Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որդուն վայել է փառք, պատիվ և զորություն, Հոր և Սուրբ Հոգու հետ

Որդուն վայել է փառք, պատիվ և զորություն, Հոր և Սուրբ Հոգու հետ
19.12.2017 | 00:10

«Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով» (Եբր.,1. 1-2):
Այնժամ մարդեղացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, բայց շատերը անգիտացան Նրան: Կամենալով մարդկանց սովորեցնել այն, ինչ նրանք անգիտանում էին, հավաքեց իր աշակերտներին և հարցրեց նրանց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին» (Մատթ., 16.13):


Սնափառությունից չէր, որ այդ հարցնում էր, այլ կամենում էր նրանց ցույց տալ ճշմարտությունը: Որպեսզի ամենօրյա շփման պատճառով նրանք չարհամարհեին Աստվածորդի Աստծուն՝ որպես սովորական մարդու: Աշակերտները պատասխանեցին. «Ոմանք ասում են, թե դու Եղիան ես, ուրիշներ՝ թե դու Երեմիան ես» (Մատթ., 16.14): Հիսուս ասաց. «Նրանք կարող է չիմանալ: Իսկ դուք` առաքյալներդ, որ միայն իմ անունով իսկ բորոտներ մաքրեցիք, դևերին դուրս հանեցիք, մեռյալներին հարություն տվիք, իրավունք չունեիք անգիտանալու Նրան, ՈՒմ շնորհիվ դուք գործեցիք այդ հրաշքները»: Երբ բոլորը լուռ մնացին, քանզի դասը մարդկային կարողություններից վեր էր, Պետրոսը, որը առաքյալներից առաջինն էր և Եկեղեցու գլխավոր քարոզիչը, առանց օգտագործելու մարդկային հնարամտության բառեր և ոչ էլ մարդկային տրամաբանության խոսքեր, այլ Հայր Աստծուց ընդունելով մտքի լուսավորություն, պատասխանեց. «Դու ես Քրիստոսը»: Եվ ոչ միայն այդ, «այլև կենդանի Աստծու Որդին» (Մատթ.,16.16): Այս խոսքերին հետևեց Քրիստոսի երանին, քանզի խոստովանությունը իրոք գերմարդկային էր և հաստատում էր, իր Հայրն է այդ բացահայտողը: Քանզի Փրկիչն ասում է. «Երանի քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ., 16. 17): ՈՒրեմն, ով ճանաչում է մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստվածորդուն, դառնում է այս երանության մասնակիցը, մինչդեռ ով մերժում է Նրան՝ որպես Աստվածորդի, դժբախտ է և թշվառ:
Հավատա Հիսուս Քրիստոսին` կենդանի Աստծու Որդուն, Միածին Որդուն, ինչպես Ավետարանն է ասում. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որ նա, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ., 3.16): Եվ դարձյալ՝ «Ով Որդուն հավատում է, չպիտի դատապարտվի» (Հովհ., 3.18), «այլ մահվանից կյանք է անցնում» (Հովհ., 5. 24): «Իսկ նա, ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհ., 5.36), «որովհետև չհավատաց Աստծու Միածին Որդուն» (Հովհ., 3.18), ՈՒմ մասին Ավետարանիչ Հովհաննեսը վկայում է. «Եվ տեսանք Նրա փառքը, նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ.,1.14): Նրանից դողալով` դևերը ասում էին. «Թող տուր մեզ, Հիսուս: Ի՞նչ ես ուզում մեզնից, ի՞նչ ընդհանուր բան կա մեր և քո միջև, Հիսուս, Որդի կենդանի Աստծու» (հմմտ. Ղուկ., 4.34; Մարկ., 5.7):


«Ով տեսավ Որդուն, տեսել է նաև Հորը» (Հովհ.,14.9): Քանզի ամեն ինչում Որդին նման է Հորը: Ծնվել է Կյանք Կյանքից, Լույս` Լույսից, զորություն` զորությունից, Աստված` Աստծուց: Եվ ոչ մի տարբերություն Որդու աստվածային բնույթի միջև: Ով արժանանա տեսնելու Որդու աստվածածնությունը, կվայելի նաև ծնողին: Իմ խոսքը չէ, այլ Միածին Որդու. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր: Ով ինձ տեսավ, տեսավ Հորը» (Հովհ.,14.9): Կարճ ասած, ո՛չ տարանջատում, ո՛չ էլ նույնացնում ենք Որդուն և Հորը: Երբեք չվկայես Որդուն Հորից առանձին, և մի ընդունիր նրանց, ովքեր ասում են, թե Հայրը մերթ Հայր է, մերթ՝ Որդի: Այս օտար է և չի առնչվում Եկեղեցու ուսմունքին: Հայրը, ծնելով Որդուն, մնաց Հայր և չայլափոխվեց: Իմաստություն ծնեց, բայց Ինքը չզրկվեց իմաստնությունից: Քրիստոս` Աստծու Միածին Որդին, աշխարհի ստեղծողն է նաև: «Քանզի աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ» (Հովհ., 1.10), և «Նա յուրայինների մոտ եկավ» (Հովհ.,1.11), ինչպես սովորեցնում է Ավետարանը: Հայր Աստծու թելադրանքով Նա ոչ միայն երևելիների, այլև աներևույթների արարիչն է: «Որովհետև Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ երկնքում է և ինչ` երկրի վրա: Ինչ որ երևում է և ինչ որ չի երևում. թե՛ գահեր, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ` ամեն ինչ Նրանով և Նրա համար ստեղծվեց. և Նա կար առաջ, քան ամեն ինչ, և ամեն ինչ Նրանով է կանգնած հաստատ» (Կողոս. 1.16-17): Եթե ասես ժամանակի մասին, դարձյալ Քրիստոս, Հոր նշանով, ստեղծեց այն, ինչպես գրել է Պողոս առաքյալը. «Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծվեց տիեզերքը» (Եբր.,1.2): Այս Որդուն վայել է փառք, պատիվ և զորություն, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ