Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչ բոլորն են ուզում պետության ղեկավար տեսնել ամենազոր սուլթան Էրդողանին

Ոչ բոլորն են ուզում պետության ղեկավար տեսնել ամենազոր սուլթան Էրդողանին
14.12.2017 | 11:10

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու որոշման համապատկերում` Իսրայելին կտրուկ քննադատող Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձարկում է մուսուլմանական աշխարհի կարգադրիչի դերը։ Իրականում նա բոլորովին այլ նպատակներ ունի` Die Welt-ում գրում է Բորիս Կալնոկին։

«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է»` հայտարարեց Էրդողանը, երբ հայտնի դարձավ Թրամփի որոշումը։ Տարածաշրջանի մուսուլմանների համար եկել է վճռական գործելու ժամանակը` վստահ է Էրդողանը։ Վլադիմիր Պուտինը Անկարա այցի ժամանակ Վաշինգտոնի որոշումը որակեց «ապակայունացնող» գործոն անհանգիստ տարածաշրջանի համար։ Իսլամական համագործակցության կազմակերպության սամմիթում, որ հրավիրվել է Էրդողանի նախաձեռնությամբ Անկարայում, պետք է մշակվի գործողությունների ծրագիր Երուսաղեմի հարցով` ընդդեմ ԱՄՆ-ի։ Նախօրեին հնչած Էրդողանի հայտարարություններից հետո թվում է` նա ցանկանում է ամբողջ աշխարհի մուսուլմաններին զենքի կոչել։ Նա Իսրայելն անվանեց «ահաբեկիչ պետություն», «օկուպանտ», «մանկասպան երկիր», որ Երուսաղեմը վերածում է «մուսուլմանների բանտի»։ Էրդողանի խոսքով` «նրանք, ովքեր կարծում են, որ պետություն ունեն, շուտով մի ծառ չեն գտնի, որի հետևում կարող էին թաքնվել»։ Բայց բոլոր այս սպառնալիքները օդի տատանումից ավելին չեն և ոչ մի գործողություն էլ չի հետևի։ Առավել ևս` ԻՀԿ-ից` նույնիսկ թուրքական ԶԼՄ-ներն էին գրում, որ Թրամփի որոշումը համաձայնեցված էր Սաուդյան Արաբիայի հետ։ Ստացվում է` Թրամփը հեռախոսել է տարածաշրջանի կարևոր երկրների հետ ու շրջանցել է Էրդողանին, որ վստահ է, թե ինքը նշանակալից դիրք ունի միջազգային քաղաքական ասպարեզում։ Միայն դա խոսուն վկայություն է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների և այն մասին, թե ինչ դեր է հատկացնում Վաշինգտոնն Անկարային մերձավորարևելյան քաղաքականության մեջ։

Վերջին տարիներին Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններ գործնականում չկային: 2010-ից Էրդողանը կոշտ հակաիսրայելյան հռետորաբանություն է կիրառում, որ ստեղծի «թուրքական համագործակցություն» Մերձավոր Արևելքում` ԵՄ մտնելու անհույս փորձերի փոխարեն։ Բայց Թուրքիայի ղեկավարությամբ բարգավաճող մուսուլմանական աշխարհի նրա երազը փլուզվեց լիբիական ու սիրիական քաղաքացիական պատերազմների քաոսում։ Էրդողանի բարձրագոչ հակաիսրայելյան ու հակաամերիկյան հռետորաբանությունը թաքցնում է ներքաղաքական պատճառներ։ 2019-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են: Հաղթանակի համար Էրդողանը պիտի հավաքի 50 %-ից ավելի ձայներ, վերջին ամիսներին նրա վարկանիշը 47 %-ից չի անցնում։

Նախընտրական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների 10-20 %-ին Էրդողանը դուր է գալիս, բայց դուր չի գալիս նրա կառուցած նախագահական կառավարման համակարգը։ Շատ մուսուլմանների համար կարևոր են դարձել ժողովրդավարությունն ու իրավահավասարությունը` ոչ բոլորն են ուզում պետության ղեկավար տեսնել ամենազոր սուլթան Էրդողանին։ Էրդողանի կրոնական-քարոզչական տոնը նրա համար պիտի ապահովի իր ավանդական պահպանողական ընտրախավի ձայները և օգնի միավորներ հավաքել «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցներից։
Բորիս ԿԱԼՆՈԿԻ, Die Welt


Հ.Գ. Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպությունը ճանաչել է Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք՝ բոլոր երկրներին կոչ անելով ճանաչել «Պաղեստինի Հանրապետությունը և Արևելյան Երուսաղեմը որպես բռնագրավված մայրաքաղաք»: Երեկ Էրդողանի բենեֆիսն էր: Նա սպառնում էր, համոզում էր, հրճվում էր, գոռգոռում ու հանդարտվում էր։ «Այս որոշումից հետո ԱՄՆ-ը, որ իրեն պահել է որպես հակամարտության կողմ, այլևս չի կարող միջնորդ լինել Իսրայելի և Պաղեստինի միջև: Մենք կպնդենք սա: Անհրաժեշտության դեպքում կբարձրացնենք այս հարցը ՄԱԿ-ում: Եթե խաղաղ գործընթացը շարունակվի, միջնորդներ պետք է լինեն շահ չունեցող չեզոք երկրները»` հայտարարեց Էրդողանը` մինչդեռ մի քանի օր առաջ պահանջում էր, որ Թուրքիան ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբում` բացահայտորեն Ադրբեջանի կողմից լինելով։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի որոշումը Երուսաղեմի վերաբերյալ «նշանակություն չունի և ձեռնտու է ֆանատիկոսներին», և կոչ արել Թրամփին չեղարկել: «Մինչև ԱՄՆ-ը չանի դա, մենք կշարունակենք մեր պայքարը, կպաշտպանենք Պաղեստինը: Թրամփ, դու կանգնա՞ծ ես Իսրայելի հետևում: Այնտեղ բռնագրավում է, ահաբեկչություն, ինչու՞ ես պաշտպանում դա: Իսրայելը շարունակում է քայլ առ քայլ յուրացնել Պաղեստինի տարածքը: Մենք` որպես մահմեդականներ, կանենք ամեն ինչ Պաղեստինի տարածքն ամրապնդելու համար: Մենք չենք հրաժարվի ինքնիշխան Պաղեստինի պահանջից 1967-ի սահմաններում: Այսուհետ Արևելյան Երուսաղեմը պաղեստինյան կլինի»,- ասել է Էրդողանը:


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնյա որոշում ընդունել՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ` Թրամփը «ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին»։ «Բոլոր երկրները՝ Ճապոնիայից Կանադա, նույնիսկ երկրները, որոնք սովոր էին ԱՄՆ-ի կողքին լինել, բոլորը դեմ են արտահայտվել»,- ասել է Աբասը։ «Մենք այստեղ ենք հավաքվել՝ ցույց տալու միասնական դիրքորոշում ընդդեմ Պաղեստինի օկուպացիայի»,- ասել է Աբասը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ