Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դասալիք է ամեն հայ, որ լքում է իր երկիրը

Դասալիք է ամեն հայ, որ լքում է իր երկիրը
12.12.2017 | 10:13

Այս օրերի թարս ու շիտակ իրար խառնած երթում ոչ ոքի չես զարմացնի՝ անարժեքն արժեքի տեղ անցկացնելով, սուտը՝ ճշտի, անարդարությունը՝ արդարության… Այդ ամենն այնքան է կյանքի նորմ դարձել, որ երեկվա անհաշտներն էլ արդեն նախկինում իրենց համար մերժելի կողմն են անցել, ու ստվարանում է այն, ինչը պետք էր արմատախիլ անել մեր կեցությունից: Բայց հոգու ընդվզում կա՝ մեկի մեջ փոքր, մյուսի մեջ՝ մեծ, որ իրեն պատեպատ է տալիս ու անհանգիստ դարձնում անորոշ, անհասկանալի տագնապով:


Եվ գուցե հենց դա է, այդ ներքին նյարդային տրոփը, որ հանում է թափառման ճամփաների, ցրիվ տալիս մեզ աշխարհով մեկ: Թե չէ` դժվար վիճակ, հացի պակաս, այս, այն… Դա միշտ էլ եղել է: Հայը ե՞րբ է հեշտ ապրել… Բայց հոգևորն է եղել առաջնայինը, ու ողջը կորցնելուց հետո էլ այն մնացել է որպես սեփականություն` մեծ ու թանկ մի ունեցվածք… Քաղցել են, մրսել, բայց չեն լքել իրենց հողը:Հիմա այդ էլ է խլված: ՈՒ հեռանում են արդեն առանց երկար-բարակ գցել-բռնելու:
Հասկանում ու չեմ հասկանում, ընդունում ու չեմ ընդունում: Որքան էլ պատճառները մեծ, որքան էլ հեռանալու վճիռը բացատրելի, միևնույն է, երկիր թողնելը արդարացում չունի: Յաթաղանահուշ տարիները հանենք հաշվից: Հա,՛ մեկ էլ, երբ դա ընդամենը ընտանիքից մեկի դրսում ժամանակավոր արտագնա աշխատանք է՝ խոպան գնալ, այստեղ իր ընտանիքի կարիքները հոգալու համար: Մնացած բոլոր դեպքերում` ոչ մի արդարացում:
Եթե այսօր դրսում դեգերող մեր հայերը մեզ հետ լինեին, սա չէր լինի մեր վիճակը, մենք թուլանում ենք ամեն մի հեռացող հայի հետ մի քիչ ավելի և դրսի թշնամիների առաջ, և ներսի:
Մեզ ներքին խաղաղությունն է հացի պես անհրաժեշտ, հաշտություն նախ ինքներս մեզ հետ: .Եվ հայրենիքի զինվորի զգացողությունը: Որովհետև այս խառնակ օրերին այլ կերպ չես գոյատևի: Այսօր զինվոր է ամեն հայ` ծեր, մանուկ, կին (դե, տղամարդը` պարզ է ու պարզ): Զինվոր է` իր տեղում, իր բաժին հողը դատարկ չթողնելով, զինվոր է` իր բաժին ջերմությունը, սրտի տրոփը, ոտնահետքերի իր քանակը որպես կնիք հողին դրոշմող, ամեն բացվող օրվա հետ իր երկրին նվիրելով: Տեսնու՞մ եք, շատ բան պետք չէ ու դեռ կյանքը նվիրելու մասին խոսք չեղավ: Չնայած, հարկ եղած պահին, պետք է պատրաստ լինել նաև դրան:
Եվ զինվորությունից փախուստը, դասալիք լինելը բոլոր դարերում, ամեն տեղ ամենաամոթալի և պատժի արժանի արարքն է համարվել:


Այնպես որ, դասալիք է ամեն հայ, որ լքում է իր երկիրը:
Խի՞ստ է… բայց ընդամենը իրողությունն եմ փաստում, ընդամենը իրերին իրենց անունը տալիս:
Մի վախեցեք: Չենք պատժի: Աբսուրդի ժամանակներ են, և այսօրվա պատժի բաժինը զինվորինն է` արյուն քրտինքով հող պահող, մրսող ու քաղցող, բայց իր հողին ամուր կառչած հայ մարդունը:
Մենք ստորացնում ու խեղճացնում ենք այստեղի հային ու մեծարում, պանծացնում, պաշտամունքի ծափեր ու ծաղիկներ շռայլում, քծնում անգամ հայրենիքը դժվար պահին լքած, հեռվում վայելքներ փնտրող և գտնողներին: Այնպես որ և՛ դրսի եղածն է նրանցը, և՛ ներսինը:
Չարություն չկա խոսքերիս մեջ, քավ լիցի, ամեն հայի վրա ընկած մի ավելի արևաշողի համար հոգիս ցնծում է: Բայց… երկրիս հաշվի՞ն… Բայց իրոք արժանավորի՞ հաշվին:
Մեր խոնարհումն ու երկրպագությունը նրանցն են` աշխարհի հայերինը՝ մեծահարուստներ, հայտնիներ, հաջողակներ… Որոնցից հատուկենտները միայն մեր մատից մի փուշ հանեցին և իրենց «աչքի լույս» հայրենիքի համար գեթ չնչին չափով նվիրաբերում արեցին կամ անում են: Ովքեր հայաստանցի հայից խույս են տալիս` նրա նվնվոցը իրենց գրպանի հանդեպ ոտնձգություն համարելով:
Իսկ… պաշտելի են, հերոսներ…տեսեք թե ինչերի են հասել: Եվ դա հոգեբանություն է դարձել, ավելի ճիշտ` դարձվել:


Ահա թե ով և ինչն են գովազդվում` երկիրը լքողը և երկիրը լքելու գործընթացը:
Ազգային գաղափարախոսությո՜ւն եք փնտրում… Այնտեղ, ուր ապազգային մի ծեղ էլ գտնեք, դրա հակառակ կողմում էլ հենց ազգայինն է: Եվ, դիցուք, մի հակազգային գաղափարախոսություն:
ՈՒ՞մ են պետք դրսի աշխարհին նվիրաբերվող մեր խելքը, ուժը, տքնանքի արդյունքը: Ախ, հա՜, մենք սնապարծության պակաս չունենք և հպարտանում ենք` իրենց տաքուկ դղյակներում հեռվից մեր դժվար կյանքին անտարբեր հետևողներով անգամ, փորձելով գեթ այդ հպարտության փուչ ջերմությամբ ուժ հավաքել` երկրին թև ու թիկունք լինելու, երկիր պահելու համար… նաև նրանց տեղ, նաև նրանց համար:
Որպեսզի նրանք էլ` հայրենյաց թեմաներով, սնապարծության իրենց բաժինը կարողանան վայելել լիուլի, խմել Մասիսների ու մեր դրոշի կենացը:
Շատ շռայլ չե՞նք:
Եվ դեռ այդպիսիներն էլ՝ երկքաղաքացիները, իրավունք ունեն հեռվից հեռու, երկրի ու ազգի համար ճակատագրական պահին, իրենց ձեռքը երկարելու և, մեզ հավասար իրավունքով, տեղ բացելով կեղծիքների ավելի մեծ հնարավորության, ընտրելու մեր կյանքի ձևը, լինել-չլինելը… Երբ ոչինչ չգիտեն մեր դարդ ու ցավից, մեր ավելիից ու պակասից, մեր կյանքի գույն ու անգույնից:


Իսկ ընտրում են՝ ելնելով պրիմիտիվ ու պարզ մի հաշվարկ-թելադրանքից. երկար-բարակ գցել-բռնել չիմացածը՝ իմաստ չունի, իսկ տեսածները քարտեզի վրա իր փոքրիկ սահմաններում, իրենց հպարտության պատճառ ու կենացների առիթ երկրի այս պահին կայուն սահմանն է ու թող որ` սահմանից այն կողմ, բայց դարձյալ իր տեղում` սնապարծության թագ ու պսակ Մասիսները… Վերջ, էլ ի՞նչ է պետք: Թող ամեն բան մնա ինչպես կա: Եվ… ընտրում են իրենց համար կայուն թվացող այդ պահը, մինչ այդ եղածը, որոշակին… Անորոշը վստահելի չէ:
Նրանք ընտրում են, մենք` ապրում այդ ընտրության արդյունքը:
Ոչ մի այլ ժողովուրդ երևի թե այդպիսի մեծարման ծիսակարգի չի հասցրել վերաբերմունքը դրսում հաջողության հասած իր հայրենակցի հանդեպ, եթե, իհարկե, վերջինս իր ձեռք բերածը այդ հեռվից չի ծառայեցնում սեփական ժողովրդի ու երկրի շահին: Ես երկրներ գիտեմ, որտեղ անգամ կասկածանքով են ընդունում մի այլ երկրում բարձունքներ նվաճածին, միշտ աչքի առաջ պահելով նրա պոտենցիալ խուզարկու դառնալու վտանգը ի վնաս հայրենիքի:
Ներող կլինեք, հեռուներում ապրող իմ ազգակիցներ, ոչ ոքի նեղացնել չեմ կամենում, բայց… ընդունեք, որ ճիշտ եմ: Իսկ ճշմարտությունը մեր կյանքից շատ է պակասել, և ուրեմն արժե այն գնահատել:


Դրսում ապրելը արդարացված է միայն այն դեպքում, երբ դա նաև ծառայություն է սեփական երկրի և ժողովրդի համար: Փոքր, թե մեծ, ով որքան կարող է:
Հրեաներն այդպես երկրի տեր դարձան: Իսկ մենք դա չանելով վտանգում ենք մեր գոյատևումը: Ամեն հրեա այսօր էլ մոլորակի որ ծայրում լինի, իր երկրի զինվորն է` իր կարողություններով, հունարով, կայքով, ամեն բանով նրա նվիրյալը:
Պետք է տեր կանգնել դրսում ապրելու մեղքի զգացումին, և այդ մեղքը քավել է պետք: Թե չէ սովորել ենք հայրենիքից միայն պահանջել: Մինչդեռ այդ երկի՛րը պահանջ ունի ամեն մի հայից, ու այդ մենք ենք փայփայանք և հոգատարություն պարտք նրան:
Եվ ամեն հայ երկիր ունենալու համար բաժին պետք է տա այսօր հողը փայփայող, գործազուրկ և դժվար ապրող իր հայրենակցին, պետք է տա ոչ որպես մուրացիկի բաժին, այլ խնդրանքով ու ակնածանքով, որպես երկիր պահող զինվորին և հերոսին իրավամբ հասանելիք: Եվ դա պետք է կենսաձև դառնա:
Իսկ այն, որ երբեմն «մեծ ճանապարհի ավազակներ» են խանգարում հասցեատերերին հասնելու համար, երկրի և ժողովրդի ոչ հոգսն է, ոչ էլ մեղքը: Ընդամենը սթափ է պետք ամեն բան հաշվարկել և գնահատել:


Կարևորը ճիշտ արժեքների խնդիրն է: Արժեքը հայրենյաց գործերում շատ պարզ է.
Այսուհետև մեծարանքը միայն նրան, ով ամեն դժվարության դիմանալով կմնա իր դարավոր ու թանկ հողին: Իսկ երկրից հեռու ապրողները թող արդարացում գտնեն իրենց սխալ պահվածքի համար, այսուհետև վերադարձով կամ իրենց ջանք ու տքնանքի արդյունքի գեթ մի մասը նվիրաբերելով հայրենյաց բախտի ու գոյատևության գործին:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 10107

Մեկնաբանություններ