Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նախագահի ելույթում համակարգային փոփոխություններ չնշվեցին»

«Նախագահի ելույթում համակարգային փոփոխություններ չնշվեցին»
15.12.2017 | 01:30

ՀՀ նախագահն իր ելույթում ասաց, որ բազմաթիվ համայնքների ղեկավարներ թերացել են զարգացման ծրագրեր ներկայացնելու կառավարության հանձնարարականի կատարման հարցում: Արդյո՞ք այս բացթողումը միայն համայնքի ղեկավարներինն է, արդյո՞ք այս հարցում լուրջ անելիք չուներ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, և Սերժ Սարգսյանի հանձնարարականը արդյո՞ք մեսիջ չէր նաև նշված նախարարությանը: Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

-Ինչու՞ էր մեսիջ, ուղիղ խոսք էր,- ասաց պատգամավորը:- ՀՀ նախագահը քննադատեց ՏԻՄ-երի աշխատանքը, իսկ ո՞վ է համակարգում այդ աշխատանքը, իհարկե, տարածքային կառավարման նախարարությունը: Բնականաբար, ասածն ուղղակիորեն վերաբերում էր այդ նախարարությանը:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ նախագահի այս ելույթից հետո ինչ-որ բան կփոխվի՞:
-Երկրի ղեկավարի խոսքը համայնքների խոշորացման համատեքստում է, սա նշանակում է, որ պետք է այս ոլորտում ձևավորվի նոր մշակույթ: Այսինքն, այն, ինչ կար, արդեն անցած էտապ է: ՏԻՄ ոլորտում սպասվում են նոր փոփոխություններ՝ խոշորացվում են համայնքները, հետևաբար, կա նոր մոտեցման անհրաժեշտություն, քանի որ համայնքների խոշորացումը ենթադրում է նաև նոր աշխատաոճ: Մի բան է ղեկավարել 200-500-հոգանոց համայնք, այլ բան է 1000 և ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարումը, որը հեշտ գործ չէ:
-Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է վերանայել համայնքների ղեկավարների կրթական ցենզի պահանջը, հաշվի առնելով, որ այսօր այդ մակարդակը շատ ցածր է:
-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ և միշտ էլ առաջարկել եմ, որ ընտրություններից առաջ դրվի կրթական մակարդակի ապահովման հարցը: Պետք է նախապես ստուգվի նրանց կրթության և կրթվածության մակարդակը, թեկուզ թեստերի միջոցով: Կցանկանայի նաև, որ դա առաջնային պահանջ լիներ: Մենք հաճախ տուժում ենք համայնքի ղեկավարների ոչ գրագետ մոտեցումներից, օրենքների չիմացությունից: Եթե կրթության հարցը պետականորեն կարևորվի, ապա կունենանք ավելի բարձր մակարդակի ՏԻՄ ոլորտ, որտեղ օրենքների իմացությունը, հարցերի ավելի հստակ ձևակերպումը կօգնեն լրացնելու այն բացը, որն այսօր կա ժողովրդի և իշխանությունների միջև: Բնականաբար, դա ինչ-որ չափով կնպաստի նաև խնդիրների լուծմանը:
-Շատ համայնքների ղեկավարներ տարիներ շարունակ պետական միջոցները փոշիացնում են, և դա վերածվել է սովորության: Լուծված չեն ենթակառուցվածքների խնդիրները, և սա նույնպես նոր բան չէ: Ի՞նչ եք կարծում, համայնքների խոշորացման քաղաքականությա՞մբ է պայմանավորված ՀՀ նախագահի սուր ելույթը, թե՞ դանակն արդեն ոսկորին է հասել:
-Նախ՝ տարեվերջ է, ՀՀ նախագահը ոլորտ առ ոլորտ պետք է ամփոփի իրականացված աշխատանքները և նախանշի հաջորդ փուլի ընթացքը: Երկրի ղեկավարի ելույթը պետք է դիտարկել այս տեսանկյունից: Դիլիջանում կազմակերպված խորհրդաժողովը շատ հարմար ամբիոն էր ՏԻՄ ոլորտին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար: Սրա հետ մեկտեղ պետք է նկատենք, որ նախագահի ելույթում համակարգային փոփոխություններ չնշվեցին՝ խոսքը կոսմետիկ փոփոխությունների մասին է: Նախագահն ասել էր, որ թերացումներ կան, և պետք է դրանք շտկել, հակառակ դեպքում այլևս չենք ներելու: Սա համակարգային փոփոխության առաջարկ չէ: Մինչդեռ, համոզված եմ, մարզերի զարգացումն ուղղակիորեն կապված է տնտեսության զարգացման հետ, և ես այդ տեսանկյունից եմ կարևորում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Սակայն, բոլոր դեպքերում, այն փաստը, որ նախագահն ասաց, թե թերությունները չեն ներելու, կսթափեցնի համայնքների ղեկավարներին: Համենայն դեպս, օրինակ, համայնքների տասը ղեկավարներից ութը կվախենան, և եթե մինչ այդ ինչ-որ բան մտքներով անցել էր, հիմա չեն անի: Եթե ամիսը մեկ գլոբալ հարցերի շուրջ երկրի ղեկավարը բարձրաձայն ներկայացնի իր տեսակետն ու մոտեցումները, դա շատ օգտակար կլինի ժողովրդի և իշխանությունների կապի, վստահության հաստատման համար:
-Ի դեպ, Սերժ Սարգսյանի արտահայտած այդ միտքը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել, ասում են, թե նա չարաշահումներին տեղյակ էր, բայց լռում էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումը:
-Ես Ձեզ ավելին ասեմ. խոսում են, որ եթե ՀՀ նախագահն ասաց՝ այլևս չեմ ներելու, կնշանակի, նա շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ: Այս ամենը բանահյուսություն է, մենք հաճախ շատ հեռուն ենք գնում, մինչդեռ շատ ավելի պարզ պետք է դիտարկել հարցը: Այն կարծիքին եմ, որ մենք շատ պարզ բաներ փորձում ենք բարդացնել: Հաճախ շատ պարզ խոսքի տակ ենթատեքստ ենք փնտրում, թաքնված բաներ որոնում: Բնական է, մենք բոլորս դժգոհ ենք այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակից և եթե մի պահ պատկերացնենք, որ այդ համաժողովում որևէ մեկը պետք է ելույթ ունենար, ապա բնական է, առաջին հերթին պետք է քննադատական խոսք ասեր, քանի որ չենք տեսնում ՏԻՄ-երի աշխատանքի դրական արդյունքը: Ընդհանրապես, կան մարդիկ, որոնք խնդիրներին շատ արագ են արձագանքում, և հակառակը՝ սպասում են, համբերում և նոր միայն իրենց տեսակետը ներկայացնում:
-Պարոն Բագրատյան, «Բարգավաճ Հայաստանը» համայնքի քանի՞ ղեկավար ունի:
-ՈՒնենք:
-Գիտեմ, որ ունեք, քանի՞սն են:
-Ինչու՞ եք ուզում այդ թիվն իմանալ: Գաղտնիք է:
-Ռազմավարակա՞ն գաղտնիք է:
-Ռազմավարական չէ, բայց գաղտնիք է: Երբ ընտրություններ լինեն, կպարզվի, որ հանրապետականն էլ է բարգավաճ (կատակում է- Ժ. Վ.):
-Դուք ձեր համայնքի ղեկավարներից գո՞հ եք:
-Կան և՛ լավ, և՛ վատ աշխատողներ:
-Կուսակցությունը պատժե՞լ է վատ աշխատանքի համար, քանի՞ նման դեպք է եղել:
-Այո, նման դեպքեր եղել են, սակայն վիճակագրությանը տեղյակ չեմ:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ