Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իշխանությունը կոմբինացիոն երեք խաղից երկուսը փառահեղ իրականացրեց»

«Իշխանությունը կոմբինացիոն երեք խաղից երկուսը փառահեղ իրականացրեց»
19.12.2017 | 09:18

Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելով՝ «Ելքը» շատ լավ գիտակցում է, որ նա ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Սրանում համոզված են բոլորը, սակայն սա քաղաքական քայլ է, որն արեց խորհրդարանի ընդդիմադիր փոքրամասնությունը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում փաստեց. «Ելքը» հարմար առիթն օգտագործեց, որ պաշտոնյայի սեփական տեսլականը ձևակերպի: Բնական է, որ նրանց թեկնածուն շանս չունի, որովհետև բազմաքայլ խաղը, որը սկսվել էր սահմանադրության փոփոխությամբ, վաղուց է ավարտվել: Երկրորդ էտապն էլ խորհրդարանական ընտրություններն էին: Այսօր բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ»:

-Արտախորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չհաղթահարեց խորհրդարանական ընտրությունների դեպրեսիան կամ, ինչպես քաղաքական արձակուրդ գնացել էր, այդպես էլ հետ չեկավ,- շարունակեց վերլուծաբանը:- Այս պարագայում խորհրդարանական ընդդիմությանն այլ բան չի մնում, եթե ոչ ամբիոնն օգտագործել ու ասել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի իր պատկերացրած նախագահի թեկնածուն: Եվ` ոչ ավելին:
-Այս առաջադրմամբ բավականին անհարմար վիճակում է հայտնվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը: Լինելով խորհրդարանում երկրորդ ուժը, նրանք դեռ չեն կողմնորոշվում` պաշտպանե՞լ ընդդիմադիր փոքրամասնության առաջադրած թեկնածուին, թե՞ սեփական թեկնածուն ունենալ կամ գուցե իշխանության թեկնածու՞ն է նրանց ավելի շահավետ: Սա փորձության շրջա՞ն է նրանց համար:
-Իհարկե, «Ծառուկյան» խմբակցության համար սա յուրահատուկ թեստ է: Այս քաղաքական ուժն իրեն հռչակեց ընդդիմություն, որովհետև, կամա թե ակամա չկազմելով կոալիցիա, ԱԺ-ում դառնում ես ընդդիմություն: Հետևաբար, հիմա հարց է ծագելու` ինչու՞ չի կարող պաշտպանել ընդդիմության թեկնածուին, և ինչու՞ պետք է քվեարկի իշխանության թեկնածուի օգտին: Կարծում եմ, կընտրվի այն տարբերակը, որը սովորաբար լինում է նրանց պարագայում. խմբակցությունից մի քանիսը կընտրեն Արտակ Զեյնալյանին, մնացածները` իշխանության թեկնածուին:
-Հաշվի առնելով, որ բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ, և ամեն ինչ նախապես որոշված է, հետագա բոլոր նշանակումները խիստ կանխորոշվա՞ծ են, 2018-ի ինտրիգ էլ, որպես այդպիսին, չկա՞:
-Ինտրիգն այնքանով կա, թե ով է լինելու վարչապետը: Թե չէ, որևէ ինտրիգ չի կարող լինել, այսինքն` ՀՀԿ խմբակցությունը կկարողանա՞ ապահովել բավարար ձայներ, որ իր թեկնածուն հաղթող ճանաչվի: Իհարկե, «Ծառուկյանը» կփորձի այս խաղում առավելագույնը պոկել, իսկ խոշոր առումով պարզ է, թե ով ինչպես կքվեարկի այդ խմբակցությունում: Այլ խոսքով, կունենանք կոալիցիայի քվեարկությամբ անցած նախագահ և Արտակ Զեյնալյանի օգտին «Ելքի» բոլոր անդամների ու «Ծառուկյան» խմբակցության մի քանի ներկայացուցչի քվեարկություն:
-Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում կրկին չպատասխանեց հետևյալ հարցին` կլինի՞ վարչապետ, թե՞ ոչ: Ինչու՞ է ինտրիգը ձգձգվում, եթե ՀՀԿ անդամները բաց տեքստով հայտարարում են, թե ով է իրենց համար անփոխարինելի վարչապետը, և ով է երկրում այդ պաշտոնին միակ արժանին:
-Եթե Սերժ Սարգսյանը չի հերքում, նշանակում է` չի բացառում: Եթե Սերժ Սարգսյանն ընդհանրապես մտադրություն չունենար, կտրուկ կհայտարարեր. «Ես չեմ առաջադրվելու»: Ի վերջո, կա նաև մի շատ կարևոր նշան. Սերժ Սարգսյանն այն պետական քաղաքական գործիչը չէ, որ նախօրեին որոշի` ինքը լինելու՞ է վարչապետ, թե՞ ոչ: ՈՒշադրություն դարձրեք, թե սահմանադրական բարեփոխումների որոշումը երբ է կայացվել` 2013-ի սեպտեմբերին, այսինքն, անգամ դրանից առաջ է նա այդ մասին մտածել: Հետևաբար ասել, թե Սերժ Սարգսյանը չգիտի` ինչ է անելու, միամտություն է: Այլ հարց է, թե ինչու է անորոշությունը մինչև վերջ պահում:
-Ինչու՞ է պահում, ո՞րն է Ձեր բացատրությունը:
-Մի քանի հանգամանքով է դա պայմանավորված: Սա լավ թեստ է` հասկանալու, թե ինչ է կատարվում թիմի ներսում, ով ինչպես է փորձում վերադասավորվել, ով ինչ հույսեր է կապում և ում հետ, ով ինչպես է իրեն հավատարմության երդում տալիս: Սա հանրապետականների համար փորձաշրջան է` արդյոք կա՞ն նավից փախչել ցանկացողներ, ներսում` խլրտումներ, ամբիցիաներ և այլն: Զուտ քաղաքագիտական տեխնոլոգիաների տեսանկյունից, կարծում եմ, ճիշտ է, երբ որոշումը ձգձգվում է: Նախօրոք հայտարարել նշանակում է ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տալ և դառնալ թիրախ: Ասել է` այս պահին նրան ձեռնտու է ինտրիգը պահելը, բայց որ նա առնվազն 2013-ից ունի որոշում, թե ինչ է անելու, անկասկած է:
-ՏԻՄ-երի վերաբերյալ անցկացված համաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը շատ քաղաքագետներ համարեցին նախընտրական քարոզարշավի մեկնարկ, իմա` ապագա վարչապետի խոսք: Օրինակ, չեն ներվելու գող համայնքապետերը, իսկ նրանց ներել-չներելը վարչապետի գործն է: Փաստորեն, տրվե՞լ է նախընտրական շրջանի մեկնարկը:
-Ասում է` չեն ներվելու, այսինքն՝ ինքն է լինելու չներողի առանցքային դերում: Մամուլը գրեց նաև, թե հավանական է, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Սակայն այս պաշտոնը համայնքի ղեկավարների հետ որևէ առնչություն չունի, համայնքի ղեկավարների վրա ազդեցության միակ լծակը վարչապետի պաշտոնն է: Սրանով նա անուղղակի խոստովանում է, թե ով է լինելու վարչապետը: Այս առումով համակարգից բաղմանյանների ազատումը (բոլորն են հասկանում` չլիներ Սերժ Սարգսյանի հրահանգը, Վիգեն Սարգսյանը չէր կարող նրանից ազատվել) մի մարդու քայլ է, որը պատրաստվում է ապագայում վերահսկելու ողջ պետական ապարատը: Այս կարգի պաշտոնյաներին համակարգից հեռացնելն ուղեկցվում է հանրային ծափերով, իսկ դրանից դիվիդենդներ է շահում նախ և առաջ Սերժ Սարգսյանը, որին դա պետք է մի դեպքում, երբ նա քարոզարշավի մեջ է:
-Սահմանադրական բարեփոխումների ժամանակ հանրապետականները, նրանցից ավելի շատ դաշնակցականները երկրում առկա իրավիճակի մեղավորը համարում էին կառավարման մոդելը: Հիմա արդեն խորհրդարանական կառավարման կանցնենք, վարչապետն էլ կլինի Սերժ Սարգսյանը: Ասել է` բուրգը մնում է իր տեղում, որոշում կայացնողն էլ ոչ թե նախագահը, այլ վարչապետն է լինելու։ Հիմա ի՞նչ, բոլոր խնդիրները մեկեն կչքվե՞ն:
-Սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ ափսոսանքով հայտարարել եմ, որ խորհրդարանական բարեփոխումների ներքո լուծվում է ուժի կենտրոնի տեղափոխման հարցը, ոչ թե կառավարման համակարգի մոդելի փոփոխության: Քանի որ հիմնական հարցը իշխանությունը Բաղրամյան 26-ից կառավարության շենք տեղափոխելն է, բնականաբար, մյուս բոլոր հարցերը հարմարեցվում են դրան: Հանուն արդարության պետք է ասել, որ ընդդիմությունն էլ այս ամենում ունի մեղքի իր բաժինը, որովհետև սահմանադրական փոփոխությունների քննարկմանը չմասնակցեց, իսկ իշխանությունն էլ հանգիստ լուծեց ուժի կենտրոնի տեղափոխման հարցը:
-Ստացվում է` 2018-ի հիմնական հարցը նաև ընդդիմությա՞ն թողտվությամբ է լուծվել:
-Այո, ընդդիմությունը փաստացի մերժեց իշխանության հետ փոխհամաձայնության գնալը: Ընդդիմությունը գիտեր, որ իշխանությունը լուծում է վերարտադրության խնդիրը: Ցանկացած բարեփոխման դեպքում և ցանկացած երկրում նման բան լինում է: Չեմ պատկերացնում, որ մեր տիպի երկրում սահմանադրական բարեփոխում նախաձեռնվեր, և չլիներ իշխանության վերարտադրության խնդիր: Դժվար է պատկերացնել, թե մի երկրում բարեփոխում է արվում, որ իշխանության բերվի ընդդիմությունը: Քաղաքականության մեջ օրակարգի ձևակերպումը միակողմանի չի լինում: Եթե մի կողմն է օրակարգ թելադրում, լավ զարգացումներ չեն կարող լինել: Եթե ընդդիմությունը հավանության չարժանացրեց այս բարեփոխումները, պետք է մտածեր խաղի կանոնների փոփոխմանը մասնակցելու մասին, որը վերաբերում էր իշխանության ճյուղերի տարանջատմանը, դատական իշխանության ձևավորմանը և այլն: Սակայն ինչի՞ վրա կենտրոնացավ ընդդիմությունը` պառլամենտի: Սա խոսում է այն մասին, որ ընդդիմությունը մտածում է իշխանության նման: Եթե իշխանությունը մտածում է խաղի կանոնները փոխելու և իշխանությունը պահելու մասին, ընդդիմությունն էլ մտածում էր խորհրդարանում հայտնվելու մասին, այսինքն, ավելի խոշոր խնդիր չդրվեց, իսկ սա օգուտ էր իշխանությանը: Ոմանք հայտարարեցին, թե դա կեղծ օրակարգ է, և իրենք չեն մասնակցի դրան, ցավոք, այդպես բացվեց իշխանության առջև ճանապարհը: Մյուսները հայտարարեցին, թե իրենք բովանդակային քննարկման դաշտ չեն մտնում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավը: Ստացվեց այնպես, որ ընդդիմությունն անհեռատես ստրատեգիա որդեգրեց, իսկ իշխանությունը կոմբինացիոն երեք խաղից երկուսը փառահեղ իրականացրեց` փոխեց խաղի կանոնները, ձևավորեց խորհրդարան` մեծամասնության իրավունքի իրացմամբ: Մնացել է վերջինը` իշխանության ներսում ով որ դիրքում կլինի: Ընդդիմությունը փաստացի խաղից դուրս վիճակում է:
-Հետագա զարգացումներու՞մ էլ «խաղի մեջ» չի կարող լինել ընդդիմությունը:
-Մի քանի ամիս առաջ, երբ պահպանվում էր ինտրիգը` Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան, ընդդիմությունը փորձում էր դիրքավորվել ներհանրապետական կոնֆլիկտի ճամբարավորման վրա, իսկ սա ինքնին վատ նշան է, քանի որ դրանով ճանաչում են հանրապետականի իրավունքը և մտնում մի դաշտ, որտեղ կանխավ պարտված են:
-Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ներհամակարգային ցնցումներ, մեծ փոփոխություններ հնարավո՞ր են:
-Երկու իրադարձություններ ցույց տվեցին, որ մեր իշխանական համակարգն այնքան էլ անվտանգ չէ և հարյուր տոկոսով չի երաշխավորում իշխանության կայունությունը: Խոսքը ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» գործողությունների մասին է: Իշխանությունը շատ լավ է հասկանում իր խոցելիությունը: Եթե մինչ այս իրադարձությունները Սերժ Սարգսյանը կարծում էր, թե համակարգը կայուն է, դրանից հետո համոզվեց, որ այդպես չէ: Չեմ կարծում, թե այդ ամենից ընդդիմությունը լուրջ դաս քաղեց, որովհետև դրանից հետո ոչ մի օրակարգով չներկայացավ: Այնպես որ, ասել, թե իշխանությունը չգիտի, որ համակարգն այնքան էլ անվտանգ չէ, այդպես չէ: Դրա համար աշխատում են առավելագույնս չեզոքացնել վտանգները: Դրանով են պայմանավորված ահաբեկչության մասին ԱԱԾ-ի վերջին հայտարարությունները: Իշխանությունն էլ գիտի, որ դժգոհությունների ալիք կա, դրա համար պրոֆիլակտիկ քայլեր է անում, նաև կանխարգելիչ` այն խմբերի համար, որոնք կմտածեն ահաբեկչական քայլերի մասին:
-Եվ վերջում, պարոն Սաֆարյան, բոլոր հանրապետականները միաբերան հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, միակն ու անփոխարինելին է, գոնե Դուք կասե՞ք` կա՞ երկրում մեկը, որը կփոխարինի նրան:
-ՀՀԿ-ն չգիտի, որ նման հայտարարությամբ իր կառավարման գնահատականն է տալիս: Եթե մի կուսակցություն տասից ավելի տարում ստեղծում է մի վիճակ, որ երկրորդ ղեկավար չի «ծնվում», նշանակում է` շատ վատ են երկիրը ղեկավարել: Եթե անգամ գիտակցում են, որ դրանով իրենց կառավարման հայելային արտացոլանքն է երևում, նրանք ստիպված են նման բան հայտարարել, որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Սերժ Սարգսյանին: Եթե քաղաքական համակարգում ազնիվ և հավասար մրցակցություն չկա, եթե նախորդ փուլերում այդ մարդիկ հնարավորություն չեն ստացել իրենց լիդերության հայտը ներկայացնելու, իհարկե, չի կարող երկրորդ լիդեր հայտնվել: Սա չի նշանակում, որ մենք առաջնորդի որակներ ունեցող և ճանապարհ անցած մարդիկ չունենք, պարզապես համակարգը թույլ չի տվել, որ մարդիկ աճեն, հրապարակ գան և հասկանան, որ համապատասխանում են լիդերության չափանիշներին: «Վերելակն» այնպիսին չի եղել, որ բոլորը կարողանան դրանով բարձրանալ, այդ իսկ պատճառով էլ այլընտրանք չունենք:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ