Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիեզերքի դասերը

Տիեզերքի դասերը
18.12.2017 | 22:47

BBC-ն հարցազրույցներ է վերցրել բրիտանուհի Հելեն Շարմենից, իտալացի Լուկա Պարմիտանոյից ու ամերիկացի Ռոն Գարանից 360 ֆիլմերի նոր սերիալի համար, աստղագնացները պատմում են` ի՞նչ են զգացել ու ի՞նչ են մտածել, երբ տիեզերքից նայել են Երկրին։ Այդ տեսաֆիլմերը նվիրված են տիեզերքում վիրտուալ զբոսանքին, որ BBC-ին առաջարկում է անվճար բեռնել HTC Vive և Oculus Rift ակնոց օգտագործողներին (դա կարելի է անել Steam Store-ում կամ Oculus Store-ում)։


«Առաջին անգամ ես Երկիրը տեսա թռիչքից մի քանի րոպե անց,- ասում է բրիտանացի առաջին աստղագնաց, գիտնական Հելեն Շարմենը։- Հենց փակաղակները պոկվեցին ու լույսը լուսացույցերից ներս թափանցեց, իմ առաջ բացվեց Խաղաղ օվկիանոսը։ Դա շքեղ էր, ուղղակի փառահեղ»։ Շարմենը 27 տարեկան էր, երբ 1991-ին թռավ տիեզերք, որ 8 օր անցկացնի "Мир" ուղեծրային կայանում` այն ժամանակ դեռ խորհրդային։ Կայանում նա օգտագործում էր յուրաքանչյուր ազատ րոպե` Երկրին նայելու համար։ Վերջին գիշերը Հելենը լուսացույցը բաց էր թողել ու ամեն 90 րոպեն մեկ հետևում էր լուսաբացին։
Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Լուկա Պարմիտանոն առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել ՄՏԿ-ից 2013-ի հուլիսի 9-ին, առավոտյան 8:02-ին: Բաց տիեզերք դուրս գալիս նրա ոտքերը «պահում էր» հեռակառավարվող ռոբոտի «ձեռքը»։ «Ես պատիվ ու շքեղ հնարավորություն եմ ունեցել, որ տրվում է բոլորովին էլ ոչ բոլոր տիեզերագնացներին,- ասում է նա։- Իմ ձեռքին օգտակար բեռ կար ու այդ պատճառով ես չէի կարող լուսանկարել ու ոչինչ անել, 6 րոպե ես շուրջբոլորս էի նայում»։ Նրա զբոսանքը տիեզերքում ժամանակի մեջ համընկավ լուսաբացի հետ և երբ ՄՏԿ-ն Ատլանտյան օվկիանոսի վայով էր թռչում, արևը դուրս եկավ։ «Դա լույսի իսկական պայթյուն էր,- ասում է Պարմիտանոն։- Ես թռչում էի Արևմտյան Աֆրիկայի վրայով ու այդ պայթյունի մեջ միաժամանակ դեղին կար, վարդագույն ու կարմիր»։ «Իսկ ինձնից ներքևում ծփում էր մուգ-մուգ կապույտ օվկիանոսը, սպիտակ այն տեղերում, ուր ալիքները փշրվում էին ավազոտ ափերին և անապատի գույները` օխրա ու տերակոտ։ ՈՒ այդ ամենը միանգամից, ոչ թե դանդաղ դուրս լողացող, այլ` պայթյունի պես, որից շունչդ կտրվում է»։
ՆԱՍԱ-ի նախկին աստղագնաց Ռոն Գարանը ուղեծրում է եղել 178 օր և 27 ժամ «Շատլից» ու ՄՏԿ-ից չորս անգամ բաց տիեզերք դուրս գալով։ Տիեզերքում ունեցած ապրումները փոխել են նրա կյանքը և նա կարիերայի մեծ մասը նվիրել է գրքերի, լուսանկարների ու կինոյի միջոցով մարդկանց պատմելուն նոր ու շատ կարևոր հեռանկարի մասին, որ բացվում է Տիեզերքից Երկիր նայող մարդու առաջ։ «Երբ նայում ես մեր Երկրին տիեզերքից, հատկապես բաց տիեզերք դուրս գալով, հույզերը փոթորկվում են ներսումդ»` պատմում է Գարանը։ «Իմ ապրածը խորագույն երախտագիտություն էր, որ ինձ տրվեց մեր մոլորակն իր ամբողջ հմայքով տեսնելու շանսը և այդպիսի մոլորակ ունենալու բախտը»։ «Այդ պահերին ես անջատված էի միակ, երկրային աշխարհից, որ գիտեի և այդ պատճառով ինձ խորապես կապված էի զգում յուրաքանչյուրի հետ, որ ապրում է Երկրում»` պատմում է Գարանը։ «ՄՏԿ-ն գուցե ամենաբարդ կառույցն է, որ երբևէ պատրաստվել է մարդու ձեռքով և ինչ-որ պահի ինձ ցնցեց միտքը` եթե մենք կարողանայինք տիեզերքից Երկիր բերել համագործակցության այդ մակարդակը… Ինչքան հեռու կգնայինք ամենալուրջ խնդիրները լուծելիս, որոնց բախվում է մարդկությունը»։


«Ես ուզում եմ մարդկանց բացատրել` ինչքան անկարևոր է մեզ համար նյութականը։ Իհարկե, վատ ոչինչ չկա, որ դուք ունենաք նոր, փայլուն, կարմիր, սպորտային մեքենա կամ այն, ինչին ձգտում եք: Այդ ցանկության մեջ աննորմալ ոչինչ չկա, բայց դա կյանքում գլխավորը չէ: ՈՒղեծրից Երկրին նայելով ես հասկացա մարդկանց փոխհարաբերությունների կարևորությունը։ Երբ դուք ունեք նորմալ կյանքին անհրաժեշտ նվազագույնը, ամենակարևորը դառնում են անձնական փոխհարաբերությունները,- վստահ է Հելեն Շերմանը։- Ձեր ընտանիքը, ձեր ընկերներն ավելի կարևոր են, քան մնացած ամեն ինչ»։

BBC


Հ.Գ. Երեք հայացք Երկրին և երեք տարբեր մարդկանց նույն գնահատականը` Երկիրը շքեղ ու հիասքանչ է տիեզերքից ու տիեզերքից ակնհայտ է դառնում` որքան կարևոր են երկրային կապերը։ Գուցե բոլորիս է պետք բաց տիեզերք դուրս գալ` դա հասկանալու համար։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ