Alexander Romanovsky - Armenian STATE Symphony OrchestraYerevan Perspectives
 

Իրականում ո՞վ է ապավինել կեղծիքին ու հերյուրանքին

Իրականում ո՞վ է ապավինել կեղծիքին ու հերյուրանքին
18.12.2017 | 20:44

ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն կերպ փորձում է իրականացնել «Գարդասիլով» վտանգավոր պատվաստումների ծրագիրը: Հայաստանում այսօր, ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ պետական տարբեր մարմիններից շատ բան կարելի է սպասել, նրանց այս կամ այն արարքը կամ գործողությունը վաղուց չի զարմացնում մեզ ու հասարակությանը:

Վերոնշյալ իրականության համատեքստում մեզ չի զարմացնում նաև, որ պետական մարմինը (տվյալ պարագայում` ՀՀ առողջապահության նախարարությունը) իրականացվող խայտառակ ծրագիրը քննադատող, դրա վտանգավորությունը փաստերով հետևողականորեն բացահայտող լրագրողին վարկաբեկելու նպատակով, տողերիս հեղինակի հասցեին իր կայքում հերյուրանք է հրապարակել` բացարձակապես անհիմն կերպով մեղադրելով կեղծիքին ապավինելու մեջ: Հիմա մենք փաստերով ներկայացնենք, թե իրականում ո՞վ է ապավինել կեղծիքին ու հերյուրանքին:
Ս. թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հանդես գալով մամուլի ասուլիսով, հաշվի առնելով խնդրի հասարակական կարևորությունը, օրինազանցությունը կամ սահմանված կարգի հնարավոր խախտումը հրատապ կերպով կանխելու հրամայականը, օպերատիվ կերպով հանրությանն եմ փոխանցել նախօրեին գիշերն իմ միջոցով ԶԼՄ-ին փոխանցված տեղեկությունը, ըստ որի, բուժաշխատողները Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում փորձել են դեկտեմբերի 11-ից էլ դեռ առաջ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել 13-ամյա աշակերտուհիներին, սակայն նրանց ծնողները հավաքվել և դա թույլ չեն տվել, վռնդել են «բժշկուհի» կոչվածներին: Ասուլիսում հայտնելով ինձ փոխանցված այս ահազանգի մասին, հանրությանը միաժամանակ տեղեկացրել եմ, որ այն դեռ չճշտված տեղեկատվություն է, իսկ ճշտված չէ, որովհետև դեռ չեմ հասցրել ճշտել, դրա հնարավորությունը դեռ չեմ ունեցել, տվյալ տեղեկությունն ինձ փոխանցվել է գիշերը: Կարծում եմ, հասկանալի է, որ այդ ժամին ես չէի կարող խոսել Այգաբաց գյուղի դպրոցի տնօրենի հետ, առավել ևս, որ չունեի նրա հեռախոսահամարը: Դեկտեմբերի 11-ի առավոտյան, մինչև ժամը 11-ին սկսված մամուլի ասուլիսը նույնպես դրա հնարավորությունը չեմ ունեցել, քանի որ շատ ավելի վաղ մեկ այլ գործով հանդիպման համար տնից դուրս եմ եկել (կան դրա և՛ վկաները, և՛ կապի համապատասխան օպերատորի արձանագրած հեռախոսազանգ), և Այգաբացի դպրոցի տնօրենի հեռախոսահամարը դեռ ձեռք չէի բերել: Ասուլիսում բառացի ասել եմ հետևյալը. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք, ես ուղղակի որպես ահազանգ եմ սա հնչեցնում այստեղ։ Եթե պարզվի, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (և ղեկավարությունը) խստորեն պատասխան կտան: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննությունը սկսել և ավարտին հասցնել, պարզել այս իրականությունը, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ եթե համապատասխանեց, վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ, ի գիտություն նրանց»:


Կատարված մեջբերումից ակնհայտ է, որ ինձ փոխանցված ահազանգը հանրությանը չեմ ներկայացրել իբրև իրականություն կամ ճշմարտություն, արտահայտվել եմ վերապահումով` «եթե պարզվի որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը», նաև խոստացել լրագրողական հետաքննությունը սկսել և ավարտին հասցնել, պարզել, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, իհարկե, տեղեկացնել, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Սակայն, անտեսելով այս ամենը, ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017 թ. դեկտեմբերի 11-ին հրապարակել է «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ պաշտոնական տեղեկություն, որում, հիշյալ վերնագրից բացի, մասնավորապես նշված է հետևյալը.
«Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկությունը։
Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ և պարզել, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվել պատվաստում կատարելու։ Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, և որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել։


Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին և ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…»:
Նախ, ի գիտություն նախարարության սույն պաշտոնական լրատվությունը պատրաստած մտքի հանճարի, ես վերոնշյալի մասին «իբր»-ով չեմ հայտնել…
Երկրորդ. ես կամ որևէ մեկը երբևէ չի ասել, թե տվյալ հանդիպմանը երեխաներ են մասնակցել, հետևաբար նախարարության հրապարակած տեղեկությունը, թե «Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել», կամ չեղած տեղեկատվության ծիծաղելի հերքում է, կամ պարզապես ավելորդաբանություն:
Դեկտեմբերի 11-ին հանդես գալով մամուլի ասուլիսով, պատվաստման փորձի ու դրան ծնողների արձագանքի վերաբերյալ վերը մեջբերված տեղեկությունը ներկայացրել եմ ոչ թե որպես իրականություն, այլ տողերիս հեղինակի միջոցով ԶԼՄ-ին փոխանցված ու դեռ ճշտման կարիք ունեցող լուր, որի իսկությունը մինչ ասուլիսը պարզելու հնարավորություն չեմ ունեցել:
Երրորդ. եթե փոխանցված տվյալ տեղեկությունը նույնիսկ չի համապատասխանում իրականությանը, ապա այն ընդամենը իրականությանը չհամապատասխանող լուր է, և նախարարությունը որևէ հիմք չունի առ այն, որ դա կեղծիք է, այսինքն, ըստ էության, այնպես ներկայացնելու, թե տվյալ լուրը մեզ փոխանցած անձը նախապես տեղյակ լինելով, որ այն չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, տվյալ տեղեկությունը մեզ փոխանցել է իբրև իրականություն: Թերևս ավելորդ է բացատրել, որ կեղծիքի պարագայում պետք է առկա լինի դիտավորություն, մինչդեռ նախարարությունը չունի որևէ հիմք` համարելու կամ ներկայացնելու, որ եղել է դիտավորություն թեկուզ այն անձի կողմից, որը փոխանցել է մեզ տվյալ տեղեկությունը:


Պաշտոնական տեղեկատվության վերնագրից, ինչպես նաև մեջբերված հատվածի համատեքստից (վերնագրի հետ միասին) պարզ ու միանշանակ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը հենց ինձ է ներկայացրել իբրև կեղծիքին և ստահոդ լուրերին ապավինող, կեղծիքին և ստահոդ լուրերին ապավինելը հենց ինձ է վերագրել` տվյալ վերագրման կամ մեղադրանքի համար բացարձակապես չունենալով որևէ հիմք, ու դեռ խորհուրդ է տվել` «Ժամանակն է սթափվելու…»: ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալ հերյուրանքով վնաս է պատճառել իմ պատվին, արժանապատվությանը, գործարար ու բարի համբավին, ինչի համար բարոյական, թե իրավական առումով պատասխան է տալու:
Հրապարակելով իր այս տեղեկությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հավանաբար անտեսել է, որ Շիրակի մարզի Այգաբաց գյուղի տնօրենի հետ միայն ինքը չէ, որ կարող էր խոսել ու խոսել է: Նախարարությունից թերևս ավելի վաղ մենք էլ ենք խոսել Այգաբաց գյուղի դպրոցի տնօրենի` Հռիփսիմե Հովոյանի հետ: Նրանից տեղեկացել ենք նաև այն մասին, ինչի վերաբերյալ նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվության մեջ ոչինչ չի հայտնել` հավանաբար այն պատճառով, որ դա ուղղակիորեն կհակասեր «Գարդասիլով»վ պատվաստումներն առաջ տանելու նպատակով իր կողմից իրականացվող քարոզարշավին, ավելին` կվնասեր առանց այն էլ չափազանց ցածր ցուցանիշներ ունեցող հիշյալ պատվաստումների գործընթացին: Տիկին Հովոյանից մենք մասնավորապես տեղեկացանք, որ բուժաշխատողները դեկտեմբերի 7-ին, թե 8-ին այցելելով դպրոց, 13-ամյա աշակերտուհիների ծնողների հետ համաձայնության չեն եկել: Այսինքն` ծնողները մերժել են նրանց, դեմ են եղել իրենց երեխաներին «Գարդասիլով» պատվաստելուն, տվյալ պատվաստման կապակցությամբ դպրոց այցելած բուժաշխատողներին չեն տվել իրենց համաձայնությունը:


Մինչդեռ, իր պաշտոնական տեղեկատվությամբ հանրությանը տեղեկացնելով, որ «Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը», առողջապահության նախարարությունը ծնողների վերոնշյալ մերժման, անհամաձայնության մասին ոչինչ չի հայտնել: Ի՞նչ է` տեղյակ չէ՞ր դրան, զանգահարելով դպրոցի տնօրենին ու կատարվածի մասին հարցեր տալով, ծնողների հետ բուժաշխատողների հանդիպման արդյունքը նախարարությանը չի՞ հետաքրքրել։
Չհամաձայնելով հիշյալ պատվաստմանը, ծնողները բուժաշխատողներին արդյոք վռնդե՞լ են դպրոցից, ինչի վերաբերյալ դեկտեմբերի 10-ի գիշերը լուր էինք ստացել տեղեկատվական մի աղբյուրից: Այս կապակցությամբ նախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է «որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել»: Նախարարությունն այս կապակցությամբ որպես իր տեղեկատվության աղբյուր` նշել է դպրոցի տնօրենին, սակայն այդ նույն տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը բուժաշխատողների ու ծնողների հանդիպմանը ներկա չի եղել, հանդիպման պահին նույնիսկ դպրոցում չի եղել, հետևաբար կատարվածն այս առումով դեռ մնում է անորոշ: Ահա հենց այս հարցը, ինչպես նաև մեզ փոխանցված տեղեկությունը (բուժաշխատողները դպրոց են գնացել վտանգավոր «Գարդասիլով»վ պատվաստում կատարելու նպատակով) ճշտելու նպատակով է, որ տիկին Հովոյանին խնդրեցի հեռախոսահամարը, որից զանգը կատարել էի, փոխանցել դպրոցի 13-ամյա աշակերտուհիների ծնողներին, նրանց իմ անունից խնդրել, որ զանգահարեն ինձ, կամ տրամադրել հիշյալ ծնողների հեռախոսահամարները, որպեսզի ես զանգահարեմ նրանց: Սակայն, որքան էլ զարմանալի է, տնօրենը հստակ կերպով չխոստացավ դա անել, ինչը, բնականաբար, կասկածների տեղիք է տալիս: Հավելեմ, որ առայսօր տնօրենից կամ ծնողներից որևէ զանգ չենք ստացել, և այս առումով դեռ անորոշ է մնում` բուժաշխատողները դպրոց էին գնացել 13-ամյա աշակերտուհիներին պատվաստելու՞, թե՞ սոսկ նրանց ծնողներին համոզելու համար, որ այդ պատվաստումն անվտանգ և անհրաժեշտ է, հետևաբար ճիշտ կանեն, եթե իրենց երեխաներին բերեն պոլիկլինիկա պատվաստման:


Շարունակենք փաստերով ներկայացնել, թե հիշյալ պատվաստումների ծրագիրն իրագործելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից ով և ինչպես է ապավինել կեղծիքին ու ստին:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից բխող վտանգը չափազանցելով, թերևս փորձելով ահաբեկել մեր 13-ամյա աղջնակներին, որպեսզի նրանք չհրաժարվեն տվյալ պատվաստումից, ինչպես նաև նրանց ծնողներին, որպեսզի վերջիններս չմերժեն ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ներարկումն իրենց երեխաներին, հրապարակայնորեն կեղծել է իրականությունը` հայտարարելով, թե արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից: Իրականում նշված տոկոսը փոքր է. թիվ 16 և թիվ 18 շճատիպերը (այն էլ` երկուսը միասին), ըստ տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված պաշտոնական պատասխանի, պայմանավորում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոսը:


«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի 71 տոկոսը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով»,- նշված է տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված պատասխանում:
Ավելին. ըստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի, իրենք ուսումնասիրել են ԱՄՆ կառավարության կայքերը, որոնցից մեկով ներկայացված է Ազգային բժշկական գրադարանը, և այդ գրադարանում հանդիպել են բոլորովին այլ թվի, համաձայն որի, ՄՊՎ-ի 16 և 18 շճատիպերը արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող կանանց 28,2 տոկոսի մոտ են եղել նշված քաղցկեղի առաջացման պատճառը:
«Իրականում անվտանգությունը բավականին ապացուցված է»,- նկատի ունենալով «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութի անվտանգությունը, «Արարատ» հեռուստաընկերությանը համեմատաբար վերջերս տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրականում Գայանե Սահակյանը կա՛մ անտեղյակ է «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման վտանգներին ու պատճառած վնասներին, ինչն այս պարագայում ուղղակի աններելի է, կա՛մ պարզապես ստել է` փորձելով փափուկ բարձ դնել ՀՀ բնակչության գլխի տակ:
Նույն Գայանե Սահակյանը 2017 թ. նոյեմբերի 25-ին Ծաղկաձորում լրագրողների համար ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած դասընթացի ժամանակ փորձելով հեղինակազրկել «Գարդասիլ»-ի չերաշխավորված անվտանգության կամ վտանգավորության վերաբերյալ հրապարակայնորեն հանդես եկող գիտնականներին, իր խոսքն արտահայտելով նաև կինոպրոյեկտորով պատկերվող սլայդով, լրագրողներին ներկայացրել է հետևյալը. «Առասպել 1. Հեղինակավոր գիտնականներ հայտարարում են, որ պատվաստանյութը վնասակար է: Ովքե՞ր են գիտնականները. Գալինա Չերվոնսկայա. Չունի ոչ մի գիտական աշխատանք, սակայն «Գարդասիլ» ֆիլմում նկարագրում է պատվաստանյութի «ծանր» հետևանքները` մահեր, անպտղություն, սարսափազդու թվեր, գենետիկ մուտացիաներ»: Գայանե Սահակյանը Գալինա Չերվոնսկայային հեղինակազրկելու և «Գարդասիլի» վտանգավորության վերաբերյալ նրա խոսքն անարժանահավատ ներկայացնելու նպատակով, այսպիսով կեղծել է` լրագրողներին ու հանրությանը տեղեկացնելով, թե նա «Չունի ոչ մի գիտական աշխատանք», ընդսմին, կարծում եմ, միտումնավոր կերպով չներկայացնելով, թաքցնելով, թե ով է Գալինա Չերվոնսկայան: Իրականում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաէթիկայի կոմիտեի անդամ, վիրուսաբան Գալինա Չերվոնսկայան լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու, հանձին իր թեկնածուական ատենախոսության, չէր կարող չունենալ գոնե մեկ գիտական աշխատանք, իսկ իրականում ունի մի քանիսը: Նա հեղինակ ու համահեղինակ է մի շարք գիտական հրապարակումների, գիտական աշխատանքների, գրքերի` նվիրված նաև փորձարարական վիրուսաբանությանը: Հետաքրքրվողները կարող են ասածս ստուգել համացանցում։

«Вопросы вирусологии», 13(5), 1968, 560—566 էջեր, «Бюллетень экспериментальной биологии и медицины», 82(8), 1976, 995—998 էջեր, «Журнал микробиологии, эпидемиологии и иммунобиологии, 3, 1983, 87—92 էջեր, Evaluation of the toxic action of prophylactic and therapeutic preparations on cell cultures. III. The detection of toxic properties in medical biological preparations by the degree of cell damage in the L132 continuous cell line (www.ncbi.nlm.nih.gov), Kravchenko A.T., Chervonskaya G.P., Acquired immunity and allergy of cells cultured in vitro, Journal of hygiene, epidemiology, microbiology, and immunology, 30(4), 1986, 441—448 էջեր, Червонская Г. П., «Не навреди. А ведь вредим» (a-naumov.narod.ru), Медицинская газета (wikipedia.org). — 1995, Червонская Г. П. «Вакцинопрофилактика и права человека» (Доклад Российского Национального комитета по биоэтике) / Отв. ред. Б. Г. Юдин. — М.: РКНБ, 1994. (Доклад подготовлен при финансовой поддержке Фонда фундаментальных исследований Российской Академии наук. Проект 93-06-11141), Червонская Г. П. «Этика медицинского эксперимента в доклинических испытаниях» (www.booksite.ru), Биоэтика: принципы, правила, проблемы Отв. ред. и сост. Б. Г. Юдин. — М.: Эдиториал-УРСС (ru.wikipedia.org), 1998. — 472 էջ, ISBN 5-901006-61-5:

Այլ խնդիր է, որ Գալինա Չերվոնսկայան միգուցե չունի որևէ գիտական աշխատանք` հենց «Գարդասիլի» կամ դրանով կատարվող պատվաստումների վերաբերյալ, ինչը, սակայն, բնավ չի նշանակում, թե վիրուսաբան գիտնականն իրավունք չուներ «Գարդասիլի», դրանով կատարվող պատվաստումների անվտանգության երաշխավորված չլինելու, վտանգավորության վերաբերյալ այլ գիտնականների, գիտական, բժշկական կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հրապարակայնորեն հանդես գալու այդ կապակցությամբ: Ի դեպ, Նույն Գայանե Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարարության ու նրա համակարգի որևէ աշխատակից նույնպես չունեն որևէ գիտական աշխատանք «Գարդասիլի» կամ դրանով կատարվող պատվաստումների վերաբերյալ, սակայն նշված հանգամանքը նրանց բնավ չի խանգարում ակտիվորեն հանդես գալու հիշյալ պատվաստանյութի անվտանգության, դրանով պատվաստումների օգտակարության և անհրաժեշտության վերաբերյալ հրապարակային քարոզչությամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao