Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորսիկան անկախություն է ուզում, Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է բանակցել

Կորսիկան անկախություն է ուզում,  Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է բանակցել
13.12.2017 | 06:49

Կղզու խորհրդարանական ընտրություններում ազգայնական «Հանուն Կորսիկայի» կոալիցիայի համոզիչ հաղթանակից հետո Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը զանգահարել է անջատողականների ղեկավար Ժիլ Սիմեոնիին ու հայտարարել, որ պատրաստ է բանակցել։ Ընտրությունների երկրորդ փուլը դեկտեմբերի 10-ին էր, անջատողականները ստացան խորհրդարանի մանդատների 2/3-ը։ Le Figaro-ն հաղորդում է, որ Էդուար Ֆիլիպը Ժիլ Սիմեոնիին փոխանցեց «հանրապետական շնորհավորանքը» և «պատմեց, որ պատրաստ է Փարիզում հանդիպել (ցանկացած ժամանակ), երբ Կորսիկայում սկսի աշխատել տեղական ինքնակառավարման նոր կառույցը»։


Դեկտեմբերի 3-ին ու 10-ին կորսիկացները առաջին անգամ ընտրում էին տարածքային ինքնակառավարման միասնական օրգան (CTU)։ Այս ընտրությունները նախորդից 2 տարի հետո էին, դա անհրաժեշտ դարձավ տարածքային բարեփոխումից հետո, որը միավորեց 2 դեպարտամենտները (Հարավային Կորսիկան ու Վերին Կորսիկան) և տարածքային խորհուրդը։


Ձայների 56,5 % ստացավ անջատողական «Հանուն Կորիսիկայի» (Pè a Corsica) կոալիցիան, որ միավորում է անկախականների «Ազատ Կորսիկա» կուսակցությունը` 57-ամյա փաստաբան Ժան Գի Թալամոնիի գլխավորությամբ, որ Կորսիկայի ներկա Ասամբլեայի (շրջանային խորհրդարանի) նախագահն է և «լայն ինքնավարության» կողմնակից «Ստեղծենք Կորսիկա» կուսակցությունը` 50-ամյա փաստաբան Ժիլ Սիմեոնիի գլխավորությամբ, որ շրջանի գործադիր խորհրդի նախագահն է։ «Հանուն Կորսիկայի» կոալիցիան պահանջում է շրջանին տալ «իսկական ինքնավարության կարգավիճակ», որի ուրվագծերը պետք է որոշարկվեն «առաջիկա 3 տարիներին», իսկ ուժի մեջ կմտնի «առաջիկա 10 տարում»։ Ինքնավարության պայմաններն ու ժամկետը կլինեն Կորսիկայի իշխանությունների բանակցության առարկան Փարիզում։ Կոալիցիայի մասնակիցների գլխավոր պահանջներն են շրջանի տնտեսական իրավասությունների ընդլայնումը, կորսիկացիներին առանձին ժողովուրդ ճանաչելը Ֆրանսիայի կազմում, «քաղբանտարկյալների համաներումը», կորսիկերենը պետական երկրորդ լեզու ճանաչելը ֆրանսերենի հետ հավասար, Կորսիկայի ռեզիդենտի կարգավիճակի ստեղծումը` նրան գերակա իրավունքներ տալով։


Կորսիկայի նոր խորհրդարանում, որ կսկսի գործել 2018-ի հունվարից, «Հանուն Կորսիկայի» կոալիցիան 41 մանդատ ունի 63-ից։ Տարածաշրջանային աջերի «Ճանապարհ դեպի ապագա» կոալիցիան (կղզու կարգավիճակի փոփոխությանը դեմերի) 46-ամյա Ժան Մարտեն Մոնդոլինիի գլխավորությամբ ունի 10 մանդատ, Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետության» կղզու մասնաճյուղն ու տեղացի հանրապետականներն ունեն 6-ական մանդատ։


RFI
Հ.Գ. Ի՞նչ տարբերություն Կորսիկայի ու Կատալոնիայի միջև։ Ինչու՞ Մադրիդը կտրուկ դեմ էր, բռնությունների ու ձերբակալությունների գնաց ընդդեմ Կատալոնիայի անկախության, իսկ Փարիզը պատրաստ է բանակցել Կորսիկայի իշխանությունների հետ։ Խնդիրը Իսպանիայի ու Ֆրանսիայի Սահմանադրությունների՞ մեջ է, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական հայացքների տարբերությա՞ն, թե՞ կա երրորդ պատճառ։ Համենայն դեպս, Իտալիայի նախագահն ու վարչապետն էլ ցավագին չընդունեցին Հյուսիսային մարզերի հանրաքվեն, որ տնտեսական անկախության մեծացում ու ֆինանսների ինքնուրույն տնօրինում էր պահանջում Հռոմից։ Միանշանակ պատասխան գուցե չկա, բայց հիմնականը երևի ֆինանսներն են` Կատալոնիայի և Մադրիդի հարաբերություններում։

Իսպանիան պատրաստ չէ ֆինանսական անկախություն տալ Բարսելոնին` զրկվելով կատալոնական փողերից։ Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում Մարիանո Ռախոյը շատ ավելի մեծ խնդրի է բախվելու։ Գուցե արժի՞ Էմանուել Մակրոնի հետ խորհրդակցել։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ