Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

Ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը
12.12.2017 | 20:29

Դեկտեմբերի 11-ին ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի փակումը նույնքան հնչեղ էր, տպավորիչ, որքան և մեկնարկը։ Գալա համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Շուրջ 500 հազար ակտիվ առցանց դիտող ունեցող պրոֆեսիոնալ այս հարթակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն ներկայացուցիչների գործերից՝ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»:


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով հոբելյանական 5-րդ փառատոնը, նշեց, որ փառատոնի առանձնահատկություններից էր այն, որ ներկայացրեց երաժշտական այնպիսի ձևաչափեր, որոնք աշխարհում նորություն էին։ «Մենք ներկայացրինք կոնտրաստներով լի համերգային ծրագրեր՝ սիմֆոնիկ երաժշտություն (Պրոկոֆև, Շոստակովիչ, Շնիտկե, Միրզոյան, Տերտերյան, Խաչատրյան), և այդ ամբողջն ընտրված էր շատ մանրակրկիտ։ Այդ գործերով մենք ցույց տվեցինք նաև նվագախմբի կատարողական բարձր պրոֆեսիոնալիզմը։ Երաժշտությամբ հագեցած այս երկու ամիսները և փառատոնի լեցուն դահլիճները խոսում են այն մասին, որ հասարակությունն ունի լավ երաժշտություն լսելու պահանջ»,- ասաց մաեստրո Սմբատյանը։


MEDICI.TV-ով փակման համերգի հեռարձակումը Սերգեյ Սմբատյանը գնահատեց որպես նվագախմբի, իրենց մեծ թիմի կարևոր ձեռքբերումներից մեկը. «MEDICI.TV-ն դասական երաժշտության այն խոշորագույն հարթակն է, որը թելադրում է բարձր չափանիշներ, երաժշտական սկզբունքներ, և մեծ հաղթանակ է ներկայանալ այդ ալիքով ու հայկական ծրագրով»։


Համերգի ուղիղ հեռարձակումն ապահովող HD Studio-ի ղեկավար Կարեն Խաչատրյանը նշեց, որ MEDICI.TV-ի կողմից որոշակի պահանջներ էին ներկայացվել՝ բովանդակային, կադրային, գեղարվեստական։ Կարեն Խաչատրյանը նկատում է, որ իրենց համար մեծ պատասխանատվություն էր ապահովել MEDICI.TV-ի եթերը. «Չորս տարի Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելով հայ հանդիսատեսի համար, հանդիսատեսի շնորհիվ կայանալով, հավաքելով շատ մեծ պորտֆոլիո՝ կարողացանք հասնել այն աստիճանի, որ MEDICI.TV-ն ընդունեց մեր աշխատանքը»։


MEDICI.TV-ի եթերում ցուցադրվեց նաև Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն ամփոփող ֆիլմ, որը հետահայաց անդրադարձ էր անցած երկու ամիսների աշխատանքին։
Ունկնդիրը չդադարող ծափերով ընդունեց սիմֆոնիկ երկու գործերն էլ՝ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան, որ հեղինակը գրել է 1975 թվականին, մի ստեղծագործություն, որտեղ նվագախմբի կազմում կոմպոզիտորը ներդաշնակեցրել է զուռնան և դուդուկը, և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան՝ լի խորը դրամատիզմով և բազմազան հնչողությամբ։
Խաչատրյանի փառատոնը բարձր գնահատականների է արժանացել մասնագիտական շրջանակներում։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով խաչատրյանական փառատոնին, նշեց, որ այն իր ուրույն, կայուն տեղն է գրավել մեր մշակութային կյանքում և կարողանում է մեզ հաղորդակցել համաշխարհային աստղերի հետ, ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք աշխարհում նմանը չեն ունեցել։ «Երբեք չառանձնացնելով որևէ ծրագիր, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ խաչատրյանական փառատոնը շատ ստեղծարար միտք ունի, շատ հետաքրքիր է և մշտապես հետևում է նորարարություններին, արվեստի մեջ նոր քայլեր ձեռնարկում, նոր նախաձեռնություններ ունենում, դրանով իսկ ավելի հետաքրքիր և ավելի գունեղ դարձնում թե՛ փառատոնը, թե՛ մեր մշակութային կյանքը: Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առիթ ունեցան հաղորդակցվելու այս բացառիկ համերգաշարի հետ, շնորհավորել կազմակերպիչներին և հուսալ, որ փառատոնը մշտապես հաջորդող տարիներին ևս պահպանելու է այդ բարձր մակարդակը, արվեստի բարձր նշաձողը փորձելու է տանել մեր մշակութային կյանքի կառուցման վերին հարկ: Մշտապես լինելու է վերևում»,- ասաց Արմեն Ամիրյանը:


Մաեստրո Տիգրան Մանսուրյանը երաժշտական այս տոնը բնութագրեց որպես հարուստ և բեղմնավոր: «Կուզենայի հատկապես առանձնացնել այս ընթացքում տեղի ունեցած առաջին կատարումները՝ պրեմիերաները, որոնց շարքին, անշուշտ, հիշատակելի են Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիան՝ «Բաբի Յարը», Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի կատարումը: Կուզեի առանձնապես նշել Ջոն Մալկովիչի երևանյան այցելությունը և նրա ընթերցած Նարեկացին անգլերենով: Այս երևույթները մեծապես հարստացրին փառատոնը: Սերգեյ Սմբատյանի աշխատանքը պետք է բարձրագույն գնահատականի սահմաններում ընկալել, որովհետև սա և՛ գեղարվեստական բարձր դրսևորումների համերգաշար էր, և՛ միաժամանակ կազմակերպչական մեծ էներգիա։ Այս ամենը մեծ ուշադրություն պահանջող աշխատանքի արդյունք է»,- ասաց մաեստրո Մանսուրյանը:


Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Փառատոնի փակման համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ