Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը
15.12.2017 | 18:31

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ՍԾՏՀԿ նախարարական կիևյան խորհրդին Հայաստանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը:

Ելույթ ունենալով նախարարական խորհրդի նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը և դրա հեռանկարներին, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության ամրապնդման նպատակով անհրաժեշտ քայլերին։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից:

Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը արտգործնախարար Նալբանդյանը նշել է, Հայաստանը, որպես նախագահող երկիր, առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը:

Անդրադառնալով ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր՝ նշելով, որ կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների և բանաձևերի իրականացման միջոցով:

ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:

Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով:

Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. « Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ