Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայր մեր» աղոթքը փորձության են տանում

«Հայր մեր» աղոթքը փորձության  են տանում
15.12.2017 | 00:16

Քրիստոնեական աշխարհը վերջին շաբաթներին լուրջ փորձության է ենթարկվում: Նախ՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարեց, վտանգավոր կարճ միացում կատարելով երեք կրոնների միջև, ապա Հռոմի պապը հայտարարեց, որ դարերով փորձառված «Հայր մեր» աղոթքում արամեերեն բնագրից սխալ թարգմանություն է հայտնաբերվել։ Խոսքն այս տողերի մասին է. «…և մի՛ տանիր մեզ փորձության, այլ փրկիր չարից»: Ըստ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի, դա ոչ ճիշտ թարգմանություն է, քանի որ մեր Երկնավոր Հայրը մեզ չի կարող տանել փորձության, ուստի հարկ է փոխել տերունական աղոթքի տեքստը, որովհետև այն ենթադրել է տալիս, թե Աստված է մեզ տանում փորձության։
Իսկ ինչպե՞ս են մեկնաբանել եկեղեցու սուրբ հայրերն այս դժվարիմաց խոսքերը:
Գրիգոր Տաթևացու մեկնությունն այս մասին.
«Նախ՝ խոնարհություն է սովորեցնում, որ հանդուգն կերպով փորձության չգնան:
Երկրորդ՝ սովորեցնում է չենթարկվել սատանայի կրած փորձությանը. գուցե չդիմանանք, ինչպես նա:


Երրորդ՝ առանց Քո օգնության մի տանիր մեզ փորձության:
Աստված մարդուն փորձություն չի տալիս, այլ, երբ մենք անձնիշխան կամքով դեպի չարն ենք ընթանում, Աստված մեզ թույլ է տալիս: Ինչպես ասում է Սուրբ գիրքը, «Ես խստացրի փարավոնի սիրտը», այսինքն՝ թույլ տվի չարանալ (Ելից,1 0.1)
Իսկ այստեղ ասում է՝ մի տանիր փորձության: Առաքյալն ասում է. «Երանելի է այն մարդը, որ կդիմանա փորձություններին, քանի որ կստանա կյանքի պսակը» (Հակոբոս, 1.12):
Փորձությունը լինում է կրկնակի՝ չար և բարի: Չար է, երբ մեղքով ենք փորձվում մեզնից կամ սատանայից, ու դրանից պետք է հրաժարվել: Բարի է, երբ ուրիշից հավատքի կամ օրենքի համար ենք փորձվում:


Սրան համբերողին Տերը կպսակի փառաց պսակով»:
ՈՒրեմն, եթե մեր երկնավոր Հայրը շնորհեց, որպեսզի հողածիններս զանազան փորձություններով Իր Միածնի չարչարանքներին հաղորդակից լինենք, որպեսզի ցնծանք Իր փառքով գալստյան ժամանակ, ուրեմն, Աստված սեր է:
«Այլ փրկիր չարից»:
Չարը այն է, որ բարուց չէ: Հարուստ պատանին, երբ Հիսուսին հարցրեց՝ «Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ, որպեսզի հավիտենական կյանք ունենամ», Նա պատասխանեց. «Ինչու՞ ես ինձ բարի անվանում, մեկից բացի բարի չկա, այլ միայն Աստված» (Ղուկաս, 18,19):
ՈՒրեմն, ինչ Աստծուց չէ, չար է, ինչ լույս չէ, խավարի ծնունդ է:
Գրիգոր Տաթևացին այս տողերը մեկնում է հետևյալ կերպ.
«Չարը այստեղ սատանային է կոչում և հրամայում է անհաշտ պայքար մղել:
Երկրորդ՝ սատանան ոչ թե ի բնե չար է, այլ իր կամքով չարացավ և այդ չար կամքի մեջ առանց զղջման մնաց:


Երրորդ՝ բազում չարությունների համար բազմաթիվ անուններ են տրվում նրան՝ դև, սատանա, բեհեղզեբուղ, որ նույնպես փորձություն ու չար է կոչվում:
Չորրորդ՝ այն խրատում է, թե պետք չէ ընկերոջ դեմ զայրանալ, այլ բոլոր չարությունները նրան՝ սատանային վերագրել, որովհետև բոլոր չարիքների պատճառը նա է:
Մեր Տերը ասաց երկինք տեղափոխվելուց առաջ. «Քաջեցեք, Ես հաղթեցի աշխարհին»: Աշխարհին ասելով՝ նա հասկացրեց չարին, քանի որ «Բոլոր աշխարհը չարի մեջ է»:
Իսկ Հարությունից հետո ասաց. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի և երկրի մեջ» (Մատթեոս, 2,18), և պատվիրեց. «Գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեք ամեն ստեղծվածներին. նա, որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, իսկ նա, որ չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկոս, 16. 15-16):


ՈՒրեմն, եթե մեր հաղթանակած Տերը, ամեն իշխանություն թե՛ երկնքի, թե՛ երկրի վրա ստանալով, մեզ նման անարժաններին վստահեց անմահության Ավետարանը քարոզելու, ուրեմն, Աստված Սեր է:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ