Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մանուկների համար գրելիս ուսերիցս թոթափվում է տարիների բեռը»

«Մանուկների համար գրելիս ուսերիցս թոթափվում է տարիների բեռը»
15.12.2017 | 12:22

Երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության, գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ կառավարության աշխատակազմի անձնագրային բաժնի գլխավոր մասնագետ, բանաստեղծուհի, թարգմանչուհի ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԸ (Անահիտ Մխիթարյան) պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված Անահիտ Թարյանին: Բանաստեղծուհին արժանացավ նաև ՀԳՄ Վաստակի մեդալի՝ միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ձեռամբ: «Մանկական բանաստեղծությունը պետք է մանուկների նման զվարթ լինի, գեղեցիկ, սրամիտ, պետք է այնպիսի երևակայություն ունենա, որ ուրախացնի մարդկանց իր թռիչքներով, հրեղեն ձիերով, ինչպես քիչ առաջ հնչած «Գիտնական իշուկը» մեզ ուրախացրեց»,- ասաց ՀԳՄ նախագահը:
«Այս դահլիճը գրողներին մեծ բավականություն է պատճառում, այստեղ մենք գտնում ենք մեր ընթերցողներին, իսկ մեր ընթերցողները և՛ փոքրերն են, և՛ մեծերը: Բացի նրանից, որ մեծերը երեխաներին քնեցնելիս կարդում են մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում հայ գրականության, մանկագրության ասպարեզում»,- նման կարծիք հայտնեց գրողների միության մանկական բաժանմունքի նախագահ, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Նրա խոսքով՝ այսօր ստեղծվում են լավ գործեր, որոնք արժանի են նաև իրենց տեղը գրավելու դասագրքերում: Անահիտ Թարյանի գործերը ներառվել են արտադասարանական ընթերցանության ցանկում, հրատարակվել «Ծիծեռնակ» ամսագրի էջերում: «Ծիծեռնակ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է Անահիտ Թարյանի «Գիտնական իշուկը» ժողովածուն: «Ինչպես ասում են՝ երեխաների համար պետք է գրել ինչպես մեծերի համար, բայց ավելի լավ: Անահիտ Թարյանը հենց այդպես էլ վարվում է»,- ընդգծեց Անուշ Վարդանյանը:
«Ես անուններ չեմ հիշում, երբ տիկին Թարյանը նոր էր «Անտարեսի» հետ համագործակցում, ասում էի՝ այն տիկինը, որ երբ բարևում է, լացս գալիս է: ՈՒմ հետ բարևել է տիկին Թարյանը, գիտեն, թե ինչ ամուր է բռնում ձեռքը: Այդպես ամուր էլ գրում է»,- իր խոսքն այսպես սկսեց «Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ՝ Անահիտ Թարյանի գրականության արդիականությունը հենց բովանդակությունից է բխում. «Տեսեք՝ «Այ քեզ գրավատուն»: Այսօր այս երկրում մարդ կա՞, ում հայրիկը կամ մայրիկը տոկոսի տակ չէ. մեր կյանքից է գրում: «Հրեշն ու էշը» էլի մեր կյանքից է»: «Ես քո զինվորն եմ, Հայաստան» գրքի մասին ասաց, որ հրատարակումը շատ երկար է տևել՝ տարուց ավելի: Բանաստեղծությունները գրվել են զինվորների համար, գրքի չափերն այնպիսին են, որ տեղավորվում է զինվորի գրպանում: «Որպեսզի նաև զինվորի սիրտը պահի: Անահիտ Թարյանի բանաստեղծություններն այդպիսին են»,- պարզաբանեց հրատարակիչը:
Անահիտ Թարյանն ասաց, որ իրեն ժամանակ առ ժամանակ հիշեցրել են, որ արդեն բոլորել է 65-ը: Սակայն միշտ թվացել է, որ դա իր հետ կապ չունի, այդ տարիներն իր կողքով են անցել. «Այնուամենայնիվ, երբ ես մեծերի համար եմ գրում, զգում եմ, որ այդ տարիներն իսկապես ապրել եմ, իսկ մանուկների համար ստեղծագործելիս՝ միանգամից իմ ուսերից թոթափվում է տարիների բեռը, ես ինձ երիտասարդ, նույնիսկ մանուկ եմ զգում, ապրում եմ նրանց կյանքով: Այլ կերպ ասած՝ ես ապրել եմ և ապրում եմ իմ աշխարհում, իսկ իմ աշխարհը եղել է և մնում է գրականությունը: Բանաստեղծությունը միշտ եղել է իմ հոգու մաքուր երկինքն ու տիեզերքը, որտեղ մշտապես սավառնում են երազանքներս: Ես այդպես եմ ապրում»:


Անահիտ Թարյանը շնորհակալություն հայտնեց գրչընկերներին, բարեկամներին, գործընկերներին, հրատարակիչներ Անուշ Վարդանյանին և Արմեն Մարտիրոսյանին, գրողների միությանը՝ հանձին Էդվարդ Միլիտոնյանի, նաև գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին, նրա տեղակալներին և մանկավարժական կազմին, որոնք, բանաստեղծուհու կարծիքով, մեծագույն սիրով են աշխատել երեխաների հետ: «Այս սերը զգացվում էր յուրաքանչյուր փոքրիկի ասմունքից: Թեկուզ թոթովախոս, ամեն մեկն ինքն էր, այնպես էր, ինչպես ներկայանում էր, ամաչկոտ շնիկը ինքն էլ ամաչկոտ բալիկ էր»:


Անահիտ Թարյանը հեղինակ է մեկուկես տասնյակ բանաստեղծական գրքերի: Կատարել է թարգմանություններ, որոնք տպագրվել են թարգմանական ժողովածուներում և մատենաշարային հրատարակություններում: Անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, Ռազմածովագիրների միջազգային ընկերակցությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի գրողների միությանը: Գրող, հասարակական-քաղաքական գործիչ, Հայրենական պատերազմի վետերան Մնացական Թարյանի դուստրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Այս տարի «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել նաև Եզոպոսի և Լաֆոնտենի առակները։ Լաֆոնտենի առակներն ամբողջությամբ փոխադրել է Անահիտ Թարյանը։

Լուսանկարները՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ