Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինի մերձավորարևելյան տուրնեն

Պուտինի մերձավորարևելյան տուրնեն
13.12.2017 | 06:43

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սրընթաց տուրնե կատարեց` այցելելով Մերձավոր Արևելքում իր նոր դաշնակիցներին և ընդգծելով Ռուսաստանի աճող ազդեցությունն ու ԱՄՆ-ի թուլացող դերը տարածաշրջանում։ Պուտինը կարճատև այցեր կատարեց Սիրիա ու Եգիպտոս, հետո նույն օրը մեկնեց Անկարա։ Նրա այցերը համընկան աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ աճող դժգոհությանը` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո, որը նպաստեց ԱՄՆ-ի ու Իսրայելի մեկուսացմանը և հարուցեց դաշնակիցների զայրույթը Եվրոպայում ու արաբական աշխարհում` միաժամանակ համոզելով արաբներին, որ ԱՄՆ-ը հստակ հակամուսուլմանական դիրքերում է։ Երկուշաբթի Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԵՄ-ին կոչ արեց «ճանաչել փաստերը» և հավանություն տալ Թրամփի քայլերին ու հանդիպեց վճռական դիմադրության։


Վլադիմիր Պուտինի այցը հետևանքներ ուներ և Ռուսաստանում` ցուցադրում էր նրա գլոբալ պետական գործչի դերը այն պահին, երբ նա սկսում է նախընտրական արշավը` առաջադրվելով 5-րդ, գուցե վերջին անգամ։ Իր այցելած յուրաքանչյուր երկրում Պուտինը որոշակի հաջողության հասավ բարեկամական մթնոլորտում, որ հնչեղ հայտարարությունների թեմա դարձավ։ Սիրիայի ռուսական ավիաբազա կարճատև այցի ժամանակ, որտեղ նրան դիմավորեց Բաշար Ասադը, Պուտինը նորից հայտարարեց, որ ռուս զինվորականները կատարել են իրենց խնդիրը ու տուն են վերադառնում։ Առաջին նման հայտարարությունը նա արել էր 2016-ի մարտին ու բազմիցս խախտել խոստումը։ Եգիպտոսում Վլադիմիր Պուտինն ու նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին քննակեցին խնդիրների շարք, որ արտացոլում են Մոսկվայի աճող դերը։ Մամլո ասուլիսում նրանք հաստատեցին, որ Ռուսաստանը վերականգնում է զբոսաշրջային ուղիղ չվերթերը Եգիպտոս, որ դադարեցվել էին 2015-ին, երբ Սինայի թերակղզու երկնքում պայթեց ռուսական ինքնաթիռը։ Կանոնավոր ավիաչվերթերի վերականգնման շնորհիվ երկրի բյուջե միլիարդավոր դոլարներ կհոսեն։ Երկու նախագահները հաստատեցին 30 միլիարդ դոլարի պայմանագրի ստորագրումը` Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան կկառուցի` առաջինը երկրում։ Նոյեմբերի վերջին լուրեր հայտնվեցին, որ 2 երկրները ուսումնասիրում են համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, որով ռուսական ռազմաօդային ուժերը կարող են օգտագործել եգիպտական ռազմաբազաները։
Թուրքիա այցի օրակարգի գլխավոր հարցը քաղաքական բանակցություններն էին Սիրիայի պատերազմի ավարտի և Անկարային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին, որից Ռուսաստանն առաջ հրաժարվում էր։ Դա Պուտինի ու Էրդողանի 6-րդ հանդիպումն էր այս տարի, վերջերս նրանք 2 շաբաթը մեկ շփվում են։ Ռուսաստանը ամբողջությամբ օգտագործում է մերձավորարևելյան տարբեր կոնֆլիկտներին չմասնակցելու ԱՄՆ ցանկությունը, հատկապես Սիրիայում, և վերականգնել է հարաբերությունները տարբեր երկրների հետ։ Եգիպտոսը, օրինակ, 1970-ականների սկզբին բազմամյա սերտ համագործակցությունից հետո հրաժարվեց խորհրդային զինվորների ներկայությունից Եգիպտոսում ու պահանջեց, որ նրանք երկրից հեռանան։


Թեպետ Պուտինը վստահ է 2018-ի մարտին նախագահական ընտրություններում հաղթանակին, նա ձգտում է ռեկորդային մասնակցության և աջակցության։ Տարբեր վերլուծաբանների կարծիքով` պետք է կենդանացնել նախագահական ալարկոտ ընտրարշավը և թեկուզ տպավորություն ստեղծել, որ նա կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա, նույնիսկ երբ արտաքին քաղաքականության քննարկումը նրան ոգևորում է ավելի, քան ճանապարհների նորոգման հարցը։ Այդ պատճառով նա ցանկանում է նշանակալից կրճատել Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը փետրվարին սկսվող քարոզարշավից առաջ։ «Սիրիան առանձնապես չի մտահոգում մարդկանց, դա հեռավոր երկիր է, որի մասին քչերը գիտեն»` ասում է քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգերտը: Եթե ռուսաստանցիները ընդհանրապես Սիրիայի մասին մտածում են, նրանց, որպես կանոն, հետաքրքրում է` ինչու՞ է Կրեմլը փող ծախսում մի տարածքում, որտեղ ապրում են միմյանց սպանող բարբարոսներ։ Սիրիայում Պուտինը կրկնեց, որ ռուսական զորքերը ջախջախեցին իսլամ զինյալներին, որոնց դեմ 2 տարի առաջ էին սկսել կռվել, թեպետ շատերը կարծում են, որ նրա իսկական նպատակը Ասադին աջակցելն էր` այն ժամանակ Ռուսաստանի վերջին դաշնակցին տարածաշրջանում։
«2 տարում ՌԴ զինված ուժերը սիրիական բանակի հետ ջախջախեցին միջազգային ահաբեկիչների առավել մարտունակ խմբավորումը,- հայտարարեց Պուտինը Հմեյմիմում։- Ես որոշում եմ ընդունել` Սիրիայում գտնվող ռուսական զորախմբի նշանակալից մասը կվերադառնա տուն` Ռուսաստան՚։ Ինչպես միշտ` Պուտինն իր համար մանևրի տեղ թողեց` ասելով, որ Ռուսաստան է վերադառնում զորքերի ՙնշանակալից մասը՚։ Նա նշեց, որ Ռուսաստանը մշտական ներկայություն կունենա Սիրիայում` Հմեյմիմի բազայում և Տարտուսի նյութատեխնիկական մատակարարման բազայում։ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի անորոշ արտահայտվեց` հայտարարելով, որ զորքերի դուրսբերման կոնկրետ ժամանակացույց չկա. «Պարզ է, որ դա մեկ օրվա հարց չէ»։ Վերլուծաբանների կարծիքով` Պուտինի այցը ու զորքերի դուրսբերման հայատարարությունը կարելի է մասամբ գնահատել Ասադի վրա ճնշման փորձ, որ առայսօր ցուցադրում է ապշեցուցիչ պատրաստակամություն` անտեսելու Ռուսաստանի բարձրաձայնած ռեալ քաղաքական գործընթաց իրականացնելու նպատակը, թեպետ խորապես կախված է ռուսական զինուժից։ Ռուսաստանը ոչ միայն աջակցել է լուրջ դժվարություններ ունեցող Ասադի բանակին, այլև օգնել է համոզել միջազգային խաղաղ բանակցոթյունների մասնակիցներին հրաժարվել նախկին միասնական տեսակետից, որ քաղաքական բարեփոխումների բանակցությունները կարելի է վարել միայն Ասադի հեռանալուց հետո։ Բայց Մոսկվան չի ցանկանում անվերջ աջակցել Սիրիայի թուլացած պետությանը` կասկածելի լեգիտիմությամբ։ Մարտական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կորցրել է հարյուրավոր զինծառայողներ և ծախսում է վիխթարի միջոցներ պատերազմի ու Սիրիայի իշխանություններին աջակցելու վրա։ Բացի այդ` Պուտինը ցանկանում է հայտարարել իր հաղթանակի մասին և ոչ միայն ռազմական։ Նա ուզում է ամրապնդել միջազգային դիվանագիտական նախաձեռնություններում իր առաջատարի դերը, որ համարում է գլխավոր նվաճումը միջազգային ասպարեզում իբրև ԱՄՆ-ին հավասար խաղացող Ռուսաստանի վերադարձի գործում։ ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում անցկացվող բանակցություններին մասնակցող Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները ողջունել են Պուտինի հրամանը։ «Դա մեզ կօգնի, դա ճիշտ քայլ է, մենք շատ դրական ենք գնահատում»` հայտարարեց ընդդիմադիրների խմբի անդամ Հինդ Կաբավատը։

Ընդդիմության ներկայացուցիչները հույս են հայտնում, որ Ռուսաստանը հիմա պատրաստ է Ասադի նկատմամբ օգտագործել իր լծակները` փոխզիջումների հասնելու, որ նոր խթան կհաղորդեն Ժնևի բանակցություններին։ Այլ վերլուծաբաններ կարծում են, որ եթե Ժնևում կամ Սիրիայում մարտի դաշտում էական ոչինչ չի եղել, զորքերը դուրս բերելու Պուտինի հայտարարությունը վերաբերում է ոչ այնքան Սիրիային, որքան ռուսական ներքին քաղաքականությանը։
Թուրքիայում Վլադիմիր Պուտինը փորձելու է ստանալ Անկարայի աջակցությունը զինված իսլամիստներին Սիրիայի հյուսիսային Իդլիբ ու Հալեպ նահանգներում ճնշելու համար, պնդելու է, որ Էրդողանը ճանաչի Բաշար Ասադին Սիրիայի օրինական նախագահ։ Թուրքիան շարունակում է պնդել, որ Ասադը պետք է հեռանա, բայց ինչպես ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը, Ասադի հեռանալը բանակցությունների նախապայման չի համարում։ Թուրքիան դեմ է բանակցություններին սիրիացի քրդերի մասնակցությանը` անցած շաբաթ հայտարարեց ՙԱրդարություն ու զարգացում՚ կուսակցության մամլո քարտուղար Մահիր ՈՒնալը։ Սիրիացի քրդերի խմբավորումներն ունեն ԱՄՆ-ի աջակցությունը, բայց Անկարան հայտարարում է, որ նրանք կապված են Քրդական աշխատավորական կուսակցության անջատողական շարժման հետ։ Այդ պատճառով Անկարան անհանգստանում է, որ նրանք կարող են զենքը փոխանցել Թուրքիայի ապստամբներին։
Նիլ ՄԱԿՖԱՐԿՈՒՊԱՐ, Էնն ԲԱՐՆԱՐԴ, The New York Times


Հ.Գ. Սիրիայի քաղաքական կարգավորումը հիմա Պուտինի մերձավորարևելյան օրակարգի գլխավոր խնդիրն է։ Միայն դրանից հետո նա կկարողանա վերադարձնել պատերազմի ու Ասադի աջակցության վրա կատարված ֆինանսական ներդրումները։ Բացի բարոյաքաղաքական նշանակությունից ընտրություններից առաջ` դա նաև ֆինանսատնտեսական հարց է, որ ավելի բարձր գին ունի նրա համար, թեպետ այդ գինը չի բարձրաձայնվում։ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ դեմ չէ Ասադի պաշտոնավարմանը մինչև նոր ընտրություններ։ Դա Պուտինի հետ բանակցությունների հող է ստեղծում` Սիրիայի հանքահումքային հարստությունների բաշխման և քրդերի հարցում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ