Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտին` թեկնածուի առաջին շոուն

Պուտին` թեկնածուի առաջին շոուն
16.12.2017 | 13:31

Նախագահական չորրորդ ժամկետի թեկնածու Վլադիմիր Պուտինը ոչ մի վիճելի հարց չլսեց դեկտեմբերի 14-ին նրա մամլո ասուլիսին եկած 1640 լրագրողներից` գրել է Le Figaro-ն։ Le Monde-ը մամլո ասուլիսն անվանել է թեկնածու Պուտինի մեդիա շոու։ Պուտինին հարց տալու եկած մեկուկես հազարից ավելի լրագրողը, եթե հավատանք ռուսական պետական հեռուստաալիքներին, ռեկորդ է։ Ասուլիսը տևեց 3 ժամ 50 րոպե, գլխավոր լեյտմոտիվը` «Մենք ձեզ սիրում ու հարգում ենք», որ բարձրաձայնեց Վլադիվոստոկից եկած լրագրողը` գրում է Le Figaro-ն։ Բացատրելու համար իր թեկնածության առաջադրումը` Պուտինն անվանեց «ինֆրակառույցների, բժշկության, կրթության, բարձր տեխնոլոգիաների զարգացումը և աշխատանքի արտադրողականության աճը»։

Փորձելով իր «ազատական» գաղափարները շահեկան լույսի ներքո հրամցնել` նախագահը պինդ փակել է դուռը իր գլխավոր մրցակից Ալեքսեյ Նավալնու ընտրություններին մասնակցության առաջ: Պուտինի համար Նավալնու մասնակցությունն այս ընտրություններին հավասար է հեղաշրջման։ Le Monde-ը մանրամասն պատմում է` ինչպես նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը Պուտինին հարց տվեց ընտրություններում ընդդիմության մասնակցության մասին` այդ հարցուպատասխանն անվանելով «նախագահական ընտրությունների միակ հեռուստաբանավեճ»։ Վլադիմիր Պուտինի համար ռուսական ամբողջ ընդդիմությունը Միխեիլ Սաակաշվիլի է, որ հիմա պահանջում է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը` գրում է Le Monde-ը։ «Կայունությունն ինքն է։ Քաոսը բոլոր այդ Սաակաշվիլիները, ում անունով Պուտինը անվանեց անգամ 2011-ի Occupe Wall Street շարժումն ԱՄՆ-ում»։ «Յուրի Լևադայի կենտրոնի հարցման տվյալներով` ռուսաստանցիների 75 %-ը պատրաստ է քվեարկելու հօգուտ Պուտինի, և նախագահ-թեկնածուն մի թիզ հող էլ չի տա արտահամակարգային ընդդիմությանը»` շարունակում է Le Monde-ը` մեջբերելով Պուտինի խոսքերը` «Իշխանությունը ոչ մեկից չի վախենում»։ Փաստը, որ Պուտինն ինքնառաջադրվելու է որպես անկախ թեկնածու, այլ ոչ թե «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, Le Monde-ը բացատրում է վերջին տարիներին այդ կուսակցության խիստ հեղինակազրկումով ռուսաստանցիների աչքում։ Թվարկելով դժվարությունները, որոնց հետ բախվել է իշխանությունը (պատժամիջոցներ ու նավթի գնանկում), գովելով Թրամփին հաջողությունների համար, Օլիմպիական կոմիտեի որոշումն անվանելով «քաղաքական» և շնորհակալություն հայտնելով Ռամզան Կադիրովին Սիրիայի համար, Վլադիմիր Պուտինն անգամ իր նախընտրական ծրագրի ուրվագիծը չներկայացրեց` գրում է թերթը։

Le Figaro-ն գրում է, որ Պուտինը ձանձրանում էր այդ մամլո ասուլիսում։ Քանի որ նա ինքն էր ընտրում լրագրողներին, ստեղծվում էր տպավորություն, որ երբեմն ինքն էլ իսկական բանավեճ է ուզում։ Ինչ-որ պահի նրան թվաց, որ լրագրողներից մեկը ցուցանակին գրել է «Պուտին, bye-bye»։ Ձայն տալով Թաթարստանից եկած լրագրողին` նա իմացավ, որ թաթարերեն «բայ-բայը» պապիկ է նշանակում։ «Պուտին պապիկը չէր թաքցնում հիասթափությունը, եթե չասենք` զայրույթը»` եզրափակում է Le Figaro-ն։
RFI


Հ.Գ. Երևի քչերը առիթ ունեցան եթերով հետևելու նույն օրվա տարբեր ժամերին ՌԴ նախագահի մամլո մեծ ասուլիսին և ՀՀ նախագահի հարցազրույցին մեկ հեռուստաընկերության լրագրողին, ուրեմն քչերն էլ հնարավորություն ունեցան համեմատելու։ Իսկ համեմատությունը ինքն իրեն էր ծնվում` «Ինչպես չհարցնել ոչինչ ու չասել ոչինչ» սկզբունքով։ Մեկ կամ չորս ժամում։ Մենակ կամ 1640 հոգով։ Սա լրագրությա՞ն, թե՞ քաղաքականության ճգնաժամ է։ Երկու նախագահներն էլ ամփոփում էին տարին ու ուղենշում առաջիկա տարիները, բայց ոչ միջին վիճակագրական ռուսաստանցին, ոչ միջին վիճակագրական հայը նոր ոչինչ չիմացան իրենց ներկայի ու ապագայի մասին։ Ավելին` նույնիսկ լավատեսական որևէ ազդակ չստացան: Միակ տարբերությունը` Պուտինը շնորհավորեց ապագա տարեմուտը, Սերժ Սարգսյանը` չշտապեց։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ