Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նա իր դրոշմն է դրել ժամանակի վրա

Նա իր դրոշմն է դրել ժամանակի վրա
12.12.2017 | 10:10

(դիմանկարի փորձ)

Արվեստագետը նա է, ով իր հետքն է թողնում ժամանակի մեջ: Բայց առավել երջանիկ է նա, ով իր դրոշմն է դնում իր ապրած ժամանակի վրա:
Տարբերությունն այս երկուսի միջև էական է. վերջինն էլ առաջինի պես օժտված է Աստծուց, բայց ավելի առատորեն, բազմակողմանի ու անսպառ, և եթե առաջինի թողած հետքը մշտահոս ժամանակի հետ կարող է խամրել կամ, նույնիսկ, ջնջվել, ապա երկրորդի ներկայությունն իր ժամանակի մեջ մնալու է անջնջելի, քանզի նա եղել է իր ժամանակաշրջանի հոգևոր կառույցի շինարարներից մեկը:
Այսօր, ավելի քան քառասուն տարի անց, երբ ամփոփում ենք 60-80-ականների մշակութային վերելքը, ապա այդ տարիներին ասպարեզ մտած հայ գեղանկարիչների, կոմպոզիտորների, կինո և թատերական բեմադրիչների, «Գարուն» ամսագրի և նրա բանաստեղծների հզոր խմբակի կողքին անպայման պիտի դնենք հենց այդ ժամանակաշրջանի ծնունդ Երևանի դրամատիկական թատրոնը` դերասանական իր նոր անուններով, որոնց մեջ իր տաղանդով և յուրահատուկ հմայքով առանձնանում էր Անահիտ Թոփչյանը: Նա իր արվեստով, արտիստի, մտավորականի և քաղաքացու իր տեսակով, լավագույնս արտահայտեց և նույնիսկ խորհրդանշեց իր ժամանակը:


Կարոտով հիշենք ազգային, մշակութային, մտավոր և հոգևոր վերելքի այդ տարիները, երբ ամեն ինչում ձգտում էինք լավից դեպի լավագույնը, երբ գնալով ավելի պահանջկոտ էինք դառնում, խստացնում չափանիշները, բարձրացնում նշաձողը և ձգտում բարոյականի ու գեղեցիկի առավել բարձր իդեալներին և, չնայած «երկաթե վարագույրին», պատրաստ էինք դուրս գալու միջազգային ասպարեզ ու մրցելու աշխարհի լավագույնների հետ: Եվ Անահիտ Թոփչյանը եղավ մեկը նրանցից, ովքեր ապացուցեցին, որ այդ ժամանակաշրջանի հայ մշակույթն իրոք հասել է բարձր` միջազգային մակարդակի:
Ես կարող եմ թվարկել բազմալեզու մամուլի մի քանի տասնյակ հրապարակումներ, որոնցում շռայլ գնահատություններ են տրվում Անահիտի արվեստին, որակում նրան որպես «Grande actrice», այսինքն՝ «Մեծ դերասանուհի», սակայն հանուն տեղի խնայողության կբավարարվեմ ընդամենը երկու, բայց առավել քան արժեքավոր վկայությամբ:
1987 թ. աշնանը Երևան էր եկել ամերիկահայ նշանավոր արձակագիր Հակոբ Կարապենցը և դիտել Անահիտի լավագույն դերակատարումները դրամատիկական թատրոնի բեմում: Հիշում եմ, թե ինչպիսի հիացմունքով էր խոսում նրա մասին: Նրբաճաշակ գրողը հատկապես ընդգծեց, որ Անահիտն իր տաղանդով, իր գեղեցկությամբ և բեմական վարպետությամբ բնավ չի զիջում թատերական Նյու Յորքի առաջին մեծության աստղերին: Կարապենցին հատկապես հիացրել էր Գերտրուդի դերակատարումը «Համլետ»-ում: «Մի ներքին, բնածին ազնվականություն կա Անահիտի մեջ, հավատում ես, որ քո առջև իսկապես թագուհի է»,- ասում էր նա:


Եվ այս կարծիքը` Հայաստանից. «Ես դարձա Անահիտ Թոփչյանի ստեղծագործության հետևողը, որովհետև նրան համարում եմ հայ բեմի, ինչպես նաև կինոյի հմայիչ դերասանուհի: Հիացած եմ նրա գեղեցկությամբ և կնոջ ներաշխարհը բեմում ներկայացնելու ձիրքով: Առանց չափազանցության կարող եմ համեմատել նրան հոլիվուդյան աստղ Մերիլ Ստրիփի հետ: Միայն թե Անահիտը ժամանակին Հոլիվուդ չի ընկել» (Աելիտա Դոլուխանյան, «Ազգ», 7 նոյեմբերի, 2008 թ.):
Այո, ցանկալի կլիներ, որ «երկաթե վարագույրը» չխանգարեր Անահիտին «ընկնելու» նաև Հոլիվուդ, բայց մի՞թե Հայաստանում, Սփյուռքում և ընդհանրապես Խորհրդային Միությունում կատարած նրա հսկայածավալ աշխատանքը բավական չէ, որ արժանին մատուցենք նրան: Ի դեպ, նշենք, որ Անահիտը միակն էր մեր դերասանուհիներից, որ պարբերաբար նկարահանվեց միութենական մի շարք կինոստուդիաներում («Մոսֆիլմ», Մ. Գորկու անվ., Ա. Դովժենկոյի անվ., «Տաջիկֆիլմ»)` հաջողությամբ մարմնավորելով օտար կանանց կերպարներ:
Ես, որ առանձնաշնորհյալ վկան եմ եղել նրա ստեղծագործական կայացման` առաջին քայլերից մինչև այսօր, տեսել եմ, թե ինչպես կարճ ժամանակում Անահիտը դերից դեր կարողացավ ստեղծել դերասանուհու մի տիպար, որը, անկախ խաղացված կերպարից, բեմական իր փայլուն արտաքինով, մարմնավորում էր գեղեցիկ, զգայուն, մտավոր և հոգեկան հարուստ ներքինով օժտված կանանց:


Շատ է գրվել ու խոսվել Անահիտի գեղեցկության մասին, սակայն պետք է զանազանել կյանքի գեղեցկությունը, կամ, ինչպես սփյուռքահայ արվեստաբան Մովսես Հերկելյանն էր գրում` «Անահիտի երկնապարգև գեղեցկությունը» («Ազդակ», Բեյրութ, 15 օգոստոսի, 2005 թ.) բեմական, կերպարային գեղեցկությունից: Կյանքի գեղեցկությունը բնությունից ստացածն է, իսկ բեմական գեղեցկությունը տաղանդի նշան է: Եվ հետո, Անահիտի գեղեցկությունը լի է բովանդակությամբ: Դա իմաստավորված գեղեցկությունն է` վսեմ արվեստի արտահայտություն:
Այս հարցում նա անմրցելի է իր գործընկերների մեջ: Եվ ոչ միայն: Լինելով Անահիտի և նրա ամուսնու` Ալեքսանդր Թոփչյանի հինավուրց ընկերը, համախոհն ու գաղափարակիցը, կարող եմ վկայել, թե նա ինչպիսի խոր գիտելիքներ ունի համաշխարհային արվեստի և մշակույթի ասպարեզում, և ինչպիսի՜ վերլուծող միտք:
Մեզանում վաղուց հաստատված` կիսագրագետ, գավառամիտ մտավորականի կերպարը փայփայող ու երբեք չնվազող մի խումբ կասի, թե դերասանի համար բնավ պարտադիր չէ այդքան «խելոք» լինելը, բավական է, որ նա բնական լինի, թեկուզ տխմարավուն, բայց ռուսսոյական վայրենու պես բնական, նույնիսկ չմտածող… Ինչու՞ չէ, այսօր, նեոաշուղիզմի այս տխուր ժամանակներում, արվեստի և գրականության մեջ մտածողներ պետք չեն…
Սակայն ես միշտ զարմացել եմ, թե Անահիտն ինչպես է կարողանում ինտուիտիվ զգայականը համերաշխել տրամաբանված բանականի հետ: Նրա յուրաքանչյուր դերի թիկունքում մտավոր լուրջ նախապատրաստում կա, որը չի երևում բեմում, և այն, ինչ նա զգում է հոգով ու սրտով, հաստատում է մտքով ու անթերի տրամաբանությամբ: Բավական է դիտել նրա Ելենա Անդրեևնան` Չեխովի «Քեռի Վանյա» հեռուստաներկայացման մեջ, համոզվելու համար, թե Անահիտը հույզերի և հակասական զգացմունքների ինչպիսի հարստություն է մատուցում, և, հակառակը, ինչպիսի՜ կուռ տրամաբանությամբ է կառուցում Սպարտացի Հեղինեի կերպարը Ժան Ժիրոդուի «Տրոյական պատերազմը չի լինի» հեռուստաներկայացման մեջ: Իսկ նրա Վասիլիսան «Հատակում» ֆիլմում դառնագին զգացմունքների և դաժան տրամաբանության մի դրամատիկ խառնուրդ է:


Վայրկենական անցումները մի վիճակից, մի զգացմունքից մյուսին նկատել է ռուս նշանավոր թատերագետ Օլգա Կուչկինան. «Համլետի երկխոսությունը մոր հետ ներկայացման գագաթնային, լավագույն տեսարանն է: Մարում է լույսն ամբողջովին, և ընդամենը մի շող է լուսավորում Թագուհու` Անահիտ Թոփչյանի սքանչելի դեմքը, որի վրա զարհուրելի փոփոխություն է տեղի ունենում: Հաղթանակող, անձն ամբողջությամբ համակող ինքնավստահությունից դեպի սոսկումը և դեպի այնպիսի դաժան ցավը, որ իսկապես. «Դու ուղղում ես իմ աչքերը հոգուս խորքը, // Եվ տեսնում եմ այնտեղ մի սև դատարկություն…» («Կոմսոմոլսկայա պրավդա», Մոսկվա, 15.04.1981թ.):
Անահիտի հուզական և մտավոր հարստության լավագույն վկայությունն է թերևս այն, որ նա ոչ մի դերում չի կրկնվում: Ես բախտ եմ ունեցել դիտելու նրա գրեթե բոլոր` մոտ հարյուր դերակատարումները, և չեմ հիշում, որ դրանցից որևէ մեկն ինչ-որ բանով հիշեցներ նախորդները: Ամեն անգամ նա մեզ ներկայանում է նորովի ու անկրկնելի` համոզելով, որ իր ստեղծագործական պաշարներն անսպառ են: Եթե նա երգչուհի լիներ, համոզված եմ, կհրաժարվեր ֆոնոգրամայի տակ երգելուց (ինչպես այսօր անում են շատ ու շատ երգիչներ), այլ միևնույն երգն ամեն անգամ կենդանի կատարումով նորովի կներկայացներ:
Նրա տաղանդն օժտված է մոգական ուժով, հանդիսատեսին հիպնոսացնելու կարողությամբ: Նա ունեցել է բազմաթիվ դերակատարումներ, որոնք մնացել են մեր հիշողության մեջ և իրավամբ կարող են մեր թատրոնի և կինոյի պատմության նվաճումներ համարվել: Ափսո՜ս, որ ոմանց հանցավոր անհոգության պատճառով, տեխնիկայի մեր դարում, դրանց մի մասը չպահպանվեց ժապավենի վրա: Ես մասնավորապես նկատի ունեմ Անահիտի Կլեմենտինը («Մոռանալ Հերոստրատին»), Գերտրուդը («Համլետ») և Էլեոնորա Դյուրոկը («Մսյո Ամիլկար»):
Չեմ կարող այստեղ չխոսել հրեշավոր մի երևույթի մասին. ես ցավով իմացա, որ հայկական հեռուստաթատրոնում խաղացած Անահիտի շուրջ երեսուն դերակատարումներից պահպանվել են մոտ տասը, մնացածը ջնջվել է… Իսկապես որ անհետացում:
Այսպես վերնագրեց Անահիտն իր գրքերից մեկը, իր լավագույն վեպը, որը լույս տեսավ 2010 թ. և դարձավ յուրատեսակ հանրագումարը Փարիզում անցկացրած քսան տարիների:
1990 թ. Անահիտը հայտնվեց Փարիզում:


Տեղափոխությունը երկրից երկիր դաժան փորձություն է արվեստագետի համար, մանավանդ եթե նրա արվեստի հիմքը լեզուն է: Սա մի մարտահրավեր է, որից շատ քչերն են կարողացել հաղթող դուրս գալ: Առանց վարանելու կարող ենք ասել, որ Անահիտն այդ քչերից մեկն է:
Ինձ զարմացնում է նրա բեմական բուռն գործունեությունը. ավելի քան հիսուն ներկայացում Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քսան քաղաքներում: Դա դժվար է, գրեթե անհնարին` Սփյուռքում այդքան հաճախ խաղալ ներկայացումներ, որոնք կառուցված են բացառապես խոսքի և դերասանի հմայքի վրա, մի Սփյուռք, ուր այսօր սկսել ենք հաճախակի լսել այն մասին, թե «ձեր հայերենը չենք հասկնար», որտեղ հանդիսատեսին փչացրել են էժան հումորի վրա կառուցված ներկայացումներով, մինչդեռ Անահիտը մենակ, բեմական նվազագույն աքսեսուարներով լրջագույն և դրամատիկ տեքստեր էր մատուցում լեփ-լեցուն սրահներին:
Նրա մենաներկայացումները հայրենասիրական բացառիկ խանդավառություն առաջացրին Սփյուռքում: Փարիզում նրան համարեցին «Հայաստանի դերասանուհիներու թագուհին» (Վ. Նավասարդյան, «Հառաջ», Փարիզ, 30 հունիս, 1990 թ.), իսկ Բեյրութում` «Դերասանուհիներու թագուհին և դեսպանուհին» (Մ. Գազանճեան, Լիբանան, «Նոր կեանք», 1993 թ.): «Պետք է զինք ունկնդրել հոգիով, բայց նաև ու անպայման հետևելով իր նայվածքի լույսին» (Նազարեթ Թոփալյան, «Երեկոյան Երևան», 4 նոյեմբեր, 1991 թ.): Արձակագիր Սարգիս Վահագնն էլ այսպես գրեց «Արտագերս» և «Անհասցե Տիկինը» ներկայացումների մասին. «Անահիտ Թոփչյան, մեր արդի թատրոնին փայլուն աստղը, իր սքանչելի խաղարկությամբ, ժամ մը ամբողջ, մագնիսացուց, ցնցեց ու վերացուց հանդիսատես թատերասերներու բախտավոր այն ընտրանին որ փութացած էր մասնակից դառնալու հոգեկան այս խրախճանքին» («Նոր Օր», Լոս Անջելես, 27 մայիսի, 2000 թ.):
Հիացական մեջբերումները կարելի է շարունակել անվերջ` Սփյուռքի գրեթե բոլոր թերթերից ու հանդեսներից: Սակայն նոր միջավայրում նա ոչ միայն վերահաստատեց դերասանի իր տաղանդը, այլև կարճ ժամանակում իր մեջ նոր տաղանդներ հայտնագործեց: Ապշել կարելի է, թե նա ինչպես, գրեթե մենակ, գերազանցապես ապավինելով սեփական ուժերին, բուռն գործունեություն ծավալեց արվեստի և գրականության մի քանի ասպարեզներում. թատրոն, ասմունք, գրականություն, լրագրություն, թարգմանություն...


Նա առաջինը եղավ հայաստանցի, հայագիր հեղինակներից, որի ստեղծագործությունը բեմադրվեց Փարիզի պրոֆեսիոնալ թատրոններում, ֆրանսերեն:
Նա մեզ զարմացրեց Փարիզի բարձրակարգ «Ռուսսկայա միսլ» («La Pensռe Russe») շաբաթաթերթում, սփյուռքահայ, ֆրանսիական մամուլում, տարիներ շարունակ, պարբերաբար տպագրվող հրապարակախոսական, գրաքննադատական, արվեստաբանական և նույնիսկ քաղաքագիտական խորունկ ու համարձակ հոդվածներով: Նա մեզ զարմացրեց նույն մամուլում, այնուհետև առանձին գրքերով, հայերեն, ռուսերեն ու եվրոպական մի շարք լեզուներով հրապարակված իր գերազանց պատմվածքներով, որոնցում հեղինակը յուրացնում էր ոչ միայն սփյուռքյան, այլև արևմտյան իրականությունը: Դա նոր իրականության ստեղծագործական նվաճում էր արվեստով ու գրականությամբ:
Բուռն և բարձր գնահատությունները չհապաղեցին:
«Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավորություն» (Վ. Թաթիկյան, «Ազգ», 10 դեկտեմբերի, 1998 թ.):


«Չգիտեմ, երևի կգրվի՞ մեր այս վերջին տարիների տարագրության պատմությունն ամբողջությամբ: Բայց եթե որևէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կուզեի, որ ծանոթ լիներ «Lady S.D.F.» գրքին: Ցավով գրված այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: ՈՒ այսքան ճշմարիտ... Անահիտ Թոփչյանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ոչ իր, ոչ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է» (Ս. Գալոյան, «Ազգ», 16 հոկտեմբերի, 1999 թ.):
Անահիտի պատմվածքները մամուլում բարձր գնահատեցին նաև Գևորգ Էմինը, Վահե Օշականը, Կարեն Քալանթարը, Վահրամ Հաճյանը, Երան Կույումճյանը և ուրիշներ: Ի դեպ, մասնավորապես նկատվեց, որ հեղինակը զարմացնում է գրական իր վարպետությամբ, և այնպիսի տպավորություն է, ասես կարդում ենք նրա տասներորդ գիրքը: Իսկ Կ. Քալանթարը գրեց, որ «Անահիտի պատմվածքները զարմանալիորեն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիորեն` բեմական: Դրանք, ասես, խաղացված են դերասանուհի գրողի կողմից, ըստ որում՝ նա ոչ միայն հորինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանե նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կյանքի դերը, այլև խաղում է ծեր, հիվանդ կանանց, նույնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Ավելին, նա հմտորեն բեմականացնում է այդ պատմությունները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը և նույնիսկ լուսավորողը: Նա անում է ամեն ինչ և անում է գերազանց` նախանձելի երևակայությամբ և հնարամտությամբ, որովհետև ազատ է և տաղանդավոր» («Նովոյե վրեմյա», Երևան, 9 փետրվարի, 1999 թ.):


Հայ կինոգիտության նահապետը, ցավոք, առիթ չունեցավ կարդալու Անահիտի մյուս գրքերը, թե ոչ, անպայման կհաստատեր, որ նրա ամբողջ գրականությունն է կինեմատոգրաֆիկ:
«Lady S.D.F.»-ին հաջորդեց նույնքան վիրտուոզ «Հայելի» պատմվածքների ժողովածուն, իսկ երկու տարի անց` իրար հետևից լույս տեսած «Անհետացում» և «Տագնապ» հրաշալի վեպերով Անահիտը վերջնականապես հաստատվեց որպես հմուտ արձակագիր, և արդի հայ գրականության մեջ անվիճելիորեն գրավեց նույնպիսի բարձր ու պատվավոր տեղ, որպիսին արդեն գրավել էր հայ դերասանական արվեստում:
Եվ ինչպես իր բացառիկ ոճը ստեղծեց բեմում, այնպես էլ գրականության մեջ:
«Անհետացում» և «Տագնապ» վեպերի առիթով Հայաստանի և Սփյուռքի մամուլում նույնպես բազմաթիվ հիացական կարծիքներ արտահայտվեցին.
«Այս երկը («Անհետացում»-Ա. Հ.) բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործութիւններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր անհատականութիւնը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտռուած հունը» (Սուրեն Դանիելյան,«Օրեր», Պրահա, N5, 2010 թ.):


«Թոփչեանը իր նոր վեպով սփիւռքահայ և հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վեպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է» (Պողոս Գուբելյան, «Ասպարեզ», Գլենդեյլ, 1 նոյեմբերի, 2010 թ.):
«Վեպն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային հնչեղություն և տարողություն, ի մասնավորի մեր ժամանակներուն համար, ուր գրեթե համատարած երևույթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը և արժանավորին անտեսումն ու ոտնահարումը… Հուսկ՝ միջակություններու տիրապետումը և լավագույններու լուսանցքայնացումն ու անհետացումը» (Երան Կույումճյան, «Ազատ ձայն», հունվար», 2011 թ., Կիպրոս, Նիկոսիա):
«Այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ «Տագնապ»-ի հետ էի, իմ սենյակի մենության մեջ: Մի կատարյալ խրախճանք էր» (Վարդենի Բեդանյան, «Գրական թերթ», 5 հոկտեմբերի, 2012 թ.):


«Անահիտ Թոփչեան՝ իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորազնին հոգեբանի հայացք, յանդգնութիւն՝ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ… և, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական և խորագոյն իմաստով» (Երան Կույումճյան, «Ազատ խոսք», Կիպրոս, 17 սեպտեմբերի, 2012 թ.):
Իսկապես որ Աստված նրան առատորեն օժտել է բազմաթիվ տաղանդներով, և ես չեմ զարմանա, եթե Անահիտը վաղը` շարունակելով զարմացնել մեզ, իր մեջ մի նոր տաղանդ հայտնագործի:

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բանաստեղծ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 23047

Մեկնաբանություններ