Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մանչեստրյան դերբին բացե՞ց չեմպիոնություն տանող դռները

Մանչեստրյան դերբին բացե՞ց  չեմպիոնություն տանող դռները
12.12.2017 | 10:23

Ոչ-ոքիների ցնցող շարան էր սկուդետեի առաջին քառյակը կազմած թիմերի մրցելույթներում, փոխարենը բացառապես հաղթական էին Լալիգայի առաջին հնգյակում գտնվողները, բավական հետաքրքրական են ներկայանում բունդեսլիգայի առաջատարների դասավորությունն ու մեկական միավորով իրար հերթագայելը, իսկ համաեվրոպական թիվ մեկ մրցակցությունը, անառարկելիորեն ու անվերապահորեն, պրեմիեր լիգայում էր, որտեղ տուրի շրջանակներում «Մանչեստր Սիթին» տարավ ընթացիկում իր 14-րդ անընդմեջ հաղթանակը նույն Մանչեստրում, սակայն «Մանչեստր Յունայթեդին» պատկանող «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում` հնձելով Ժոզե Մոուրինյոյի դեմքի ինքնագոհ ժպիտն ու օրակարգային դարձնելով հարցը` արդյո՞ք կարող է չեմպիոնություն ապահովել առանց պարտության:

ԱՆԳԼԻԱ
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեստր Սիթին» այնքա՛ն կատաղի է մեկնարկել, այնքա՛ն վստահ է գնում չեմպիոնական բարձունք, որ Անգլիայում արդեն քննարկումներ են ոչ թե «քաղաքաբնակների» չեմպիոն դառնալու, այլ այդ չեմպիոնությունն առանց պարտության ձևակերպելու հարցի շուրջ: Ի դեմս «Արսենալի», նման մի դեպք պրեմիեր լիգան գոնե այս հարյուրամյակում հիշում է, սակայն այն ժամանակ անգլիական առաջնությունը չուներ այսպիսի սուր մրցակցություն, ոսկե մեդալի համար ռեալ պայքարող այսքան թիմ: Նկատի ունենք ուժերի հավասարազորության մակարդակը, թե չէ պրեմիեր լիգան հո Հայաստանի առաջնությունը չէ, որտեղ հազիվ վեց ակումբ է իրար գլուխ հավաքվում, էն էլ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով: Ինչևէ:
Մանչեստրյան դերբին «Յունայթեդի» համար «Սիթիի» քիթը տրորելու, ձեռքի հետ էլ նրանից ունեցած միավորների զգալի տարբերությունը փոքր-ինչ նվազեցնելու հնարավորություն էր: Սա՝ թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում:
Եթե այդ գեղեցիկ դիմակայությունը սեփական աչքերով չեք տեսել, որքան էլ ջանադիր լինեմ, իմ պատմելը ձեզ համար նման կլինի ապակու տակ դրած վարդից հոտ քաշելուն: Հետևաբար ճիշտ կլինի, որ պահեմ հարցի գործնական կողմն ու ասեմ` «Սիթին» ամեն ինչով գերազանցեց տանտերերին, հաղթեց 2:1 հաշվով ու արդեն 11 միավորով է առաջ երկրորդ տեղում 35 միավորով մնացած օրվա իր մրցակցից:
Իհարկե, թիմում մեր Հենրիխ Մխիթարյանին տեղ չգտնող Ժոզե Մոուրինյոյի առնչությամբ հայ ֆուտբոլասերը պորտուգալացուն նվաստացնող էլի բաներ երևի կուզի իմանալ, սակայն, առաջնորդվելով «Ընկածին չեն խփում» մարդասիրական սկզբունքով, ավելի բաներ չասենք, միայն ավելացնենք, որ Գվարդիոլա-Մոուրինյո սույն դիմակայությունը (անկախ մարզած թիմերից) այս մարզիչների կենսագրությունում թվով քսաներորդն էր, ու իսպանացին ավելի քան երկու անգամ ավելի հաղթանակ է տարել պորտուգալացու նկատմամբ: Հարկավ այս վիճակագրությունն էլ չէինք հիշի ու հիշատակի, սակայն մեր մեղքը ո՞րն է, որ մենք էլ Խոսեպ Գվարդիոլա մարզիչ ենք երկրպագում ու սիրում:
Մանչեստրյան դերբիի այս ծավալուն ներկայացումից անցնենք մյուսներին՝ լինելով հնարավորինս սեղմ: Այսպես՝ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ «Էվերտոնի», «Արսենալն» արտագնայում «Սաուտհեմպտոնի» հետ ոչ-ոքի՝ 1:1 են խաղացել: «Վեստ Հեմն» անակնկալ է մատուցել ու երկրի գործող չեմպիոնին՝ «Չելսիին», պարտության է մատնել (1:0), տևական անհաջողությունների մուռը «Տոտենհեմը» հանել է հյուր եկած «Ստոկ Սիթիից»՝ 5:1:
Առաջին երկու տեղերում գտնվողների մասին վերն արդեն ասել ենք, դառնանք մյուսներին: «Չելսին» երրորդ տեղում մնաց ունեցած 32 միավորով, չորրորդ հորիզոնականում «Լիվերպուլն» է, հինգերորդում՝ «Արսենալը»: Նրանք համապատասխանաբար ունեն 30 և 29 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի հերթականում Մյունխենի «Բավարիան» կրկին հաստատեց իր բարձր կարգը՝ արտագնայում պարտության մատնելով «Այնտրախտին» (1:0), իսկ ահա «Լայպցիգն» ու «Շալկեն», իրենց բաժին հասած մրցակիցների հետ ոչ-ոքի խաղալով, ավելի մեծացրին բավարացիներից հետ մնալը. սեփական հարկի տակ լայպցիգցիները երկուական գոլ են փոխանակել «Մայնցի», իսկ «Շալկեն» հյուրընկալվելիս նույնը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ արել է ավելի համեստ հաշվով՝ 1:1: 15-րդ տուրից հետո «Բավարիան» ունի 35, «Լայպցիգը»՝ 27, «Շալկեն»՝ 26 միավոր:
Հետաքրքրական է, որ երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող թիմերին իրարից բաժանող մեկ միավորն ակտիվ դերակատարություն ունի և 5-7-րդ հորիզոնականներում գտնվող թիմերի տեղաբաշխման գործում: Ըստ այդմ, չորրորդ հորիզոնականում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան», հինգերորդում՝ հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած Լևերկուզենի «Բայերը», վեցերորդում՝ «Հոֆենհայմը» (արտագնայում նույնպիսի հաշվով զիջել է «Հանովերին»): Շարունակում է տեղատվություն ապրել Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Վերդերին» ու 22 միավորով յոթերորդ տեղում է, ինչը նշանակում է դուրս լինել եվրագոտուց:


ԻՏԱԼԻԱ
Նախորդ տուրի փոթորկումներից ու աղյուսակի վերին հորիզոնականները խառնշտելուց հետո սկուդետեի առաջին քառյակը կազմած թիմերը 16-րդ տուրում իրենց այնպիսի օլիմպիական հանգստի իրավունք վերապահեցին, որ «ալարեցին» անգամ գոլ խփելու նեղություն տալ իրենց: Մինչև 14-րդ տուրն առաջատարությունը ոչ մեկին չզիջած «Նապոլին» սեփական հարկի տակ միավոր կիսեց «Ֆիորենտինայի» հետ, դարձյալ սեփական հարկի տակ ու դարձյալ գոլազուրկ ոչ-ոքիով սկուդետեի նորահայտ առաջատարի՝ «Ինտերի» հետ խաղն ավարտեց «ծեր սինյորան», թեպետ հաղթելու դեպքում միայնակ էր գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Առաջին եռյակը կազմածներից հետ չմնաց թե իր խաղաղասիրությամբ, թե մրցակցին ավելորդ հուզումների մեջ չգցելու մտահոգությամբ «Կիևոյի» հետ առերեսման գնացած «Ռոման»:
Եթե երեկ ուշ երեկոյան կայացած «Լացիո»-«Թուրին» դիմակայությունում էլ նույնպիսի ելք արձանագրվի, թերևս այս դեպքում ստիպված կլինենք խոսել իտալական ֆուտբոլի մեծ դավադրության մասին, բայց թե ու՞մ դեմ դավադրության, այ, այդ հարցն արդեն խորաքնին վերլուծության կարիք կունենա: Ինչևէ: Այստեղ 40 միավորով առաջատարը «Ինտերն» է, նրանից մեկ միավոր պակաս է վաստակել «Նապոլին», իր հերթին նրանից մեկ միավոր պակաս ունի «Յուվենտուսը»: 35 միավորով ու պակաս անցկացրած մեկ խաղով չորրորդ տեղում «Ռոման» է: Նյութը գրելու պահին 32 միավորով ու պակաս անցկացրած երկու խաղով հինգերորդ հորիզոնականում «Լացիոն» էր:

ԻՍՊԱՆԻԱ
Արդեն տևական ժամանակ է Լալիգայում բարսելոնյան հրաշք ակումբի ամենառեալ հետապնդումը կազմակերպողը դարձել է «Վալենսիան», որն առավելագույն հատույցով օգտվելով, թերևս, ավելի հեղինակավոր ակումբների վրիպումներից, արդեն քանի տուր դիրքավորվել է երկրորդ հորիզոնականում ու այնտեղից է նայում իր բաժին աշխարհին: «Սելտայի» հետ տնային հանդիպումը վալենսիացիների հերթական հաջող քննությունն էր` 2:1:
Հաղթական էր և կատալոնյան ակումբի մրցելույթը: Արտագնայում Լուիս Սուարեսի ու Լիոնել Մեսիի ջանքերով այն երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Վիլյառեալին» ու 39 միավորով առաջին հորիզոնականում է: Հանուն ճշմարտության նշենք, որ այդ գոլերը խփվել են այն բանից հետո, երբ տանտերերն արդեն ավելի քան տասը րոպե մեկ խաղացողով պակաս էին: Բարսելոնցիների միավորները չորսով ավելի են վալենսիացիների ունեցածից:
Հաղթական հանդիպում է ունեցել և առաջատար եռյակի մաս կազմող «Աթլետիկոն»: Դիեգո Սիմեոնեի սաները «Բետիսի» հետ արտագնա դիմակայության հաղթական ու միակ գոլը խփել են առաջին խաղակեսում` միավորների թիվը հասցնելով 33-ի:
Հաղթական է եղել նաև Մադրիդի «Ռեալի» մրցելույթը: «Արքայականն» առաջին խաղակեսին հեղինակել է հինգ գոլ ու դրանով «Սևիլիայի» հարցերը համարել լուծված: Հանդիպմանն արդյունավետ է եղել Քրիշտիանու Ռոնալդուն` իր հերթական ոսկե գնդակը նշանավորելով դուբլով: «Սերուցքայինների» վաստակած միավորները 31-ն են: Հաղթանակը նրանց հնարավորություն տվեց երեք միավորով առաջ պոկվելու օրվա մրցակիցներից` անդալուզցիներից:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջին եռյակը տուրի իր հանդիպումներն ավարտել է հաղթանակով` դրանով իսկ մրցաշարային աղյուսակում պահպանելով ունեցած հերթագայությունը: «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն» դա արել են հյուրընկալելիս, «Լիոնը»՝ հյուրընկալվելիս: Մայրաքաղաքցիները «Լիլի» նկատմամբ առավելությունը հաստատել են 3:1 հաշվի արձանագրումով, մոնեգասկները հանդիպել են «Տրուայի» լուրջ դիմադրությանը՝ 3:2, իսկ «Լիոնը» «Ամիենին» ծնկի է բերել հավելյալ ժամանակն առավել արդյունավետ օգտագործելով՝ 2:1:
Վաստակած 44 միավորով «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է մնալ առաջնության միանձնյա առաջատարը, 35-ական միավորով նրան են հաջորդում «Լիոնն» ու «Մոնակոն»: Նույնքան միավոր կարող էր ունենալ և «Սենտ Էտիենին» հյուրընկալած «Մարսելը»: Տանտերերն արել են իրենցից պահանջվողը (3:0) և նույն 35 միավորով շարունակում են դիրքավորված մնալ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում, որը ոչ միայն լավ ցատկահարթակ է ավելի վերև խոյանալու համար, այլև թիմը պահում է եվրագոտում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ