«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարբած դևի փռշտոցը. կռիվ հողմաղացի հետ (առողջապահության նախարարության դեղին քարտը)

Հարբած դևի փռշտոցը. կռիվ հողմաղացի հետ (առողջապահության նախարարության դեղին քարտը)
15.12.2017 | 12:44

ՆԱԽԵՐԳ


Լուսաբացից քիչ առաջ մանուշակագույն երկնքից ձյուն էր տեղում, որը մանկան ժպիտի նման մաքրամաքուր էր ու սառնաշաքարի պես հրապուրիչ։ Ձյունը մեզ մղում է բարեվարքության, ձյունը մաքրում է մեր մտքերի խառնակ փառը։ Այսպիսով, փառք ձմռանը և ձյանը։ Ամեն։
Ձյունե աշխարհը խորհրդավոր է։ Միմյանց փարվել և երազում գարուն են տեսնում խամրած մարգագետինն ու նրա վրա կարպետ գործած դեղին տերևները։
Սակայն մի բան դուրս է պրծել այս խորհրդավոր աշխարհի առաքինությունից։ Տեսեք, այս բիրտ ցրտին անայլայլ կարկաչում են մայրաքաղաքի և հանրապետության բյուր-բյուրակն ցայտաղբյուրները, որոնց ջուրը անհիշատակ կորչում է, լցվում է առուները և վերջին հանգրվանն է գտնում Մայր Արաքսի խորքերում։ Սակայն չէ՞ որ տարաբախտ Արաքսը, ի վերջո, թափվում է օտար և թշնամի ծովը Կասպից։ Ձմռան ամիսներին քանի՞ անցորդ է ծարավը հագեցնում։ Մեկը, երկուսը, գուցե թե տասներկուսը։ Մի խոսքով պետք է հուսալ, որ մայրաքաղաքի (նաև մյուս բնակավայրերի) իշխանությունները, ի վերջո, կկռահեն, որ ջուրը մեր հանապազօր ազգային մեծ հարստություն է, և այն շվայտորեն վատնելը դավադրություն է երկրի ու նրա ապագայի հանդեպ։
Ի դեպ, տիարք և տիկնայք բնապահպաններ, ի զեն, լեռնաշխարհը ջրազրկվում է։ Տարին բոլոր, օր ու գիշեր։ Հանուն ինչի՞։

ՓՌՇՏՈՑԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄԸ


Սա գերսուր զգացողությունների սիրահարների բնազդական ցու՞ցքն է։ Անվերապահորեն այո։ Գուցե այն ոմանց հակաբնական կրքերի թոթափման միակ հնա՞րքն է։ (Անհայտ չէ, որ եթե հակաբանական արարածը չթոթափի անվերահսկելի և լիառատ կրքերը, ապա կարող է կարիճի պես ինքնախայթվել)։ Իհարկե։ Բայց այս ամենն ընդամենը սառցալեռան այն զանգվածն է, որը դուրս է մղված օվկիանոսի ահարկու ջրերից։ Խորասուզվենք և քողազերծենք անվերահսկելի բնազդի գաղափարական խորհուրդը։ Քաղաքական և տնտեսական վերնակույտի բարդույթավորված հատվածը (իմա` որոշ պատգամավորներ և նախարարներ, առանձին գեներալներ ու բանտապահներ, մի քանի մարզպետ և քաղաքապետ, վերահսկիչ մարմինների անվերահսկելի շահառուներ և այլք) հայ հասարակությանն ու ժողովրդին հայոց բարոյական ճորտացման ենթարկելու, նրա ոգին և առողջությունը քայքայելու, բնավ չզարմանաք, ի վերջո, հլու-հնազանդ ու տկարամարմին ժամանակակից հայաստանաբնակ հայություն ստեղծելու գերագույն իղձով է տառապում։ Եվ այս գործում առայժմ բավականին հաջողակ է։ Բայց և այնպես կարծես հասել է վարակիչ փռշտոցի վարակազերծման ժամանակը։ Կասկածու՞մ եք։ Իզուր։ ՀՀ, Երևան, Կառավարական տուն, դեկտեմբերի 7, ժ. 11.00։ Կառավարության հերթական նիստում քննարկման է ներկայացվում ներքոհիշյալ պետականակերտ նախագիծը, համաձայն որի, «բազմաբնակարան շենքերում նախատեսվում է կարաոկեների, գիշերային ակումբների, սաունաների (իմա` շոգեբաղնիքների- ծանոթությունը` Հողմաղացի) վայրերը սահմանել որպես սահմանափակման ենթակա օբյեկտներ` արգելելով նրանց գործունեությունը բազմաբնակարան շենքերում, կրթության և պատմամշակութային և բժշկական հաստատությունների տարածքներում»։ Վերջապե՜ս։
Սպասելի է, որ արդեն 2018-ի հունվարի 1-ից վերոնշյալ որջերը դուրս կմղվեն Երևանից ու երկրի մյուս քաղաքներից, և հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրել են որջամերձ տարածքներում, արդեն հանգիստ քուն կառնեն։ (Ի դեպ, բավականին ուշագրավ է որջերի «ընտրազանգվածը»։ Գլխավորապես երիտասարդությունն է, որոշ պատգամավորների և նախարարաց, առանձին գեներալների ժառանգներն են և նրանց գաղափարական մերձավորները)։

Լուսաբացից առաջ որջերը լիցքաթափվում են։ Որջականները մոլորուն հայացքով և քայլքով շորորուն լքում են յուրյանց մարմնակրտական և հոգեկան այլակերպման մեքքաները, կեսգիշերից քիչ անց այնտեղ հաստատվելու նվիրական պատրաստակամությամբ։
Լուսաբացից քիչ անց որջամերձ բնակարանների բնակիչները մոլորված հայացքով և քայլքով շորորուն քայլում են դեպի աշխատավայր... այնտեղ քուններն առնելու։
Բայց այս ամենն անդառնալի և դաժան մի հուշ է, վարակիչ փռշտոցը վարակազերծվում է։ Վկան` ՀՀ 2017-ի 12-րդ ամսի 7-րդ օրվա պատմական նիստի որոշումը։ Միով բանիվ, քայլարշավում ենք դեպի մարդակենտրոն Հայաստան։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԻՆ ՔԱՐՏԸ


Կառավարական թիվ 1 տան առջև հերթապահում եմ յուրաքանչյուր հինգշաբթի, սրտատրոփ սպասելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ազդու առաջարկը կքննարկվի և կառավարական դղրդուն մի որոշմամբ կներկայացվի հանրությանը։ Հենց այս պահին մի զանգ հնչեց Վանաձորից և չքնաղագիր պոետ Հրաչյա Սարուխանի այս տողերը շարակարգեց.
Հղի Նայադները
աղմկում են անվերջ,
Հողմն ուզում է լուսնի
առագաստը տանի...
Տարածության քայլքը
հորիզոնին գամվեց`
Չհասնելով սահմանն
անսահմանի։


«ԵՐԵԿՈ (ԻՆՔՆԻՆ ՏԵՍԻԼ)»

Կարծես 1-ին էր դեկտեմբերի, երբ «Իրատեսում» ստացա մի համեստ ծրար` խորիմաստ նամակով։ Ահա այն.
«Իրատես» թերթի հեղինակ Վրեժ Առաքելյանին։
ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնում քննարկվել է Ձեր` 2017-ի նոյեմբերի 11-ի ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակ-առաջարկը։
Այդ կապակցությամբ հայտնում եմ, որ քննարկման արդյունքում ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավարը 2017-ի նոյեմբերի 27-ին գրությամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` հայտնելով հետևյալ դիրքորոշումը` համապատասխան առաջարկություններով։ Մասնավորապես նշվել է, որ հրավառություններից, պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է: Այդպիսի աղմուկը կարող է բացասաբար ազդել բնակչության, հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սրտանոթային, էնդոկրին, լսողական համակարգի վրա: Հանգստի և քնի ժամանակ աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է: Միևնույն ժամանակ հայտնի է, որ աղմուկը համարվում է ամենահզոր սթրեսային գործոններից մեկը:
Ելնելով վերոնշյալից և կարևորելով հրավառության արդյունքում առաջացած աղմուկից բնակչության առողջության պահպանման կարևորությունը՝ ՀՀ կառավարությանն առաջարկվել է.
1. Հրավառությունների կազմակերպումը կանոնակարգող համապատասխան իրավական ակտեր մշակելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ աղմուկի մակարդակը, կախված բնակելի տարածքներից հեռավորության, տեղանքի և կառուցապատման առանձնահատկություններից, կարող է նվազել կամ ավելանալ։
2. Քննարկել հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ կառավարության 2012-ի օգոստոսի 9-ի N1000-ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին հրավառություններ կազմակերպելու ժամերը «Ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն» փոխարինել «Ժամը 21.00-ից մինչև 23.00-ն»՝ հաշվի առնելով բնակչության առավել զգայուն խմբերի, հատկապես երեխաների, ծերերի, առողջական խնդիրներ ունեցող անձանց կարիքները՝ հրավառությունների բացասական ազդեցությունը առավել նվազեցնելու նպատակով:
Հարգանքով՝
Արտաշես ՋԱՎԱԴՅԱՆ»:

Հարգարժան տիար Ջավադյանը վերոնշյալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է: Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, երախտիքս հայտնելով տիար Ջավադյանին, նրա պետին և, ի վերջո, ՀՀ առողջապահության նախարար, հարգարժան պարոն Ալթունյանին նման խստաշունչ և հիմնավորված գրության համար, այնուամենայնիվ տարակուսում եմ` նրանց դեղին քարտը նպատակին կծառայի՞ և ահա թե ինչու: Վերջին տասը տարիներին ¥երբ ամենօրյա հրավառություններն ու ամանորյա պայթուցիկագրոհները դարձել են հանրության համար պատուհաս, իսկ ոմանց համար էլ` գերշահույթի միջոց¤ բազմիցս ՀՀ իշխանության և կառավարության տարբեր մարմիններ ¥ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ նախագահներ և պատգամավորներ, ՀՀ վերջին երեք վարչապետներ ու քաղաքապետներ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ոստիկանություն, Հանրային խորհուրդ և այլն¤ հմտորեն խուսանավել են, խնդրի լուծումը խցկել են փակուղի և կանաչ լույս են վառել ոմանց առաջ, որոնք հանրային առողջության ապականման հաշվին զվարճանում և գումարներ են կուտակում: Սա իշխանակառավարական առանձին օղակների դավադրությունն է հայ հասարակության հանդեպ: Այսպես, եթե մինչև 2015-ը հրագործական արտադրատեսակի ներկրումը, առևտուրն ու արտադրությունը ենթակա էին լիցենզավորման, հետագա երկու տարիներին դրանք առանց որևէ հատուկ պահանջի ներկայացվում են գործամոլներին, որոնք հանգիստ խղճով ներկրում, վաճառում և գործածում են դժոխային տեսականին:
Միով բանիվ հորդորս այս է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ պահանջել կառավարությունից պայթուցիկների և հրավառությունների գործածության արգելումը, և վերջ: Այն է՝ ՀՀ կառավարությանը ցույց տալ կարմիր քարտ:
Կասկած չունեմ, որ մեր երկրի իշխանություններն ու կառավարությունը Իտալիան համարում են քաղաքակիրթ երկիր: Եվ ահա Իտալիայի կառավարությունը մեկ տարի առաջ Իտալիայի Հանրապետության 1000 մեծ ու փոքր քաղաքներում արգելեց ամանորյա տոների ընթացքում հրավառությունների և պայթուցիկների գործածումը, քանի որ դրանք վնասում են մարդկանց առողջությունը, շրջակա բնաշխարհին և կենդանական աշխարհին հասցնում են էական վնաս:
Օրեր առաջ վերոնշյալ ազդու նամակը հրապարակման հանձնեցի «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ տիար Արմեն Պողոսյանին: Դեկտեմբերի 7-ին ¥այո՜, այո՜, երբ կառավարությունը «կարմիր քարտ ցույց տվեց գիշերային ակումբներին և մյուս որջերին¤ նա հրապարակեց խնդիրը` անարգանքի սյունին գամելով մի քանի նախարարության և մայրաքաղաքի քաղաքապետարանին:


Սույն «գամումը» ներկայացրին իրենց լրատվական եթերում ԱՐ, «Կենտրոն» և Հ3 հեռուստաընկերությունները: 2017-ի սեպտեմբերին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» կիրակնօրյա հաղորդաշարում խնդրին բավականին սուր անդրադարձավ մեկնաբան Վահե Ղազարյանը: Այս ամենը նշանակում է, որ ամենօրյա հրավառություններն ու ամանորյա պայթուցիկագրոհները բնավ էլ «ՈՒրբաթօրյա հողմաղացի» ցավը չեն, դրանք համաժողովրդական չարիք են:
Ի դեպ, այս խնդրի պարզաբանմամբ այսօր զբաղվում է նաև ՀՀ մարդու իրավունքների հարգարժան պաշտպանը: Նա պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին: Պատասխաններն ստանալուն պես ՄԻՊ-ը կտեղեկացնի ինձ, ես էլ, հասկանալի է, կիրազեկեմ հայ հանրությանն ու համայն հայությանը:
Գուցե այսօր ժամանակն է, որ հանրությունը ոտքի կանգնի, ամենատարբեր ճանապարհներով չեղարկի պայթուցիկների վաճառքն ու գործածումը և ոլորի դրանք վաճառողների և գործածողների ականջները: Արդյունք կտա, չկասկածեք:
Ի դեպ, ինչու՞ վերոնշյալ խնդրի լուծմամբ չեն զբաղվում ազգի հույսի և հանրային փրկչի դերն ստանձնած աղմկարար գործիչները։ Ի մասնավորի, Պարույր Հայրիկյանը, Զարուհի Փոստանջյանը և այլք։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ անհրաժեշտ է մինչև գարուն կտրել բյուր ցայտաղբյուրներից հոսող ջուրը:
Այնուհետև պետք է կառավարության առաջիկա նիստում արգելել հրավառությունները տարին բոլոր, պայթուցիկագրոհները` Ամանորի օրերին: Եվ վերջ, կդառնանք քաղաքակիրթ մի երկիր, որի մարմինն այսօր Ասիայում է, գլուխն էլ` Եվրոպայում:
Իսկ լուսաբացից քիչ առաջ մանուշակագույն երկնքից ձյուն էր տեղում, որը մանկան ժպիտի նման մաքրամաքուր էր ու սառնաշաքարի պես հրապուրիչ:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ