«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայկական կինոթանգարանի կենսագրության մեկնարկը

Հայկական կինոթանգարանի կենսագրության մեկնարկը
14.12.2017 | 23:53

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանի նախագծերի ծիրում կարևորագույն դեր է վերապաված հայկական կինոթանգարանի՝ «Սինեմատեկի» ստեղծման նպատակին: Այն իրագործելու ճանապարհին ենթադրվող դժվարությունները չեն ընկճում նրան և նրա հետ այդ նպատակի իրագործմանը լծված մարդկանց, մանավանդ որ, Հարության Խաչատրյանի հավաստիացմամբ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մեծ աջակցությունն ու ոգևորությունն է ի սպաս դրել այս կարևոր մշակութային ձեռնարկի իրականացմանը:

Կինեմատոգրաֆիստների միության շենքում՝ Կինոյի տան մեծ դահլիճին հարակից տարածքում, կգործի հայկական կինոյի եռահարկ թանգարանը, որի նպատակն է ոչ միայն ի մի բերել հայ կինոյին ու նրա գործիչներին առնչվող մասուքները, այլև դառնալ միջազգային համանման թանգարաններին համարժեք ու համահունչ մի կենդանի, գործունյա մշակութային միավոր Երևան քաղաքի կենտրոնում՝ նպաստելով ոչ միայն երևանցիների էսթետիկական ճաշակի բավարարմանն ու վերելքին, այլև օտարերկյա հյուրերի հետաքրքության աճին:
Թանգարանի հիմնադրման առաջին քայլն արված է. հավաքված են հայ կինոյի պատմությանը վերաբերող արժեքավոր մասունքներ՝ կինոտեխնիկա, ռեկվիզիտ, տեսանյութեր, գրականություն: Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հարություն Խաչատրյանի՝ թանգարանային գործի գծեվ խորհրդական Սաթենիկ Ստեփանյանը ամենայն բծախնդրությամբ ու սիրով ներկայացնում է արդեն հավաքված ցուցանմուշները՝ «Զինվորն ու փիղը», «Վառված լապտեր» ֆիլմերը նկարահանած կինոխցիկները, ֆիլմերի երաժշտությունների նոտաները՝ կոմպոզիտորներ Արտեմի Այվազյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, այլոց ձեռքով գրված, պատկերն ու ձայնը համադրող զույգ ժապավենները՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից, լուսանկարները՝ արված տարբեր կինոնկարահանումների ժամանակ, «Քասթինգ» կոչվող ալբոմը՝ նախատեսված գեղխորհրդի դատին հանձնելու և ֆիլմերի համար դերակատարներ ընտրելու համար, կինոժապավենների տուփերը, «Բեյբի» կինոլապտերը, սինխրոն նկարահանող «Ռոդինա» սարքը, կինոսցենարների նախատիպերը և այլն, և այլն:


Ցուցանմուշների զգալի մասը ապագա թանգարանին է նվիրաբերել հայկական կիոնյի լեգենդար օպերատոր Լևոն Աթոյանցը: Վերջինիս հետ ունեցած հարցազրույցների ընթցքում մշտապես ականջալուր եմ եղել այն մտահոգությանը, թե իր ունեցած արժեքավոր արխիվային նյութերը դատապարտված են անորոշ ճակատագրի: Այժմ, երբ գտնված է դրանք ի պահ տալու ճիշտ հասցեն, կինոօպերատորը պարզարես երջանիկ է, հուզված այնքան, որ խոստովանում է, թե չի կարողանում հավաքել ինքն իրեն ու խոսել, արտահայտվել:
«Ես ոգևորված եմ, որովհետև մենք կունենանք Սինեմատեկ, որը չի լինի մեռած մի թանգարան, այլ կլինի գործող թանգարան, որտեղ դասեր կանցկացնեն, ֆիլմեր կցուցադրվեն, կլինեն գրադարան, ֆիլմադարան, ֆիլմեր դիտելու փոքր դահլիճ: Այնպես որ, մենք կշարունակենք իրագործել հայկական կինոն տեղ հասցնելու մեր երազանքը: Պարզվեց, որ կինոն չի մահանում, այլ ավելի ու ավելի շատ է պետք գալիս աշխարհին ու դառում է լուրջ, կարևոր զենք»,- ասում է Հարություն Խաչատրյանը:


«Երբ մենք հավաքում ենք մեր կինոյի ժառանգությունը, դրանով ապահովում ենք մեր կինոյի շարունակականությունը: Շատ ուրախ եմ, որ նախարարությունը և կինոմիությունը միասնաբար կարողանալու են կյանքի կոչել այս թանգարանի ստեղծման գաղափարը: Այս թանգարանը կարող է դառնալ մի վայր, որտեղ կինոգործիչները կկարողանան հանդիպել, քննարկումներ անել, խոսել իրենց ապագա ծրագրերի մասին, հյուրեր ընդունել, մրցույթներ, փառատոներ կազմակերպել, ոգևորել երիտասարդներին: Կարծում եմ՝ սա լինելու է մեր թանգարանային համակարգում լավագույններից մեկը, ամենահաճախելի թանգարաններից մեկը, պարզապես մեր ամենասիրելի վայրերից մեկը»,- այսպիսին է ՀՀ մշակույթի նապարար Արմեն Ամիրյանի վերաբերմունքը:


Մաղթենք բարի երթ այս նոր մշակութային ձեռնարկին և ապրենք այն լիովին իրագործված տեսնելու կանխավայելումով:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ