Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մոսկվայի ժամանակով 12 անց 30 րոպե է»

«Մոսկվայի ժամանակով 12 անց 30 րոպե է»
15.12.2017 | 00:51

Դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում 4 ժամ պատասխանում էր լրագրողների հարցերին։ Հավատարմագրվել էին 1640-ը: Գլխավոր թեմաներն էին` ընտրությունները, տնտեսությունը, պատերազմը Սիրիայում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, նաև` Ալեքսեյ ՈՒլյուկաևի, Կիրիլ Սերեբրեննիկովի գործերը, վերաբերմունքը Իրաքյան Քրդստանին։


Առաջին հարցը ընտրություններն էին: «Говорит Москва» ռադիոկայանի լրագրողը հարցրեց. «Ինչու՞ եք գնում ընտրությունների։ Ի՞նչ նպատակով։ Ի՞նչ առաքելությամբ։ Ի՞նչ եք ուզում անել Ռուսաստանի համար ու ի՞նչ Ռուսաստան եք ուզում տեսնել Ձեր ժամկետի ավարտին, եթե հաղթեք ընտրություններում»։ Պուտինը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ` ինչպիսի Ռուսաստան եմ ուզում տեսնել։ Ապագային միտված, ժամանակակից, ճկուն քաղաքական համակարգով ու բարձր տեխնոլոգիաների վրա կառուցված տնտեսությամբ, աշխատանքի բարձր արդյունավետությամբ։ Հիմա տեղը չէ ներկայացնելու իմ ծրագիրը։ Կասեմ գլխավորը` իշխանության ու հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացնել ինֆրակառույցների զարգացման, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա։ Այդ ամենը, անկասկած, պետք է նպատակաուղղվի քաղաքացիների եկամուտների բարձրացմանը»։


Երկրորդ հարցի իրավունքը ստացած Life News-ին նույնպես ընտրություններն էին հետաքրքրում. «Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև այլ թեկնածուներ։ Բայց նրանց վարկանիշը հավասար է միջին վիճակագրական սխալի։ Ձեր կարծիքով` ինչու՞ Ձեր կառավարման համարյա 20 տարիներին չհայտնվեց նորմալ, ազդեցիկ թեկնածու ընդդիմությունից։ Ընդհանրապես չկա թիվ 2 քաղաքական գործիչ։ Չե՞ք ձանձրանում։ Հետաքրքի՞ր է մասնակցել ընտրությունների` առանց ուժեղ մրցակցի»։ «Ամենահեշտը ասելն է` հո ես չե՞մ ինձ համար մրցակիցներ դաստիարակելու։ Կարծում եմ` մեր քաղաքական միջավայրը, ինչպես տնտեսականը, պետք է մրցակցային լինի։ Իհարկե, շատ եմ ուզում ու ձգտելու եմ, որ հավասարակշռված քաղաքական համակարգ ունենանք, որ անհնար է պատկերացնել առանց քաղաքական դաշտի մրցակցության։ Ինչու՞ մենք ունենք աղմկոտ ու գործուն ընդդիմադիրներ, բայց նրանք իրոք ռեալ մրցակից չեն իշխանությանը։ Մեղմ ասած` Ռուսաստանում վերջին տարիներին առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել։ Շատ երիտասարդներ չեն հիշում, չգիտեն էլ` ինչ էր կատարվում 90-ականներին ու 2000-ականների սկզբին և չեն կարող համեմատել` ինչ էր ու ինչ է հիմա դարձել։ Մենք շատ խնդիրներ ունենք, բայց մեր ՀՆԱ-ն 2000-ից հետո 75 տոկոսով աճել է, արդյունաբերությունը` 70, վերամշակող արդյունաբերությունը` 60-70։ Ռեալ աշխատավարձը հիմա նվազել է վերջին 3 տարվա ճգնաժամային իրավիճակներից հետո, բայց 2000-ականների համեմատ 3,5 անգամ աճել է, իրական թոշակը` 3,6 անգամ, նորածինների մահացությունը կրճատվել է 2,6 անգամ, մայրականը` 4։ Մահացության աճի պատճառով Ռուսաստանը տարեկան մեկ միլիոն քաղաքացի էր կորցնում։ Մենք փոխեցինք ժողովրդագրական վիճակը` կյանքի միջին տևողությունը 65 տարի էր, դարձել է 73։ Մենք ապրում էինք քաղաքացիական պատերազմի պայմաններում 6 տարի, համարյա` 10։ Երբ անպատրաստ, անուս 18-19 տարեկաններին ուղարկում էինք գնդակների տակ, ուրիշները չկային: Հիմա տեսեք` ինչ բանակ ունենք։ Մեր պարտքերը 3 անգամ կրճատվել են։ Պահուստները 30 անգամ մեծացել են։ Դա ձեզ ոչի՞նչ չի ասում»,- պատասխանեց ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Պուտինը նաև պատմություններ էր պատմում. նախկին սպայի որդին տուն է գալիս, ու հայրը հարցնում է. «Որդիս, ես դաշույն ունեի, չգիտե՞ս` ուր է»։ Տղան պատասխանում է. «Պապ, չբարկանաս, ես դաշույնը կողքի բակից մի տղայի ժամացույցի հետ եմ փոխանակել»։ Հայրն ասում է` «Ցույց տուր»։ Նայում է։ «Լավ ժամացույց է, ապրես։ Վաղը, երբ մեր տուն գողեր ու բանդիտներ գան, ինձ սպանեն, մամային սպանեն, մեծ քրոջդ բռնաբարեն, դու դուրս կգաս ու կասես` բարի երեկո, Մոսկվայի ժամանակով 12 անց 30 րոպե է»։ Իսկ ընդհանրապես մամլո մեծ ասուլիսը հիշեցնում էր «Արջամկան օրը» ֆիլմը` նույն հարցերը, նույն պատասխանները ու այդպես մի քանի շրջան` Դոնբաս, Թրամփ, լեհերն իրենց զոհված նախագահի ինքնաթիռով, չինացիներն իրենց Մետաքսի մեծ ճանապարհով` ինչպես ամեն տարի։ Իսկապես` Արթուր Շոպենհաուերը ճիշտ էր` եթե ժողովուրդը չի լուծարում կառավարությունը, կառավարությունը պիտի լուծարի ժողովրդին։

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ