Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի՞նչն է հանճարին դարձնում հանճար

Ի՞նչն է հանճարին դարձնում հանճար
14.12.2017 | 10:59

Լինել հանճարեղ և ունենալ բացառիկ ինտելեկտուալ ունակություններ, նույնը չէ։ Խելացի մարդիկ` որքան ասես, մինչդեռ քչերը կարող են պարծենալ նշանակալից ձեռքբերումներով։ Կարևորը ստեղծագործությունն է` ցանկացած իրավիճակում սեփական երևակայությունը գործադրելու ունակությունը։ Բենջամին Ֆրանկլինը չուներ Համիլտոնի վերլուծական ունակությունները, ոչ էլ Մեդիսոնի փիլիսոփայական խորությունը։

Դասական կրթություն չունենալը չխանգարեց ինքնուս Ֆրանկլինին դառնալ լավագույն գյուտարար, դիվանագետ, գիտնական, գրող և բիզնես ռազմավար ամերիկյան Լուսավորչականության շրջանում: Օդապարիկ արձակելով` նա ապացուցեց կայծակի էլեկտրական բնույթը և հայտնագործեց հատուկ զսպանակ, որ օդապարիկը կառավարի։ Նա կառուցեց խնայողական վառարաններ, քարտեզի վրա գծեց Գոլֆստրիմը, ստեղծեց բիֆոկալ ակնոց, հրաշալի երաժշտական գործիքներ ու ամերիկյան կոպիտ հումորը։ Ալբերտ Էյնշտեյնը մանկության օրերին երկար չէր խոսում, նրա ծնողները նույնիսկ բժշկի դիմեցին։ Սպասավորները նրան «հիմարիկ» էին անվանում, ազգականներից մեկը` «մտավոր տհաս»։ Բացի այդ` Էյնշտեյնը բացահայտ չէր ընդունում որևէ հեղինակություն, ուսուցիչներից մեկը նրան վտարեց դպրոցից, մյուսը հայտարարեց, որ տղեկից ոչ մի օգուտ չկա։ Նրանց դատավճիռը մինչև այսօր զվարճացնում է սերունդներին։ Այդ գծերը Էյնշտեյնին դարձրին աշխարհի բոլոր ցրված աշակերտների սուրբ հովանավոր։ Սակայն հեղինակությունների նկատմամբ Էյնշտեյնի արհամարհանքը ստիպեց նրան կասկածի տակ առնել ձևավորված հասկացությունները, և այնքան, որ ակադեմիայի բարեկիրթ ու ուսյալ գիտնականները նույնիսկ չէին հանդգնի մտածել։ Խոսքի դանդաղ զարգացումը օգնեց նրան պահպանել ընկալման թարմությունը սովորական հասկացությունները դիտարկելիս, որ ուրիշները համարում էին ինքնին հասկանալի։ «Նորմալ մարդը ընդհանրապես չէր մտածում ժամանակի ու տարածության խնդրի մասին,- մի անգամ բացատրել է Էյնշտեյնը։- Ես այնքան դանդաղ էի ինտելեկտուալ զարգանում, որ տարածությունն ու ժամանակը ինձ սկսեցին մտահոգել, երբ արդեն մեծ էի»։ Այդպես էր 1905-ին, երբ նա երրորդ դասի փորձագետ էր շվեյցարական պատենտների հանձնաժողովում` ավարտելով Ցյուրիխի պոլիտեխնիկումը, որտեղ չորրորդն էր 5 շրջանավարտներից։ Էյնշտեյնը հեղափոխություն արեց տիեզերքի մեր ընկալումներում` առաջարկելով ժամանակակից ֆիզիկայի երկու անկյունաքարերը` հարաբերականության տեսությունը և քվանտային տեսությունը։ Եվ արեց` հրաժարվելով Իսահակ Նյուտոնի «Սկզբունքների» հիմնարար դրույթից, որ ժամանակը զուգահեռ է վայրկյան վայրկյանի հետևից, անկախ` ինչպես ենք մենք դիտարկում։ Այսօր Էյնշտեյնի անունն ու կերպարը` խճճված մազերով ու խորաթափանց հայացքով, անբաժան է հանճարի մեր պատկերացումներից։ Սթիվ Ջոբսը շատ է նման Էյնշտեյնին, որ իր տեսությունների վրա երկար-բարակ մտածելու դադարներին ձեռքն էր առնում ջութակը ու Մոցարտ էր նվագում (նա ասում էր, որ Մոցարտն օգնում է վերականգնել կապը տիեզերական ներդաշնակության հետ), Ջոբսը հավատում էր գեղեցիկի բարձրագույն իմաստին, կարծում էր, որ արվեստը, ճշգրիտ ու հումանիտար գիտությունները պետք է կապված լինեն։ Թողնելով ուսումը քոլեջում` Ջոբսը գնում էր գեղեցկագրության ու պարերի դասընթացների, իսկ հետո հոգևոր ինքնաճանաչում էր որոնում Հնդկաստանում, արդյունքում նրա ստեղծած յուրաքանչյուր իր` Macintosh-ից iPhone, ի տարբերություն մրցակիցների, ուներ բացառիկ հոգևոր գեղեցկություն։

Այդ մարդկանց կենսագրությունների ուսումնասիրությունը ինձ հասցրեց Լեոնարդո դա Վինչիին, որ պատմության մեծագույն հանճարներից է։ Դա չի նշանակում, որ նա բացառիկ խելք ուներ։ Նա չէր կարող պարծենալ Նյուտոնի կամ Էյնշտեյնի պես տեսաբանների գերմարդկային ինտելեկտով, ոչ իր բարեկամ Լուկա Պաչոլիի մաթեմատիկական ունակություններով։ Բայց նա կարողանում էր մտածել իբրև նկարիչ ու գիտնական, որ նրան առավել արժեքավորն էր տալիս` տեսական հայեցակարգերը տեսանելի դարձնելու ունակությունը։ Գուցե Պաչոլին զարգացրել է Էվկլիդեսի տեսությունները, մաթեմատիկական հեռանկարի ու երկրաչափական համամասնությունների ոլորտում, սակայն այդ տեսությունները կենդանացրել են Լեոնարդոյի նկարազարդումները, որ ի վերջո առավել կարևոր դարձան։ Երկար տարիներ նա նկարազարդումներ էր անում տարբեր գիտությունների համար` աշխարհագրության (եռաչափ քարտեզներ զորավար Չեզարե Բորջիայի համար), անատոմիա («վիտրուվիանյան մարդու» նշանավոր գծագիրը և պտղի պատկերը մոր արգանդում)` այդ ամենը համաշխարհային մշակույթի գլուխգործոցները նկարելուն զուգահեռ։
Ինչպես Ֆրանկլինը, Լեոնարդոն ինքնուս էր։ Նա արտաամուսնական զավակ էր, որ նշանակում էր` չէր կարող հոր հետքերով նոտար դառնալ և իրավունք չուներ սովորել «լատինական դպրոցում», որտեղ վաղ Վերածննդի երեխաներին ուսուցանում էին դասականներին ու հումանիտար գիտություններ։ Էյնշտեյնի պես` Լեոնարդոն բացառիկ անկախ էր։ Թվում է` նրան հաճախ էր խոցում իր անկրթությունը, պատահական չէ, որ նա ոչ առանց հեգնանքի ինքն իրեն «անուս» էր անվանում, բայց նա տանել չէր կարողանում «տխմար մարդուկներին», որ հանդգնում էին իրեն անհարգալից վերաբերվել։ «Նրանք շրջում են լուրջ տեսք ընդունած, ինքնասիրահարված ու զուգված ոչ թե իրենց, այլ ուրիշների աշխատանքի արդյունքներով»` գրել է նա նոթատետրում։ Լեոնարդո դա Վինչին մարտահրավեր էր նետում համընդհանուր պատկերացումներին, անտեսելով փոշոտ սխոլաստիկան ու միջնադարյան դոգմաները, որ կուտակվել էին դասական գիտության անկումից հետո հազարամյակներ շարունակ։ Իր խոսքով` նա փորձի ու փորձառության աշակերտ էր` «Leonardo da Vinci, disscepolo della sperientia»` մի անգամ ստորագրել է նա։ Խնդիրների լուծման այդ միջոցը նվազագույնը հեղափոխական էր, որ նախորդում էր 100 տարի հետո Ֆրենսիս Բեկոնի ու Գալիլեո Գալիլեյի մշակած գիտական մեթոդներին և Լեոնարդոյին վեր բարձրացրեց անգամ իր ժամանակի մեծագույն մտածողներից։ «Տաղանդը կարող է հասնել նպատակի, որ ոչ ոք չի կարող հասնել,-գրում էր գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։- Հանճարը` նպատակի, որ ոչ ոք չի կարող տեսնել»։ Ինչպես Էյնշտեյնի դեպքում, Լեոնարդոյին ամենից շատ ոգևորում էր հետաքրքրասիրությունը։ Նրա նոթատետրերի հազարավոր էջեր պահպանել են գիտնականին հետաքրքրած դիտարկումները։ Նա ուզում էր իմանալ` ինչու՞ են մարդիկ հորանջում, Ֆլանդրիայում ինչպե՞ս են սառույցի վրայով քայլում, ինչպե՞ս է շրջանը քառակուսի դառնում, ի՞նչն է ստիպվում փակվել աորտայի կափույրին, ինչպե՞ս է աչքը ընկալում լույսը և ի՞նչ է դա նշանակում գեղանկարչական հեռանկարի համար։ Նա իր առաջ խնդիր էր դնում պարզել` ինչպիսի՞ն են հորթուկի պլացենտան, կոկորդիլոսի ծնոտը, դեմքի մկանները, հասկանալ լուսնի լույսի ու ստվերների եզրերի էությունը։ «Նկարագրել փայտփորիկի լեզվի կազմությունը» ինքն իրեն հանձնարարել է նա։ Լեոնարդոյի մեծագույն ու ազնվագույն ձգտումն էր իմանալ անհայտը, որ հնարավոր է իմանալ տիեզերքում ու կյանքում։ Հաճախ նրա հետաքրքրությունը շարժում էին իրեր ու երևույթներ, որ մենք չենք էլ նկատում։

Օրինակ` կապույտ երկինքը։ Մենք համարյա ամեն օր տեսնում ենք, բայց ո՞վ է մեզնից հասուն տարիքում ինքն իրեն հարցրել` ինչու՞ երկինքը հենց այդ գույնն ունի։ Իսկ Լեոնարդոն իր նոթատետրի բազում էջեր է գրել` հետազոտելով` ինչպես է լույսը ցրվում ջրային գոլորշու վրա ու հայտնվում են երկնագույնի մշուշոտ կամ վառ երանգները։ Էյնշտեյնը ևս այդ հարցով զբաղվել է` հիմք ընդունելով լորդ Ռելեյի աշխատանքը և մշակել է լույսի ցրման մաթեմատիկական բանաձևը։ Լեոնարդոն ոչ մի պահ չէր դադարում ուսումնասիրել աշխարհը: Զբոսնելով Միլանի բերդի շրջակա խանդակներով` նա զննում էր քառաթև ճպուռի թևերի հաջորդական շարժումները: Քաղաքի փողոցներում նա հետևում էր` ինչպես են միմյանց հետ զրուցող մարդկանց դիմագծերը փոխվում` նրանց արտահայտած հույզերի հետ։ Երբ նա թռչուններ էր տեսնում, նշում էր` ո՞ր թռչուններն են թևերն ավելի արագ շարժում վերելքի և որո՞նք` վայրէջքի ժամանակ։ Ջուրը ափսեի մեջ լցնելիս` հետևում էր ջրապտույտի ալիքներին։ Ինչպես Ֆրանկլինը, որ դեռ դեռահաս նավով փախել էր Անգլիա, իսկ հետո չափել օվկիանոսային հոսանքների ջերմությունը ու քարտեզի վրա ճշգրիտ նշեց Գոլֆստրիմը, Լեոնարդոն իր ուղևորությունների ժամանակ անընդհատ հետևում ու ուսումնասիրում էր օդի շարժումները։ Այդ դիտարկումների շնորհիվ նրա կտավներում հայտնվում էին գեղարվեստական անկրկնելի մանրամասներ` սկսած «Քրիստոսի մկրտությունը» կտավի Հորդանանում կանգնած Հիսուսի կրունկներին բախվող կոհակներից մինչև Ջրհեղեղի անհավանական ուժեղ պատկերները։ Նա առաջինը բացատրեց` ինչպե՞ս են սրտից սկսվող արյան հոսքերը առաջացնում աորտալ կափույրի փակում։ Նրա «Վիտրուվիանյան մարդու» պատկերը համադրում է անատոմիական ճշգրտությունը գեղարվեստական ցնցող գեղեցկության հետ և դարձել է գիտության ու արվեստի խորհրդանիշ։


Լինում են հանճարներ որոշակի ոլորտներում` ինչպես Լեոնարդ Էյլերը մաթեմատիկայի մեջ կամ Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը` երաժշտության։ Ամենահետաքրքիր հանճարները կարողանում են բնության անվերջանալի գեղեցկության մեջ համակարգը տեսնել ու տարբերել։ Լեոնարդո դա Վինչիի հանճարը միանգամից բազում առարկաներ էր ընդգրկում: Նա ուսումնասիրում էր հանգուցյալների դեմքերը, նկարում էր շուրթերի շարժումն ապահովող մկանները, իսկ հետո նրա վրձնի տակից դուրս լողաց աշխարհի ամենաանմոռանալի ժպիտը։ Նա ուսումնասիրում էր գանգերը, ոսկորների ու ատամների բազմաշերտ նկարներ էր անում, իսկ հետո անհավանական ֆիզիոլոգիական ճշգրտությամբ պատկերեց սուրբ Հիերոնիմոսի հոգեվարքը անապատում։ Նա ուսումնասիրում էր օպտիկայի մաթեմատիկական օրենքները, ցույց տվեց` ինչպես է լույսի ճառագայթը հարվածում ծիածանաթաղանթին, իսկ հետո «Խորհրդավոր ընթրիքում» ստեղծեց հեռանկարի փոփոխության մոգական տեսողական պատրանքը։

Իհարկե, հանրագիտարանային գիտելիքներ ունեցողներ եղել են և մինչև Վերածնունդը, և Վերածննդից հետո: Բայց նրանցից ոչ ոք չի նկարել Մոնա Լիզայի դիմանկարը, առավել ևս միաժամանակ չի նկարել անատոմիական ուրվանկարներ` բազում դիահերձումներից հետո, նաև գետերի ջրահեռացման սխեմաներ չի գծագրել, չի բացատրել` ինչպե՞ս է լույսը Երկրից արտացոլվում Լուսնի վրա, ձեռքում չի պահել մորթած խոզի սիրտը` հասկանալու գեղձերի աշխատանքը, չի նախագծել երաժշտական գործիքներ ու ֆուտբոլի գնդակ, թատերական ներկայացումներ չի բեմադրել` օգտագործելով քարացած տեղանքը` վիճարկելու համար ջրհեղեղի մասին ավետարանական պատմությունը, իսկ հետո այդ ջրհեղեղի ցնցող պատկերներ չի թողել։ Լեոնարդո դա Վինչին հանճար էր ոչ այն պատճառով, որ մեծ խելք ուներ։ Նա ունիվերսալ բանականության մարմնավորում էր, մարդ, որ հետաքրքրվել է ավելի շատ առարկաներով ու երևույթներով, քան որևէ մեկը մարդկության պատմության մեջ։

ՈՒոլտեր ԱՅԶԵԿՍՈՆ, Time, ԱՄՆ

Հ.Գ. ՈՒ քանի՞սը կիմանային կամ կհիշեին Լեոնարդո դա Վինչիին, եթե զբաղվեր միայն ամեն ինչ ուսումնասիրելով ու բացատրելով: Եթե չնկարեր։ Չի բացառվում, որ անսպառ եռանդն ու ջանքը գործադրելով «ամեն ինչի» վրա, նա պարզապես քիչ է նկարել կամ չի նկարել։ Հայտնի է, որ Լեոնարդոն իր ոչ մի կտավն ավարտված չի համարել, նույնիսկ «Ջոկոնդան»: ՈՒ` ի՞նչ։ Հանճարները նաև հանճարեղ սխալներ են անում` վստահ իրենց անսխալականությանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ