ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Գարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը տեղափոխել է մեջլիս

Գարո Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը տեղափոխել է մեջլիս
12.12.2017 | 22:06

Թուրքիայի հայ համայնքը տևական ժամանակ է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում պատասխան է սպասում ներքին գործերի նախարարությունից, որ չի պատասխանել Ստամբուլի նահանգապետարանի միջոցով պատրիարքարանի ներկայացրած դիմումին: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը տեղափոխել է մեջլիս՝ գրավոր հարցում ուղղելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Գրավոր հարցման մեջ Փայլանը հիշեցրել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները: Նա նշել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ ստեղծվել էր նախաձեռնող խումբ, որն էլ հատուկ դիմում էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները կազմակերպելու խնդրանքով, սակայն այդ դիմումին մինչ օրս պատասխան չի եկել, մինչդեռ ընտրությունները նախատեսվում էր կազմակերպել դեկտեմբերի 10-13-ին։ Փայլանն ընդգծել է, որ համաձայն լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է, թե «պետությունը Գարեգին Բեքչյանին չի ճանաչում որպես պատրիարքական տեղապահ և ցանկանում է, որ ընտրությունն արվի պատրիարքարանի մյուս երկու եպիսկոպոսների միջև»:

«Պետության կողմից պատրիարքի ընտրություններին նման կերպ միջամտելը և գործընթացն այսքան ձգձգելը համայնքի ներսում անհանգստության պատճառ են դարձել»,- փաստել է հայ պատգամավորը: Նա Սոլյուից պահանջել է պատասխանել՝ որն է պատրիարքական ընտրություններում պետության միջամտության հիմքը, իսկապես կա՞ միջամտություն պատրիարքական ընտրություններին, ինչպես նշել էր Ստամբուլի նահանգապետը: Բացի այդ, նա փորձել է հասկանալ, ինչու՞ է ընտրության կազմակերպման գործընթացը ձգձգվում, եթե հայկական համայնքում կա համաձայնություն և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են: Ի վերջո, Փայլանը հարցրել է, թե ե՞րբ են ավարտվելու պատրիարքի ընտրությունն արգելելու փորձերը:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ