Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փոխվում է հետաքրքրության ծանրության կենտրոնը

Փոխվում է հետաքրքրության ծանրության կենտրոնը
15.12.2017 | 12:57

Ընթերցողին երկար չմտատանջելու համար վերնագրում եղած հնարավոր հետաքրքրության քողը միանգամից հանենք: Ասածը բացառապես վերաբերում է «Մանչեստր Սիթիին», որը խելահեղ արագությամբ սլանում է չեմպիոնական բարձունք՝ ճանապարհին հաշվի չնստելով ոչ մեկի հետ: Բանը հասել է նրան, որ ոսկե մեդալների համար պայքարում մրցակիցները հույսերը կապում են ոչ թե սեփական հաջող մրցելույթների, այլ «Մանչեստր Սիթիի» ձախողումների, այն էլ տևական ձախողումների հետ: Միաժամանակ նկատենք, որ Անգլիայի ու Գերմանիայի առաջնությունների խաղերի կողքին անցած օրերն Իտալիայում ու Ֆրանսիայում առանձնացել են գավաթային դիմակայություններով: Այս անգամ էլ իր օրինական հանգստի իրավունքից է օգտվել իսպանական ֆուտբոլը:

ԱՆԳԼԻԱ


«Սուոնսիի» հետ արտագնա խաղը շահելով 4:0 հաշվով՝ «Մանչեստր Սիթին» մրցաշրջանում տոնեց իր տասնհինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ գերազանցելով «Արսենալին» պատկանող ռեկորդը: Հետաքրքրական է, որ այս հաղթանակով «Սիթին» կոտրեց վերջին չորս խաղերի վիճակագրությունը, որոնցում հաղթում էր նույն 2:1 հաշվով: Նկատենք, որ «Մանչեստր Սիթիի» առնչությամբ մարզասերի մոտ արդեն սկսում է տիրապետել մեկ այլ, բավականին անառողջ հետաքրքրություն՝ ո՞ր թիմն է կասեցնելու «քաղաքաբնակների» անպարտ ընթացքը:
Հաղթական մրցելույթ ունեցավ և մանչեստրյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Բոռնմուտի» նկատմամբ ու 35 միավորով կարողացավ պահպանել «Չելսիից» ունեցած երեք միավորի պոկվածությունը: Գվարդիոլայի սաներից Մոուրինյոյի սաների տասնմեկ միավորով հետ մնալու մասին չխոսենք, քանզի այն անմորմոք տժժում է պորտուգալացու սրտում, ինչն Առանձնահատուկը փորձեց մեղմել նախորդ տուրում «Սիթիից» կրած պարտությունից հետո մրցակցի հանդերձարան ներխուժելով ու այնտեղ այնպիսի տղայական սկանդալ սարքելով, որ դեռ պիտի կարողանա դրա տակից դուրս գալ: Լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական վարույթ է սկսել խնդրո առնչությամբ, ու պատիժները չեն ուշանալու:
Պրեմիեր լիգայի առաջին եռյակից հաղթական մրցելույթ ունեցավ և «Չելսին»: Հաշվի առնելով, թե մանչեստրյան ակումբների հետ դիմակայությունում մրցակիցների համար ինչ պրոբլեմներ ստեղծեց «Հադերսֆիլդը», նրա նկատմամբ «ազնվականների» հաղթանակը (3։1) պիտի փառահեղ արդյունք համարել Կոնտեի սաների համար, մանավանդ որ «Վեստ Հեմի» հետ ունեցած սայթաքումից հետո «Չելսիի» այս հաղթանակը բառացիորեն պահանջված էր, օդի ու ջրի պես անհրաժեշտ:
Փոքր-ինչ տարօրինակ են ներկայանում «Լիվերպուլի» ու «Արսենալի» գոլազուրկ ոչ-ոքիները, բայց իրականում այնպես էլ չէ, թե ֆուտբոլում նման հաշվով խաղերն էկզոտիկայի շարքից են: Փաստենք, որ լիվերպուլցիների հետ հանդիպումում համառել է «Վեստ Բրոմվիչը», ինչը վերջինիս ձեռք բերած միավորն ավելի ծանրակշիռ է դարձնում, քանզի դա եղել է արտագնայում, իսկ «Արսենալի» հետ «Վեստ Հեմի» ոչ-ոքիից չպիտի առանձնապես զարմանալ՝ հիշելով, թե մեկ տուր առաջ այդ նույն «Վեստ Հեմն» ինչպես երեք միավոր կորզեց երկրի գործող չեմպիոնից: Այնպես որ, եթե զարմանալու բան էլ կա, ապա դա այս ինքնատիպ թիմի զբաղեցրած նախավերջին տեղն է մրցաշարային աղյուսակում:
Տևական նահանջից հետո երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Տոտենհեմը»՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Բրայտոնի» նկատմամբ, ինչը Մաուրիսիո Պոչետինոյի սաներին հնարավորություն տվեց ներխուժելու աղյուսակի վերին հորիզոնականներ՝ 31 միավորով տեղ զբաղեցնելով չորրորդ սանդղակում: Նույնքան ունեն ևս երկու թիմ՝ «Լիվերպուլն» ու «Բյոռնլին»: «Արսենալինը» մեկով պակաս է:

ԳԵՐՄԱՆԻԱ
Դիտարժանության առումով «Քյոլնի» հետ «Բավարիայի» արածը տպավորիչ էր, հաշվի առումով՝ ոչ (1:0), սակայն եթե հարցին մոտենում ենք գերմանական պրագմատիզմի դիրքերից, խնդիրը լուծված է, ձեռք է բերված հերթական երեք միավորը, ինչի արդյունքում բավարացիների անվան դիմաց արդեն շողշողում է 38 թիվը:
«Շալկեի» հետ խաղում «Աուգսբուրգը» բավականին լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն, ի վերջո, զիջեց, որովհետև հաղթական երրորդ գոլը տանտերերին բերեց հաղթանակ: «Շալկեն» 29 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ պրեմիեր լիգայի նման առաջին երկու տեղերում գտնվող թիմերի միավորների միջև եղած միջակայքը զգալի է:
«Վերդերին» հյուրընկալած «Բայերը» վաստակեց երեք միավոր, ու դրա համար բավարար եղավ խփած միակ գոլը: Նույնը եղավ և «Հոֆենհայմ»-«Շտուտգարդ» դիմակայությունում:
Արտագնայում «Վոլֆսբուրգի» հետ ծանր խաղ անցկացրեց «Լայպցիգը»: Երկրի փոխչեմպիոնի արած առավելագույնը մեկ միավոր վաստակելն էր՝ 1:1:
Շարունակում է թանկարժեք միավորներ կորցնել Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը մինչ այս տուրն անհանգիստ դեգերում էր առաջին վեցյակի շրջանակներում: Նախորդ տուրի տնային ոչ-ոքիից հետո այն արտագնայում երեք կարևորագույն միավոր կորցրեց «Ֆրայբուրգի» հետ դիմակայությունում՝ 1:0: Փոխարենը վերելքով հանդես եկավ մյուս «Բորուսիան»: Հյուրընկալվելիս դորտմունդցիները 2:0 հաշվով պարտության են մատնել «Մայնցին»: Մրցաշարային աղյուսակում «Բավարիային» ու «Շալկեին» հաջորդում են «Լայպցիգը» (28), «Բայերը» (27), «Հոֆենհայմն» (26) ու Դորտմունդի «Բորուսիան»՝ 25 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Ֆիորենտինա»-«Սամպդորիա» գավաթային դիմակայությունում հաշվի մեջ երկու անգամ առաջ անցած տանտերերին հյուրերը պատասխանել են դարպասի փոխադարձ գրավումով, սակայն նույնը երրորդ անգամ անել նրանց չի հաջողվել: Հաղթանակը «մանուշակագույնների» առաջ բացել է մեկ քառորդ տանող դռները:
«Ինտեր»-«Պորդենոնե» մրցակցությունում դաշտի տերերը հանդիպել են հյուրերի կատաղի դիմադրությանը: Արդյունքում խաղի հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, ինչին հաջորդել են հետխաղյա 11-մետրանոցները: Կողմերի առաջին հնգյակի կատարումներից հետո լուսատախտակի վրա եղել է 3:3 հաշիվը։ Ի վերջո առավել հաջողակ են եղել տանտերերը, նրանք էլ անցել են մրցակցության հաջորդ փուլ:
Մեկ քառորդում է և «Վերոնայի» նկատմամբ 3:0 հաշվով առավելության հասած «Միլանը»: Երեկ մրցում էին «Լացիոն» ու «Չիտադելան»։

ՖՐԱՆՍԻԱ
Գավաթային կրքերը եռացել են և այստեղ: Հետաքրքիր է, որ արտագնայում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմ՝ «Պարի Սեն Ժերմենը», որը երկրի առաջնության շրջանակներում միանգամայն անսպասելի պարտություն էր կրել «Ստրասբուրգից»: Մայրաքաղաքցիները գավաթային մրցակցությունում կարողացել են վրեժխնդիր լինել՝ հաղթելով 4:2 հաշվով:
Մեկ ութերորդում հաղթել են նաև «Մոնպելիեն» (մրցակիցն է եղել «Լիոնը»՝ 4:1), «Տուրի» հարցերը լուծած «Ամիենը» (2:1), «Բորդոյին» ընդունած «Թուլուզը» (2:0): Այս նույն 2:0 հաշիվն է գրանցվել և «Մոնակո»-«Կանն» մրցակցությունում:
Ամենասակավագոլը եղել է «Անժ»-«Մեց» դիմակայությունը` 1:0:
«Ռեն»-«Մարսել» և «Լիլ»-«Նիցցա» մրցակցություններում խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի: Առաջինում կողմերը փոխանակել են երկուական, երկրորդում՝ մեկական գոլ: Հաղթողները որոշվել են հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Առավել դիպուկ են եղել «Ռենի» ու «Նիցցայի» ֆուտբոլիստները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ