Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը արաբական աշխարհի նոր տե՞ր

Ռուսաստանը արաբական աշխարհի նոր տե՞ր
12.12.2017 | 11:26

2015-ին վերադառնալով Մերձավոր Արևելք` շնորհիվ իր ռազմական միջամտության Սիրիայի կոնֆլիկտին, Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ 2011-ին սկսված արաբական գարունը, հակապուտինյան ցույցերը, հեղափոխությունը ՈՒկրաինայում ամրապնդեցին Կրեմլի կարծիքը, որ ինքը պաշարման վիճակում է։ Մտնելով Սիրիայի պատերազմի մեջ` Ռուսաստանը իրավիճակը փոխելու հնարավորություն տեսավ և ձեռքն առավ նախաձեռնությունը։ Ո՞վ է հիշում Դոֆարի ազատագրման ճակատը։ Ոչ ոք, եթե 60-ականների այդ զինված մարքսիստական կազմակերպության հովանավորը ԽՍՀՄ-ը չլիներ։ Հանուն իմպերիալիզմի դեմ պայքարի ԽՍՀՄ-ը միշտ աջակցում էր արաբների ազգայնական ու հեղափոխական շարժումներին։ Դոֆարի ազատագրման ճակատը, որ ապարդյուն փորձում էր տապալել Պարսից ծոցի միապետներին, գոյություն ուներ 12 տարի` նախքան Լեթայի մեջ անհետանալը։ Բայց հիմա, երբ Ռուսաստանն իրեն է վերցնում խաղաղարարի դերը Սիրիայում, հիշողությունը վերարտադրում է Մերձավոր Արևելքում խորհրդային փորձը։ Ընդունելով Մոսկվայում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին` Վլադիմիր Պուտինը հիշեցրեց, որ 1926-ին ԽՍՀՄ-ը Սաուդյան թագավորությունը ճանաչած առաջին պետությունն էր։

1952-ից ԽՍՀՄ-ը կայուն դիրք ուներ տարածաշրջանում` աջակցելով Եգիպտոսում Աբդել Նասերի իշխանություն գալուն, որ վերջ դրեց բրիտանացիների աջակցությունն ունեցող միապետությանը։ Դա դարձավ հաջող ռազմական համագործակցության սկիզբ, որը երբեք չդադարեց։ Անկախության համար պատերազմում ԽՍՀՄ-ից զենք ստացավ Ալժիրը։ Հարավային Եմենում իրադարձություններից հետո Մոսկվան կարողացավ վերջնականապես հայտարարել իր գաղափարական հաղթանակի մասին։ 1967- 1990-ին Հարավային Եմենը միակ երկիրն էր արաբական աշխարհում 100- տոկոսանոց կոմունիստական վարչակարգով, որ գոյություն ունեցավ մինչև երկրի վերամիավորումը։ Խորհրդային կայսրության փլուզումով փլուզվեց և նրա ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ «Մեր ազդեցությունը զրոյացավ։ Ռուսաստանն այլևս ֆինանսական ռեսուրսներ չուներ սեփական քաղաքականությունը վարելու համար տարածաշրջանում, որը կորցրեց Մոսկվայի հետ կապերի նկատմամբ որևէ հետաքրքրություն»` ասում է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի անդամ Կիրիլ Սեմյոնովը։ Միջազգային բանավիճային ՙՎալդայ» ակումբի կայքում հրապարակված հոդվածում եգիպտացի վերլուծաբան Նուհրան էլ Շեյխը Սիրիայի իրադաձություններն անվանում է ոչ այլ կերպ, եթե ոչ «Պուտինի հրաշք Մերձավոր Արևելքում»։ Հենց արաբական գարնան իրադարձությունների բարդ շղթան Մոսկվային մղեց ասպարեզ դուրս գալ։ 2011-ին Մուբարաքին Կահիրեում տապալելուց հետո, Ռուսաստանին Լոնդոնն ու Փարիզը դավաճանեցին` ստանալով նրա չեզոքությունը և օդային գործողություններ սկսելով Լիբիայում։ Հակառակ ՄԱԿ-ի բանաձևերի` դա հանգեցրեց Քադաֆիի տապալմանը` Մոսկվայի վաղեմի դաշնակցի ու տնտեսական գործընկերոջ։ Մի քանի ամիս անց, երբ սպառնալիքի տակ հայտնվեց Ասադը, Կրեմլը մեղադրեց ոչ թե սիրիացիներին, այլ արևմտյան հովանավորներին։ Ջիհադի համար պատերազմելու մեկնած կովկասցի զինյալների իսլամական վտանգի փաստարկը ռուսական իշխանությունները սկսեցին օգտագործել ավելի ուշ։ Ծանրացնող փաստարկ էր, որ արաբական իրադարձությունները համընկան 2011-2012-ի ձմռան հակապուտինյան հուզումների հետ, իսկ երկու տարի անց` ուկրաինական հեղափոխության, որ տապալեց ռուսամետ իշխանությունը։

Կրեմլն այդ իրադարձություններում տեսավ նույն տրամաբանությունը, որ 2014-ին բանաձևեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը. «Արաբական գարնան իրադարձությունները, ռազմական կոնֆլիկտը Սիրիայում և իրավիճակն ՈՒկրաինայում վկայում են Ռուսաստանի համար նոր ռազմական սպառնալիքների ի հայտ գալը»։ 2015-ին Մոսկվայի ռազմական միջամտությունը Սիրիայում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմածովային բազա Տարտուսում, դարձավ առավել նշանակալից պատասխան իր անվտանգության նոր սպառնալիքին։ Մոսկվան նույնիսկ որոշ ժամանակ մտածում էր օգտագործել այդ ռազմական լծակը, որ ստիպի Արևմուտքին հանել պատժամիջոցները Ռուսաստանի միջամտությունից հետո Դոնբասում, բայց անարդյունք։ Կիրիլ Սեմյոնովի կարծիքով` «կատարվածը ուկրաինական իրադարձությունների արտացոլումն էր»։ Փորձագետն ընդգծեց ռուսական նոր ազդեցության անկանխատեսելիությունը։ Այդ ճգնաժամային իրավիճակում «Ռուսաստանը միակ ռեալ ուժն է, որ աջակցում է բոլորի հետ կապերին ու կարող է հավակնել միջնորդի դերին բոլոր մասնակիցների միջև»` ասում է արաբագետ Մարինա Բելենկայան։

Միջնորդության մասշտաբի վառ օրինակ է Մոսկվայի սերտ համագործակցությունն Իրանի հետ Սիրիայում հրադադարի հասնելու ու քաղաքական կարգավորման նպատակով, մինչդեռ առավել խոշոր խաղացողները` Սաուդյան Արաբիայից մինչև ԱՄՆ, չեն համագործակցում Թեհրանի հետ։ Զուգահեռ Վլադիմիր Պուտինը մեծ շուքով Կրեմլում ընդունեց Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդել Ազիզ ալ Սաուդին, որ պատերազմում է Եմենի շիական վարչակարգի հետ։ Նա սիրալիր համաձայնեց գործել իբրև հակակշիռ Իրանի աճող ազդեցությանը տարածաշրջանում։ Էր Ռիադն ու Մոսկվան սերտ համակարգում են ջանքերը միավորելու սիրիական ընդդիմության պատվիրակությունները Ժնևի բանակցություններում։ Գործելով առանց ուղղակի միջամտության կոնֆլիկտին` Մոսկվան մերձենում է Կատարի հետ, որի հետ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հարաբերությունները և Պարսից ծոցում երկու հակառակորդներին մղում է երկխոսության։ Սեպտեմբերին Ռուսաստանը Կատարի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեց։ Ի սկզբանե սիրիացի ապստամբների բոլոր հովանավոր երկրները շատ վատ արձագանքեցին Ռուսաստանի միջամտությանը և Ասադին աջակցությանը։ Այսօր, շնորհիվ ռազմական հաջողության, Մոսկվան դարձել է լիիրավ խաղացող, ում հետ նրանք ստիպված են հաշվի նստել։ Դամասկոսի կատաղի հակառակորդ Թուրքիան, սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ «եռյակ միության» մեջ Իրանի հետ` հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար։ Վլադիմիր Պուտինը 6 անգամ հանդիպել է Էրդողանի հետ։ Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտի արաբագետ Վլադիմիր Իսաևը Ռուսաստանի ազդեցության պարզ բացատրություն է տալիս. «Մերձավոր Արևելքի երկրները հարգում են ուժը, այդ պատճառով մեզ հարգում են»։


Էներգետիկ շուկայում կատաղի մրցակիցներ Ռուսաստանն ու նավթային միապետությունները, առաջին հերթին Սաուդյան Արաբիան, արդեն մեկ տարի տնտեսական մեղրամսի մեջ են։ Ցնցված գնանկումից` Էր Ռիադն ու Մոսկվան համաձայնագիր կնքեցին իրենց արտադրության սառեցման մասին ու գործընթացում ներգրավեցին նավթարտադրող բոլոր երկրներին` չնայած Ռուսաստանը ՕՊԵԿ-ի անդամ չէ։ Opep Plus-ի աննախադեպ համաձայնությունը թույլ տվեց ստորագրած երկրներին ավելացնել իրենց բյուջետային պահուստները։ Վերջերս համաձայնությունը երկարացվեց մինչև 2018-ի ավարտը։ Դա Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ներգործության կարևոր տարր է։ «Նավթի գինը գաղափարներից ուժեղ է»` հաստատում է Մարինա Բելենկայան։ Երկար ժամանակ կենտրոնանալով Եվրոպայում ու Ասիայում, գլխավորապես «Գազպրոմի» միջոցով, Կրեմլի նավթային դիվանագիտությունը շրջվել է Մերձավոր Արևելքի կողմը, այս անգամ Պուտինի մերձավոր Իգոր Սեչինի «Ռոսնեֆթի» միջոցով: 2016-ի սեպտեմբերին Կատարը` հեղուկ գազի ամենամեծ արտահանողն աշխարհում, ռուսական նավթային ընկերության կապիտալի 2,5 միլիարդ եվրոյի մասնաբաժին ձեռք բերեց` մինչև իր մասնաբաժնի մեծ մասը չինացիներին վաճառելը։ Նոյեմբերին «Ռոսնեֆթը» հաղորդեց քրդական իշխանություններին 1,3 միլիարդ դոլար կանխավճարի մասին` նավթով հարուստ տարածքները հետազոտելու համար։ Այդ քայլը հարուցեց Բաղդադի զայրույթը։ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր առևտրական կապերը տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ, հատկապես ռազմական ոլորտում։ «Քաղաքական կապերից հեշտությամբ կարելի է հրաժարվել, շատ ավելի բարդ է դա անել տնտեսական կապերից»` ասում է Վլադիմիր Իսաևը։ Օրինակ` Սաուդյան Արաբիան ռուսական զենք է գնելու Վաշինգտոնի շրջափակած շուկայում։


Խրվելով Մերձավոր Արևելքի կոնֆլիկտում Սիրիայի պատերազմի պատճառով` Մոսկվան կարող է կորցնել իր ամբողջ ազդեցությունը տարածաշրջանում խաղաղություն կնքելուց հետո` այս հիպոթեզը հիմա քննարկում են ռուս արաբագետները։ Նրանք ընդգծում են անհաստատ դիրքը Ռուսաստանի, որին արաբ խաղացողները համարում են զինվորիկ, ում հեշտ է խաղացնել հանուն գլոբալ աշխարհաքաղաքական հավասարակշռության։ Ռուսաստանի ազդեցությունը թվում է ծիծաղելի կրոնական ազդեցության համար պատերազմի ենթատեքստում, որ վարում են տարածաշրջանում Էր Ռիադն ու Թեհրանը։ Իրաքյան շիա էքսպանսիոնիզմը, որին աջակցում է Ռուսաստանը Սիրիայում, անհանգստության պատճառ է Մոսկվայում։ Ճիշտ նույն կերպ «Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները վաղը կարող են վերադառնալ զրոյական կետին»` զգուշացնում է Ժամանակակից Արևելքի ինստիտուտի պրոֆեսոր Գրիգորի Կոսաչը։ Եվս մեկ արգելք կա Վաշինգտոնից։ Մոսկվայի հետ քննարկելով ռազմաբազաների համատեղ օգտագործման հարցը` Եգիպտոսն առաջին հերթին փորձում է պահպանել իր դաշնակից ԱՄՆ-ի ազդեցությունը։ Նման թաքնված պատճառներ ունի Թուրքիան, ում բարեկամությունը Ռուսաստանի հետ կտևի ճիշտ այնքան, որքան կձգվի վեճը ԱՄՆ-ի հետ։ Ճանաչելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք` Թրամփը թույլ տվեց ձևավորվի միանգամայն անբնական ռուս-եվրոպական կոալիցիա, որ դեմ է այդ որոշմանը։ Փաստը հետաքրքիր է` 80-ականների վերջի հրեական զանգվածային արտագաղթից հետո Մոսկվան ու Թել Ավիվը ձևավորել են շատ ամուր տանդեմ, թեպետ ռուսական դիվանագիտությունը երբեք ճնշում չի գործադրել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման վրա։ Այդ անհանգիստ տարածաշրջանում Վլադիմիր Պուտինը չի կարող պարծենալ ռազմավարական տեսլականով, մարտավարի, և, ինչպես ոմանք են ասում, օպորտունիստի, դերը լիովին բավարարում է նրա հավակնությունները։
Պիեռ ԱՎՐԻԼ, Le Figaro, Ֆրանսիա


Հ.Գ. Մերձավոր Արևելքում ռազմավար լինելու համար Վլադիմիր Պուտինին պակասում է տնտեսապես հզոր երկիրը` նա ռեսուրս չունի մեծ խնդիրներ լուծելու` ոչ քաղաքական, ոչ ֆինանսական, ոչ տնտեսական։ Առավելագույնը` Պուտինը կարող է կանխել, որ մեծ խնդիրներ չլուծեն այլ երկրները, առաջին հերթին ԱՄՆ-ը։ Ի՞նչն է խանգարում, որ այդ ռազմավարական տեսլականը կյանքի կոչի ԱՄՆ-ը: Երևի ժամանակը, կամ` ժամանակի պակասը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ