Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այ, սա արդեն հետաքրքիր է

Այ, սա արդեն հետաքրքիր է
15.12.2017 | 00:21

«Не везет им в смерти, повезет в любви». այլ կերպ չես խորհրդանշի իրադրությունը, որը փորձում է խաղարկել «Ելքը»` ապրիլյան զարգացումներից առաջ: Նախ` Էդմոն Մարուքյանի շուրթերով ասաց` քննարկումների մեջ ենք վարչապետի այլընտրանքային թեկնածուի շուրջ: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն ասաց` չենք: Հետո «Ելքին» թվաց, թե իրենք Ծառուկյանի հետ քննարկումների մեջ են նախագահի թեկնածության շուրջ, ինչն իսկապես կարող էր շատ հետաքրքիր լինել, և եթե մենք ապրեինք ժողովրդավար երկրում, ուր պայքարը նաև գաղափարների, պետության զարգացման համար է և ոչ` ամբիցիաների, ապա շատ գրագետ կլիներ ընդդիմությունից նախագահ ունենալը (մանավանդ որ նախագահը հետայսու ընդամենը բուտաֆորիա է լինելու), ինչը Հայաստանի «հմայքն» ու կշիռը ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո կզորացներ է՛լ ավելի` տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, որպես «նոու-հաուների» կղզյակ, միջուկային արհավիրք շեմած աշխարհին հավաստելով, որ ռևոլյուցիոն զարգացումները Հայաստանում, ի տարբերություն «այլոց», ընթանում են էվոլյուցիոն ուղիով:
Իցիվ թե: Կասեր Նարեկացին: Հավաստենք` ինչու, հարցնելով` ինչու՞ «Ելքը» մեկ էլ ու հանդես եկավ նման «անհրաժեշտություններով»:


Պարտավոր էր, զի ընդդիմություն է: Ի դեպ, «Ելքը» կարո՞ղ էր, իրավունք ունե՞ր «Ծառուկյան» դաշինքի անունից հայտարարություն անելու: Բնավ, առավել ստույգ` դժվար, որ հետո էլ կտրականապես «ոչ» ստանար, «մեղադրվեր» ռոմանտիզմի ավելցուկի մեջ: Այդ դեպքում ի՞նչ է կատարվում «գորգի տակ» և` վասն ու՞մ:
Եվ ուրեմն, մինչ կհնչեր Մարուքյանի թեզը, որ այլընտրանք-վարչապետ են առաջարկելու, դրանից առաջ «հնչել» էր ԱԺ նույն խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանի (այն Միրզոյանի, որի օգնականը կանգնած էր Վիգեն Սարգսյանի դեմ ուսանողական միտինգների ակունքում) տեսակետն առ այն, որ իր համար ընդունելի թեկնածու կարող է լինել Կարեն Կարապետյանը (մեջբերումը բառացի չէ): Հիմա հարց. դա միայն ի՞ր տեսակետն է, թե՞ նաև իրենց խմբակցության: Դա նշանակում է, որ այլընտրանքային թեկնածուն հենց Կարեն Կարապետյանն է: Էդ ո՞նց` «Ելքը» «Ծառուկյան» դաշինքի հետ, որն օրնիբուն քննադատում, քարը քարին չի թողնում Կարապետյանի և նրա կառավարության «մասով», կարողացել էր այդ հարցի շուրջ «գորգի տակ», չբարձրաձայնված կոնսենսուսի գնա՞լ` Ծառուկյանին մղելով թվով երկրորդ «բունտին», երբ ասվում էր, որ «վերջինս» շատ լավ է հասկացել, թե իրեն ուր էին մղում այն օրերին Քոչարյանը, Օսկանյանը, Հովիկ Աբրահամյանը, ինչի համար էլ ստացավ «բամփումը»: Եվ վերջապես, ռուսական կողմը «մարտյան իդերին» մասնակցություն ունի՞, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր «Ելքի» մի մաս պատգամավորների ցանկության` 1998 թվականի փետրվարյան սցենարի, այն է` մեկ գիշերվա մեջ ճամբարափոխության իրականացումը։


Ո՛չ: Երիցս` ոչ: Ոչ այն պատճառով, որ մենք ինֆորմացիա ունենք, որ գոնե Մարուքյանը հաստատապես դեմ է Կարեն Կարապետյանի թեկնածությանը (ինչը, գուցե, չես ասի Նիկոլ Փաշինյանի մասին, սակայն սա փակ ինֆորմացիա է): Եվ հետո` «մարտյան իդերը» չեն կարող տեղի ունենալ ապրիլին: Հասկանալի պատճառով:

Բոլոր դեպքերում, խնդիրն առանձնապես չառնչելով անձերին, ներկայացնենք, թե իրականում որտեղ են «ձմեռում խեցգետինները»:


Ասվեց` մենք այնքան ժողովրդավար երկիր չենք, որ իշխանությունը թույլ տա նույն կուսակցությունից երկու անձի առաջադրումը, որպես վարչապետի թեկնածու (հասկացաք` ով-ով): Այնքան ժողովրդավար չենք, որ ընդդիմությունն անկեղծանա մինչև վերջ, ցուցանելով` ում հետ է խաղում (չնայած, ինչու՞ ոչ` Կարեն Կարապետյանի վարչապետացման ֆոնին ինչ պակաս նախագահ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանը. էլ չենք ասում, որ «Ելքը» Կարեն Կարապետյանի դեպքում կարող էր նաև կոալիցիա մտնել):
Ինչ վերաբերում է ապագա նախագահի «ընտրությանը», ապա այս դեպքում արդեն պետք է «ունկնդրենք» ընտրակեղծիքների կորիֆեյների` հարգարժան ՀՀԿ-ականների կարծիքը. ՀՀԿ-ի նախընտրած նախագահի թեկնածուին կարող են առաջադրել այլ խմբակցություններ:
Դու՛ք ասացիք:


Չե՞ք ցանկանում Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը: Գագիկ Հարությունյանի՞նն էլ: Արկադի Ղուկասյա՞նն է ձեր սրտով: Հա՞ որ, թանկագին ՀՀԿ: Թե՞ կա չորրորդ «մեկը», որի «քուղերը» կկապեք բոլորով` առաջին հերթին «այլ» խմբակցությունով (դիցուք, ոչ այնքան ՀՅԴ-ով, որքան «Ծառուկյան» դաշինքով), որի ընտրությունը կլինի խիստ «քաղաքական և գրագետ», և որի անունը գիտի միայն մեկ մարդ:
Եվ այդ «մեկը» գիտեք` ով է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստ էր, երբ տեղեկացանք. Մարուքյան-Նիկոլ դեբատը «Ելք»-ում ավարտվել է Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելով:

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ