Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պարտադիր չէ պատվաստումից հրաժարումը գրավոր արտահայտելը

Պարտադիր չէ պատվաստումից  հրաժարումը գրավոր արտահայտելը
15.12.2017 | 12:49

Ճիշտ է, ՀՀ կառավարությունը կարող է նաև անտեսել մեր այս հրապարակային պահանջը, որը նաև հանրության մեծ մասի պահանջն է, քանի որ, ինչպես ասում են, բակլան իրենն է, ուզենա խաշած կցանի: Այո, իշխանությունը ոչ թե մեր, այլ իր ձեռքին է, ուզենա իր 09.11.2017 թ. N 47 արձանագրային որոշումն ուժը կորցրած չի ճանաչի, սակայն այդ դեպքում պետք է գիտակցի, որ հետևանքների, որոնք, ի դեպ, կարող են ի հայտ գալ նաև մեկ կամ երկու տասնամյակ հետո, ողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա, նաև անձնապես` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի:


Թերևս հենց այդ հանգամանքը, որ մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլով» պատվաստելուց հետո նրանց մի մասի, օրինակ, չբեր դառնալը ոչ թե պատվաստումից անմիջապես հետո ի հայտ կգա, այլ 1-2 տասնամյակ հետո, և անհնար կլինի ապացուցել չբերության կապը պատվաստման հետ, կառավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանն ազատում է պատասխանատվության գիտակցումից, ու նրանք աչք են փակում լուրջ հիմքեր ունեցող մտահոգությունների, ահազանգերի և նույնիսկ առկա փաստերի վրա: Սակայն շա՜տ իզուր… Երեխաների առողջական լուրջ խնդիրների առաջացման դեպքում ՀՀ կառավարության անդամների և «Գարդասիլով» դեռահաս աղջիկներին պատվաստելու ծրագիրը գրեթե ամեն կերպ իրագործել փորձող ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաների պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, անկախ նրանից` իրենք 10 կամ 20 տարի հետո իրենց ներկայիս պաշտոններին կլինե՞ն, թե՞ ոչ: Թե ինչի ունակ կարող է լինել իր երեխայի դժբախտությունը, լուրջ հիվանդությունը կամ հաշմանդամությունը տեսնող ծնողը, կարծում ենք, բացատրության կարիք չունի:


ՀՀ առողջապահության նախարարությունն իր համակարգի աշխատակիցներից և բուժաշխատողներից ընդամենը չորսի երեխաներին Ծաղկաձորում ս. թ. նոյեմբերի 26-ին հրավիրված լրագրողների ներկայությամբ ցուցադրական ներարկման շոու կազմակերպելով, փորձեց դա հանրությանը ներկայացնել իբրև «Գարդասիլով» պատվաստում: Նպատակը մեր հասարակությանը հավաստելն է, թե նշված պատվաստանյութն անվտանգ է, տեսեք-տեսեք, մեր աշխատակիցներից, բուժաշխատողներից ոմանք նույնիսկ իրենց երեխաներին են պատվաստում, եթե վտանգավոր լիներ, կգնայի՞ն նման քայլի…
Նախարարությունը Ծաղկաձոր էր հրավիրել նաև նախապես հատուկ ընտրված լրագրողների, որոնք, չնչին բացառությամբ, այն լրագրողները կամ այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էին, որոնք, այսպես ասած, աշխատում են իր հետ, համենայն դեպս, ծաղկաձորյան դասընթացից առաջ զբաղվել են մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլով» պատվաստման օգտին քարոզչությամբ` անտեսելով նշված պատվաստանյութի վտանգավորության ու խիստ կասկածելի արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հրապարակված փաստերը:
Կարծում ենք, ընթերցողներն իրենք հեշտությամբ հետևություն կանեն, թե «Գարդասիլի» առնվազն չերաշխավորված անվտանգության ու խիստ կասկածելի արդյունավետության կապակցությամբ մասնագետների, գիտնականների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների (նրանց թվում նաև` հեղինակավոր), գիտական կենտրոնների, գիտական, բժշկական, առողջապահական պարբերականների հրապարակած մտահոգությունները, զգուշացումները, քննադատություններն անտեսող լրագրողներն ու լրատվամիջոցներն իրականում ում օգտին են աշխատում` ճշմարտության և հասարակությա՞ն, թե՞… Հենց այդ լրագրողներն են, որ հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվության այլ միջոցներով, նաև սոցիալական ցանցերով հրապարակելով և ակտիվորեն տարածելով ծաղկաձորյան մի քանի ներարկումների կադրերը, հանրության մի մասին կամ միամիտ մասին համոզեցին, հավատ ներշնչեցին, որ «Գարդասիլով» պատվաստումն անվտանգ է, իսկ դրա վտանգավորության վերաբերյալ եղած հրապարակումներն առնվազն անհիմն, հորինովի են, ՀՀ առողջապահության նախարարության և Արևմուտքից մեզ այնքան սիրող «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք» (GAVI) հիմնադրամի այս լավ, բարի ու մարդասիրական նախաձեռնությունը տապալելու միտում ունեցող:


ՀՀ առողջապահության նախարարության վերոնշյալ քարոզչական հնարքը` իրականացված որոշ լրագրողների ու ԶԼՄ-ների միջոցով, մասամբ տվեց Ծաղկաձորում «Գարդասիլով» ցուցադրական պատվաստում» շոուն կազմակերպած առողջապահության նախարարության պաշտոնյաների ուզած արդյունքը, սակայն հիմա տեսնենք, թե ինչ կմնա այդ արդյունքից, երբ հասարակությունը կծանոթանա «Գարդասիլ» մակնշմամբ սրվակի պարունակությունը մեկ այլ նյութով հեշտությամբ փոխելու հնարավորությանը:
Իրականում ի՞նչ են ներարկել աղջիկներին` «Գարդասի՞լ», թե՞ բոլորովին այլ բան… Շատ հնարավոր է, որ իրականում ոչ թե պատվաստել են ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով, այլ ներարկել են անվնաս (չեզոք) ֆիզիոլոգիական լուծույթ` թորած ջրի ու նատրիումի քլորիդի խառնուրդ, կամ ինչ-որ վիտամին:
Ինչպես քիչ հետո կհիմնավորենք, պատվաստանյութի փոխարեն մեկ այլ բան ներարկելը տեխնիկապես կամ ֆիզիկապես միանգամայն հնարավոր էր, ինչը նշանակում է, որ առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցները կամ ներարկում կատարող բժիշկը սկզբունքորեն լիովին ունեին դրա հնարավորությունը: Ահավասիկ. փաստն այն է, որ «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութն արտադրող ընկերությունն այն թողարկում է ոչ թե այնպիսի ապակյա սրվակներով, որոնց պարունակությունն առանց այդ սրվակների վերին մասը կամ վզիկը կոտրելու, հնարավոր չէ հանել ու փոխել մեկ այլ պարունակությամբ, այլ այս հրապարակմանը կից լուսանկարում հստակ պատկերված սրվակներով, որոնց վերևի մասի պլաստմասսայե կամ ռետինե կանաչ գույնի կափարիչը ձեռքով հեշտությամբ հեռացնելուց հետո, կարելի է ներարկիչի ասեղը դյուրությամբ մտցնել միջնամասում ռետինե փակից ներս, քաշել սրվակի պարունակությունը, հետո ներարկիչով մեկ այլ հեղուկ լցնել դրա մեջ:


Մենք չենք կարող հայտարարել, թե նախարարության համապատասխան աշխատակիցները, նրանցից որևէ մեկը կամ Ծաղկաձորում ներարկումները կատարած բժշկուհին հենց այդպես են վարվել, սակայն հայտարարում ու պնդում ենք, որ կարող էին այդպես վարվել, քանի որ դրա հնարավորությունը կար: Տողերիս հեղինակը, որն այդ պահին նույնպես եղել է այն դահլիճում, որտեղ կատարվել է ներարկումը, բնականաբար, հնարավորություն չուներ լաբորատոր փորձաքննությամբ պարզելու սրվակի պարունակությունը:
Եթե ՀՀ առողջապահության նախարարությունից որևէ մեկը կասկածի տակ է դնում այս պնդումը, որ ֆիզիկապես հնարավորություն կար ու կա հիշյալ ճանապարհով սրվակների պարունակությունը փոխելու, առաջարկում ենք «Գարդասիլի» ընդամենը մեկ սրվակ տալ մեզ (ներարկիչն ինքներս էլ կարող ենք բերել), հրավիրել հեռուստաընկերությունների և այլ ԶԼՄ-ների լրագրողներին, և մենք նրանց բոլորի ներկայությամբ կկատարենք վերը նշված գործողությունները, կապացուցենք ասվածի ճշմարտացիությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը համարձակություն կունենա՞ մեր այս առաջարկն ընդունելու, եթե հանկարծ փորձի հանրությանը ներկայացնել, թե մեր այս պնդումը երևակայության ոլորտից է։ Չափազանց կասկածում ենք։ Հետևաբար ՀՀ առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն արժեք չունի:


Վերոնշյալ փաստերը, ինչպես նաև նախարարության այն աշխատակիցների աղջիկներին, ովքեր 13-ամյա են, «Գարդասիլով» պատվաստելու առնչությամբ մեր հրապարակային առաջարկը (այդ մասին հանգամանորեն կարող եք կարդալ մեր ավելի վաղ հրապարակված «Գարդասիլով» պատվաստման վտանգավոր հետևանքների մասին ահազանգել է նույնիսկ մանկաբույժների ամերիկյան քոլեջը» հոդվածում` http://www.irates.am/hy/1510901114) ՀՀ առողջապահության նախարարության կողմից չընդունվելը տեղիք են տալիս առնվազն կասկածների, որ Ծաղկաձորում ՀՀ առողջապահության նախարարության համակարգի աշխատակիցներից և բուժաշխատողներից ընդամենը չորսի երեխաներին ներարկելու համար օգտագործված «Գարդասիլ» մակնշմամբ սրվակներում իրականում «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութը չի եղել:


Ինչ վերաբերում է մեր վերոնշյալ առաջարկը չընդունելուն, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը հետագայում հրապարակայնորեն պատճառաբանեց, թե նախարարության աշխատակիցների երեխաներից բոլոր նրանք, ովքեր պատվաստման ենթակա էին, Ծաղկաձորում պատվաստվել են: Սակայն, իրականությունն այն է, որ Ծաղկաձորում ինչ-որ բան ներարկվել է 13-ամյա ընդամենը մեկ աղջկա, նա էլ ոչ թե առողջապահության նախարարության աշխատակիցներից որևէ մեկի դուստրն է, այլ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի:
Իհարկե, չափազանց դժվար է հավատալ, թե առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի (ՀՀ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների բուժաշխատողներին չհաշված) աշխատակիցները 13-ամյա որևէ աղջիկ չունեն: Դա մենք կարող էինք ստուգել, եթե նախարարությունն ընդուներ մեր առաջարկը և տրամադրեր ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի աշխատակիցների անուն-ազգանունները, հասցեները, սակայն նախարարությունը մեր վերոնշյալ առաջարկը չընդունեց` էլ ավելի խորացնելով մեր կասկածները: Այս դեպքում ու՞ր մնաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկի վերջերս տրված հրապարակային խոստումը, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն «Գարդասիլով»: Այսպիսով, նա, չգիտենք՝ իր անտեղյակության պատճառով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձել է հանրությանը հավաստել, թե «Գարդասիլը» և դրանով պատվաստումներն անվտանգ են: Շատ իզուր…


Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության համակարգի, ինչպես նաև բուժհաստատությունների աշխատողներից շատերը դեմ են այդ վտանգավոր պատվաստմանը, նրանցից շատերը հրաժարվում են իրենց 13-ամյա աղջիկներին այդ վտանգավոր պատվաստանյութով պատվաստելուց, սակայն քչերն է, որ համարձակություն են ունեցել հրապարակավ հանդես գալու հիշյալ պատվաստումների դեմ:
Ավելին, նախարարությունը վերոնշյալ առաջարկությունը չի ընդունել` խորացնելով առանց այն էլ առկա հիմնավոր կասկածները: «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում դեկտեմբերի 11-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, ՀՀ առողջապահության նախարարությանն առաջարկեցի` եթե վստահ եք, որ «Գարդասիլ» պատվաստանյութն անվտանգ է, առողջական որևէ լուրջ խնդրի կամ նույնիսկ մահվան չի հանգեցնելու, նախապես, ասենք, 10 կամ 20 մլն դրամով ապահովագրեք պատվաստման ենթակա 13-ամյա աղջնակների առողջությունը և կյանքը: Նախարարությունն առ այս պահը չի արձագանքել հրապարակայնորեն արտահայտված վերոնշյալ առաջարկին, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ 10 կամ 20 միլիոն դրամի ապահովագրական երաշխիք պարունակող փաստաթղթի տրամադրումը պատվաստվող երեխաների ծնողներին` իրականում ոչինչ է նրանց երեխաների առողջության, առավել ևս` կյանքի դիմաց: Տվյալ առաջարկը չընդունելով ՀՀ առողջապահության նախարարությունը, ըստ էության, խոստովանել է, որ իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլի» ու դրանով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում:


Հիշեցնենք, որ Հայաստանում «Գարդասիլով» պատվաստումը պարտադիր չէ, հետևաբար պարտադիր չէ նաև պատվաստումից հրաժարումը գրավոր արտահայտելը: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլով» կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստելու նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից: Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «Թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներին:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ