Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դեմիրճյանի ազգանունն ունի այն հնչեղությունը, որ կարող է մի մեծ բազմություն հավաքել»

«Դեմիրճյանի ազգանունն ունի այն հնչեղությունը, որ կարող է մի մեծ բազմություն հավաքել»
12.12.2017 | 10:19

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնանորոգվել է և բացել իր դռներն այցելուների առաջ գրողի ծննդյան 140-ամյակի տարում: Առաջին միջոցառումն այստեղ կայացավ դեկտեմբերի 6-ին՝ գրողի մահվան օրը: Ներկայացվեցին տուն-թանգարանի նոր հիմնական ցուցադրությունը, Դեմիրճյանին առնչվող տեսանյութեր, թանգարանի հրատարակած գրքերը՝ «Արջուկ-լրջուկ», «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ», «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո»: Դրանք տպագրվել են տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում: «Դեմիրճյանի ժառանգությունն անժամանցելի է, ավելին՝ նա նոր ժամանակներում նորովի ընկալվող հեղինակ է, ունի պատկառելի ժառանգություն՝ ակադեմիական հրատարակություններով: Մասնագետները կարծում էին՝ ամեն ինչ ուսումնասիրված է, հրատարակված, մինչդեռ ամեն նոր աշխատանք նրա արխիվի հետ բացահայտում է նոր գործեր»,- ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, նշելով, որ Դեմիրճյանի ազգանունն ունի այն հնչեղությունը, որ կարող է մի մեծ բազմություն հավաքել, բայց այս հեղձուկ միջավայրում պարզապես չէր տեղավորվի, դրա համար միջոցառումը կոչել են նոր հրատարակությունների շնորհանդես: Խոսքը, իհարկե, ներկայանալի, հյուրընկալ թանգարանի ոչ շահեկանորեն առանձնացող միջոցառումների սրահի մասին է: Կարող էինք կոչել այն կամերալ, մտերմիկ, ջերմ, եթե այդքան աչքի չզարներ սրահի փոքրությունը: Առավել ևս, որ Դեմիրճյանի ժառանգության հպարտություն ներշնչող մասը ոչ միայն մասունքներն են, գրողի անձնական իրերը, բնակարանը, այլև ավանդույթը, որի համաձայն այս հարկի տակ հանդիպում են գրողները, տեղի են ունենում գրական քննարկումներ, ներկայացվում են գրքեր և այլն:


Դեմիրճյանական ավանդույթները շարունակվել են թանգարանի խունացած, սառը պատերի ներքո, շարունակվելու են և այսուհետ: «Մեր թանգարանի մասնաճյուղերից առավել անմխիթարը հենց այս տուն-թանգարանն էր, պատճառը տասնամյակներն էին և թանգարանը պարբերաբար ջրող անբարեխիղճ հարևանները»,- ասաց ԳԱԹ-ի տնօրենը, նշեց նաև, որ թանգարանի փոքրաթիվ բարեկամներին պետք է արժանին մատուցել: Տուն-թանգարանի հիմնանորոգման և ցուցադրության ծախսերը հոգացել է մշակույթի նախարարությունը: Վերջերս համաքաղաքային շաբաթօրյակներից մեկի շրջանակում թանգարանի աշխատակիցները, Դեմիրճյանի անունը կրող դպրոցի անձնակազմը, «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան» համատեղ ուժերով քաղաքային պանթեոնում կարգի են բերել գրողի շիրիմը, որ լքված վիճակում է եղել՝ պատված մացառներով, մոլախոտերով: Կարո Վարդանյանն ընդգծեց, որ եթե Դեմիրճյանը ազգային ժառանգություն է, բնականաբար, դրա մեջ մտնում է նաև նրա շիրիմը: Գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ Դեմիրճյանի անունը մշտապես պետք է հնչեցնել. «Ես նկատում եմ, որ որոշակի հոսքերում որոշակի անուններ անվերջ տրվում են, բայց տա՛ Աստված, որ նրանք Դեմիրճյանի գրականության խորքերին հասած լինեն, նրա գրականության հզոր լիցքը հաղորդած լինեն մեր ժողովրդին, մեր գրականությանը, մեր ապագային, որովհետև նա ապագայի գրող է»:


Տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ հյուրերին ներկայացրեց նոր ցուցադրությունը, նորատիպ գրքերը և դեմիրճյանական տեսանյութերը: Թանգարանի 12 վահանակների վրա և 5 ցուցափեղկերում կարելի է տեսնել նոր նմուշներ՝ անձնական իրեր, լուսանկարներ, գրքեր: Վահանակների նյութը ներկայացված է ըստ տասնամյակների:
Գրողի առաջին լուսանկարը նախկինում երբեք ցուցադրված չի եղել, պահպանվում էր ԳԱԹ արխիվում: Լուսանկարներում կարելի է տեսնել «Ավելորդը» պատմվածքի Սրբունի նախատիպին՝ ի դեմս Դեմիրճյանի քրոջ՝ Սրբուհու:


Գրողի կենսագրության քսանական թվականների առաջին շրջանը պատկերող ցուցանմուշներին անդրադառնալով՝ տուն-թանգարանի վարիչը նշեց, որ այս շրջանը մշուշի մեջ էր. «Որովհետև, բնականաբար, Դեմիրճյանը ցանկացել է թաքցնել որոշ ճշմարտություններ: Հիմա կարող ենք ասել, որ նա նաև աշխատել է դաշնակցական հանրապետության տարիներին՝ զբաղեցնելով Հայաստանի առաջին Հանրապետության կրթության և արվեստի նախարարության արվեստի բաժնի վարիչի պաշտոնը»: Այդ տարիների գործերից է «Աստծո տանը» ստեղծագործությունը՝ գրված ցեղասպանության թեմայով, որի ձեռագիր էջը ցուցադրված է վահանակի վրա: ՈՒշագրավ են նաև 1923-ին գրված «Քաջ Նազար» թատերգության առաջին էջը և Եղիշե Չարենցի նամակից պատառիկը, որտեղ նա ասում է. «Քո «Քաջ Նազարի» առաջին կարդացողը և հիացողը, եթե հիշում ես, ես եմ եղել»: Կարինե Ռաֆայելյանը նկատում է. «Սա շատ կարևոր նամակ է, որովհետև Դեմիրճյանը միշտ կոծկել է իր կապը Չարենցի հետ: Իրականում այնքան մտերիմ են եղել, որ Դեմիրճյանի երկրորդ կինը՝ Մարիա Միխայլովնան, Դեմիրճյանի հետ ամուսնացել է Չարենցի ուղղակի միջամտության շնորհիվ: Չարենցը փախցրել է նրան, որովհետև նա ամուսին ուներ, հասցրել Դեմիրճյանի մոտ, որից հետո նրանք պաշտոնապես ամուսնացել են»: Ցուցադրված են նաև Դեմիրճյանի մի բանաստեղծությունը և Չարենցի մակագրությունը, որով նա մերժում է բանաստեղծության տպագրությունը: «Սա կարևոր փաստ է այն մասին, որ մարդիկ բաժակաճառային հարաբերությունների մեջ չեն եղել: Եթե գրված գործը լավն է եղել, հիացել են, եթե վատն է եղել՝ մերժել»,- մեկնաբանում է Կարինե Ռաֆայելյանը:


Դեմիրճյանական բազմապիսի, ուշագրավ պատմություններին հաջորդեց խորհրդանշական հյուրասիրությունը: Ցերեկույթի ավարտին հյուրերին մատուցվեց Դեմիրճյանի սիրելի ըմպելիքը՝ կաթով սուրճ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ