաղաղ կյանքի վերականգնման մեջ։ «Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն, մենք այնպիսի հարվածներ կհասցնենք, որ նրանք դեռ չեն տեսել»` զգուշացրեց Պուտինը։


ՌԴ ու Սիրիայի նախագահները հանդիպեցին օդաչուների հետ։ Բաշար Ասադը նրանց հատուկ շնորհակալություն հայտնեց։ Առաջին տեղեկությունները, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ կարող է ավարտել 2 տարի տևած ռազմական գործողությունները, հայտնվեցին նոյեմբերին։ Նոյեմբերի 20-ին ընդունելով Սոչիում Բաշար Ասադին` Պուտինն ասել էր. «Ինչ վերաբերում է մեր համատեղ պայքարին Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ, այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է»։ Նոյեմբերի 21-ին Պուտինը հանդիպեց Իրանի ու Թուրքիայի նախագահների հետ, որ որոշի` ինչպես են զարգանալու հետագա իրադարձությունները։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ կառավարական ուժերի վերահսկողության տակ է Սիրիայի տարածքի 98 %-ը։ Դեկտեմբերի 6-ին Շոյգուն Պուտինին զեկուցեց ԻՊ-ի «լիակատար ջախջախման» մասին Սիրիայի տարածքում։
Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարեց, որ կառաջադրի թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում։ Փորձագետները կարծում են, որ Պուտինը կջանա Սիրիայում ռուսական ռազմական գործողություններն ավարտել նախընտրական արշավից առաջ։ «Լևադա կենտրոնի» օգոստոսյան հարցումներով ռուսաստանցիների 49 % -ը աջակցել է սիրական պատերազմում ռուսական մասնակցության ավարտը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասաց, որ Պուտինը Սիրիա է մեկնել «հայտարարելու, որ զինուժի դուրսբերումը սկսվում է»։ Ե՞րբ կավարտվի, հայտնի չէ։ «Պարզ է, որ ոչ մեկ օրում»` ասել է Պեսկովը։
ВВС


Հ.Գ. 2016-ի մարտին Պուտինն արդեն հայտարարել էր, որ Սիրիայից դուրս է բերվում ռուսական զորախմբի հիմնական մասը։ Դրանից հետո ռուսական ավիացիան շարունակեց հարվածները` թիրախ անվանելով ԻՊ-ի զինյալներին։ Արևմտյան երկրները հայտարարում էին, որ Ռուսաստանի բուն նպատակը Ասադի վարչակարգի պահպանումն է, իսկ ռմբակոծությունների հաճախ ենթարկվում են զինված ընդդիմության ջոկատները, որ ԻՊ-ի հետ կապ չունեն։ 2016-ի վերջին Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ընդունեցին համատեղ գործողությունների պլան: Դեկտեմբերի 29-ին Շոյգուն Պուտինին ասաց, որ «ստեղծվել են պայմաններ Սիրիայի տարածքում ռուսական զորախմբի կրճատման համար»։ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողությունները սկսեց 2015-ի սեպտեմբերի 30-ին։ ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է ռազմական գործողություններում 39 զոհերի մասին։ ԶԼՄ-ները գրում են, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, որովհետև գործողություններին մասնակցում են մասնավոր ռազմական ընկերության զինվորներ: 2017-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը, Դմիտրի ՈՒտկինը ու Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդը» հայտնվեցին ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Հմեյմիմում Պուտինը ռուսական ռազմական միջամտության երկու գլխավոր արդյունք նշեց` Ասադի իշխանության պահպանությունը և Ռուսաստանի անվտանգության ապահովումը ահաբեկիչներից։ Նա չնշեց երրորդ արդյունքը` նավթի ու նավթային ճանապարհների մասին պայմանավորվածությունները, բայց այդ մասին խոսում են միայն պայմանագրեր կնքելիս կամ չեն խոսում ընդհանրապես։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ